ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐ` 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱՀԱՏԱԿ ԿԱՊԻՏԱՆ ՎԱՐԴԱՆ ԴԱՎԹՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Տեղադրված է at Օգոստոս 26, 2022
1222 0

Նիկողայոս Ադոնց փողոցի թիվ 3 շենքի բակում օգոստոսի 25-ին, 44-օրյա պատերազմի նահատակ կապիտան Վարդան Դավթյանի ծննդյան օրը, բացվեց նրա հիշատակը հավերժացնող հուշաղբյուր, որին ներկա էին ոչ միայն նահատակի հարազատներն ու բարեկամները, ուսուցիչները, այլեւ զինակից ու մարտական ընկերները, ովքեր միասին էին անցել անողոք պատերազմի ճիրանների միջով եւ իրենց հրամանատար կապիտանի ու եւս երկու զինակիցների զոհվելուց հետո կարողացել զինականին վայել պատվախնդրությամբ ջոկատը անկորուստ դուրս բերել կրակագծից:

Վարդան Դավթյանը ծնվել է 1985 թվականին այս նույն շենքում, եւ այսուհետ էլ հավերժելու է այս նույն շենքի բակում որպես մշտնջենահոս ջուր ու կյանքի խորհրդանիշ:

Սիսիանի թիվ 3-րդ միջնակարգ դպրոցը բարձր առաջադիմությամբ ավարտելուց հետո Վարդանն ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որն ավարտելուց հետո լեյտենանտի կոչումով ծառայության նշանակվել Գորիսի զորամասում որպես հրետանավոր: Բայց զինվորի, զինապարտի, զինականի ոգով կրթված երիտասարդը դեռ անցնելիք ճանապարհ ուներ, դեռ երկրին ու պետությանը տալիք նվիրում ու վարձ ուներ, ու 2011-2018 թ.թ.-ին զինվորական ծառայությունը շարունակեց Մարտունիում, աչքի ընկավ գերազանց ծառայության մեջ, ստացավ կապիտանի կոչում, պարգեւատրվեց «Անբասիր ծառայության համար», «Մարտական ծառայության» մեդալներով:

Հմուտ եւ խելացի զինականը, զինվորական գործի փայլուն գիտակը աչքի ընկավ նաեւ 2016-ի հերոսական օրերին եւ ցուցաբերած քաջության ու մարտավարական հմտությունների համար արժանացավ «Արիության մեդալի»… Արի էր հոգով, արի էր սրտով, արի էր էությամբ, ինչը կրկին ու վերստին ապացուցվեց 44-օրյա պատերազմի ամենավճռական օրերին: Սակայն 2020-ի հոկտեմբերի 22-ի լուսաբացը այլեւս չբացվեց Վարդանի ու նրա մարտական երկու ընկերների` Հովհաննես Դավթյանի ու Վյաչեսլավ Մուսայելյանի համար: Նրանք ընկան` բարձր պահելով հայոց բանակի կապիտանի պատիվը:

Երկնային ծննդյան 37-ամյակի օրը Վարդան Դավթյանը կրկին «վերադարձավ» իր սիրուն մանկության հիշատակներով լեցուն իրենց շենքի բակ որպես հավերժահոս ջուր, որպես կյանքի խորհրդանիշ: Հուշաղբյուրը ծածկող սպիտակ սավանը բացեցին նահատակի մայրն ու միակ եղբայրը:

Հուշաղբյուրի բացման ժամանակ օրհնության կարգ կատարեց, պահպանիչ աղոթք կարդաց ու ոգեկոչման խոսք ասաց Սիսիանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր-Պարգեւ Զեյնալյանը, ի մասնավորի նշելով, որ կյանքի խորհրդանիշ ջրով այս հուշաղբյուրը պիտի հագեցնի այստեղով անցնողների ծարավը, նրանց հիշեցնելով նաեւ կյանքի հավերժական արժեքների մասին, հանուն որոնց իրենց կյանքը զոհեցին այս քաջորդիները: «Թող նրանց հիշատակը անմար լինի մեր ժողովրդի մեջ եւ իրենց գործը շարունակվի, մենք էլ արժանի լինենք նրանց ու լինենք նրանց գործի շարունակողները, նրանց շահած-պահած հայրենիքի պահապանները: Հավերժ հիշատակ, նրա անունն ու փառքը թող միշտ պանծացած մնան իր հարազատների եւ մեր ժողովրդի սրտում»,– նշեց տեր հայրը:

Ինչպես հուշաղբյուրի բացմանը նշեց Սիսիանի համայնքապետարանի աշխատակից Արա Խաչատրյանը, Վարդանի մարտական ընկերները միաբերան վկայել են, որ նրա հմուտ եւ գրագետ մարտավարության արդյունքում յուրաքանչյուր արկ հասել է իր թիրախին ու խոցել առաջին կրակոցից, ինչի պատճառով շարունակաբար գտնվել են թշնամու դիտակետում եւ իրենց վրա վերցրել նրա հակահարվածները: Բնավորությամբ հանգիստ մարդ լինելով, Վարդանը, սակայն, չի կորցրել մտքի սթափությունը, հրամանները տվել է կշռադատված ու ժամանակին: Հրամանատար կապիտան Վարդան Դավթյանը հաց ուտում էր միայն այն ժամանակ, երբ համոզված էր, որ իր բոլոր տղաները կուշտ են: «Վարդանն ապրեց կարճ, բայց` բովանդակալից կյանք: Կապիտան Վարդան Դավթյանն իր անունը ոսկե տառերով գրեց հայոց բանակի հզոր հրետանավորների շարքում: Հայոց բանակը կորցրեց լավագույն հրետանավոր սպաներից մեկին, իսկ հայրենիքը` բացառիկ մարդու»,- ասաց Արա Խաչատրյանը:

Հայրենյաց նահատակի հուշաղբյուրի բացմանը ներկա լինելու եւ իրենց հարգանքի տուրքն ու խոնարհումը բերելու համար Վարդանի եղբայրը` Մամիկոնն իր երախտագիտության եւ շնորհակալական խոսքը հղեց ոչ միայն ներկաներին, ոչ միայն եղբոր մարտական ընկերներին, հյուրերին, այլեւ հուշաղբյուրի հեղինակ խաչքարագործ Բաբիկին եւ վարպետ Արամին, ովքեր հայրենյաց նահատակին վայել հիշատակի խորհրդանշական հուշաղբյուր են կերտել:  

Տոհմիկ խաչքարագործ, նորօրյա ոսկեձեռիկ վարպետ Բաբիկ Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հուշաղբյուրն ամբողջության մեջ կենաց ծառ է, որը խորհրդանշում է ընտանիքի գաղափարը, զույգության գաղափարը, Վարդանի ծնողներին, իրեն ու եղբորը. երկու հոգի միացել են եւ ստեղծվել է զույգը` հայրը եւ մայրը, ապա` ժառանգները: Ձախ կողմին քանդակված է խաչը, որը խորհրդանշում է Մամիկոնին` որպես կենդանի վկա, որովհետեւ խաչը մարդն է, իսկ աջ կողմի հավերժության նշանը խորհրդանշում է Վարդանին` որպես հիշողության եւ հավերժության խորհուրդ, արծիվը կենաց ծառի պահապանն է, այսինքն` կյանքի պահապանը, եւ կենաց ծառից է դուրս եկել, որն էլ ունի կյանքի պահպանության խորհուրդը, որ պիտի ծնվի եւ պահպանվի, եթե զույգը չլինի, կյանքը չի շարունակվի: Ցայտաղբյուրը դարձյալ զույգի խորհուրդն է, զինուժի խորհրդանիշը` սուրը եւ վահանը, ցայտաղբյուրի հակառակ կողմում էլի հավերժության նշանն է` իր չորս կողմը` երկրի չորս տարրերը` հողը, օդը, ջուրը, լույսը, որի շնորհիվ կյանքը շարունակվում է, իսկ ջուրը հավերժության խորհուրդն է:

Վարպետ Բաբիկն ասում է, որ հուշաղբյուրի գաղափարն ինքնէ հղացել` ճանաչելով Վարդանին ե´ւ որպես ուժեղ ու բարի մարդ, ե´ւ որպես հայրենիքի նահատակ ու, հայոց խաչքարագործության հարուստ զարդարվեստն օգտակգործելով, նրան ճիշտ ներկայացրել նաեւ որպես ապագային միտված խորհուրդ` սա կյանքի եւ սիրո այն սերմն է, որից շարունակվում եւ շարունակվելու է կյանքը: Այն կյանքի հավերժացումն է:

Հայրենյաց նահատակին արժանի հուշաղբյուր` հարուստ զարդանախշերով, գեղեցիկ մի արարում, կյանքի հավերժության խորհուրդ, հանուն որի ընկան եւ անմահացան հայոց քաջազուն Վարդանները…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

26.08.2022

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Նկարիչ Զաքար Խաչատրյանն արժանացել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրագույն պարգեւին` «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո շքանշանի

Տեղադրվել է - Փետրվար 6, 2024 0
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան հանդիսությունների սրահում հունիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ հայրենանվեր…

ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. ՍԱԿՐԱՎՈՐԸ ԿՅԱՆՔՈՒՄ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ Է «ՍԽԱԼՎՈՒՄ»…

Տեղադրվել է - Սեպտեմբեր 11, 2023 0
Սեպտեմբերի 4-ին Սիսիանի զինվորական պանթեոնում հուղարկավորվեց սեպտեմբերի 2-ին Սեւ լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերից մեկում ինժեներական աշխատանքներ (ճանապարհի կառուցման նպատակով`…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code