ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. ՍԱԿՐԱՎՈՐԸ ԿՅԱՆՔՈՒՄ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ Է «ՍԽԱԼՎՈՒՄ»…

5718 0

Սեպտեմբերի 4-ին Սիսիանի զինվորական պանթեոնում հուղարկավորվեց սեպտեմբերի 2-ին Սեւ լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերից մեկում ինժեներական աշխատանքներ (ճանապարհի կառուցման նպատակով` պայթեցում) կատարելիս տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացած (զոհված) ՀՀ ՊՆ N զորամասի 32-ամյա զինծառայող մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը: (Նրա հետ մահացել է նաեւ արտաշատցի ժամկետային զինծառայող, 19-ամյա Արթուր Հայկի Պողոսյանը): Ծառայակիցները, զինակիցները, զորամասի հրամկազմի ներկայացուցիչները, հոգեւոր դասը, հայրենակիցները նրան վերջին հանգրվան ճանապարհեցին հայոց բանակի մայորին վայել արարողակարգով, խորին ափսոսանքով ու ցավով, երկրի խորհրդանիշների առկայությամբ, հանուն որի ապրեց, ծառայեց եւ անմահացավ Արման Բաբաջանյանը:

ՀՀ ՊՆ N զորամասի բարձրաստիճան զինվորականը դամբանական խոսքում նշեց, որ զորամասում թե´ սպաները, թե´ զինվորները առանձնակի ակնածանքով եւ ջերմությամբ են խոսել Արման Բաբաջանյանի մասին, իսկ նա, հստակ պատկերացնելով հայրենիքի պաշտպանի վեհ առաքելությունը, փայլուն իրականացրել է իր առջեւ դրված մարտական խնդիրները, միշտ աչքի ընկել ծառայողական պարտականությունների օրինակելի եւ բարեղիղճ կատարմամբ, զինվորական մասնագիտութան կատարելագործմամբ: «Մայոր Արման Բաբաջանյանը գիտակցում էր, որ հակառակորդի նկատմամբ առավելության կարելի է հասնել ոչ միայն լավ ծառայությամբ, այլեւ` գերազանց ռազմական գիտելիքների եւ ունակությունների դրսեւորմամբ: Նա բարեխիղճ եւ օրինակելի ծառայության համար բազմիցս արժանացել է վերադաս հրամանատարության խրախուսանքների, պարգեւատրվելով գերատեսչական պատվոգրերով, մեդալներով եւ այլ խրախուսանքի տեսակներով»,– նշեց դամբանախոսը` հավելելով, որ Արմանը, 2023-ի սեպտեմբերի 2-ին, հատուկ առաջադրանք կատարելիս, գիտակցել է առաջադրված խնդրի կարեւորությունն ու անհրաժեշտությունը սահմանների անառիկության եւ ամրության գործում, կանգնել անսասան, հպարտ, աներկբա եւ իր պահվածքով ուժ ու քաջություն հաղորդել ծառայակիցներին ու իր ենթակայի հետ կյանքը զոհել հանուն հայրենիքի պաշտպանության, իրեն դրսեւորել որպես իսկական տղամարդ, քաջ զինվորական եւ հայրենիքի նվիրյալ զավակ:

Զորամասի հրամանատարի հրամանով մահացածի հարազատներին տրվեց զորամասի ինժեներական ծառայության պետ, մայոր Արման Բաբաջանյանի անունն ու լուսանկարը հետմահու զորամասի Պատվո գրքում գրանցելու մասին հավաստագիր:

Արմանը ծնվել է 1991 թ. օգոստոսի 2-ին, Սիսիանում: Սովորել է քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել եւ 2012-ին ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ու անմիջապես զինվորագրվել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Երեք տարի հրետանավորի մասնագիտությունը սովորելուց հետո վերջին 8 ամիսը փոխել է ինժեներական, սակրավորական բաժին: Թե ինչու է Արմանը նախապատվությունը տվել զինվորականի գործին, ծնողները բնական են համարում: «Չգիտեմ` ազգանունների զուգադիպություն է, թե` այդպես էլ պիտի լիներ, դպրոցն ավարտելու վերջին զանգի հանդիսության ժամանակ Արմանն ասել է` ես պիտի դառնամ մարշալ Բաբաջանյան»,- ասում է հայրը, հավելում, որ իրենք չեն միջամտել որդու` մասնագիտության ընտրությանը, չեն էլ արգելել, դա նրա ընտրությունն էր:

Արմանը հաղթահարել է զինվորականին բնորոշ բոլոր դժվարությունները, անցել փորձության բոլոր ճանապարհները, 2016-ի եւ 44-օրյա պատերազմների ժամանակ կրել իր վրա դրված պատասխանատվության ծանր բեռը ու միշտ հաղթանակած դուրս եկել իրեն բաժին ընկած փորձություններից` ավագ լեյտենանտից հասնելով մայորի բարձր կոչմանը: Չբավարարվելով ունեցած գիտելիքներով եւ փորձով, 2022-ի սեպտեմբերի 1-ից մինչեւ 2023-ի փետրվարի 1-ը վերապատրաստվել է Մոսկվայի` Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում:

«Մենք Ռուսաստանում էինք: Արմանին փոխգնդապետի կոչման էին ներկայացրել, զանգեց, հորդորեց վերդառնանք: Ֆլորան մի քանի ամիս առաջ արդեն եկել էր: Արմանիս անակնկալ էի ուզում անել, հոկտեմբերին պիտի գայի` շնորհավորելու նոր կոչումը, բայց ինքն արեց «ամենադաժան անակնկալը». եկա ոչ թե նրա զինվորական կոչումը շնորհավորելու, այլ` զինվորական պանթեոն ճանապարհելու»,- դառնորեն ասում է արցունքները հազիվ զսպող 56-ամյա հայրը: «Բայց ես հպարտ եմ իմ տղայով: Էնքան զուսպ էր, հարգալից, որ անգամ այդ տարիքում քաշվում էր ինձ մոտ ծխել: Երբ Մոսկվայում էր, 2022-ի սեպտեմբերյան սահմանային ռազմական բախումները եղան, շատ անհանգիստ էր ու մտահոգ, ուզում էր գալ, հազիվ էի պահում»,- ասում է հայրը, միաժամանակ հպարտ զգում նման զավակ մեծացնել, դաստիարակելու եւ հայրենիքին տալու համար:

Մայրը` ֆլորան, որդուն ներկայացնում է որպես ոչ սովորական տղա: Տան առաջնեկն էր, ուներ իրենից երեք տարով փոքր քույր: Դպրոցում էլ տարբերվում էր, առանձնանում: Նրան սիրում էին թե ուսուցիչները, թե` ընկերները, մշտապես արժանանում էր դասղեկ Վարդուհի Իվանյանի գովեստին: Բանաստեղծություններ էր գրում սիրո, բնության, հայրենիքի մասին, երգում միայն հայրենասիրական երգեր:  Զուսպ էր, համեստ, ազնիվ, չէր սիրում խարդախություն, իրեն մեջ գցել, առաջ ընկնել, բայց միշտ նկատվում էր ու գնահատվում: Իր տարիքի համեմատ լուրջ ու կայացած ինքնուրույն տղամարդ էր: Գուցե` գործի բնույթից էր, հույսը միայն իր վրա էր դնում, ու ոչ միայն` իր հույսը, այլեւ` իր ջոկատի բոլոր զինվորների: «Արմանս այնքան փորձառու էր, ուշադիր իր աշխատանքին, իր զինվորներին, նա չէր կարող սխալվել, նա իրավունք չուներ սխալվելու, բայց կարծես մահը հետապնդում էր նրան, ու կյանքի միակ «սխալը» ճակատագրական դարձավ: Ես հպարտ եմ, որ Արմանի մայրն եմ: Սիրտս քար կդարձնեմ, արցունքս ներս կանեմ, քանի որ Արմանիս խոստացել եմ նրա երեք տղաներին պահել, մեծացնել, իրենց հորը արժանի զավակներ դարձնել: Իմ միակ մխիթարությունն այն է, որ նա երեք տղա է պարգեւել մեզ ու հերոսի անուն թողել, որով պիտի հպարտանան նաեւ իր տղաները: Ես չեմ համարի, որ իմ տղան չկա, կհամարեմ, որ դիրքերում է, ու մի օր գալու է տուն»,- ասում է 50-ամյա մայրը, հավելում, որ դուստրը` Աննան, խոստացել է արու զավակ ունենալ, կոչել եղբոր անունով, որ Արմանը միշտ ներկա լինի իրենց տանը եւ օրհնությամբ հնչի իրենց շուրթերից:

Զարմանալին 80-ին մոտ Ձայնիկ տատն էր (ծնվել է 1945 թ. մայիսի 9-ին, հաղթանակի ձայնը լսելով` անունը Ձայնիկ են դրել). լուսանկարների ալբոմ եւ նոթատետր է պահել, ամենայն մանրամասնությամբ, հերթականությամբ ու խնամքով, տարեթվերով, ամսաթվերով գրառել ընտանիքի անդամների հետ կատարված բոլոր կարեւոր իրադարձությունները, ու երբ մեր զրույցի ժամանակ որեւէ բան մոռանում էին, տատը թերթում էր տետրը, կարդում Արմանի հետ կապված բոլոր դեպքերը, ինսուլտ տարած պապին պատերազմի օրերին գիշերվա այցը, ու հասկանում ես, թե որքան սիրված էր Արմանը տատի ու Վալոդ պապի կողմից: 7 թոռ ունեն, սակայն Արմանն ամենասիրվածն էր, տան թոռն էր, բոլորը գիտեին ու չէին խանդում: «Բայց տունս քանդվեց: Արմանս: Առանց նրա ինչի եմ ապրում, մահս կուզեմ, Ռուբիկիս եմ խղճում: Բալաս մինուճար էր: Արմանիս աստված տվեց, որ հետո մեզ սենց վառի»,- ասում է տատը:

Արմանը վաղ է ամուսնացել` քսան տարեկանում: Ունեցել է երեք տղա: Երեքն էլ ծնվել են տարբեր քաղաքներում (Բերդ, Վանաձոր, Գորիս), այսինքն` այնտեղ, որտեղ վերադաս հրամանատարությունը նրան նշանակում էր ծառայության: Կնոջը` բարձրահասակ, նրբիրան, գեղանի Գեղեցիկին հանդիպել է պատահաբար Հերհեր գյուղում, չնայած` ի վերուստ էր արդեն կանխորոշված այդ հանդիպումը: Արմանը Վազգեն Սարգսյանի 20-ամյա ուսանող էր, 19-ամյա աղջիկը նոր էր ավարտել դպրոցը, երազել դիպուկահար դառնալ, բայց ծնողները չէին համաձայնվել, ինչի պատճառով չէր սիրում զինվորական համազգեստ, սակայն մտքով իսկ չէր անցել, որ «համազգեստով տղան» պիտի իր ճակատագիրը դառնար, ով, նրան «չհասնելու վախից», մի քանի ամիս «խաբել է», թե զինվորական չէ, այլ` իրավաբանականի ուսանող, հետո, երբ գերել է նրա սիրտը, բացել է իր «անմեղ գաղտնիքը», ու 2011-ի դեկտեմբերի 30-ին, երբ որեւէ արգելք ու խոչընդոտ չկար, նրան փախցրել-բերել Սիսիան` հայրական տուն: Հարսանիք արեցին, օրհնեցին, բարի բախտ ու շատ զավակներ մաղթեցին:

Ամուսնության առաջին իսկ օրվանից, շատ լավ պատկերացնելով իր աշխատանքի բնույթն ու երկրի` չավարտվող պատերազմական վիճակը, կնոջը նախապատրաստել էր երբեւէ առանց իրեն ապրելու փորձությանը: Նրա` ինչու է երեք տարի հրետանավորի մասնագիտություն սովորելուց հետո փոխել եւ կրթությունը շարունակել ինժեներական բաժնում հարցին Արմանն ուղիղ ու շիտակ ասել էր` բա որ ամենքս խուսափենք, ո՞վ գնա, հետո ընտրած մասնագիտության` ճակատագրական լինելու մասին ասել` սակրավորը կյանքում երկու անգամ է սխալվում` մեկ` մասնագիտությունն ընտրելիս, մեկ էլ… Նրան տալով մեծ ու խորը սեր, Արմանը կնոջը տվել է նաեւ ուժ, կամք, վստահություն, հարցերն ու խնդիրները միայնակ լուծելու վճռականություն: Եւ Գեղեցիկը հարմարվեց ամուսնու` իր համար ստեղծած երկակի բնույթին ու էությանը: Երբ կնոջ կողքին էր, նրբագեղ, նրբիրան Գեղեցիկին «սարի եղնիկ» էր ասում, երբ կինն իր թեւ ու թիկունքը պիտի դառնար` «հոպար», որ իր բացակայության ժամանակ կարողանա հենվել ինքն իրեն, «հոպարի»` իր դերին եւ իր ու զավակների համար ե´ւ մայր, ե´ւ հայր, ե´ւ հոպար, ե´ւ հենարան դառանա, նրանց պիտանի մարդիկ դարձնի իր` այնքան սիրած ու անմնացորդ նվիրված հայրենիքի համար: Միմյանց սատարելով, միմյանց լրացնելով` նրանք անցան 12 տարվա զինվորական ընտանիքին բաժին հասած բոլոր «փշոտ ու փոշոտ» ճանապարհները` ապրելով սիրով եւ պատասխանատվությամբ լեցուն կյանք:

Ուսումն ավարտելուց անմիջապես հետո 2012-ի օգոստոսին Արմանը ծառայության է անցել Արցախի Սրխավենդ գյուղում: Առաջին արցախյան պատերազմի հետքերը դեռեւս պահպանած գյուղում երիտասարդ զույգը հասկացավ, որ «իրենց պատերազմը դեռ չի ավարտվել»: Հետո Արմանի բաժինը կրճատվեց, նրան առաջարկեցին ծառայությունը շարունակել Արցախի որեւէ զորամասում, Էջմիածնում, կամ` Բերդում: «Դժվարությունները երկուսով հաղթահարելու համար ընտրեցինք Բերդը, սահմանը: Ինքը դարձավ իմ կյանքի ուսուցիչը եւ ինձ դարձրեց իր նման: Արմանը 21 տարեկան էր, ես` 20, երբ ծնվեց մեր առաջնեկը` Գոռը: Շատ ոգեւորված էր, աշխարհն իրենն էր: Տարիքով դեռ երեխա էր, բայց արդեն երեխա ուներ, սակայն նրա պատասխանատվության զգացումը շատ բարձր էր, ինքն իր տարիքից դուրս էր, հասուն, կայացած: Արմանն իմ ճանաչած մարդկանցից միակն էր, որ ժամանակի մեջ չէր ապրում, վազում էր, ժամանակից դուրս էր, նրա համար ժամանակ չկար, ինքն էր ստեղծում այն ու տնօրինում: Ապրում էր այդպես, ինձ էլ «ստիպում» ապրել իր օրենքներով: Նույնիսկ այն ժամանակ, երբ իմ կողքին էր, ցույց չէր տալիս, որ կողքիս է, թույլ չէր տալիս, որ մնամ փխրուն ու հենվեմ իրեն»,-ասում է Գեղեցիկը:

Բերդից հետո երիտասարդ ընտանիքը տեղափոխվեց Նոյեմբերյան, մեկ տարի անց` Վանաձոր, որտեղ 2015-ին ծնվեց երկրորդ տղան` Ռոբերտը: Դեռ պիտի հաղթահարեին ապրիլյան քառօրյայի տագնապները, երկու մանկահասակ երեխայի հետ անցնեին զինվորին վիճակված` տեղից տեղ տեղափոխվելու դժվարությունները, ինչը պիտի ավելի ամրապնդեր եւ զորեղացներ նրանց սերը, նրանց ընտանիքը, նրանց` միմյանց ապավինելու կենսակերպը: Գեղեցիկը գիտեր, որ, առանց լուրջ պատճառի, հենց այնպես չէր կարող զանգահարել սակրավոր ամուսնուն ու հարցնել` ո՞նց ես, ի՞նչ ես անում, չէր կարող ամեն պատահական ժամի զանգել, ինչ-որ բան իմանալ. Արմանը զանգի հստակ ժամ ուներ: Կինը ժամանակի ընթացքում ոչ միայն սովորեց, այլեւ` հարմարվեց, քանի որ բազմիցս ամուսնուց լսել էր, որ սպայի կինը պիտի տարբերվի բոլոր կանանցից, ինքը` առավելապես, որովհետեւ ինքը նաեւ սակրավորի կին է: Արմանը փակ մարդ էր, ինչը սովորեցրեց նաեւ կնոջը: «Երբ սահմանում լարված էր լինում, զանգում էի, հարցնում` գիտե՞ս, ասում էր, հա, գիտեմ, էդ է մեր երկրի վիճակը, իմ աշխատանքի բնույթը, ի՞նչ անիմաստ հարցեր ես տալիս: Չէր թողնում վախենամ: Վստահ էր, որ երբ դիրքեր գնա, իր երեխաներին հասցնելու եմ ապահով անկյուն: Անգամ` այլոց երեխաներին էր վստահում ինձ` գնացեք, Գեղեցը տանն է»,– պատմում է կինը:

2016 թ-ի գարնանից կրկին փոխվեց ծառայության վայրը, այս անգամ` Գորիս, որտեղ էլ  ծնվեց երրորդ տղան` Հայկը: ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետն էր: Գորիսյան ծառայության տարիները, նման մյուս բնակավայրերի ծառայությանը, այնուամենայնիվ, տարբեր էին…Թեեւ արդեն անցել էին քառօրյա պատերազմի միջով, շատ բան տեսել ու հասկացել, բայց 44-օրյա պատերազմը ամբողջովին տակնուվրա էր արել Արմանին: «Հոկտեմբերի 7-ին, երբ Ջաբրաիլն արդեն հանձնել էին, ու բոլորը փախել, ինքը գորիսեցի մի կամավորի հետ 3 օր դեռ այնտեղ էր, առանց իմանալու` թշնամու հետ մի տան մեջ էին մնացել: Երեք օր լուր չենք ունեցել, հետո հաղորդագրություն եմ ստացել` ես ձեզ շատ եմ սիրում, էրեխեքին լավ պահիր, լավ մնացեք … Թե հետո ինչ հրաշքով են թշնամու քթի տակից անսարք մի մեքենայով «թռել-դուրս պրծել», միայն իրենց է հայտնի: Կապանի տարածքում են հասկացել, որ Հայաստանում են, այն նույն անտառներում, որտեղ մի քանի օր առաջ ինժեներական աշխատանքներ էին արել: 44-օրյայի միակ հրամանատարն էր, որ ամբողջ անձնակազմից ոչ մի զոհ չի ունեցել, ու դա թնդում էր… Երբ անհանգստանում էի, ասում էր` ինձ համար հանգիստ եղիր, իմ մասին մի մտածիր, մի ձեւով դուրս եմ գալու: Չէր սիրում ախ ու վախ անել, բայց պատերազմից հետո չէր սիրում մթությունը: Պատերազմից հետո Արմանը 4 տարի չի ապրել, ինքը մնաց 44-օրյա պատերազմի մեջ, կար, բայց չէր ապրում… Ասաց` էս պատերազմը անցանք, բայց որ երկրորդը լինի, ես չեմ կարողանա անցնել, հոգեպես պատրաստ չեմ: Ասում էի`էդ պատերազմն անցած մարդը նման բա՞ն կասի, ասում էր` էն տաք էր, կրակի մեջ էինք, բայց էս մեկը որ լինի, ես պատրաստ չեմ հոգեպես: 4 տարի քրքրվեց Սյունիքում: Ամեն գործ անում էր, դիրքեր, սահման, էս սարքեմ, էն սարքեմ, քնկոտ էր, բայց իր քունը էլ չար: Կիրակի օրերին չէր քնում, ասում էր` ծառայության մեջ ի՞նչ կիրակի: Ուզում էր մի դիրք, մի փոս ավելի սարքել: Երբ տուն էր գալիս, ձեռքերը արյունոտ էին, կոշտացած, կոպտացած, մեկ -մեկ խղճում էի, առաջարկում էի գնանք Երեւան, թող մի քիչ էլ էն կողմերի սպաները գան էստեղ, ասում էր` բա որ ամեն մեկս գնա, վերջում ի՞նչ կլինի, համ էլ` նրանք ասֆալտի սպա են, ես` սարի: Նոր տարիները մեզ հետ չէր անցկացնում, ասում էր` էրեխեքս պոստի են, պիտի գնամ հասցնեմ բոլորին շնորհավորեմ, ասում էի` քո էրեխեքը տանն են, ասում էր` չէ, ընդեղ են… Տան էրեխեքի համար դու կաս, ես ընդեղ եմ պետք… Աշխարհում միայն ընտրյալները կգնան էդ քայլին: Ես հասկանում էի, որ ինքը խոնարհաբար եւ անվերապահ ծառայում էր հայրենիքին: Շատերն ինձ ասում էին` քո մեջ էնքան ուժ կա հայրենիքի հանդեպ, ասում էի` իմ կեսն է հայրենիքը, որովհետեւ Արմանը հայրենիք էր: 2022-ի սեպտեմբերյան դեպքերի ժամանակ ես էլ էի երեխաներիս հետ Գորիսից դուրս եկել, հանդիմանեց, ամոթանք տվեց` դու որ գնում ես, մյուսնե՞րն ինչ կանեն: Վերադարձա Գորիս, ներողություն խնդրեցի քաղաքից, որ լքել էի իրեն: Արմանն ինձ այսպես էր հայրենիք պատգամում»,– պատմում է Գեղեցիկը:

Ծառայության ընթացքում վաստակել էր «Բաբաջ» մականունը, ու երբ որեւէ առիթով իմանում էին, որ Գեղեցիկը Արմանի կինն է, խորհրդավոր, ձայնի բազմանշանակ երանգով հարցնում էին` է՜ն Արմանի… հա, հենց է՜ն Արմանի, ու ավելի շատ ամուսնու բացակայությունը, քան` ներկայությունը ճաշակած կնոջ սիրտը փառավորվում էր, որ Արմանին ճանաչում են հենց այնպիսին, ինչպիսին կա` անսահման նվիրված, խստապահանջ ու պատասխանատու: «Արմանն իրենից առաջ ոչ ոքի չէր թողնում, անում, ավարտում, ստուգում էր կատարված աշխատանքը, հետո միայն թույլատրում թիկունքի առաջընթացը: Ասում էի` Արման, քո տարիքի զինվոր ունես, ասում էր` հետո ինչ, ես կգնամ, նոր իմ հետեւից կգան: Անկոտրուն հոգի ուներ, ուժեղ էր: Դիրքերից որ տուն էր գալիս, կտրվում էր աշխարհից, կենտրոնացված էր, ինքը կար մեր ընտանիքում, բայց եւ չկար: Ինքը հայրենիքում էր: Իր կեսը միշտ հայրենիքում էր, ինքը միշտ հողի մեջ էր, հայրենիք, հող, սահման, դիրքեր… Դա էր նրա աշխարհը: Մեկ-մեկ ասում էի` երեք երեխա ունես, հիշիր, ասում էր` ընդեղ ավելի շատ են, ասում էր` իրենց մամաներին ի՞նչ եմ ասելու, ասում էի` ես էլ քո երեխաների մաման եմ, ասում էր` դու կարող ես, իրենք չեն կարող: Ես կուզենայի չկարողանալ: Ինձ միշտ պարտավորեցնում էր, որ ես սպայի կին եմ ու կոտրվելու իրավունք չունեմ: Եթե ես կոտրվեմ, ինքն էլ այնտեղ կկոտրվի, ու իր զինվորի նման միշտ զգոն էի, սթափ: Իմ արտաբերած յուրաքանչյուր բառ պիտի չափի մեջ լիներ, ասում էր` քեզ պետք է պահես քեզ սազական: Ուզում էր, որ արժանի լինեմ իրեն, համապատասխանեմ իր ուժին, իր գործին: Բայց հոգնել էր, շատ էր հոգնել: Արմանի կյանքի միակ հանգիստ ժամանակը եղել է Ֆրունզեի ռազմական ակադեմիայում սովորելու մի քանի ամիսը, երբ կտրվել էր այստեղից, դիրքերից, պատասխանատվությունից: 2022-ի սեպտեմբերյան դեպքերի ժամանակ միայն համոզվեցի, որ բախտն այս անգամ Արմանին ժպտաց… Միշտ խնդրել եմ աստծուց, որ զոհվածների մեջ չգտնեմ նրա անունը: Երբեմն իրեն կատակով ասում էի` ծերացել ես, Պարույր Սեւակ, ասում էր` հա ծերացել եմ, խաղաղություն էր ուզում, հիմա հասկանում եմ, որ իր ժամանակն էր»,- ասում է կինը:

Ցավում է, որ Արմանի եւ շատ ու շատերի մասին այնքան քիչ խոսեցին 44-օյայից հետո, հանրությունը չճանաչեց այն զինվորներին, ում կյանքի եւ նվիրումի շնորհիվ չեղավ առավել վատթարագույնը: Գեղեցիկը ցավ է ապրել, որ Արմանի սխրանքների մասին չեն խոսել, որովհետեւ նա իր կատարածը համարել է իր հոգու պարտքը եւ երբեւէ չի մտածել, որ պիտի ասվեր, խոսվեր: Ոչ շատ բարձրահասակ, բայց ժայռի պես պինդ մարդը իրականում շատ համեստ էր, գովեստներ չսիրող: «Պիտի մահանա՞ր, որ անունն էդքան բարձրաձայնեին…Ես հասկանում եմ, որ հերոս չեն դառնում, հերոս ծնվում են, ինքը էդպիսին ծնվել էր»,- ասում է Գեղեցիկը, պատմում, որ սեպտեմբերի 1-ին, երեխաների կյանքում առաջին անգամ, դպրոց էր  գնացել, հպարտացել` արծիվս գովասանագիր է ստանում, բա չտեսնե՞մ: Սեպտեմբերի 2-ին, շաբաթ օրը, բարձրացել էր Սեւ լիճ, ասել` երկու գործ ունի, ավարտի, գա, գնան ման գալու: Հետո… Հետո եղել է ճակատագրական պայթյունը… «Արմանը փակ մարդ էր, իրեն էլ փակ բերեցին, ինքը թույլ չտվեց, որ մենք տանջվենք, ես նրան չտեսա պառկած, կկոտրվեի: Բայց ասում եմ` թող վերջին այրին ես լինեմ, թող իմ երեխաները վերջին անհայրը լինեն: Ես իմ բաժին պատերազմն եմ պարտվել, թող պարտվողը միայն ես լինեմ, ու էլ ոչ մեկը չլինի: Թող ինձանով ավարտվի, չեմ ուզում ոչ մեկն զգա էդ ցավը, էդ կորուստը: Ոմանք մտածում են, որ համազգեստ տեսնելիս կչարանամ, չէ, ես շարունակելու եմ աղոթել բոլորի համար: Ամենքի մեջ կգտնեմ Արման ու կաղոթեմ, որ անփորձանք տուն գան: Արմանի մասին ժպիտով եմ պատմում, նրա նման ծիծաղում եմ: Ինքը կյանքը նվիրեց ինձ, հետո հայրենիքին, ասաց` դու խաղաղ ապրիր, իր տղաներին ասում էր` քանի ես դիրքերում եմ, դուք պիտի ապրեք, հիմա մենք ապրելու ենք, որովհետեւ ինքը հավերժ մնաց դիրքերինը…»,- ասում է Գեղեցիկը, հավելում, որ, որպես իր զինվորներին անմնացորդ նվիրված հրամանատար Արման Բաբաջանյանի կին, դեռ պարտք ունի տալու, պիտի գնա Արտաշատ, Արմանի հետ մահացած զինվորի տուն, խոնարհվի նրա մոր առաջ, ցավակցի որպես Արման, որովհետեւ Արմանն այդպես կաներ, կիսի մոր ցավը, որովհետեւ նա էլ Արմանի մի մասնիկն էր ու կնվիրվի մի կարեւոր գործի` մոռացությունից բարձրացնել այն անունները, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքին, ովքեր հիմա էլ կանգնած են նրա թիկունքին, որովհետեւ հայրենիքը նրանցով է ուժեղ, նրանցով է կանգուն, ու այդ անունները միշտ պիտի հնչեն ապրողների շուրթերից…

Հ.Գ. Մայոր Արման Բաբաջանյանը 2018- թ.-ին պարգեւատրվել է Անբասիր ծառայության համար առաջին աստիճանի, 2020-ին` Մարտական ծառայության համար մեդալներով եւ բազմաթիվ պատվոգրերով: 

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

11.09.2023

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27. ԶՈՀԵՐԴ ՆՆՋՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԵՆ…

Տեղադրվել է - Սեպտեմբեր 27, 2021 0
Սեպտեմբերի 27-ից առաջ էլի պանթեոն էինք գալիս, էլի խոնարհվում ու խնկարկում էինք հայրենիքի զոհասեղանին իրենց կյանքը դրած նահատակների հիշատակի առջեւ…Սեպտեմբերի…

ԻՆՉՔԱՆ ՇԱՏ ԼԻՆԵՆ ԳՄԲԵԹՆԵՐԸ, ԱՅՆՔԱՆ ԱՆԽՈՑԵԼԻ ԿԼԻՆԻ ՄԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Տեղադրվել է - Մայիս 15, 2023 0
Սիսիանի բնակավայրերից մեկի մերձակայքում, որտեղ դեռ թարմ է վերջին շրջանի ռազմական գործողությունների հիշողությունը, երիտասարդների մի խումբ շինարարական աշխատանքներ է կատարում:…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code