ԵՍ ԶՈՀՎԵԼ ԵՄ ԱՄԵՆ ԶԻՆՎՈՐԻ ՀԵՏ ՈՒ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՄ ԶՈՀՎԵԼ… Զոհված Արայիկ Սաֆյանի մայր

1464 0

Հոկտեմբերի 12-ին միաժամանակ չորս նահատակ զինվոր էինք հուղարկավորում Սիսիանի պանթեոնում: Հոկտեմբերի 12-ի թաղման թափորի մեջ լուսանկարներ անող ֆոտոխցիկս մեկեն կանգ առավ շատ ծանոթ դեմքերի վրա: Մեկը Վաղատինի դպրոցի դասընկերուհիս էր` Ալվարդը, մյուսը` քույրը` Սիլվան, կողքիններին նույնպես մտաբերեցի` մեզանից տարիքով ավելի փոքր նրա մյուս քույրերն էին` Անգինն ու Ալինան…Պարզվեց` հոկտեմբերի 12-ին մենք միաժամանակ հուղարկավորում էինք Անգին եւ Ալինա քույրերի նահատակ որդիներ Արայիկ Սաֆյանին եւ Վրեժ Պողոսյանին ու նահատակ Արայիկի հորեղբոր որդուն` Գեղամ Սաֆյանին… Մյուս նահատակը Սամսոն Ամարյանն էր…Դե սիրտ բեր, որ դիմանա…Դիմացե՞լ ենք…Եթե սա է դիմանալը…

Հոկտեմբերի 12-ին նրանց հավերժ հիշատակի եւ հավերժ փառավորումի համար  հոդված գրեցի` «Հաղթանակի ճանապարհը, որ անցնում է պանթեոնով» վերնագրով, որովհետեւ համոզված էի, որ միայն այդպես է կերտվում հաղթանակը: Սակայն կարճ ժամանակ անց, երբ պատերազմն իր ողջ հրեշավոր դեմքով ծառս եղավ մեր դեմ, երբ հետո միաժամանակ նաեւ վեց զինվոր ենք հուղարկավորել մեկ օրում, հասկացա, որ նրանցից յուրաքանչյուրի մասին պիտի գրեմ առանձին-առանձին, պիտի գրեմ մանրամասն, պիտի գրեմ իրենց անմահությանն արժանի անդրադարձով, որովհետեւ յուրաքանչյուրի անուն-ազգանվան տակ մի-մի ճակատագիր է, մի-մի կենսագրություն, մի-մի պատում, մի-մի սխրանք, մի-մի անկատար երազանք, անավարտ թռիչք, չապրված կյանք, մի-մի նվիրում` հայրենիքին, երկրին, ամենքիս եւ յուրաքանչյուրիս, մի-մի զոհաբերում` հանուն մեր լինելիության, հանուն մեր ազգային արժանապատվության, հանուն հայոց փառապսակ զինվորի հավերժ հիշատակի եւ ծնրադիր խոնարհման:

Անկեղծ ասած` այն ցնորական ու հոգեցունց օրերին նույնիսկ ժամանակ էլ չկար մանրամասն զրուցել, հարցուփորձ անել, հանգամանալից գրել նահատակների մասին, քանի որ ամեն օր զինվոր էինք թաղում, ու ես, հոգով, մարմնով, սրտով բզկտվածս, որ ցայսօր էլ դեռ չի ապաքինվել, հազիվ էի հասցնում օրվա հուղարկավորումների մասին, գոնե, մի բան գրել…

Գրեթե մեկ տարի անց Արայիկ Սաֆյանի հայրական տանն եմ` Բռնակոթում: Երկհարկանի, գեղեցիկ առանձնատուն է, ծաղկանոցով, այգիով, բաղ ու բոստանով: Հենց դռների մոտ ինձ դիմավորում է Արայիկ Սաֆյանի մայրը` Անգին Գրիգորյանը ու չի թաքցնում, որ ինձ երկար է սպասել, որ շատ է փափագել այս հանդիպումը, որ ամեն անգամ պանթեոնում նրան ասած իմ մխիթարող որեւէ բառը սպեղանի է եղել անդարման ցավին, որ ցանկացել է նույնիսկ զանգահարել եւ հանդիպել ինձ, ասելու շատ բան ուներ, բայց ես իմ ոտքով էի գնացել, ու մեր հանդիպումը ոչ միայն նահատակների մասին հուշապատում գրողի եւ նահատակի մոր հանդիպում էր, այլեւ` նույն բակից նույն ճանապարհով երկու տարի միասին նույն դպրոց գնացող երկու հարազատ մարդկանց հանդիպում, ինչը, գուցե եւ կարեւոր հանգամանք էր անկեղծ ու սրտամոտ, անկաշկանդ ու հարազատական զրույցի համար:

«Ամեն տեղ փնտրում եմ Արայիկին, որովհետեւ ամեն ծիլ ու ծաղիկ իր աճեցրածն է: Արայիկը 4 տարեկան էր, որ եկանք այստեղ եւ ապրեցինք կիսակառույց տան մեջ, մեծ արդիս` Ավետիքը հինգ ու կես էր: Տղաներս մեզ հետ հավասար աշխատել են տունը կառուցելիս: Դժվար տարիներ էին, արցախյան առաջին պատերազմը նոր էր ավարտվել, հացը տալոնով էր: Ամայի տարածք էր` հիմք ենք քանդել, տուն սարքել, այգի, բոստան վարել եւ մեծացրել մեր երկու որդիներին: Չեմ նայել` կին եմ, տղամարդ եմ, կնոջ գործ է, տղամարդու գործ է, արել եմ, որ տղաներիս ոչ մի բանից չզրկենք: Բահը ցած եմ դրել, զբաղվել նրանց կրթությամբ ու դաստիարակությամբ, որ դպրոցում չնեղվեն, հետ չմնան, չընկճվեն: Էդպես դաստիարակել ու էդպես էլ մեծացել ենք նրանց: Արայիկս մեծ տղա էր, կայացած զինվորական, բայց մինչեւ վերջ պահպանեց իմ խոսքերը` մաման ասում ա` չի կարելի»,- ասում է Անգինը ու դառնաթախիծ կրկնում` թող գոնե վերջին պահին խախտեր իր նշանաբանը` «մամայի չի կարելին» եւ ինքն էլ փախչեր, չզոհվեր, որ կյանքս էսպես խավար չդառնար, ապրելս` անիմաստ…»:

Իմ մխիթարական խոսքերը անզոր են, իմ ջանքը` իզուր… «Գիտե՞ս` ամեն զինվորի հետ զոհվել եմ, ու մինչեւ հիմա դեռ զոհվում եմ, ու սրա վերջը չկա: Երբ հոկտեմբերի 8-ին լսեցի Դավիթ Թեւանյանի զոհվելու լուրը, ով իմ ընկերուհի Նարինեի որդին էր եւ Արայիկիս հետ չորս տարի միասին են սովորել, չորս տարի իրար կողք են եղել նրանց մահճակալները, այդ պահին ինքս էլ զոհվեցի, ու այդ օրվանից սիրտս տագնապ ընկավ Արայիկի համար, Վրեժիս համար … Հետո եկավ տեգորս տղայի` Գեղամի զոհվելու լուրը: Գեղամը պայմանագրային էր, զոհվել էր հոկտեմբերի 8-ին` Կարմիր Շուկայում: Դավիթի թաղման օրը` հոկտեմբերի 10-ին, ամուսնուս հետ գնացինք տեգորս տուն… տարօրինակ մի բան էր կատարվում բոլորիս հետ… Հետո ենք կռահել, որ նրանք արդեն լսել էին Արայիկիս եւ Վրեժիս լուրը, չգիտեին Գեղամիս մասին, մենք էլ` հակառակը… »,-ասում է Անգինը:

Խնդրում եմ պատմել, թե ինչպես պատահեց, որ որդիները զինվորական դարձան, ինչ զգացողություն էր, երբ ամեն օր տնից երեք զինվոր էր ճանապարհում` աշխատանքի… Ապա ինձ բռնում եմ մի «մեղավոր մտքի» մեջ` «աշխատանքի՞».. Չէ՛, դա աշխատանք չէ, զինվորինը աշխատանք չէ, ինքնաայրում է, ինքնանվիրում, ինքնամոռացում, նույնականացում հայրենիքի, երկրի, պետության, ապրելու եւ հարատեւելու իրավունքի հետ…

Անգինը պատմում է, որ երբ դեռ ապրում էին ամուսնու հայրական տանը, ամեն օր տեսնում էին հարեւան զինվորական Խիկար Ջավադյանին, ու տղաներն իրար հետ զրուցում էին Խիկարի զինվորական համազգեստի, զենքերի, գլխարկի, զինվորական մեքենայի մասին, գուցե նրանց սերնդակիցները բոլո՞րն էին այդպես մեծանել, չեմ կարող ասել, բայց հենց նրանք դարձան այն ճակատագրական սերունդը, որն իր վրա կրեց 44-օրյա պատերազմի ամենածանր հարվածը` վեր պահելով դարերով ամրագրված հայ զենքի եւ հայ զինականի փառքն ու պատիվը:

Բռնակոթի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Արայիկ Սաֆյանը 2006-ին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա: «Մեր տունն այդ ժամանակ նման էր Համբո-Գիքորի պատմությանը, ես չէի ուզում, ես դեմ էի: Բայց Արայիկն արդեն ընտրել էր իր ուղին` հոր համաձայնությամբ, մնում էի ես… Երբ ես էլ ստորագրեցի իմ համաձայնագիրը, ներքին ձայնս պառթկաց իմ մեջ ու ասացի` կոտրվի էս ձեռքը, որ ստորագրեց…բայց արդեն ուշ էր, դա Արայիկի որոշումն էր, Արայիկի ընտրությունը: Ու հենց այդ պահին դրվեց զինվորական դառնալու նրա ճակատագրի սկիզբը… 15 տարի որդիս իմ եփած ճաշը չկերավ, 15 տարի որդիս իր իսկ ջանքերով կառուցած տանը մի կարգին չքնեց: 2010-ին ուսումն ավարտելուց հետո 7 տարի ծառայեց Արցախում` Մարտունու զորամասում, ասում էի` Արայիկ, պայմանագրով 5-ից 7 տարի է ծառայությունդ, 5 տարիդ լրացել է, տեղափոխվիր Սիսիան, ամուսնացիր, տուն-տեղը կա, ամեն ինչ արած-դրած է, ասում էր` մամ, մի մոռացիր 5-ից 7-ի արանքի ից-ը, իսկ ես զինվորական եմ, եւ չեմ կարող խախտում անել»,-պատմում է մայրը:

Մարտունիում ծառայելիս մասնակցել է ապրիլյան քառօրյային, որից հետո ստացել է ավագ լեյտենանտի կոչում, բազում-բազմաթիվ շնորհակալագրեր ու պատվոգրեր` բարեխիղճ ծառայության համար: 2018- օգոստոսին, արդեն կապիտանի կոչումով, Արայիկ Սաֆյանը տեղափոխվել է Նորավանի զորամաս որպես վաշտի հրամանատար: Մոբի անձնակազմի վաշտի հրամանատարն էր: «Իմ կյանքի ամենաերջանիկ տարիներն էին: Տնից երեք զինվորական էի ճանապարհում, երեք զինվորական դիմավորում: Մեծ որդիս` Ավետիքն էլ էր պայմանագրային ծառայության մտել Նորավանի զորամասում, Բերձորում ապրող քրոջս տղան` Վրեժս էլ, ու մեր տանն էր ապրում… Միայն մի փափագ ունեի` Արայիկն ամուսնանար, զավակներ ունենար, նրանց էլ պահեի, մեծացնեի, ինչպես որ Ավետիքիս երեխաներին էի մեծացրել: Ավետիքիս կինը Շուշիից էր, ծանոթացել էին Ստեփանակերտում սովորելիս: Արոյիս ասում էի` մի արցախցի էլ դու ուզիր: Սիսիանում աչքադրած աղջիկ ուներ, ասում էր հոկտեմբերի 3-ին, որն իմ ծննդյան օրն է, բերելու եմ ծանոթացնեմ, նոյեմբերի 7-ին, որ հոր ծննդյան օրն է, նշանդրեք անենք, ու 2020 թվին հաստատ ամուսնանալու եմ: Անգամ պատերազմի ժամանակ է ընկերոջը` Արգիշիտիին ասել, որ չի սպասելու պատերազմի ավարտին, հենց գնա տուն, ամուսնանալու է… Ինձ էր խնայում, էլ առողջություն չունեի, ու ցանկանում էր մի քիչ էլ իմ կենցաղային հոգսերը թեթեւացներ… Ուզում էր տղայի անունը ապրիլյան քառօրյայում զոհված իր արցախցի ընկերոջ անունը դնել` Գուգո… Համ իր երազանքը անկատար մնաց, համ` մերը, համ էլ` Գուգոյինը…»,- ասում է Արայիկ Սաֆյանի մայրը: 2020-ի ապրիլին, զորամասի հրամանատարի հրամանով, Արայիկը վեց ամսով գործուղվել է Վայք, որ նորակոչիկներին զինվորական ծառայության նախապատրաստի` զորամասեր տեղափոխելու նպատակով: «Սեպտեմբերի 24-ից արձակուրդի մեջ էր: Ասացի` Արայիկ, հոկտեմբերի 3-ը մոտենում է, ասաց` մամ, հիշում եմ: Սեպտեմբերի 27-ին լույսը նոր էր բացվել, հեռախոսը բացեց, ասաց` վայ, երկրի դրությունը խառն ա: Ավետն արդեն բարձրացել էր Աղոթարանի դիրքերը: Ինձ անընդհատ հանգստացնում էր, ասում, որ ինքը Արցախ չի գնալու: Զանգահարեցին ու կանչեցին: Վրեժիս հետ գնաց: Ամուսնուս էլ գյուղապետարանից կանչեցին: Հոկտեմբերի 2-ի գիշերը ինքն ու Վրեժս եկան անձնական իրերի հետեւից, ասացի` Արայիկ, կռիվը պրծա՞վ… Դեռ չգիտեի, որ էս կռիվը ավարտ չուներ, հետո կռիվը պիտի իմ մեջ լիներ, ու պատերազմը պիտի ինձ համար այդպես էլ չավարտվեր… Հոկտեմբերի 3-ի լույս առավոտյան Արայիկս ու Վրեժս նստեցին մեքենա… հանկարծ Արայիկը հիշել էր, որ իմ ծննդյան օրն է, իջավ մեքենայից, շնորհավորեց, ասաց, որ ամուսնանալու խոտումը չի մոռացել… Ու մեքենայի մի պատուհանից Արայիկը, մյուս պատուհանից` Վրեժը, արծվի նման թեւերը թափահարելով գնացին… էդ օրվանից նրանք արդեն իմ ձեռքից թռան, ու ես դեռ գլխի չէի ընկնում… »:

Մայրը պատմում է, որ Արայիկը խաբել է իրենց եւ չի ասել, որ Արցախ է գնում, երբ ինքն է զանգահարել, հաճախ են զանգերն անհասանելի եղել: Մի անգամ միայն պատասխանել է զանգին, ասել, որ Ալինա մորքուրենց նախկին բնակավայրում են` Սարատակում: Ասել է` նուռ ենք ուտում, Վրեժի մանկությունն ենք հիշում գետի ափին, բայց ընկել էին հրետակոծության տակ ու մի կերպ դուրս պրծել: Զանգահարելիս մեկ-երկու բառ էր ասում: Վերջին անգամ հոկտեմբերի 9-ի առավոտյան զանգահարեց եւ ասաց` Ջ-ում (Ջաջբրաիլում) ենք, ասացի` բա Վրե՞ժը, ասաց` որտեղ ես` էնտեղ էլ` ինքը… Էդպես էլ եղավ` հիմա հավերժ միասին են… աշխատեցին միասին, կռվեցին միասին, հոկտեմբերի 10-ի գիշերը զոհվեցին միասին, միասին էլ ննջում են Սիսիանի պանթեոնում` կողք-կողքի…

Լրանում է տղաների զոհվելու մեկ տարին… «Արդեն մեկ տարի է` մեր հիմնական հասցեն Սիսիանի պանթեոնն է, տղաների շիրիմների մոտ: Ամեն ամսի 10-երին, մեր բոլորի ծնունդներին, տղաների ծնունդներին մեր հիմնական այցելավայրը նրանց շիրիմներն են ու էսպես պիտի շարունակվի մինչեւ վերջ… Հիմա մեր տանն էլ պահպանվում են այն նույն սովորույթները, ինչ Արայիկի կենդանության ժամանակ… Սիրում էր սենյակի լույսը վառ թողնել, իրար բարի լույս ու բարի գիշեր էինք մաղթում ամեն օր: Հիմա էլ Արայիկի հայրը ամեն երեկոյան վառում է նրա սենյակի լույսը, բարի գիշեր ասում, ես էլ ամեն առավոտ անջատում եմ եւ բարի լույս ասում… Մեր տանն ամն ինչ այնպես է, ինչպես իր ժամանակ… հիմա պարզապես ամենուրեք նրա լուսանկարն են, նրա ստվերը, նրա հուշերը, նրա ալբոմները, նրա շունչը, նրա հետքը… »,-ասում է Անգինը, ապա հավելում, որ զարմանում է, թե ոնց է ապրում, երեք դագաղ են դրել դեմը եւ ասում են` ապրիր… իր արած-դրածից նրանց միայն ծաղիկներ բաժին հասան եւ հիշողություններ, հիշողություններ…

«Օրս սկսվում է Արոյիս հետ զրուցելով, նրա աճեցրած ծաղիկները ջրելիս ինձ թվում է` Արոյիս եմ ջուր տալիս… Հիմա ո՞վ է ջրելու նրա ծաղիկները, ո՞վ է ապրելու նրա համար կառուցած էս շեն ու մեծ տանը… Անգելինայիս ասել եմ` տատ ու պապին որ մոռանաս, հոպարին չմոռանաս…Արոս 31 տարեկան էր, գոնե զավակ ունենար, պահեի, մեծացնեի… բայց կյանքը նվիրեց հայրենիքին, …Արայիկս շատ էր սիրում ծնողներին, մեր խոսքը երբեք գետնին չէր գցել: Սիրում էր հարազատներին, ընկերներին, իր ենթակայության տակ գտնվող զինվորներին: Զինվոր ծնվեց, զինվոր մեծացավ, զինվոր ապրեց, զինվոր զոհվեց ու որպես զինվոր էլ կհավերժի… Նոյեմբերին զորամասի հրամանատար Արմեն Մնացականյանը եւ ընկերները այցելեցին մեզ, ասացի` պատմեք Արայիկի եւ Վրեժի մասին, եղածն արդեն եղել է, գոնե իմանամ` ոնց են զոհվել… Հրամանատարն ասաց` աթս-ի հարվածից են զոհվել, ասաց` ինչքան ձերն են, էնքան էլ մերն են Սաֆյանն ու Պողոսյանը: Վրեժս նոր էր լեյտենատի կոչում ստացել, չհասցրեց վայելել… »,-ասաց Անգինը:

Զինվորական ծառայության ընթացքում Արայիկ Սաֆյանը բազմիցս արժանացել է պատվոգրերի եւ մեդալների: Տանը` նրա լուսանկարների կողքին, աչքի են զարնում 2011-ին ՀՀ զինված ուժերի 20-ամյակի, 2016-ին` Անբասիր ծառայության, 2020-ի սեպտեմբերի 18-ին` «Վազգեն Սարգսյան» եւ ետմահու` հոկտեմբերի 19-ին ստացած «Մարտական ծառայության համար» մեդալները:

Արայիկի ծնողները պիտի շարունակեն ապրել հանուն նրանց հիշատակի, պիտի ապրեն, որ ապրեցնեն իրենց զավակներին, պիտի շարունակեն ապրել հանուն Ավետիք որդու` իր եւ ամուսնու անունները կրող սիրուն թոռների, պիտի վերընձյուղվեն` նոր թոռների լույս աշխարհ գալու ակնկալիքով, Արայիկի, Վրեժի, Գեղամի անունները պիտի դրվեն ծնվելիք թոռների վրա եւ այդպես ապրեն, այդպես ապրեցնեն ու այդպես շարունակվեն… Նրանք հիմա միայն իրենց ընտանիքինը չեն, բոլորինս են, ազգինն են, մեր պատմությանն են, մեր հերոսական տարեգրությանը, ում շնորհիվ այսօր ապրում ենք, ապրելու ենք…

Հավերժ փառք, հավերժ խունկ ու խոնարհում…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

16.09. 2021

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԳԱՐԵԳԻՆ ՆԻԿՈԼՅԱՆԻ ԱՍՏՂԸ ԵՐԿՆՔՈՒՄ ՓՆՏՐԵՔ…

Տեղադրվել է - Հունվար 27, 2022 0
Երբ զրույցի համար պայմանավորվում էի 44-օրյա պատերազմի նահատակ Գարեգին Նիկոլյանի ընտանիքի անդամների հետ, քրոջ` Սոնայի հոգուց միանգամից հորդեց ամիսների կուտակվածը,…

ԴԱՐԲԱՍԻ ԲԱՐԲԱՌԸ` ԻՐ ՈՂՋ ՀՄԱՅՔՈՎ…

Տեղադրվել է - Մարտ 6, 2024 0
ԱՇԿՏ ՏՈՒՍ ԿՅԱ, ԱՆՄԸՏ ՏՈՒՍ ՉԿՅԱ… Պարիօր ծեզ։ Հո՞ւնց էք։ Մետերնիտա կա՞մ մեր էն պաժառին պատմությունը, վեր փշերը վառիլից սաղ…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code