ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՑԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Տեղադրված է at 13:36
355 0

Լրացավ աշխարհահռչակ գիտնական Նիկողայոս Ադոնցի ծննդյան 153 ամյակը։ Թեև այստեղ տապանաքար չունի, սակայն Բռնակոթում ﬓում է այն տունը, որտեղ ծնվել է նա: Այն կառուցվել է 1861 թվականին: Մուտքի դարպասի վերևի սալաքարի վրա գրված է. «ԱՅՍ Է ՏՈՒՆԸ ՍՈՒՆԵԱՑ ԲՌՆԱԿՈԹՑԻ ԲԱՐՈՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՌԱՔԵԼԵԱՆ ՏԷՐ ԱՎԷՏԻՍԵԱՆՑԻ 1861»: Առաքելը եղել է Ադոնցի պապը, Դավիթ Բեկի նշանավոր զորավարներից ﬔկի՝ Տեր-Ավետիսի թոռը: 19-րդ դարից ﬔզ հասած Սիսիանի եզակի տներից ﬔկն է: Երկրորդ հարկը փլվել է 1931 թ. երկրաշարժից։ Ադոնց տոհմը Բռնակոթ գյուղի նշանավոր տոհﬔրից ﬔկն է: Նշանավոր է մասնավորապես գիտության ոլորտում ունեցած իր անվանի մարդկանցով: Եթե շուրջ 70 տոհմ ունեցող գյուղը տվել է գիտության 60-ից ավելի դոկտորներ և գիտության թեկնածուներ, ապա տոկոսային հարաբերությամբ առաջին տեղում Ադոնցներն են: Նրանց, կարծում եմ, շատերն են ճանաչում. դոկտոր-պրոֆեսորներ` Հրանտ Ադոնց, Մուշեղ Ադոնց, դոկտոր` Կարեն Ադոնց, գիտության թեկնածուներ` Գալինա Ադոնց, Վալենտինա Ադոնց, Կարինե Ադոնց: Այդ տոհﬕց էր Սիսիանի առաջին հեղկոﬕ նախագահ Թովմաս Ադոնցը: Այդ տոհﬓ են ներկայացնում նշանավոր տնտեսական և դիվանագիտական գործիչներ Ռոլանդ Ադոնցն ու Ավետ Ադոնցը:Ինչո՞ւ` Ադոնց: Ի՞նչ ծագում ունի այդ ազգանունը:Այս հարցի պատասխանը տալիս է հենց ինքը` Նիկողայոս Ադոնցը: Նա գրել է, որ Տաթևի վանքի Հովակիմ եպիսկոպոսի խորհրդով (Հովակիմ եպիսկոպոսը ծագումով անգեղակոթցի էր) ﬕ քանի բռնակոթցիներ իրենց ﬕջոցներով 1787 թվականին Տաթևի վանքում գտնվող Գրիգոր Տաթևացու գերեզմանի վրա կառուցել են դամբարան, իսկ դամբարանի վրա փորագրված է բոլոր նրանց անունները, ովքեր մասնակցել են դրա կառուցմանը: Նրանց թվում է եղել նաև Ադդեին: Նրանից սերածները հետագայում նրա անունով կոչվել են Ադոնցներ: Ադին Ադդեհի կրճատ ձևն է համարում Ադոնցը և շարունակում, որ Ադդեհը նախահայրն է այն տոհﬕ, որ կոչվում է Ադոնց:

Տոհմը կոչվել է նաև Տեր-Ավետիքյան: Նիկողայոս Ադոնցի իսկական ազգանունը Տեր-Ավետիքյան է, որը գալիս է իր ապուպապից` Դավիթ-Բեկի հռչակավոր զորավար Տեր-Ավետիսից: Վերջինիս հայրը` վարդապետ Ասատուրը, Սերո Խանզադյանի վկայությամբ, թաղված է Կրոյի գերեզմանատանը: Տապանաքարի վրա գրված է ﬕայն մահվան տարեթիվը` 1705 թ.: Ըստ Բռնակոթի նախկին ակումբավար Արամայիս Սահակյանի կազմած տոհմածառի` Նիկողայոս Ադոնցը Տեր-Ավետիսի թոռան թոռն է. Տեր-Ավետիս-Աղաբեկ-Խաչատուր-Ադի (կամ` Ադդեի)-Առաքել-Գևորգ-Նիկողայոս:

Նրա պապը` Առաքելը, ﬕ քանի զավակ է ունեցել: Նրանցից Հովհաննեսը կրել է բարոնի կոչում և հայտնի մարդ է եղել տարածաշրջանում: Մեծ հարգանք է վայելել նրա հայրը` Գևորգը: Նրա հեղինակությունն այնքան ﬔծ է եղել, որ թաղվել է հենց գյուղի եկեղեցու մուտքի առջև, որի տապանաքարի վրա գրված է. «ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ԱԴՈՆՑ ԳԵՎՈՐԳ ԱՌԱՔԵԼԻ ծն. 1842 թ. Վ. 1912 թ. հիշ. Ադոնց ԴՅԱՆՅԱՅԻՑ» (Դիաննան Ադոնցի մայրն է): Ադոնցն արդեն 41 տարեկան էր, երբ մահացավ հայրը: Նա եկավ գյուղ, մասնակցեց 70-ամյա հոր թաղման արարողությանը: Տարեցները վկայում են, որ Գևորգ Ադոնցին եկեղեցու բակում թաղելը հարգանքի տուրք էր ոչ ﬕայն հանգուցյալին, այլ նաև` որդուն` Նիկողայոսին, որն արդեն դարձել էր ողջ գյուղի պարծանքը: Ադոնցը վերջին անգամ գյուղ է եկել 1916 թվականին, իսկ 1920-ին արդեն անցել է Եվրոպա, սկզբում ապրել Լոնդոնում, Փարիզում, իսկ 1931-ից ﬕնչև իր կյանքի վերջը` մինչև1942 թվականի հունվարը, Բրյուսելում: Եղել է Բրյուսելի համալսարանի պրոֆեսոր:

Բարեբախտաբար ժամանակին կարողացանք նրա արձանը բարձրացնել Սիսիան քաղաքում, ստեղծել նաև պատմության թանգարան և կոչել նրա անվամբ:

Հենզել ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՍՅՈՒՆԻՔԻ ԴԱՐՊԱՍԸ

Տեղադրվել է - Հունիս 22, 2023 0
Այնտեղ, ուր մայրաքաղաքից եկող ճանապարհը մտրակում է Որոտանի լեռնանցքի փեշերն ու դուրս գալիս դեպի գագաթ, սկսվում է Սիսիանի տարածաշրջանը: Վայքի…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code