Համո Սահյան -110. ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ

Տեղադրված է at Ապրիլ 11, 2024
949 0

1993 թվականի գարնան վերջերին Համո Սահյանի առողջական վիճակը բավականին վատացել էր։ Գանգատվում էր հատկապես շնչառական անբավարարությունից։ Դեղերն էլ քիչ էին օգնում:

-Երբեմն քիչ է մնում խեղդվեմ,- հաճախ կրկնում էր նա:

Նրան դժվարությամբ համոզել եւ տեղափոխել էին հիվանդանոց։ Մի քանի օր «Էրեբունի» հիվանդանոցում բուժվելուց հետո հուլիսի սկզբներին փոխադրվել էր Պռոշյան փողոցի վրա գտնվող ներկայիս «Նաիրի» բժշկական կենտրոն, որն այն ժամանակ հայտնի էր «Լեչկոմիսիա» անվամբ։ Այդ մասին մենք տեղեկացանք ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Ավագյանից:

– Համոն օգնության կարիք էլ ունի։ Կաշխատեմ վարչապետի միջոցով որոշ նյութական օգնություն կազմակերպել,- ավելացրեց նա:

Նույն օրը (հուլիսի 6-ին էր) Գորիսի շրջխորհրդի գործկոմի նախագահ Ռոբերտ Ալեքսանյանի հետ գնացինք հիվանդանոց։ Նրան հատկացվել էր առանձին հարմարավետ հիվանդասենյակ։ Այստեղ նրա կինը` Սվետան, «Ինձ բացակա չդնեք» ժողովածուի նոր մեքենագրված բանաստեղծություններն էր սրբագրում։ Վարպետը հիվանդասենյակում չէր, դուրս էր եկել շքապատշգամբ։ Լսելով մեր ձայնը՝ ներս եկավ։ Բավականին փոխվել էր։ Շատ անհանգստացնող էին հատկապես աչքերը. բոլորովին դեղնել էին։

Մոտեցավ ու համբուրեց։

– Հի՞նչ կա,- հարցրեց։

Նա այս բառը սիրում էր այսպես ու հաճախ կրկնել։ Առողջությունից

հարցրեցինք։

-«Էրեբունի» հիվանդանոցում էի։ Դժգոհ չեմ։ Բժիշկը շատ հոգատար էր։ Բայց ինձ տեսնել ցանկացողներին խղճացի։ Ստիպված պետք է վեր կենային տրանսպորտի այսպիսի սղության եւ թանկության պայմաններում հասնեին քաղաքի ծայրամասը։ Գոնե այս հիվանդանոցը քաղաքի կենտրոնում է։

Խոսք բացվեց դեռեւս սրբագրվող նոր բանաստեղծությունների մասին։ Վարպետը ոգեւորությամբ նշեց, որ Մերուժան Տեր-Գուլանյանը ստեղծել է նոր հրատարակչություն, եւ դրանք կտագրվեն այնտեղ։ Նա նշեց, որ թուղթը շատ է թանկացել, ու դրա պատճառով է իր բանաստեղծությունների տպագրությունն ուշանում, մեկ այլ հրատարակչություն խոստացել է իր հատընտիրը տպագրել։ Դժբախտաբար բանաստեղծի ցանկությունները նրա կենդանության ժամանակ մնացին լոկ ցանկություն։ «Ինձ բացակա չդնեք» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվեց շատ ավելի ուշ, նրա մահվանից տարիներ անց։

-Տարին ո՞նց է,-հարցրեց Ռոբերտ Ալեքսանյանին։

-Գորիսում տեղումներն այս տարի առատ են։ Հացի եւ խոտի առատություն ենք ակնկալում -, պատասխանեց նա։

– Դա լավ է։ Բայց պտուղ չկա։ Զարմանալի տարի է։ Ծառերը չպտղաբերեցին։ Այսպիսի տարի չեմ հիշում-, նշեց Վարպետը։

Հետո խոսք բացվեց անցած ու եկող ձմռան դժվարությունների մասին։

-Լավ, ենթադրենք կենդանի մնացի, բա ձմեռը ո՞նց եմ անցկացնելու։Դեռ անցած ձմռանը Գրիգոր Ավագյանը եւ Արարատ Գոմցյանը վառելափայտով ահագին օգնեցին,-ասաց Վարպետը։

Կգաք հայրենիք իմ առաջարկին պատասխանեց.

-Չէ, երեւի էլ չհասցնեմ,-ասաց ու շարունակեց,-գիտեք՝ մահից չեմ վախենում, ավելի շատ վախենում եմ չարչարվելուց։ Կուզեմ, որ դուք այնքան ապրեք, որ ինձ ասեք ջահել մեռավ։ Բայց 70 տարուց ավել ապրելն ավելորդ է։

…Մի քանի օր հետո կրկին հիվանդանոց գնացի։ Մենակ պառկած էր։ Ձգվեց ու նստեց մահճակալին։

-Ո՞ւմ հետ ես,- հարցրեց։

-Մենակ եմ,-ասացի։

-Ինչ լավ է, որ մենակ ես։

Բավականին երկար խոսեց, խոսեց իր ներանձնական կենցաղային խնդիրներն անգամ չթաքցնելով։

-Երեկ շատ վատ էի։ Ներքին արյունահոսություն ունեի։ Էլի Սվետան։ Էստեղ զանգեց, էնտեղ, բենզինի հարցը լուծեց, դեղը գտավ։ Խմեցի։ Հիմա լավ եմ զգում։ Գրքերս տպագրվում են։ Մեկը Մերուժանի մոտ, մյուսը՝ «Հայաստան» հրատարակչությունում։

Վարպետը հավատացել էր տրված խոստումներին։ Այդ օրը Սիսիանից միանգամից հիվանդանոց էի գնացել։ Հարցրեց Սիսիանից։ Մեր տնամերձի մի փոքրիկ հողակտորը միշտ ասում էր՝ դա էլ մերն է։

-Մեր հողամասը կա, չէ՞։

-Կա, այս ելակը ձեր հողամասից է։

Ելակ չկերավ։ Մի կտոր Սիսիանի անալի պանիր փորձեց։ Անալի պանիր սիրում էր։

-Լրիվ անալի չէ, մի քիչ աղ է կերել։ Վարպետն այդ օրը շատ բաների մասին խոսեց։

-Գիտես, մարդիկ կան, որ տեսնելով վիճակս՝ արդեն կտակից են խոսում։ Կտակելու բացարձակ ոչինչ չունեմ,- ընդգծված տոնով շեշտեց Վարպետը։

-Օգոստոսի կեսերին կգաք Սիսիան,- ասացի։

-Չէ, երեւի չեմ հասցնի,- կրկին տվեց նույն պատասխանը։

Նոր մարդիկ եկան տեսության։ Ես ցտեսություն ասացի Վարպետին։

… Հաջորդ անգամ հիվանդանոց գնացի Շչորս Դավթյանի եւ համալսարանի դասախոս, ծագումով ծղուկեցի Հակոբ Հակոբյանի հետ։ Այստեղ էին ամերիկահայ բանաստեղծ Վահրամ Հաճյանը եւ «Ավանգարդ» թերթի խմբագիր Մնացական Զոհրաբյանը։ Վարպետը Հակոբ Հակոբյանին չէր ճանաչում, որոշ հարց ու փորձ արեց։ Հետո ասաց, որ արդեն այցելություններից էլ է ձանձրացել։

-Շատ են գալիս, երեկ պետք է գար նաեւ Լեւոնը (խոսքը հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին էր), Գրիգոր Ավագյանն ասաց, որ արտասահմանից պատվիրակություն է եկել, չի կարողացել գալ, զբաղված մարդ է,-ավելացրեց բանաստեղծը։

Այդ օրը շատ տխուր էր։ Դժվար էր խոսում, թեեւ փորձում էր առույգ ձեւանալ։ Մի երկու օր հետո՝ հուլիսի 20-ին, հրաժեշտ տվեց իր երկրային կյանքին։ Դրանից առաջ պատգամել էր.

Դագաղիս համար

Դուք ծառ չկտրեք։

Ինձ մի հին կաղնու

Փչակում դրեք,-

Անտառի եզրին,

Բլուրի վրա։

Որ գնամ գտնեմ

Արմատը նրա,

Որ գնամ նրա

Արմատը գրկեմ…

Եվ ինչ իմանաս,

Գուցե թե մի օր

Դեպի լույս աշխարհ

Մի շյուղ արձակեմ։

Հենզել ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

#ՀԱՂԹԵԼ ԵՍ. ՄՀԵՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ. Հորեղբոր որդու աչքը էլ Մհերի ճամփան չի պահում. Հիմա նրանք հավերժ միասին են…

Տեղադրվել է - Ապրիլ 9, 2021 0
Երբ դեկտեմբերի 12-ին հուղարկավորված Արտակ Առաքելյանի շիրմաթմբի եւ դեկտեմբերի 20-ին հուղարկավորված մեր մյուս նահատակի` Էդգար Սարգսյանի շիրիմների արանքում որոշակի տարածք…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code