ՈԳԵԿՈՉՄԱՆ ՏՈՒՐՔ` ՆՎԻՐՎԱԾ 44- ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲՌՆԱԿՈԹՑԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ…

Տեղադրված է at Օգոստոս 2, 2021
1042 0

«Հերոս տղերքը մեր» խորագիրն էր կրում Բռնակոթի մշակույթի տանը կազմակերպված ոգեկոչման հուշ-միջոցառումը` նվիրված արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված` ծնունդով բռնակոթցի նահատակներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն գալիքի, հանուն սերունդների եւ մեր արժանապատիվ ապրելու իրավունքի: Նրանք ժառանգորդն ու հետեւորդն են հերոսական այն փաղանգի, որ անմահացել է ոչ միայն հայրենական պատերազմում, այլեւ` արցախյան առաջին հերոսամարտում` հավերժորեն մնալով թե՛ մեր երկրի, թե՛ բռնակոթյան արժանապատվության տարեգրքում…

Բռնակոթի մշակույթի տան շքասրահի` հայրենականում զոհված 340 եւ արցախյան առաջին պատերազմում նահատակված 12 բռնակոթցիների հուշապատին ավելացան նաեւ արցախյան 44-օրյա պատերազմում իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած եւս 16 բռնակոթցիների անունները, ում չխամրող հիշատակի առջեւ մնում ենք հավերժ խոնարհվող, հավերժ երախտապարտ ու միշտ` խնկարկող…

Դիմելով հուշ-միջոցառմանը ներկա` 44-օրյա պատերազմի` բռնակոթցի նահատակների ծնողներին, մայրերին, զավակներին, հարազատներին, բոլոր ներկաներին` Սիսիան համայնքի Բռնակոթի վարչական ղեկավար Անդրանիկ Հարությունյանն ասաց, որ ոգեկոչման հուշ-միջոցառումը նրանց հանդեպ տածած ծով երախտիքի մի փոքրիկ կաթիլն է միայն եւ հարգանքի տուրքը մեր սրբազան նահատակների անշեջ հիշատակի ու հերոսական սխրանքի առջեւ, ապա շեշտեց, որ ամեն ընկած զինվորի հետ ծնկել է ողջ գյուղը, մոր թափած ամեն կաթիլ արցունքի հետ հառաչել են բոլորը, ամեն զոհվածի ընտանիքի հետ սգացել է ողջ համայնքը, ու պատերազմը սպանում է նաեւ ողջ մնացածներին:

Դիմելով որդեկորույս մայրերին, վարչական ղեկավարը ի մասնավորի նշեց, որ նրանք գենորեն ժառանգել են հայ մորը բնորոշ ոգու ամրությունն ու տոկունությունը, ուստի, որքան էլ անհնարին լինի, նրանք իրավունք չունեն կոտրվելու, իրավունք չունեն կորցնելու ապրելու եւ իրենց նահատակ զավակներին ապրեցնելու իմաստն ու պատգամը: «Ձեզանից յուրաքանչյուրը կրում է «հերոսի մայր», «հերոսի կին», «հերոսի քույր», «հերոսի հայր» պատվավոր տիտղոսները, ինչը, թեեւ` հպարտությամբ, բայց երբեմն էլ առանց արցունքների չի լինեում»,– ասաց Անդրանիկ Հարությունյանը, հավելելով, որ մենք դատապարտված ենք հաղթելու եւ մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է այս կարգախոսը սկզբունք համարել եւ իր գործով, իր խելքով ու զենքով ծառայել հայրենքին, պարտավոր է մեր քաջերի սխրալից գործերի ոգեկոչումով սերունդներ դաստիարակել, որպեսզի մեր կորուստներն իմաստավորվեն եւ արժեւորվեն:

Բռանկոթի դպրոցի աշակերտները անուն առ անուն հնչեցրեցին այն բոլոր նահատակների անունն ու սխրանքը, ովքեր ծնվել են Բռնակոթում եւ ամենայն պատվով ու արժանապատվությամբ կրել բռնակոթցի լինելու հպարտությունը, պատասխանատվությունն ու պարտավորվածությունը:

Մարտին Վազգենի Գալստյան, Մհեր Սասունի Առաքելյան, Արտակ Սեյրանի Առաքելյան, Գեղամ Սերժիկի Սաֆյան, Արայիկ Հովհաննեսի Սաֆյան, Նարեկ Սենիկի Հարությունյան, Վահե Արսենի Քարամյան, Դավիթ Հովհաննեսի Խաչատրյան, Յուրի Սամսոնի Օհանյան, Վաչե Արարատի Պետրոսյան, Արա Արամի Գրիգորյան, Արթուր Արայիկի Առաքելյան, Գրիգոր Արայիկի Գրիգորյան, Արտաշես Ալբերտի Բալյան, Դավիթ Սամվելի Թեւանյան, Անդրանիկ Մանասերի Բաբայան…

Նրանք հուղարկավորված են Սիսիանի քաջաց պանթեոնում, Դավիթ Խաչատրյանը` Եռաբլուրում, իսկ Վահե Քարամյանը, ում կինը նույնպես մահացել էր եղերական մահով` ամուսնու զոհվելու դաժան լուրը լսելիս, հանգչում են պանթեոնի հարակից` Սիսիանի իրենց ընտանեկան գերեզմանատանը, որտեղ հանգչում է նաեւ Վահեի հորեղբոր որդին` 2018-ին ձնահոսքից մահացած պայմանագրային զինծառայող Հայկ Սամվելի Քարամյանը: Իսկ Անդրանիկ Բաբայանը, ով թեեւ ծնվել է Բալաք գյուղում, ապրում էր Բռնակոթում, որտեղ հիմա ապրում եւ շարունակելու են ապրել նրա ընտանիքն ու զավակները:

Այդ նրանք էին մեր բախտը փրկում, այն էլ` ի~նչ գնով…

Հ.Գ. Հարկ եմ համարում շեշտել, որ նահատակներին նվիրված ցանկացած հուշ-միջոցառում պիտի լինի ոգեկոչող, հերոսական, բարձրացնող, հպարտությամբ տոգորող, վսեմությամբ եւ վեհությամբ ներշնչող, որդեկորույս ծնողին` սատարող, մխիթարող ու զորակցող, եւ ոչ` սրտակեղեք, արցունքահեղ, լալահառաչ: Ու այդ ոգին այլեւս ոչ թե նահատակներին է պետք, այլեւ մեզ` ապրողներիս, որովհետեւ մենք դեռ ճանապարհ ունենք անցնելու, մենք դեռ վրեժ ունենք` լուծելու, մենք հար ապրեցրել եւ ապրեցնում ենք մեր կորուստները ետ բերելու բաղձանքը, հավատը, ու հարկ է, որ տեղիք չտանք լացուկոծոտ, սրտակոտոր, արցունքաքամ մոտիվներին, ու վարձքը արցունքը չէ, ոչ էլ` սուգը, ոչ էլ` մրմռացող սիրտը նորից մրմռացնելը, կսկիծը նորից խորացնելը, ցավը կրկին նորոգելը, չփակվող վերքը նորից քրքրելը: Մեր սրտերի ու մեր մտքերի հնոցում միայն հերոսական բալլադներ, հերոսական պոեմներ, հերսական տողեր ու ձոներ պիտի ծնվեն ու արարվեն` նահատակներին արժանի հերոսական շեշտվածությամբ…  

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code