ՍԻՍԻԱՆՅԱՆ ՄՆԱՅՈՒՆ ԱՐԺԵՔՆԵՐ…

839 0

ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ԲՆԱՇԽԱՐՀԻ ՍԻՐՈՎ

Ուրախությունն ընդհանուր էր: Այդ օրը Սիսիանի շրջանային մշակույթի տան ցուցասրահի դռները լայնորեն բացվեցին արվեստասեր այցելուների առջեւ: Ընդարձակ սրահի պատերին խնամքով փակցված էին պատանի նկարիչներ Տիգրանիկ Դավթյանի, Վալերիկ Ստեփանյանի, Սլավիկ Խաչատրյանի, Փարավոն Միրզոյանի, Սամվել Միրզախանյանի, երիտասարդ ինքնուս նկարիչներ Արտավազդ Վարդանյանի, Սուրեն Եղիազարյանի, Հրաչիկ Գյուրջյանի, Երվանդ Մանուչարյանի եւ ուրիշ ստեղծագործողների հարյուրավոր ճեպանկարներ, գծանկարներ, գեղանկարներ… Սրահը միանգամից լցվել էր հայրենի բնության գեղեցիկ տեսարաններով, ալ կակաչներով, հաճելի վարդերով, երիտասարդական խոսուն դիմանկրաներով:

Շրջանի մշակութային կյանքի պատմության մեջ դեռեւս այդպիսի հաճելի անակնկալ չէր եղել: Ոչ ոք չէր սպասում, որ մայրաքաղաքից մոտ 300 կիլոմետր հեռավորության վրա, հայոց աշխարհի մի հեռավոր անկյունում, միանգամից ծնունդ կառնի ստեղծագործողների մի այսպիսի շնորհալի կոլեկտիվ… Ահա թե ինչու բոլորը հուզված էին, եւ յուրաքանչյուրի անվարժ ձեռքով կատարված աշխատանքի միջով տեսնում էին այն արվեստագետին, որն արդեն բռնել է արվեստի վերելքը տանող քարքարոտ ուղին:

Հուզված էր նաեւ մի ալեզարդ ծերունի, որ եկել էր թոռան նկարները նայելու: Նա գոհունակությամբ շրջեց ցուցասրահում, մեկ-մեկ տնտղեց կտավները ու թավ բեղերի տակ ինքնագոհ շշնջաց.

-Ապրեք, որդիներս: -Ապա դառնալով մոտը կանգնածներին` հարցրեց` իսկ որտե՞ղ է էս բոլոր գործերը գլուխ բերող ջահել նկարիչը:

Հետո նա հողագործի իր կոշտացած ձեռքերով ամուր բռնեց ընդառաջ եկած երիտասարդի գլուխը եւ ամուր համբուրեց լայն ճակատը.

-Ես քիչ բան եմ հասկանում էս նկարներից, բայց տեսնում եմ, որ մեծ գործ ես սկսել: Ապրե´ս, որդի´ս, որ շատ աշխարհներ ես ման եկել, ուսում առել, վերջը եկել ես ծառայելու քո հող ու ջրին, քո ժողովրդին…

Ծերունին հաստատուն քայլերով հեռացավ, իսկ երիտասարդ նկարիչ Զաքարե Խաչատրյանը ակնածալի հայացքով ուղեկցեց նրան: Լավ գնահատականներ, հաճելի խոսքեր շատ էր լսել արվեստագետներից ու ընկերներից, բայց այս գնահատականը, որ չգրվեց ոչ մի մատյանում, թերեւս ամենաանկեղծն ու ամենաարժեքավորն էր: Եւ տարիների մշուշի միջից երիտասարդ արվեստագետը վերապրեց այն դժվարին ու երկար ճանապարհը, որով անցել էր ինքը մինչեւ այսօր, մինչեւ ծերունի հողագործի գնահատականը:

Հայրենական մեծ պատերազմը նոր էր ավարտվել: Տուն էր վերադարձել խաղաղ աշխատանքի կարոտ զինվորը: Նկարիչ դառնալու ձգտումները հաստատուն արմատներ էին գցել նրա հոգում: Մի քանի տարի գյուղում աշխատելուց հետո Խաչատրյանը նվիրական նպատակին հասնելու համար ուղեւորվեց Երեւան, իսկ երկու տարի անց մեկնեց Լենինգրադ, ընդունվեց եւ փայլուն կերպով ավարտեց Ռեպինի անվան նկարչական ակադեմիան, ապա անեւ` ասպիրանտուրան: Շնորհալի երիտասարդին իր արվեստանոցում աշխատանքի հրավիրեց ՍՍՌՄ ժողովրդական նկարիչ Ալեքսանդր Գերասիմովը: Խաչատրյանի համար բացվում էին նախանձելի հեռանկարներ: Հիրավի, ո՞ւմ չէր հրապուրի ախշատել Մոսկվայում` երկրի խոշորագույն արվեստագետներից մեկի արվեստանոցում, սակայն հայրենի երկնահաս լեռները` իրենց հավերժական ամպի քուլաներով, անձրեւաջրով լվացված կապույտ երկինքը, բնությունից բարիքներ քամող աշխատավորի անպաճույճ կյանքը անտես ձեռքով կանչում էին նրան. կանչում էին այն նեղլիկ ոլորապտույտ ճանապարհները, որոնցով նա քայլել էր տարիներ առաջ: Եւ նա չդավաճանեց իր սրտի ձայնին. մի քանի տարի Մոսկվայում աշխատելուց եւ իր արվեստը կատարելագործելուց հետո վերադարձավ հայրենի գյուղ:

Ստեղծագործելու թեմաներն այստեղ անսպառ էին: Կարճ ժամանակում իրար հետեւից ստեղծվեցին բազմաթիվ գործեր: Եւ թվաց, թե նրա առանձնատան ընդարձակ սենյակներում հավաքվել, խտացվել է Սյունյաց հինավուրց լեռնաշխարհն իր ողջ գրավչությամբ: «Վարդենին ու երիտասարդ աղջիկը», «Վարդեր», «կակաչներ», «Իշխանասարը», «Սալվարդ սարը», «Որոտանի կիրճը» եւ այլ կտավները պերճախոս կերպով խոսում էին հասուն նկարչի շնորհքի մասին:

Սակայն Խաչատրյանի ամենագեղեցիկ ստեղծագործությունը հասարակական  հիմունքներով նրա ղեկավարությամբ գործող կերպարվեստի ստուդիան է: Դեռեւս ուսանողական տարիներին նա երազում էր գյուղի (Սիսիանն այն ժամանակ գյուղ էր, քաղաքի կոչում ստացել է միայն 1974 թ.-ին. ընդգծումը` Ա.Ա.) շնորհալի տղաներին իր շուրջը հավաքել, իր ստացած գիտելիքները հաղորդել նրանց, նրանց հետ աշխատել, խորհել: Գյուղ վերադառնալուց հետո առաջին օրը նա հանդիպեց նկարչությամբ զբաղվող ընկերներին` Արտավազդին (Վարդանյան), Սուրենին (Եղիազարյան), Աշոտին (Սիմոնյան): Ծանոթացավ նրանց գործերին, ստեղծագործական ծրագրերին, լավի համար ուրախացավ, օգտակար խորհուրդներ տվեց եւ խնդրեց որոշակի օրերի հավաքվել իր մոտ` միասին աշխատելու: Բանը դրանով չվերջացավ: Մի օր Խաչատրյանի աշխատասենյակի դուռը բախեցին մի խումբ պատանիներ.

-Եկել ենք տեսնելու ձեր նկարները,-ասացին նրանք:

Դիտումը երկար տեւեց: Հարցասեր տղաները ցանկանում էին ամեն ինչ իմանալ միանգամից: Նկարիչը ոգեւորված բացատրում էր, պատմում, ցույց տալիս: Հետո նա ընդհատեց խոսքը.

-Այսպես միանգամից չի լինի: Եկեք պայմանավորվենք այսպես. ովքեր սիրում են նկարչությունը, թող շաբաթական երկու անգամ հավաքվեն կուլտուրայի տանը: Կարող եք ձեզ հետ բերել նաեւ ձեր նկարները, իսկ եթե կան ուրիշ ցանկացողներ, թող նրանք նույնպես գան:

Ընդամենը մի քանի օրում հավաքվեցին երկու տասնյակից ավելի պատանիներ եւ երիտասարդներ: Պարապմունքների ակտիվ մասնակիցներ դարձան նաեւ հարեւան Հացավան եւ Վաղուդի գյուղերից Հրաչիկ Գյուրջյանը եւ Պայքար Գալստյանը: Հրավիրվեցին նաեւ ինքնուս երիտասարդ նկարիչներ… Եւ այսպես, շաբաթվա որոշակի օրերին, որոշակի ծրագրով սկսեց գործել Սիսիանի շրջանային մշակույթի տան կերպարվեստի ստուդիան: Նկարելու եւ քանդակելու տեխնիկան ու արվեստը սովորելուց բացի ստուդիայի անդամները ծանոթանում էին նշանավոր նկարիչների գործերին, լսում արվեստի վերաբերյալ զեկուցումներ ու զրույցներ, գեղարվեստական գրքեր ընթերցելու հանձնարարություններ էին ստանում: Հետո սկսվում էր գործնական աշխատանքի ժամը, եւ բոլորը տեղեր էին գրավում աշխատասենյակում, վերցնում ներկապնակներն ու վրձինները:

Այդ օրից անցել է երեք տարի: Կերպարվեստի ստուդիան իր չորս հաշվետու ցուցահանդեսներում շրջանի բանվոր-ծառայողներին ներկայացրել է ավելի քան 900 աշխատանք եւ ցույց տվել, որ օրեցօր աճում, հասունանում է երիտասարդ կոլեկտիվը: Ստուդիայի անդամներ Պայքար Գալստյանը, Վալերիկ Ստեփանյանը, Հրաչիկ Գյուրջյանը, Ստյոպա Մկրտումյանը արդեն սովորում են մասնագիտական ուսումնական հաստատություններում: Բայց նրանք չեն մոռացել իրենց առաջին ուսումնարանը. ամառային ու ձմեռային արձակուրդներին գյուղ վերադառնալիս նրանք սիրով մասնակցում են ստուդիայի պարապմունքներին, հաճույքով գրավում իրենց տեղը սիրված հարկի տակ:

Եւ այսպես, ցրտաշունչ ու դաժան ձմեռ լինի, թե` ծաղկաշատ ու հաճելի գարուն, ավանի տարբեր կողմերից կերպարվեստի ստուդիայի հերթական պարապմունքի են շտապում երիտասարդ նկարիչներն ու քանդակագործները, եւ նորից սկսվում է համառ ու համբերատար աշխատանքը: Պարապմունքների ամենահետաքրքիր օրը, անշուշտ, կիրակին է, երբ բոլորը, ազատ աշխատանքից ու դասերից, դուրս են գալիս բնության գիրկը: Այստեղ արդեն թեմայի ընտրության մեջ ազատ են բոլորը: Բոլորը տարվում են աշխատանքով: Նկարիչ Խաչատրյանը ամենուր իր սաների կողքին է, օգնում է նրանց հունի մեջ դնելու աշխատանքը, քաջալերում է, ուրախանում օր-օրի աճող նրանց վարպետությամբ:

Կանցնեն տարիներ: Թե Սիսիանի կերպարվեստի ստուդիայի անդամներից ում կհաջողվի մտնել մեծ արվեստի կախարդիչ աշխարհ, ովքեր կդառնան պրոֆեսիոնալ նկարիչներ ու քանդակագործներ, այսօր դժվար է ասել, բայց որ նրանք բոլորն էլ կդառնան կյանքն ու արվեստը հասկացող լավ քաղաքացի, այդ մասին ոչ մի կասկած: Եւ նրանց ճանապարհների բոլոր խաչմերուկներում կանգնած կլինի մի պարզ, հասարակ, անշահախնդիր մարդ, որն ամեն պարապմունքից հետո սիրում է երազող հայացք գցել հեռուներին ու շշնջալ` ծառայիր քո հողին ու ջրին, քո ժողովրդին:

Յուրի Սահակյան

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ամսագիր,

1965 թ. N 10 (235), հոկտեմբեր

Հ.Գ. Անցել են տարիներ: Իր առանձնատանը 1962 թվականին տեղծած Սիսիանի շրջանային կուլտուրայի տան արվեստի ստուդիայի հիման վրա, որը Մերկուրովի եւ Կոջոյանի արվեստի ստուդիաներից հետո երրորդն էր հանրապետությունում, Զաքար Խաչատրյանը, այլ նվիրյալների հետ, 1969 թվականին հիմնադրեց Սիսիանի գեղարվեստի դպրոցը եւ պատկերասրահը, իսկ վերոբերյալ հոդվածում նշված գրեթե բոլոր պատանիներն ու երիտասարդները դարձան պրոֆեսիոնալ նկարիչներ եւ աշխատեցին նույն դպրոցում, ինչպես նաեւ` քաղաքի եւ շրջանի գյուղերի դպրոցներում, շատերը լայն ճանաչում ձեռք բերեցին ոչ միայն հայրենի քաղաքում, այլեւ` գեղարվեստի աշխարհում, իսկ Փարավոն Միրզոյանն արժանացավ ՀՀ ժողովրդական նկարչի կոչման, դարձավ ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Արտաշես Հովսեփյանը` ՀՀ ժողովրդական նկարիչ, արժանացավ պետական մրցանակի:

Հաճությամբ փաստեմ, որ Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի առանձնատունը 2006 թվականին  ՀՀ կառավարության որոշմամբ դարձել է նրանց անվան տուն-թանգարան: Հուսով եմ, որ հիմնանորոգման ավարտից հետո այն կշարունակի մշակույթ եւ արվեստ ուսուցանելու, զարգացնելու, տարածելու եւ հանրահռչակելու իր նախաստեղծ դերը` շարունակելով հոգեւոր-մշակութային այդ տաճարում սկիզբ առած լավագույն ավանդույթները: Ասեմ, որ նույնությամբ պահպանվում է նաեւ 57 տարի առաջ ստեղծված մանկական ստուդայի ցուցանակը, ինչը հիմնանորոգումից  հետո կվերականգնվի եւ կտեղադրվի իր նախկին տեղում:

Ի լրումն ասվածի հավելեմ վերոգրյալ հոդվածի հեղինակ, վաստակաշատ գրող, լրագրող, բազմաիթիվ գրքերի հեղինակ, մեր հայրենակից, իմ եւ «Որոտան» թերթի վաղեմի բարեկամ  Յուրի Սահակյանը (Յուրի Արտավազդ), տեղեկանալով իմ` տուն-թանգարանի վարիչ լինելու մասին, ինձ է ուղարկել ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ամսագրի 1965 թ. N 10 (235), հոկտեմբերի այս համարը, ինչը դարձավ մեր արժեքավոր ցուցանմուշներից մեկը` տուն-թանգարանը կայացնելու ճանապարհին:

Սիսիան փոքրիկ գյուղաքաղաքում արվեստի ստուդիայի հիմնադրումից անցել է 60 տարի: Ժամանակը ոչ միայն չի ջնջել այն ահռելի ժառանգության հմայքն ու արժեքը, մշակութային միջավայրն ու կոլորիտը, մշակութային ընկալումն ու գիտակցումը, այլեւ նոր լույսի ներքո ավելի է կարեւորվում նրա համամարդկային եւ համազգային դերը, ինչը դեռեւս 60 տարի առաջ ստեղծել էր ՀՀ ժողովրդական, ՀՀ եւ ՌԴ վաստակավոր նկարիչ, հայ վերջին իմպրեսիոնիստ  Զաքար Ավագի Խաչատրյանը:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Զ. Խաչատրյանի եւ Ա. Հովսեփյանի տ/թ վարիչ

 

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

#ՀԱՂԹԵԼ ԵՍ. ԻԳՈՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ. ԹՈՒՐՔԻ ԵՐԱԽԻՑ ՓՐԿՎԵՑ, ԲԱՅՑ ԸՆԿԱՎ ԹՈՒՐՔԻ ԳՆԴԱԿԻՑ…

Տեղադրվել է - Ապրիլ 9, 2021 0
Տասներկու-տասներեք տարեկան տղա էր Իգորը, երբ ծնողների, երկու քույրերի եւ հազարավոր հայրենակիցների հետ տեղահանվեց արյունռուշտ Բաքվի կոտորածներից, փրկվեց թուրքի արյունոտ…

ՓԱԿ ԴՌՆԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԱՅՍ ՇԵՆՔԸ…

Տեղադրվել է - Օգոստոս 13, 2021 0
Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղեր աշխատանքային այցերի շրջանակում ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը օգոստոսի 11-ին աշխատանքային խմբով եղավ նաեւ Սիսիանում գտնվող…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code