ՍՅՈՒՆԻՔԻ ԴԱՐՊԱՍԸ

Տեղադրված է at Հունիս 22, 2023
1007 0

Այնտեղ, ուր մայրաքաղաքից եկող ճանապարհը մտրակում է Որոտանի լեռնանցքի փեշերն ու դուրս գալիս դեպի գագաթ, սկսվում է Սիսիանի տարածաշրջանը: Վայքի և Սիսիանի սահմանագծին բարձրաչափի սլաքը կանգ է առնում 2344 մետրի վրա, որտեղից տեսանելի է տարածաշրջանի բնապատկերի մի հատվածը. ամենուր լեռների պար է, լեռներն իրար կապող, իրարից բաժանող ձորերի շարան: Համո Սահյանի պատկերավոր արտահայտությամբ` այստեղից բացվում է սարերի վրա հենված սարերի և ձորերի մեջ մխրճված մթին ձորերի համայնապատկերը: Բնությունը ցուցադրում է իր բազմերանգ ներկապնակը, դառնում հմայիչ ու ռոմանտիկ: Այն ոչ մի անկյունում իրեն չի կրկնում, եզակի է, ինքնատիպ ու անըմբռնելի:

Հենց այստեղ անցած դարի 80-ական թվականներին կառուցվեց Սյունիք մտնող դարպասը: Թեև կան Սյունիք անվան տարբեր բացատրություններ, սակայն դարպասի վրա փորագրվել է պատմահայր Խորենացու վկայությունն այն մասին, որ Գեղամի որդի «…Սիսակն այստեղ բնակվելով, իր բնակության սահմանները լցնում է շինություններով և երկիրը իր անունով կոչում է Սյունիք, բայց պարսիկներն ավելի ճիշտ կոչում են Սիսական»: Եվ հենց այդ նկատի ունենալով` հեղինակները գերադասել են դարպասի վրա փորագրել ոչ թե Սյունիք, այլ՝ Սիսական:

Դարպասի վրա կա նաև լեռնաշխարհի մյուս` Զանգեզուր անվան փորագրությունը: Դարպասից կախված զանգերը հենց կապվում են Զանգեզուր անվան հետ:

Այն ճարտարապետական մի հետաքրքիր կառուց է, որի հեղինակը Սիսիանի այն ժամանակների գլխավոր ճարտարապետ Արեգ Իսրայելյանն է՝ հայ մեծ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի շնորհաշատ զավակը: Քանդակներն արվել են մեր հայրենակից քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի կողմից: Իսկ շինարարությունն իրականացվել է Սիսիանի շինտեղամասի կողմից, որը ղեկավարում էր Բագրատ Խաչատրյանը:

Դարպասը բաց է բոլոր ցանկալի հյուրերի համար:

Հենզել ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Համո Սահյան -110. ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ

Տեղադրվել է - Ապրիլ 11, 2024 0
1993 թվականի գարնան վերջերին Համո Սահյանի առողջական վիճակը բավականին վատացել էր։ Գանգատվում էր հատկապես շնչառական անբավարարությունից։ Դեղերն էլ քիչ էին օգնում: -Երբեմն…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code