ԳՈՌ ԳԱՍՊԱՐՅԱՆ. Յոթ զավակներից մեկը հայրենիքինն էր…

Տեղադրված է at Օգոստոս 31, 2023
873 0

Հոգուս եւ գրչիս պարտքը ինձ կրկին Բնունիս տարավ: Այստեղ է ապրում 44-օրյա պատերազմի նահատակ Գոռ Հակոբի Գասպարյանի 11 հոգանոց ընտանիքը, որն Արցախից է տեղափոխվել: Բնունիսը դարձել է նրանց նորովի ապրելու, նահատակ որդու հիշատակը ապրեցնելու հուսո հանգրվանը, մինչեւ «բացվեն դռներն հուսոյ…»:

Ալավերդցի Հոկոբ Գասպարյանի եւ ջերմուկեցի Շուշիկ (Շողիկ) Մաթեւոսյանի ընտանիքը դեռեւս 1995-ին էր Հայաստանից Արցախ տեղափոխվել ինքնակամ, արմատավորվել, ճյուղավերվել, աճել, բազմացել, դարձել հայրենատեր, բայց, ճակատագրի դաժան փորձությամբ 2020-ի դեկտեմբերի 1-ին նորից Հայաստան է տեղափոխվել արդեն` ոչ իր կամքով, ոչ իր` ցանկությամբ, այլ` պարտադրված ու ստիպված… Հայաստան տեղափոխված եւ Բնունիում ապրող ընտանիքը, սակայն, ոչ մի վայրկյան չի կորցնում կրկին այնտեղ վերադառնալու, կիսատն ավարտելու, քանդածը սարքելու, օտարահոտը մաքրելու, օտարամուտը ջնջելու հավատը…

Հակոբի ու Շուշիկի երրորդ զավակը` Հրաչը, ընդամենը 20 օրական էր, ավագ որդին Գրիշան` չորս տարեկան, միջնեկը` Գոռը` երկու, երբ Թումանյան քաղաքից տեղափոխվեցին Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղ: Տուն ու տեղ դրեցին, այգի ու հող մշակեցին, տնավորվեցին, հիմնավորվեցին Մոշաթաղում: Շուշիկն աշխատեց գյուղի մանկապարտեզում, Երեւանի` Մարտիրոս Սարյանի անվան գեղարվեստի ուսումնարանի շրջանավարտ Հակոբը նկարչության դասեր տվեց Մոշաթաղի դպրոցում, միաժամանակ` դպրոցի կազմակերպիչն էր, ապա ստանձնեց «Հայրենասեր» հկ-ի կողմից հիմնանորոգվող դպրոցի շինարարության աշխղեկությունը… Մոշաթաղում ծնվեցին եւս չորս զավակներ, եւ, ինչպես ասում են, յոթը որդով սեղան նստեցին, երեք դուստրերի եւ չորս որդիների հետ համերաշխ ու միմյանց նվիրված տոհմիկ հայկական մի ընտանիք ստեղծեցին եւ հայորեն ու հայաշունչ ապրում էին դրախտի կտոր Մոշաթաղում:

Որպես բազմազավակ ընտանիք, պետությունը նրանց համար ընդարձակ ու գեղեցիկ առանձնատուն էր կառուցել, նոր տուն էին կառուցել նաեւ արդեն ամուսնացած, ընտանիք ստեղծած ավագ որդու` Գրիշայի համար, բայց էլի շարունակում էին ապրել որպես մեկ մեծ ու համերաշխ ընտանիք, որտեղ մեծի խոսքը օրենք էր, փոքրինը` հարգի, հոր խոսքը հաստատուն էր, մոր խոսքը` սիրաշաղախ: Ավանդական բազմանդամ մի ընտանիք, որի ավագ որդին 33 տարեկան էր, փոքրը` 10, ու բոլորը` հաշտ ու համերաշխ, բոլորանվեր, իրար թիկունք, իրար հենարան…

«Մի տարի Գոռը գնաց Մոսկվա աշխատելու, նրանից հետո գնաց Հրաչը, բայց Գոռը շուտ վերադարձավ, ասաց` ամենալավ հողը մեր հողն է, ոսկի է, բահը տուր հողին, վարիր, ցանիր, ստեղծիր, ապրիր: Կարճ ժամանակ անց էլ Հրաչը վերադարաձավ, նույն խոսքերը կրկնելով: Մեծ աղջիկս ամուսնացել էր Մոշաթաղում, մյուս դուստրս Ստեփանակերտի համալսարանի ուսանող էր: Փոքրերը` դպրոցական: Որդիներս ամուսնուս հետ մեծ այգիներ էին հիմնել, անասուն էինք պահում, տեխնիկա ունեինք, աշխատում էինք, ապրում, մեր տանը բոլորն աշխատում էին, ընդհանրապես` Մոշաթաղում բոլորն էին աշխատում: Գոռս մրցույթ էր շահել, ձկնաբուծարանը պիտի մեծացներ, աշխատում էր նաեւ տեղի հէկերից մեկում, մեր դժվարն անցել էր, ծանր օրերը ետեւում էին մնացել, մեզ մնում էր մեր ստեղծածի պտուղները վայելել ու ապրել»,- ասում է բազմազավակ մայրը` 51-ամյա Շուշիկ Մաթեւոսյանը: Ծնվել էին նաեւ Գրիշայի երեք զավակները, եւ, կարծես, այլեւս ոչինչ չէր կարող խաթարել նրանց ընտանեկան երջանկությունը, երբ, ինչպես համոզված ասում է ընտանիքի մայրը, սկսվեց 44-օրյա անխուսափելի պատերազմը…

2020-ի սեպտեմբերի 27-ի առավոտյան, լսելով հրետակոծության ձայները, Ստեփանակերտում ուսանող դուստրը զանգահարել էր ծնողներին, բայց առավոտյան գոմի աշխատանքներով զբաղված ծնողները զանգերը չէին լսել: Հետո արդեն, երբ իմացել էին պատերազմի լուրը, վատ կապերի պատճառով իրենք չէին կարողացել կապ հաստատել դստեր հետ: «Աշխատանքից Գոռը տուն եկավ, ասացի` պատերազմ է, ասաց` հա, ասացի` բա քո՞ւյրդ, ասաց` գտել եմ, Գրիշը կգնա կբերի: Ասացի` բա դու՞, ես` ի՞նչ, քեզ պարզ չի՞ գնում եմ պատերազմ… Խնդրեցի չգնալ, ասաց` մամ, ուրիշ բաներ չխոսես, ես պիտի գնամ: Ամուսինս էլ ուզեց գնալ… Մեր տանն ինչ եղել է, հայրն ու որդիները միասին են արել, միասին են մասնակցել ապրիլյան քառօրյային, Գոռը մարտական ծառայության համար մեդալ է ստացել, բայց այս անգամ չթողեց հորը, ասաց` դու մնա տանը, անասուններին տիրություն արա: Երեւանում գտնվող Հրաչը զանգահարեց հորը, որ իր մեքենան ճանապարհից վերցնի, ինքը գնում է Գոռի հետեւից: Գոռն առավոտյան էր հասել Ջրական, Հրաչը` երեկոյան, տարբեր դիրքերում են եղել, իրար չեն հանդիպել: Երբ սեպտեմբերի 27-ի առավոտյան Գոռը տնից դուրս էր գալիս, մի քանի անգամ գնաց-եկավ, նայեց այգուն, նայեց տան բոլոր անկյուններին, հարցրեցի` բա՞ն ես մոռացել, ասաց` չէ… Վզի շղթան հանեց տվեց եղբոր կնոջը, ասաց` պահիր: Պարտքատետր ուներ (գյուղացիների խոտի հակերն էր կապել, փողը հետո պիտի տային), դա էլ բերեց-տվեց նրան, ասաց, որ նեղվես, պետք կգա…»,- պատմում է տիկին Շուշիկը, հավելում, որ երբ առավոտյան գյուղապետը ճանապարհել է տղաներին, հորդորել է` ոնց գնում եք, էնպես էլ ետ վերադարձեք: «Սողոմոնյան, բա որ ես չգամ, ի՞նչ ես անելու, հարցրել է Գոռը: Բարկացած գյուղապետն ասել է` ի՞նչ եմ անելո~ւ, Բաքու կվարտիրա եմ տալու: Ըտենց հարց ե՞ն տալիս: Ո՞նց չես գալու, մենք իրար հետ շատ գործեր ունենք…»,- ասում է Շուշիկը, ու կարծես ինքն իրեն «համոզում», որ Գոռը գնում էր իր ճակատագրի հետեւից, որից անխուսափելի էր «փախչելը»…Բերձորում առեւտուր են արել, մի քանի դրամ պակասել է, վաճառող կինն ասել է` տղաս, ոչինչ, հետո կտաս, ու լսել Գոռի` տոտա, բա որ հետո չեկա՞ խոսքերը:

Գոռը, կարծես, անբացատրելի կանխազգացումներ է ունեցել: Սեպտեմբերի 30-ին անընդհատ զանգահարել է տուն, բայց չի կարողացել կապ հաստատել ծնողների հետ: Զանգահարել է Ղտելեկոմի կապի օպերատոր համագյուղացի մի կնոջ, խնդրել որեւէ կերպ միացնել մորը: Կապի օպերատոր կինը Շուշիկին հայտնել է, որ Գոռն ուզում է հետը խոսել, բայց չի կարողանում… «Էդպես էլ չկարողացա խոսել… Սեպտեմբերի 30-ի իրիկունը զոհվել է… Այդ օրը թոռս դառնում էր մեկ ամսական, բայց էրեխեքը մի տեսակ էին… Հարցրեցի` ինչո՞ւ տորթ չեք թխում, ասացին` Գոռը վիրավոր է… Բայց իրենք արդեն գիտեին, ինձ չէին ասում…»,– պատմում է մայրը:

Հոկտեմբերի 2-ին Ջրականի մարտական դիրքում հարազատները գտան 27-ամյա Գոռի մարմինը, հոկտեմբերի 3-ին հուղարկավորեցին Մոշաթաղում: Շրջափակման մեջ ընկած մյուս եղբայրը` Հրաչը, չգիտեր անգամ, որ եղբայրը զոհվել է: Հոկտեմբերի 20-ին, Գոռի ծննդյան օրը, դուրս էին եկել շրջափակումից, ու միայն Ճարտարում է իմացել եղբոր զոհվելու մասին:

«Մեզ թվում էր` պատերազմը շուտ կավարտվի, բայց` երկարեց: Հետո իմացանք, որ մեր հողերը հանձնած է, մեզ էլ ժամանակ էին տվել գյուղից դուրս գալու: Մարդիկ ստիպված դուրս էին գալիս: Թե ի ՜նչ ծանր ապրումներ է ունեցել իմ ընտանիքը, միայն աստծուն է հայտնի: Մեր սրբությունը` տղայիս գերեզմանը, չէինք կարող թողնել ու դուրս գալ: Այն միտքը, որ թշնամին պղծելու էր որդուս շիրիմը, արդեն սարսափելի էր: Բայց տղաներս, գյուղի երիտասարդները, մարզպետը համատեղ ուժերով կազմակերպեցին եւ կարողացանք նոյեմբերի 26-ին Գոռիս աճյունը հանել ու տեղափոխել Ջերմուկ: Մեզ առաջարկեցին վերահուղարկավորել Եռաբլուրում, բայց չցանկացանք, քանի որ Գոռս Ջերմուկը շատ էր սիրում, 6-րդ դասարանից տեղափոխվել էր Կեչուտի դպրոց, տատը-պապը այնտեղ էին, Կեչուտում էլ զինվորական պանթեոն կար, դրա համար ցանկացանք, որ մեր տղան վերահուղարկավորվի այնտեղ: Որդուս վերահուղարկավորելուց հետո միայն դուրս եկանք մեր տնից` Մոշաթաղից ու տեղափոխվեցինք Բնունիս, որտեղ տղայիս ընկերները տուն էին գտել…»,- ասում է Շուշիկը, հավելում, որ Մոշաթաղից դուրս գալուց առաջ ամուսինը` Հակոբը, հասցրել էր դպրոցից արագ հանել նաեւ 4-օրյա պատերազմի նահատակ Մոշաթաղի հերոս Մերուժան Ստեփանյանի լուսանկարներն ու իրերը, որ թշնամին չպղծի, ինչպես որ պղծել էր նրա անվան` Թալիշի դպրոցում գտնվող նկարներն ու հիշատակները: (Գյումրի տեղափոխված մայրը հետագայում եկել է Բնունիս եւ տարել որդու նկարները):

«Բոլոր երեխաներս էլ ուշադիր էին ու հոգատար, բայց Գոռը ուրիշ էր: Գոռս ինձ մամա չէր ասում, դիմում էր` տիկին Շողիկ, կամ` տիկին Շուշիկ… Հազարափեշակ էր, հոր հետ կահույք էր պատրաստում, էնպիսի գործ չկար, որ չկարողանար անել: Չէր սիրում տխրություն, որ բարձր երգ էր միացնում, հարեւաններն ասում էին` Գոռը տանն է, հենց երգի ձայնը կտրվում էր, ասում էին` Գրիշը եկավ… Իրենից փոքր քույրերին ու եղբորը մի ուրիշ ձեւով էր սիրում: Մի տարի դպրոցի դասերը սեպտեմբերի 14-ին սկսվեցին: Զանգեց հարցրեց` նրանց համար նոր շորեր գնե՞լ եմ: Էրեխեքին դասից հանել էր տարել Գորիս, ոտքից գլուխ նոր զգեստներ գնել, հետո զանգել ինձ` տիկին Շուշիկ, քե՞զ համար ինչ գնեմ… Էսպիսին էր Գոռս, սիրում էր բոլորին ուրախացնել… Գոռս միակը չէր, որ կյանքը տվեց հայրենիքին, եթե չլինեին մեր տղաները, թշնամին հիմա սրբելով եկել-հասել էր Գորիս, Սիսիան, բայց մեր տղաների կյանքի եւ արյան գնով նրանք կանգ առան, էն որ ուզում էին 3 օրում պատերազմը հաղթել, մեր տղաների շնորհիվ 3 օրը 44 օր դարձավ, բայց մեր կռիվը դեռ պիտի հաղթանակով ավարտենք… Արցախը կա ու կման հայկական, ոչինչ, հիմա հիվանդ է, վիրավոր է, բայց էլի լավ կլինի… անհնար է, ինքը չի կարող մերը չլինել, ինքը մեր ամենամեծ սիրո բաժինն է, ամուսինս մինչեւ հիմա ասում է` ես հետ եմ գնալու մեր տուն, մեր գյուղ…»:

Թվում է` Գասպարյան ընտանիքի պատմությունը 44-օրյա պատերազմի մի սովորական պատմություն է, բայց այն մեզ բաժին հասած մաքառող, պայքարող, կյանքը հայրենիքին տվող ու վերստին հայրենիքում ապրող ընտանիքի պատմություն է: 11 հոգով ապրում են մեկ հարկի տակ, ու համերաշխության, միմյանց նվիրվածության, աշխատասիրության, հայրենասիրության եւ հայրենատիրության վառ օրինակ են, որը միայն խոնարհումի եւ հիացմունքի է արժանի: Տան փոքր թոռնիկն ընդամենը 40 օրական էր, որ տեղափոխվեցին Մոշաթաղից, հիմա Անին 3 տարեկան է, տան փոքր տղան` ժպտուն ու սիրուն Գագիկը 10 տարեկան էր, հիմա` 13 է, 6-ամյա Հակոբ թոռը տիկին Շուշիկի համար իր Գոռի կերպարն ու կրկնօրինակն է, եւ Գոռի անունով է նրա համար նվերներ գնում, իսկ երբ թոռը հարցնում է` ինչո՞ւ հոպարը չի բերում, պատասխանում է` մի օր կբերի, եւ սիրտը գոհունակությամբ է լցվում, որ վեցամյա Հակոբը Գոռ հոպարի նկարն իր մահճակալի վերում է կախել ու ասում է` մեծանամ, հոպարիս նման գնալու եմ սահմանը պահեմ…

Գոռի հայրը` Հակոբը, համոզված է, որ մեր տղաների թափած արյունը իզուր չի: Եթե այդ արյունը չլիներ, հիմա իրենք էլ այստեղ չէին լինի, տղերքը չթողեցին, որ թշնամին ավելի շատ առաջ գա… Դա է մեր ապրելու երաշխիքը, մեր պետականության, մեր լինելիության երաշխիքը: Բայց մեր թշնամին արյան ծարավ է, ու եթե նորից պատերազմ լինի, իր ընտանիքը նորից կանգնած է…«Մենք ուժեղ ենք: Եթե զոհվածի հետ մենք էլ կոտրվենք, ուրեմն մենք էլ ենք զոհվել, վաղը մյուս օրը հայրենիք չենք ունենա: Իսկ տղաներին, նրանց անցած ճանապարհը, նվիրվածությունը հիշելով մենք պարտավոր ենք կանգուն լինել, որ կորցրածը հետ բերենք: Մենք դատապարտված ենք կռվել եւ հաղթել, մենք զինվոր ենք մեծացնում եւ դաստիարակում, որովհետեւ մենք զինվոր ազգ ենք, հայրենասեր ենք, սիրում ենք մեր հողը, եթե չսիրեինք, մենք էլ ունեինք երկրից դուրս գալու հնարավորություն, բայց զավակներս չուզեցին»,-ասում է Հակոբը:

Թեեւ Գասպարյանների նոր տանը նոր թոռնիկ դեռ չի ծնվել, բայց բոլորը հավատում են, որ Գոռը ծնվելու է, չի կարող չծնվել, հավատում են, որ հնչելու է Գոռի սիրած բարձր երաժշտությունը, վկայելու նրա` տանը լինելու մասին, մեր հաղթանակը դեռ կերտվելու է, քանի որ, ինչպես ասաց որդեկորույս հայրը` 53-ամյա Հակոբ Գասպարյանը, իրենք իրավունք չունեն տղաների գործը անավարտ թողնել, իրավուքն չունեն նրանց հիշատակը չհավերժացնել` նրանց հաղթանակ չպարգեւելով, եւ, վերջապես, հավատում են այն օրվան, որ պիտի վերադառնան Մոշաթաղ, հիմքից կառուցեն իրենց նոր տունը, որ իրենց ձեռքով վառել էին` դուրս գալուց առաջ, որ թշնամու ձեռքը չընկնի, ու նրա պիղծ շունչն ու ոտնահոտը մաքրվի իրենց սրբազան օջախից…

Բայց հիմա իրենց տունն ու օջախը Բունիսն է: Սիրեցին գյուղը, գյուղացիներին: «Երբ Երեւանից, կամ` Ջերմուկից վերադառնում ենք տուն, հենց հասնում ենք Զանգեր, ասում եմ` հասանք իմ Սիսիան, հենց հասնում ենք գյուղ, ասում եմ` հասանք իմ Բնունիս… Այստեղ ինձ միայն մի բան է պակասում` չկա Գոռիս մանկության հետքը, չկա այն ծառը, որ ինքն էր տնկել, ու ես զրուցում էի նրա ծառի հետ, չկա այն բակը, որտեղ խաղում էր Գոռս, չկան այն պատերը, որ իրենց մեջ պահում էին Գոռի մանկությունը, ձայնը, բույրը… Նոր տանը ոչինչ չի հիշեցնում Գոռիս, բացի` հագուստներից եւ հիշատակի անկյունից… Հեշտ չի եղել, հիմա էլ հեշտ չի, խռովել էի անգամ իմ բաժին աստծուց, եկեղեցու մոտով անցնելիս շրջում էի գլուխս, հետո կամաց-կամաց վերագտա ինձ, հասկացա` մենակ չեմ, միակը չեմ, ամենքի համար էլ իր զավակը ամենաթանկն է, ու հենց այդ թանկ զոհաբերումն էր, որ այսօր շարունակում ենք ապրել ու ապրելու ենք…»,- ասում է տիկին Շուշիկը, հավելում, որ Բնունիսն ունի զոհվածի երեք ընտանիք, որից մեկն իր ընտանիքն է, եւ երախտագիտության խոսքեր ասում օգոստոսի 27-ին Բնունիս այցելած եւ զոհված Էդգար Մարգարյանի հյուրատան բացմանը մասնակցած ՀՀ վարչապետի տիկին Անննա Հակոբյանին, ով չի անտեսել, չի շրջանցել նաեւ իրենց, հանդիպել է, սփոփել, մխիթարել, զորակցել իրենց ու զոհված Գեւորգ Բաբաջանյանի ծնողներին:

«Ինձ համար մեծ հարգանք է, որ տիկին Աննան մեր նման մայրերին չի անտեսում, բոլորին հարգում է հավասարապես: Ո՞ր հայ կինը կամ` հայ մայրը կուզեր, որ զոհեր լինեին, հո վարչապե՞տը չի ուզել, որ պատերազմ լինի, դա անխուսափելի էր, լինելու էր, վաղուց էր նախապատրաստած, ու էլի լինելու է… Տիկին Աննա Հակոբյանի այցը ինձ համար բարոյական մեծ աջակցություն է, ես նորից ինձ մարդ զգացի, որ ինձ մենակ չեն թողնում, դա մեծ սատարում ու մխիթարանք է: Առաջին անգամը չէ, էլի է եկել: Ես շնորհակալ եմ նրանից որպես մարդ, որպես կին, որպես հայ կին, որպես մայր, նրա հասարակ վերաբերմունքն ինձ մոտիվացնում է… Անցյալ տարի Ամանորին Գագիկիս իրենց տանը հյուրընկալել են, պահել: Տղաս, որ առանց ինձ ոչ մի տեղ չի գնում, շատ գոհ է մնացել նրանց մարդկային վերաբերմունքից եւ հոգատարությունից»,- ասում է տիկին Շուշիկը:

Քիչ է ասել, թե հիանում եմ նրանց առողջ, անչար մտածողությամբ, նրանց հոգու եւ մտքի տարողությամբ, նրանց` հայրենիքին նվիրվածությամբ, որ կարողացել են արցունքը թաքցնել բոլորից, մյուս զավակներից, թոռներից, տան հյուրերից, անգամ` իրենց բախտակից ծնողներից եւ ապրելու ու ապրեցնելու ուժ գտել` պահպանելու, զորացնելու այն թանկ, անգին ու մեծ հարստությունը` իրենց բազմանդամ ընտանիքը, որ երկրի ուժն է, հողի ուժը, ազգի ուժը: Այս խոհերի ու տրամադրությունների մեջ տիկին Շուշիկը կարողանում է այնքան բարձրանալ իր անափ վշտից, որ շնորհակալություն է հայտնում նաեւ ինձ, որ տարբերություն չեմ դնում հայրենիքի նահատակների միջեւ` լինի` հայաստանցի թե արցախցի, եւ համոզված ասում, որ իր վշտի մեջ մենակ չէ, իր կողքին կան վիշտը կիսող մարդիկ, ու նրանցից մեկն էլ ես եմ, ով հավերժացնում է իրենց նահատակ զավակներին, որ նրանց հիշատակը անմար մնա… բայց եւ` աստված է կանչում, որ իր Գոռը վերջինը լինի:

Բնունիսն իմ սիրած գյուղերից է, սակայն զոհվածների ընտանիքներն ինձ ավելի են կապել այս հնավանդ ու գողտրիկ գյուղի հետ: Մաղթում եմ, որ արցախյան նահատակների մասին գրված իմ վերջին հոդվածն էլ վերջինը լինի նաեւ իմ բազմատանջ գրչի համար, ու հաջորդ այցս Բնունիս լինի միայն այս ընտանիքում ծնվող Գոռի աչքալուսանքի առթիվ… եւ թող տա աստված…Կոչեմ ապրողաց… Եղիցի լույս…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

31.08.2023

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԵՍ ԶՈՀՎԵԼ ԵՄ ԱՄԵՆ ԶԻՆՎՈՐԻ ՀԵՏ ՈՒ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՄ ԶՈՀՎԵԼ… Զոհված Արայիկ Սաֆյանի մայր

Տեղադրվել է - Սեպտեմբեր 16, 2021 0
Հոկտեմբերի 12-ին միաժամանակ չորս նահատակ զինվոր էինք հուղարկավորում Սիսիանի պանթեոնում: Հոկտեմբերի 12-ի թաղման թափորի մեջ լուսանկարներ անող ֆոտոխցիկս մեկեն կանգ…

ՍԻՍԻԱՆՅԱՆ ՄՆԱՅՈՒՆ ԱՐԺԵՔՆԵՐ…

Տեղադրվել է - Հոկտեմբեր 17, 2022 0
ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ԲՆԱՇԽԱՐՀԻ ՍԻՐՈՎ Ուրախությունն ընդհանուր էր: Այդ օրը Սիսիանի շրջանային մշակույթի տան ցուցասրահի դռները լայնորեն բացվեցին արվեստասեր այցելուների առջեւ:…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code