Բռնակոթում բացվեց 44-օրյա պատերազմի նահատակ Արա Գրիգորյանի հուշաղբյուրը

Տեղադրված է at Հուլիս 4, 2023
1266 0

Այս հուշաղբյուրը կարող էր եւ չլինել, բայց այն չէր կարող չլինել… Ու քանի ապրողները հիշում են նահատակներին, քանի ձեռն ի սիրտ խոնարհվում են նրանց հիշատակի առաջ, քանի փառավորում են նրանց անունն ու հայրենանվիրումը, նոր հուշաղբյուրներ ու հիշատակի պուրակներ են բացվելու` որպես նրանց հավերժումի, հարատեւումի ու անմահության խորհրդանիշ: Արա Գրիգորյանի հիշատակի պուրակն ու հուշաղբյուրը նրա չապրած կյանքի խորհուրդն է, որ նույնքան ծաղկափթիթ ու գեղեցիկ պիտի լիներ, եթե չլիներ աղետաբեր 44-օրյան: Բայց քանի կային ու կան Արայի նման հայազունները, մեր ազգային նկարագիրը անխաթար է, ազգային դիմագիծը` պարզերես, մեր լինելիությունը` անկասկածելի ու անքննարկելի…

Արայի ծնողներն ու հարազատները երկար ժամանակ ու մեծ ջանք դրեցին իրենց սիրասուն որդու հիշատակի պուրակն ու հուշաղբյուրը ըստ արժանվույն կառուցելու, ծաղկապատելու, ամբողջացնելու եւ հետո միայն հայտարարելու բացման ժապավենը կտրելու մասին, որի պատիվը տրվեց նահատակի քրոջ որդիներին, որոնցից մեկը հայոց բանակի զինվոր է եւ պատվով է կատարում հայրենիքին ծառայելու երդումը:

Ինչպես իր ողջույնի խոսքում նշեց Բռնակոթի դպրոցի ուսուցչուհի, Արայի դասղեկ Գայանե Ղազարյանը, հերոսներ ծնած եւ հերոսապատումներ կերտած Բռնակոթում յուրաքանչյուր բռնակոթցի ամուր թելերով կապված է հայրենի բնօրրանին, պատրաստ ոչ միայն արարելու, շենացնելու հայրենի գյուղը, այլեւ` սեփական կյանքի գնով ապահովելու նրա խաղաղությունը: Եւ Արա Գրիգորյանը նրանցից մեկն էր, որ զինվորագրվեց հայրենիքի պաշտպանության սուրբ գործին ու իր բացակա-ներկայությամբ կամրջեց երկինքն ու երկիրը, իր չապրած կյանքի գնով ապրողներիս պարտավերեցրեց ապրել ճիշտ ու իմաստավոր, հայրենի հողը սիրել սեփական կյանքից առավել, որովհետեւ առանց հայրենիքի չենք լինի մենք, առանց մեզ` հայրենիքը:

Արա Տարսեիչի Գրիգորյանը ծնվել է 1984 թ. հուլիսի 26-ին: Սովորել է Բռնակոթի միջնակարգ դպրոցում: 2002-ին զորակոչվել է հայոց բանակ, ծառայել «Եղիկներ» զորամասում` Կարեն Ջիլավյանի (Քյոխ) հրամանատարության ներքո: Զորացրվելուց հետո սովորել է Սիսիանի պետական քոլեջում, ապա` ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում: Ուսումն ավարտելուց հետո պայմանագրային ծառայության է անցել Սիսիանի զորամասում: Նոր էր ընտանիք կազմել, եւ դեռ ընտանեկան կյանքի քաղցրությունը չվայելած` պիտի վերջակետվեր երազանքների, նպատակների, ցանկությունների կենսապատումը` դառնալով հուշ, հիշողություն, պատից ժպտացող նկար, գիրք, Սիսիանի պանթեոնի հուշաքար եւ հավերժումի հուշաղբյուր…

Պատերազմի ամենածանր պահերին, երբ որոշ վարորդներ հրաժարվել են ռազմամթերք, սնունդ, դեղորայք հասցնել առաջնագիծ, Արան անվարան, բազմաթիվ ուղերթերից արդեն ուժասպառ, կրկին հանձն է առել բեռների տեղափոխումը, որից մեկը ճակատագրական է եղել նրա համար…Արան զոհվել է Ջրականի մատույցներում` նորահարս կնոջը` Վարսիկին թողնելով ձեռքը` ծոցում, ծնողներին` վշտից բեկված, հարազատներին` անմխիթար ու անսփոփ, գյուղին եւ գյուղացիներին` ափսոսանքի մրմունջներով: Բայց, ինչպես նշեց դասղեկ Գայանե Ղազարյանը, Արայի հուշաղբյուրն ու հիշատակի պուրակը կդառնա նրան խոնարհվելու, նրա հիաշատկը խնկարկելու մի վայր, որտեղից խիզախումի եւ սխրանքի անվերջանալի դասեր կսերտեն դպրոցականները, համագյուղացիներն ու սերունդները:

Հիշատակի պուրակի բացմանը Բռնակոթի դպրոցի աշակերտների կողմից հնչեցին Արային եւ մերօրյա ու ոչ հեռու անցյալի մեր բոլոր նահատակներին նվիրված սրտառուչ խոսքեր, երգեր, բանաստեղծություններ, ինչը նահատակին արժանի նախանձախնդրությամբ պատրաստել էր դպրոցի կազմակերպիչ Արուս Գրիգորյանը: «Նախորդ եւ 44-օրյա պատերազմների ժամանակ Բռնակոթը հայրենիքի պաշտպանությանը տվել է 29 զոհ, որից 16-ը` միայն 44-օրյայի ժամանակ: Եւ այս միջոցառումը մենք նվիրում ենք ոչ միայն Արային, այլեւ` ոգեկոչում մեր բոլոր նահատակներին, իսկ Արայի հիշատակի պուրակը եւ հուշաղբյուրը հայրենյաց բոլոր նահատակների մշտավառ հուշապատումն է»,-ընդգծեց Արուսը:

Ի պատասխան Արայի նման զավակ մեծացնելու եւ հայրենիքին պարգեւելու մեր երախտագիտության խոսքին` Արա Գրիգորյանի հայրը, վիշտը զմռսած հոգում, արցունքը` բոլորի հայացքներից թաքցրած, ինքն է շնորհակալություն հայտնում որդու հիշատակի պուրակի եւ հուշաղբյուրի բացման միջոցառման կազմակերպիչներին, իրենց դժվարին օրերին ընտանիքի կողքին կանգնած բոլոր ծանոթ եւ անծանոթ մարդկանց, միաժամանակ գտնում, որ ոչ քո հենց այնպես մեզ հայրենիք չի տալու, որ մենք ենք մեր երկիրը պահելու նաեւ` արյամբ, քանի որ շրջապատված ենք թշնամական երկրներով եւ քանի դեռ չենք դարձել օրինապահ, պետականասեր ու կողքինին հարգող քաղաքացի: Արայի հիշատակի պուրակն ու հուշաղբյուրը համարելով մեր հավերժումի եւ հայրենանվիրումի խորհրդանիշ, հայրը միաժամանակ ցանկանում է, որ ոչ մի մանուկ անհայր չմեծանա, ոչ մի կին չայրիանա, ոչ մի ծնող չսգա իր զավակի կորուստը, համոզված, որ հայրենիքը ապրել է, ապրում է եւ հավերժելու է Արայի եւ հազարավոր Արաների կյանքի գնով…

Հավերժ հիշատակ եւ հավերժ խոնարհում հայրենիքի բոլոր նահատակներին: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

 

 

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՎԱՂԸ ՎԱՐԴԱՎԱՌ Է…

Տեղադրվել է - Հուլիս 22, 2023 0
Այս տարի ամռան ամենաշոգ օրերի ամենաուրախ եւ ջրառատ տոնը՝ Վարդավառը, Հայաստանի գյուղերում եւ քաղաքներում նշվել է հուլիսի 16-ին: Իսկ այ…

Երբեմն նեղանում եմ աստծուց, թե ինչու է ինձ այսքան ուժեղ ստեղծել… 44-օրյա պատերազմի նահատակ Արեգ Ազարյանի այրի

Տեղադրվել է - Նոյեմբեր 24, 2021 0
Արեգ Ազարյանի եւ Հերիքնազ Աղաջանյանի ընտանիքները Սիսիանի շրջանի Մորենի գյուղ են արտագաղթել 1992 թվականին` Շահումյանի շրջանից: 1994-ին Արեգի ծնողները տեղափոխվել…

#ՀԱՂԹԵԼ ԵՔ. ԱՐՄԵՆ ՆԻԿԱԼՅԱՆ. ԵՍ ՄԻ ԲՈՒՌՆ ԵՄ ՔՈ ՀՈՂԻ…

Տեղադրվել է - Ապրիլ 9, 2021 0
Նիկալյանների ընտանիքի համար դժնդակ 2020-ի ամենավերջին օրն էլ ծանր էր ու ցավատանջ… 81-օրյա փնտրտուքից, դեգերումներից, հիվանդանոցից-հիցանդանոց, դիահերձարանից-դիահարեձարան վազվղեքից հետո դեկտեմբերի…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code