ՓԱԿ ԴՌՆԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԱՅՍ ՇԵՆՔԸ…

Տեղադրված է at Օգոստոս 13, 2021
1048 0

Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղեր աշխատանքային այցերի շրջանակում ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը օգոստոսի 11-ին աշխատանքային խմբով եղավ նաեւ Սիսիանում գտնվող Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի` դեռեւս չգործող տուն-թանգարանում: Այցի նպատակն էր ծանոթանալ տուն-թանգարանի պայմաններին, հնարավորություններին, 2017 թվականին սկսված եւ այդպես էլ անավարտ մնացած հիմնանորոգման վիճակին, ինչպես նաեւ թանգարանը գործող դարձնելու հնարավորություններին:

Առաջին անգամը լինելով փակ դռներով խորհրդավոր այս հոյակերտ, ինքնատիպ ճարտարապետությամբ եւ նախորդ դարի 60-ականների համար եզակի նախագծով կառուցված շենքում, Մարինա Հակոբյանը անթաքույց հիացմունքով շեշտեց, որ այն, իսկապես, հրաշք շինություն է, զարմանալի կառույց, եզակի տարածք` իր ընդարձակ այգիով, ինչը հնարավորություն կտա տուն-թանգարանը դարձնել թե՛ հրաշալի մշակութային միջավայր, թե՛ գրավիչ ժամանցի վայր, թե՛ բացառիկ հանգստի գոտի: Եվ այս հնարավորությունները մշակութային հանրությանը, զբոսաշրջիկին, Սիսիանին, երկրին չծառայեցնելը որեւէ արդարացում չունի:

Աշխատանքային խումբի անդամները շրջեցին տուն-թանգարանի ապագա ցուցասրահներում, բարձրացան Սիսիանն ափի մեջ ի ցույց դնող դիտակետ- տանիք, հիացան հանրահայտ ուռենու ջրվեժային գեղեցկությամբ, վայելեցին դիտակետից բացվող Իշխանասարի անկրկնելի հմայքը եւ քաղաքի համայնապատկերը, նկարվեցին ամեն թփի ու ծառի հետ եւ սկսեցին արդեն ամենավառ երեւակայությամբ պատկերացնել թանգարանը` գործող, այգին` բարեկարգ, այցելուները` շատ, կրթա-մշակութային օջախ դառնալու տեսլականը` իրականացված…

Ավելորդ է ասել, որ այն երկար սպասված այց էր ոչ միայն տուն-թանգարանի եւ ինձ համար, այլեւ Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի ընկերների համար, նրանց արվեստի երկրպագուների եւ երբեւէ նրանց աշակերտած, այժմ` պատկառելի վաստակի եւ տարիքի հասած նրանց երբեմնի աշակերտների համար, այն մարդկանց համար, ովքեր գեթ մեկ անգամ նստել ու վեր են կացել իրենց նշանավոր հայրենակիցների հետ, գինի խմել եւ հաղորդակից եղել աստվածների հետ խնջույք անելու սրբազան արարողությանը, ովքեր մտահոգ ու սրտացավորեն հետաքրքրվել են տուն-թանգարանի հետագա ճակատագրով եւ կարգավիճակով:

Աշխատանքային նման մեծաթիվ խմբով այցը առայժմ չգործող տուն-թանգարան, ցուցաբերած առանձնակի հետաքրքրվածությունն ու շահագրգիռ հետեւողականությունը, խնդիրներին տեղում ծանոթանալու նախանձախնդրությունը մեծապես հուսադրում են, որ հանիրավի «մոռացության մատնված» տուն-թանգարանը, վերջապես, ուշադրության տեսադաշտում է:

Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն հմայագեղ Մարինա Հակոբյանի եւ աշխատակիցների առաջին այցն էր սա փակ դռներով խորհրդավոր այս շենք, այս սրբազան տաճար, այս լուսավոր մկրտարան, որտեղ աստծո արարումի ծեսն է կատարվել` իր պատերի մեջ ծնունդ տալով եւ ապրեցնելով հայ կերպարվեստի եւ հայ քանդակագործության երկու պատկառելի անհատներին` նկարիչ Զաքար Խաչատրյանին եւ քանդակագործ Արտաշես Հովսեփյանին: Հենց այս տուն-թանգարանի համար է կարծես ասված` լավ է մեկ անգամ տեսնել, քան` հազար անգամ լսել, ու, ինչպես անթաքույց հիացմունքով խոստովանեց Մարինա Հակոբյանը, թեպետ շատերից էր լսել տուն-թանգարանի առանձնահատկությունների մասին, բայց այն, ինչը տեսավ սեփական աչքերով, այն, ինչը զգացին ու վայելեցին տեղում լինելով, հավաստեց, որ այն, իսկապես, հրաշք է:

Օգոստոսի 11-ը դարձավ ոչ միայն հիշարժան, այլեւ` կարեւոր օր Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանի համար: Դարձավ նոր բացահայտումների օր, հրաշքների, բացառիկ երեւույթների հետ առնչվելու եւ հաղորդակից լինելու օր, հույսերի, երազանքների, նպատակների, սիսիանյան մաքուր եւ զուլալ ակունքներին ներդաշնակվելու, ջրդեղվելու, ոգեղենանալու, ոգեւորվելու օր, պարզապես օր, որը այնքան հույսով ու հավատով լցրեց թանգարանի ներս ու դուրսը, թանգարանի` վայրի գեցեկությամբ այգին…

…Եւ եթե չգործելու պարագայում է փակ դռներով խորհրդավոր այս շենքը այսքան հետարքրություն առաջացնում, եւ եթե չգործելու պարագայում է այսքան շատ հյուրեր ունենում, գործելու պարագայում, վստահորեն կարելի է ասել, որ այն կարող է դառնալ կրթա-մշակութային եզակի օջախ ոչ միայն Սիսիանում, ոչ միայն Սյունիքի մարզում…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տ/թ. վարիչ

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՍՅՈՒՆԻՔԻ ԴԱՐՊԱՍԸ

Տեղադրվել է - Հունիս 22, 2023 0
Այնտեղ, ուր մայրաքաղաքից եկող ճանապարհը մտրակում է Որոտանի լեռնանցքի փեշերն ու դուրս գալիս դեպի գագաթ, սկսվում է Սիսիանի տարածաշրջանը: Վայքի…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code