ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ ԶԱԽԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԵՏ

Տեղադրված է at Փետրվար 9, 2024
425 0

(Նվիրվում է նկարչի ծննդյան 90-ամյակին)Մեծատաղանդ արվեստագետ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Զախար Խաչատրյանն անցել է փառապանծ կյանքի ուղի: Հորից զրկվել է շատ շուտ. չարագուշակ 1937-ին բռնադատվել ու նահատակվել է հայրը: Մասնակցել է Հայրենական պատերազմին և հերոսի նման վերադարձել՝ իր հետ բերելով բազմաթիվ պարգևներ՝ Հայրենական պատերազմի 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններ, Կարմիր աստղի շքանշան, Մեդալ խիզախության համար և այլն: Հիմա պրոֆեսոր է իր սիրելի Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում և շարունակում է վարպետության դասեր տալ ապագա նկարիչներին: Նա նաև Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ է, ավարտել է Լենինգրադի Ռեպինի անվան գեղարվեստի ինստիտուտը, սովորել է Մոսկվայում, աշակերտել է նշանավոր Ալեքսանդր Գերասիմովին: Հիմա Սանկտ Պետերբուրգի Հայրենական պատերազմի վետերանների խորհրդի նախագահն է: 2012 թ. հունվարի 12-ին՝ Լենինգրադի բլոկադայի ավարտի օրը, ՌԴ նախագահ Վլ. Պուտինն առանձնազրույց է ունեցել Զախար Խաչատրյանի հետ, որը հեռարձակվել է ՌԴ գլխավոր հեռուստատեսային ալիքներով: Պուտինը նրան պարգևատրել է ոսկե մեդալով և բնակարանով: Նրա եղբայրը մեծատաղանդ նկարիչ Արտաշես Հովսեփյանն է, ում քանդակները զարդարում են մեր սիրելի Երևանը: Երկու եղբայրների տուն-թանգարանը գործում է Սիսիանում և այդ քաղաքի տեսարժան վայրերից է: Օրերս Զախար Խաչատրյանի «Ամառային օր» գեղանկարն արժանացել է Վահան Թեքեյանի անվան մրցանակին:

Ձեր կարծիքով ո՞րն է կատարյալ երջանկությունը:

Ես չգիտեմ, թե ի՞նչ է կատարյալ երջանկությունը, որովհետև դա շատ հարաբերական հասկացողություն է:

Ամենից շատ ինչի՞ց եք վախենում:

Վախենում եմ կեղծ մարդուց և նրա կեղծիքից:

Ո՞ր պատմական դեմքի հետ Ձեզ կնմանեցնեիք:

Ինձ պատմական դեմք չեմ համարում, հետևաբար չեմ կարող համեմատել:

Ձեր բնավորության ո՞ր գիծը չեք հավանում:

Շատ մեծ հավատարմությունը, հավատը և անկեղծությունը, ինչի պատճառով հաճախ տուժել եմ:

Ի՞նչն եք համարում ամենամեծ առաքինությունը:

Հարգանքը դիմացի մարդու նկատմամբ և հավատը, նրա ներքին մաքրությունը:

Ո՞ր դեպքում եք ստում:

Ես չեմ պատկերացնում, որ կարելի է ստել:

Ամենաշատն ինչի՞ համար եք ափսոսում:

Իմ կորցրած ժամանակի համար:

Ո՞վ է Ձեր կյանքի մեծ սերը:

Իմ հավատը:

Ուրիշ ի՞նչ տաղանդ կուզեիք ունենալ:

Կուզեի առավել մեծ նկարիչ լինել, ես դեռ ձգտում եմ դրան:

Ո՞րն է Ձեր կյանքի ամենամեծ նվաճումը:

Աստծուն շնորհակալ եմ, որ նրա կամքով դարձել եմ նկարիչ և արվեստագետ, որովհետև դա դժվար բան է:

Որտե՞ղ կկամենայիք ապրել:

Իհարկե, Հայաստանում:

Ձեր բնավորության հիմնագիծը ո՞րն է:

Անկեղծությունը:

Ո՞վ է Ձեր սիրելի գրողը:

Լև Տոլստոյը, որի ասույթները օգտագործում եմ իմ խոսքում, դա ասել եմ նաև Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

Որո՞նք են Ձեր հերոսներն իրական կյանքում:

Ովքեր ազնվաբար պատրաստ են ամեն ինչ տալ հանուն հայրենիքի պաշտպանության: Ես դա արել եմ, պատերազմի ժամանակ վիրավորվել եմ կրծքավանդակից, և դա իմ առաջին շքանշանն է:

Ո՞րն է Ձեր սիրած անունը:

Հայկական՝ Խաչատուրը:

Եթե նորից ծնվեիք, ի՞նչ կուզեիք դառնալ:

Միայն նկարիչ:

Ո՞րն է Ձեր կյանքի նշանաբանը:

Միշտ լինել արդար:

Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Գրական Թերթ

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ` ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ

Տեղադրվել է - Դեկտեմբեր 9, 2022 0
Համայնքների զարգացման «Հայաս» հասարակական կազմակերպությունը (նախագահ` Խաչատուր Ցոկոլակյան), օրերս մեծ քանակությամբ հիվանդանոցային մահճակալներ, քայլակներ, սայլակներ, բժշկական այլ սարքավորումներ ու պարագաներ,…

ՓԱԿ ԴՌՆԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԱՅՍ ՇԵՆՔԸ…

Տեղադրվել է - Օգոստոս 13, 2021 0
Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղեր աշխատանքային այցերի շրջանակում ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը օգոստոսի 11-ին աշխատանքային խմբով եղավ նաեւ Սիսիանում գտնվող…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code