ԱՄԵՆ ՕՐ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10 Է. 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ԱՆՀԱՅՏ ԳԵւՈՐԳ Եւ ԳՈՌ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆԵՐԻ ՄԱՅՐ

Տեղադրված է at Օգոստոս 9, 2023
5205 0

Գեւորգ ու Գոռ Հովհաննիսյանների մայր Գայանե, Զորոյի Գայան, մեր ընկերուհի Գայանե, ես ամեն օր իմ ու քո հանդիպման օրը հեռացրել եմ քեզանից: Ես ամեն օր, արդեն երեք տարի, մեր հանդիպման օրը հեռացրել եմ նաեւ ինձանից` սպասելով այն բարի լուրին, որ ընկերուհիներով գանք քո տուն` Գեւորգի եւ Գոռի տունդարձի աչքալուսանքը ավետելու… Օրերն ամիսներ են դարձել, ամիսները` տարիներ… Սակայն ամեն զինվորի մասին գրելիս զինվոր փառաբանող գրչիս եւ հոգուս խորքում դու ես եղել, աչքալուսանքի տողերիս մեջ` դու, երախտագիտության տողերիս տակ` Գեւորգն ու Գոռը… Ու որքան մեր հադիպման օրը հեռացրել եմ մեզանից, այնքան մեծացել է հոգուս, գրչիս տալիք պարտքը քո ազնվագույն զավակներին` Գեւորգին ու Գոռին, որոնց ճակատագիրն անհայտ է 2020-ի հոկտեմբերի 10-ից ի վեր…

Սակայն մի օր մեր հանդիպումը պիտի կայանար, որ բոլորին ներկայացնեի քո այնքան զուսպ, այնքան համեստ, այնքան պարկեշտ, դաստիարակված, խելոք ու խոնարհ, այնքան անաղմուկ ու լուռ, կազմակերպված, միմյանց, ընկերներին, հայրենիքին, հարազատներին, ընտանիքին, հանրությանը նվիրված զավակներիդ մասին, ում նույն հանրությունը չի ճանաչում հենց նրանց` այդպիսին լինելու պատճառով:

Եւ ահա քեզ համար խորհրդանշական մի օր եկա քո տուն, Գեւորգ, Գոռ, Գագիկ զավակներ մեծացրած քո հյուրընկալ, հյուրասեր, մաքրամաքուր օջախ: Իմ այցի օրը 3-4 ամիս անհայտությունից հետո երկու թռչուն, որ երկու տարի առաջ քո բակ էին եկել` մեկը` թեւից վիրավոր, մյուսը` ոտքից, կերակրվել քո ձեռքից ու ապաքինվել, կրկին հայտնվել էին քո տանը` քո հոգին վերստին լցնելով հույսով, անհուն, անասելի, անբացատրելի հավատով, որին միայն մայրական սիրտն ու հոգին է ունակ… Այդ օրը, օգոստոսի 2-ին, նաեւ Գոռի մարտական ընկեր, 44-օրյա պատերազմի նահատակ համեստագույն, ազնվագույն Մարտին Գալստյանի ծննդյան օրն էր, ում մասին քանիցս հիշատակեցիր մեր զրույցում: Որդիներիդ` Գեւորգի եւ Գոռի` տունդարձի հավատի խորհրդանիշներին հավելեցիր նորերը` նորոգելով, ամրապնդելով, նորացնելով քո` երբեք չմարող, երբեք չնահանջող, երբեք չընկրկող հավատը: Մոր աներեր հավատը քար կճաքեցնի, մոր հավատը աստծո սիրտը կսարսռեցնի, պատեր կճեղքի, սահմաններ կհատի, մոր հավատը երկինք կարկառած մշտաղոթք ձեռք է, ինչպես որ Գեւորգ ու Գոռ զավակներին սպասող Գայանեի հավատն է…

Երբ նրան ասում են մի քիչ ցրվիր, չի պատկերացնում` ինչի՞ մասին է խոսքը: Ինչի՞ց ցրվի, ի՞նչը մոռանա, երկու զավակների՞ն, որոնց սպասում է զօր ու գիշեր, որոնք իր հետ են քուն թե արթուն, որոնց կանչում է, որոնց կարոտում է բոլոր նյարդերով, բոլոր զգայարաններով, բոլոր հույզերով ու բջիջներով այնպես, ինչպես միայն մայրը կարող է կարոտել ու սպասել, հավատալ ու սպասել, հուսալ ու սպասել, երազել ու սպասել, նրանց օծանելիքի հոտն անգամ զգալ տնից ու սպասել… Ներկան ու անցյալը, իրականն ու երազայինը մշտարթուն հիշողություններով միահյուսվել ու ագուցում են միմյանց հաջորդող օրերի, ամիսների, տարիների սպասման շղթան: Երանությամբ է հիշում իր ծննդայն օրերը, երբ զավակները, գիշերը մամայից թաքուն, ծննդյան նվեր հեռուստացույցն էին ամրացնում պատին` առավոտյան անակնկալի բերելու նրան, երանությամբ է հիշում, որ որդիները զանգահարում- ասում էին` դրսում կանչող կա, որ մայրը դուրս գա բակ, ու երջանկության, ուրախության արցունքները խառնվեին որդիների ուղարկած գեղեցիկ վարդափնջերի բույրին, եւ վարձատրված զգար նվիրված, գնահատող, հասկացող զավակներ սնել-մեծացնելու համար: Երանությամբ է հիշում Գեւորգի ծնողական ժողովները, երբ ուսուցչուհին հետաքրքրվել է` ո՞վ է նրա մայրը, ու ինքը, շփոթված, ոտքի է կանգնել եւ լսել Անուշ Մուրադյանի հիացմունքի խոսքերը անչափ կարգապահ, անչափ կոկիկ ու մաքուր, ձեռք բարձրացնելիս եւ գրատախտակին մոտենալիս անգամ բոլորից տարբերվող Գեւորգի մասին եւ հուզմունքից ու ուրախությունից կարկամել: Հիշում է Գեւորգի, ապա Գոռի` բանակ ճանապարհելը. Գոռը խնդրել է մորը չլացել, քանի որ զինվորը հիշում է միայն մոր արցունքները, ու լսել կրտսեր որդու` Գագիկի` մամ, մնաց մեկ անգամ լացես խոսքերը, երբ բանակ գնալու` իր հերթը գար… Երանությամբ է հիշում աշխատանքային ընկերուհիների խոսքերը, որ, տանը, աղջիկ չլինելու պարագայում, իրենց տան բոլոր գործերն անթերի, ժամանակին արվում էին, երբ ծնողներն աշխատանքի էին: Ժպիտով է հիշում առաջնեկի` Գեւորգի ծննդյան օրը` 1984 թ. հունիսի 1-ը: Երեխաների պաշտպանության օրը, երբ Սիսիանում սովորաբար անձրեւային է լինում, որդու ծննդյան օրը ամենաարեւոտ, ամենապայծառ, ամենասիրուն օրն էր: Երանությամբ է հիշում այն օրերը, երբ հարեւաններն ասում էին` թաղում մեկ անգամ էլ քո ձայնը լսենք` փողոցով մեկ երեխաներիդ տուն կանչելիս… Չի եղել նման բան, չէր կարող լինել. տղաներն իրենց ժամը գիտեին ու ի~նչ գորովանքով է ցույց տալիս Գեւորգի ձեռագիրը, ասելով` տղան էլ սենց սիրուն, համաչափ, գեղագիր ձեռագիր կունենա՞…  Ինքն էլ իր ձեռագրի նման էր, իսկ Գոռի` բանակից գրված նամակները սկսվում էին բարեւակարոտահամբույրագիր բառով, որին ասում են` տղան սենց նամակ կգրի՞…

Հետո պատմում է, որ Գեւորգի եւ Գոռի կյանքում զուգադիպություններն այնքան շատ են, որ դժվարանում է դրանք պատահականություններ համարել: Գեւորգը ծառայել է Հոկտեմբերյանի զորամասերից մեկում, որպես բարեխիղճ, կարգապահ ու հմուտ զինծառայող, ուսումնառության շրջանից հետո չեն տեղափոխել այլ զորամաս, պահել են նույն տեղում, որտեղ պատահականորեն ընկել է նաեւ Գոռը. նրա` Հոկտեմբերյանի զորամաս հասնելու օրը Գեւորգը հերթապահ էր, երբ հայտնել են, որ նորակոչիկների մեջ սիսիանցի էլ կա. Գոռն էր, որի մասին եղբայրը չգիտեր: Նորակոչիկ եղբորը զինվորական ծառայության մանրամասնություններ, հմտություններ սովորեցնելուց հետո է Գեւորգը զորացրվել: Մայրն ասում է, որ ծառայության ընթացքում իր երեք տղաները տնից երբեք բան չեն ուզել, չեն պահանջել, ինչ եղել է, դրանով են բավարարվել, զինակիցներին էլ սովորեցրել նոր գուլպա չունենալու դեպքում հագինը լվանալ, չորացնել, հագնել: «էսպես եմ պահել, դաստիարակել, մեծացրել իմ որդիներին: Տղաներս ավելորդ բաներ չէին սիրում եւ չէին անում»-ասում է Գայանեն, հետո մեկ Գեւորգի մասին է խոսում, մեկ` Գոռի, ապա` երկուսին միասին, եւ զավակների մասին նրա ամենաշատ օգտագործած`«բալեքս» բառը տունը լցնում է զավակների ներկայությամբ, համ ու հոտով, գույն ու բույրով: Պատմում է, որ ե´ւ Գեւորգը, ե´ւ Գոռը անչափ մաքրասեր էին, կոկիկ, ասում էին` զինվորական սապոգներդ, անգամ խրամատում, էնպես պիտի փայլեցնես, որ շողքդ մեջը երեւա: «Գոռս խոնարհ էր, համեստ, ջիգյարով, երեք տղանրես էլ ջիգյարով են, իրար կապված… Սակայն Գեւորգս շատ ազդեցիկ էր, որ տուն էր մտնում, անգամ ես էի զգաստանում, բայց ասում էի` նարկոմ բալես…»,- պատմում է Գայանեն եւ հազարերորդ անգամ երանի տալիս այն օրը, որ դուռը կբացվի ու տուն կմտնեն «իր նարկոմ բալաները», հետո հավելում, որ երբ որդիները տան դռնից մտնեն, Գեւորգին առաջինը թող իր կինն ու զավակները գրկեն, ինքը Գոռին կգրկի առաջինը, հետո երկուսին միասին, հետո` բոլորին, ու աշխարհն իրենը կլինի, միայն թե գան… Որքա~ն նրբանկատ ես, մեր ընկերուհի Գայան, Գեւորգի եւ Գոռի մամա Գայանե…

Խոսում է, պատմում, ասում` չի չարացել, հոգում նման զգացումներ չկան, որովհետեւ հոգին, սիրտը, միտքը լեցուն են միայն հույսով, միայն աղոթքով, միայն հավատով: Ինստագրամյան էջերում նայում է միայն այն նյութերը, որտեղ բանակից վերադարձած զինվորներին իրենց մամաները գրկում են եւ երանի տալիս, որ մի օր էլ ինքը իր որդիներին գրկի, աստծուց մենակ դա է խնդրում եւ մաղթում, որ բոլորն անփորձանք ծառայեն, վերադառնան: Ասում է` երբեք դժգոհ չի եղել որդիներից, բայց նրանցից հիմա է դժգոհ, որ իրեն թողել են մենակ… Երբ մի զինվորական է տեսնում, աննկարագրելի հույզեր է ունենում, զինվորականն իր համար սրբություն է, քանի որ իր երկու որդիներն էլ են զինվորական, ու նրանց մեջ իր զավակներին է տեսնում, եւ մաղթում է, որ ուրախությունը թակի բոլորի դուռը, իսկ ով սպասում է իր ուրախությանը, թող բերան չլինի, տաճար լինի, նրանց խոսքը հասնի աստծուն, որ իր բալեքին բերի-տա իրեն… Բալեքը…

Տարիներ շարունակ Հովհաննիսյանների տնից 15 օրը մեկ երկու զինվորական է դուրս եկել` հայրենիքի սահմանները, երկրի խաղաղությունը պաշտպանելու համար: Այնպես էին կազմակերպել ծառայությունը, որ եթե մեկը դիրքերում էր, մյուսն անպայման տանը լիներ` ծնողներին, ընտանիքին օգնելու: Երկուսն էլ իսկական, զինվորական էին` պահվածքով ու կեցվածքով, տեսքով ու արտաքինով: Երբեք տանը չեն խոսել ծառայությունից, միայն ավագ սերժանտ Գեւորգն էր երբեմն-երբեմն ասում, որ մեր կռիվը դեռ չի ավարտվել, ու ցավալի պատերազմ էր կանխատեսում, քանի որ հետախույզ էր, շատ բան էր տեսնում ու լսում:

Գեւորգ Զոհրաբի Հովհաննիսյան. Ծնվել է 1984 թվականի հունիսի 1-ին, Սիսիանում: Սիսիանի թիվ 3 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարան, բայց առողջական խնդիրների պատճառով թողել է ուսումը, շարունակել հանրակրթությունը, ապա սովորել Սիսիանի պետական տնտեսագիտական քոլեջում: 2002-2004 թ.թ. ծառայել է Հոկտեմբերյանի զորմասերից մեկում: 2012-2020 թ.թ.-ին, տարկետման իրավունքով, սովորել է Ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում: 2010 թ.-ին պայմանագրային ծառայության է մտել Սիսիանի զորամասում: Ինչպես պատմում է մայրը, դեռեւս երեխա ժամանակ հասակակիցների հետ բակում ինքնաշեն փայտե «զենքերով» միայն կռիվ-կռիվ էր խաղում, սիրում էր զինվորական գործը, իսկական զինվորական էր ե´ւ տեսքով, ե´ւ կեցվածքով, ե´ւ բնավորությամբ: Պահանջկոտ էր, խստապահանջ, կարգ ու կանոն սիրող, նրա գրած պլանները, կազմած օրագիրը, ամեն ինչը տեղը տեղին պիտի լիներ: Դիրքեր բարձրանալու օրից դեռ օրեր առաջ հավաքում էր պայուսակը, պատրաստում իրերը: Բարեխիղճ ծառայության համար պարգեւատրվել է մարտական հերթապահության համար եւ մարտական ծառայության 1-ին աստիճանի մեդալներով, բազմաթիվ պատվոգրերով: Սիրում էր զինվորականի գործը, ցանկանում խորացնել գիտելիքները, ինչի համար 2020-ին ընդունվել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, սեպտեմբերի 7-ին գնացել դասերի:

Գոռ Զոհրաբի Հովհաննիսյան. Գոռը տան միջնեկ զավակն է: Ծնվել է 1986-ի մայիսի 17-ին: Սովորել Սիսիանի 3-րդ միջնակարգ դպրոցում: 2004-2006 թ.թ. ծառայել բանակում: 2009-2014 թ.թ. սովորել է Հայաստանի ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում: Այնուհետեւ մեկնել Ռուսաստան, զբաղվել գործարարությամբ: 2018-ին վերադարձել է ծննդավայր, պայմանագրային ծառայության մտել Սիսիանի զորամասում: Գոռի պայմանագրի ժամկետը լրանում էր 2021-ի սեպտեմբերի 3-ին, որոշել էր այլեւս չերկարաձգել այն, դուրս գալ զինվորական ծառայությունից, զբաղվել տնտեսությամբ: Տիկին Գայանեն ասում է, որ հաճախ է նկատել, որ Գոռը հեռախոսով մեկի հետ երկար-երկար զրուցում էր: Աղջիկը Ուֆայից էր: Գոռի քեռուն ասել է` Գոռն իր հեռախոսազանգերին չի պատասխանում, երեւի պատերազմի պատճառով… Հետո տնեցիները Գոռի հեռախոսում կարդացել էին ռուս աղջկա`«պրաշու, տոլկը բուդ ժիվոյ» հաղորդագրությունը…

Սեպտեմբերի 26-ին Գեւորգը տանն էր: Ռազմական ինստիտուտից կանչել էին: Ընկերների հետ գնացել էր, իրերը հավաքել, եկել: Հաջորդ օրը բարձրացան Սիսիանի դիրքեր: Պատերազմի առաջին 10 օրը Սիսիանի դիրքերում են եղել: Հոկտեմբերի 8-ի երեկոյան իջել են, իմացել, որ տանում են Արցախ: Հավաքվել են հայրական տանը: Գոռը մտադիր չի եղել Արցախ գնալ, տնեցիներին հրաժեշտ չի տվել, հաջող չի արել, գնացել է Գեւորգին ճանապարհելու, բայց զորամասում մտքափոխվել է, մտել հրամանատարի մոտ, բացատրագիր գրել, խնդրել, որ Գեւորգին չտանեն, իրեն տանեն: Հետո իմացել են, որ Գեւորգն էլ Գոռից թաքուն է հրամանատարությանը խնդրել Գոռին չտանեն, իրեն տանեն: Հրամանատարության կողմից որեւէ հրահանգ չի եղել, եւ երկուսն էլ ջոկատի հետ մեկնել են Արցախ: Հոկտեմբերի 9-ին հասել են Հադրութ: Այնտեղից` Կարմիր Շուկա: «Վերջին անգամ Գեւորգը զանգեց Կարմիր Շուկայից, աշխատանքի էի, ձայնը հանգիստ էր, խաղաղ, երկար խոսեցինք, ես էլ խաղաղվեցի, ասաց` մամային կասես լավ եմ, ասացի` դու զանգիր, ինքը սպասում է քո զանգին…Նույն ժամին Գոռն էլ է զանգել մամային… Կարմիր Շուկայից նրանց ետ են ուղարկել, ասելով` այստեղ անելիք չունեք, հրաման են ստացել, որ ավտոշարասյունը  տարածքն անցի դանդաղ ընթացքով եւ մեքենաների լույսերը վառած: Գեւորգը, որ անձնակազմի հրամանատարի տեղակալն էր, նկատողություն է արել նման որոշում կայացնելու համար: Կարմիր Շուկայից դուրս գալու Ճանապարհին մեքենաներից մեկը խափանվել է, Գեւորգը զինվորներին երկուական հոգով տեղավորել է մյուս մեքենաների մեջ, վերջում մնացել ինքն ու ես մեկ զինվոր, եւ նստել ընդառաջ եկող առաջին մեքենան, որտեղ նաեւ Գոռն էր»,-պատմում է Գեւորգի կինը` Թեհմինան, հավելում, որ դրանից հետո թե ինչ է եղել, իրենք ստույգ որեւէ տեղեկություն չունեն, մի քանի անգամ հանձնած դնթ անալիզի որեւէ հաստատում, համընկնում չունեն… Իրենց մնում է միայն անշեջ հույսը, զորավոր հավատը, եւ, ինչպես տիկին Գայանեն է ասում, Գեւորգի հնարամտությունը, ճկունությունը, բանիմացությունը, ինչին էլ ապավինում է անվերապահ…

Երրորդ տարին է, ինձ համար ամեն օրը դեռ հոկտեմբերի 10 է, տարիներն անցնում են, թռնում, բայց ամեն օրն ինձ համար հոկտեմբերի 10 է, ու հոկտեմբերի 10-ը մեզ համար կձգվի այնքան, մինչեւ տղաներս կվերադառնան տուն,- ասում է Գայանեն:

-Դա մի կետ է, մի խորը փոս, ու մենք մնացել ենք էդտեղ, ոչ հետ ենք գնում, ոչ` առաջ թե ժամանակի առումով, թե` զգացողությունների, մենք էդ փոսի մեջ ենք, էդ սպասման, էդ կարոտի, մեր ամեն ինչի մեջ հոկտեմբերին 10-ի փոսն է…,- ասում է Թեհմինան` Գեւորգի երիտասարդ, սիրունադեմ, նրբագեղ, մեղմիկ, համբերատար, բարեհամբույր կինը, ապա հավելում, որ հոկտեմբերի 10-ը մի դեպքով էլ է մնացել իրենց ընտանիքի հիշողության մեջ. 2020-ի հոկտեմբերի 10-ին Գագիկի ու Աշխենի հարսանիքը պիտի լիներ, բայց ազատ սրահ չէին գտել, հարսանիքի օրը որոշել էին հոկտեմբերի 29-ին, սակայն պատերազմն արդեն սկսվել էր, ու տեւեց ոչ թե 4 օր, ինչպես կարծում էին, այլ` 44, իսկ հարսանիք այդպես էլ չարեցին. Գագիկն ու Աշխենն առանց հարսանիք ընտանիք կազմեցին:

Թեհմինան ասում է` եղբայր ու քույր չի ունեցել, հայրական ջերմություն չի տեսել, ինչ լավ բան տեսել ու զգացել է, այս տանն է տեսել, Գեւորգի կողքին, նրա հետ ու նրա ընտանիքում: Գեւորգը, Գոռը, Գագիկը աննկարագրելի եղբայրներ են, նվիրված հորեղբայրներ ու տեգրեր, եւ ինքը հպարտանում է նրանցով, այնքան մտերիմ են եղել միմյանց հետ, որ երբ Գագիկն իր հարսնացուին ասել է` 4 եղբայր ենք, Աշխենի` ես գիտեմ 3 եղբայր եք զարմանքին պատասխանել է` մեր մյուս եղբայրն էլ Թեմոն է… Թեհմինան եւ Գոռը նաեւ դասընկերներ են եղել, Գոռը նրան հարսիկ-վարսիկ էր դիմում: Գեւորգի հետ վեց տարի ընկերություն են արել դեռեւս դպրոցից, 14 տարի ապրել են համատեղ, ունեցել 2 զավակ` Արմենն ու Նարեն, ու այդ 20 տարիները եղել են իր երջանկության տարիները, ապրել են սիրով, կես խոսքից հասկանում էին միմյանց: Առանց իրար տեղ չեն գնացել, իրեն երջանիկ կին է զգացել, երջանիկ մայր, երջանիկ հարս: «Հիմա մի մեծ ու շատ կարեւոր տեղ բաց է մնացել իմ եւ երեխաներիս կյանքում Գեւորգի բացակայությամբ…»,- շեշտում է Թեհմինան, հավելում, որ կուզենար շատերի ընտանիքում լինի այն համերաշխությունը, ինչ իրենք են ունեցել: Հուսահատության պահեր էլ է շատ ունեցել, բայց չի ցանկանում իրեն խաբված զգալ, միաժամանակ ընդգծում, որ 80-ական կգ կշռող երկու հաղթանդամ, թիկնեղ անձանց դնթ համընկնում չունեն, եւ այդ հանգույցը միայն մեկ լուծում ունի` հուսալ ու սպասել…

Թեհիմնան չի սիրում, երբ փորձում են իրեն խղճալ, դա Գեւորգին էլ դուր չէր գա: Ինքն էլ է բացառել իր` խեղճ ու խղճահարություն հարուցող պահվածքը, որովհետեւ Գեւորգի կինն իրավունք չունի խղճահարված տեսք ունենալ: Որեւէ մեկից որեւէ ակնկալիք չի ունեցել, պարզապես ցանկացել է, որ մարդիկ իրենց կողքին լինեն զուտ մարդկայնորեն, հասկանան իրենց, հատկապես` Գեւորգի եւ Գոռի մամային, ով այնքան շատ ունեի հոգեբանական, բարոյական, մարդկային աջակցության կարիք: «Երբեմն ականջիս խոսքեր են հասել, իբր, սկեսուրս որեւէ մեկին տուն չի ընդունում, թույլ չի տալիս հյուրեր եւ այցելուներ գան: Ես հասկանում եմ մարդկանց, իրականում շատերի համար շատ դժվար է եղել, բոլոր մարդիկ ի վիճակի չեն էս ծանրությունը կրել իրենց վրա, մարդիկ տարբեր կերպ են մտածում, մարդ կա` փախուստն իր համար ավելի հեշտ է, այդպես է փորձում հաղթահարել էս դժվարությունը, ցավը չտեսնելը, ցավից հեռու ապրելն իրենց համար ավելի հեշտ է, քան` ցավին հաղորդակից լինելը, ինչ որ ձեւով մի փոքր հույս տալը… Բայց վստահ եմ, որ մի հասարակ զանգն անգամ հոգեբանական եւ մարդկային մեծ աջակցություն է… Երբ մեր ընտանիքի նկատմամբ նկատել եմ խղճահարություն, արագ հետ եմ կանգնել էդ միջավայրից, որովհետեւ ինձ ընտանիքում էլ չեն տեսել էդ իրավիճակում, չեմ էլ ցանկացել տեսնեն, ուզել եմ այստեղ ժպիտով մտնել, իմ ամուսինը հաստատ չէր ցանկանա ես իր ծնողներին ցավեցնեմ, կուզենար նրանց առողջ տեսնել, ժպիտը դեմքին: Ճիշտ է, ես չեմ կարող որեւէ կերպ փոխարինել նրան, չեմ էլ ուզում, ուզում եմ իրենք գան, եւ այն անելիքը, որ իրենք պիտի անեն, իրենք անեն, էն տալիքը, որ իրենք պիտի տան, իրենք տան իրենց ծնողներին, ես միշտ այստեղ եմ, կարող եմ ամեն ձեւով աջակցել, բայց չեմ ուզում դա ես անեմ, ուզում եմ իրենք գան, իրենք ամեն ինչ անեն իրենց ծնողների եւ երեխաների համար»,- ասում է Թեհմինան, առանձնակի սիրով խոսում Գեւորգի եւ Գոռի ծնողների մասին, որ հանուն իրենց զավակների` իրենց զրկել են ամեն ինչից եւ նրանց համար արել առավելագույնը:

«Շնորհակալ եմ նրանցից, որ նման զավակներ են դաստիարակել, նրանց շնորհիվ ունեմ այս ջերմ ընտանիքը, որտեղ ինձ որպես աղջիկ են ընդունել: Ուզում եմ առողջ լինեն, որովհետեւ իրենք պետք են ինձ, իմ երեխաներին, Գագիկին, Գագիկի նորածին բալիկին` Արենին, որը Գոռոյի սիրած անունն է, մի լույս մեր ընտանիքում, ու թող շատանա լույսը… Գոռոյի բալիկներին են պետք լինելու, իրենք դեռ էնքան անելիք ունեն: Ուզում եմ, որ աստված իրենց տոկունություն տա, որ… չեմ ուզում ասել` հաղթահարել, բայց, որպես ծնող, կարողանան առանց իրենց մեղավոր զգալու եւ տխրելու, առանց սրտի խորքում ժպիտն ափսոսելու` ուրախանան Գագիկի բալիկով, ուզում եմ ուրախանանք` մեզ չզրկելով, որ մեր հարազատներն էլ այս տանը իրենց լավ զգան, ցավն ավելի չխորացնենք, չնայած դրանից խորը չի էլ կարող լինի: Անում ենք այնպես, որ երբ Գեւորգն ու Գոռը տուն գան, տան մթնոլորտը տեսնեն այնպիսին, ինչպիսին թողել են: Նկատել եմ` կորուստներից հետո շատ ընտանիքներում գժտություններ են եղել, անախորժություններ, իսկ մեր կապն ավելի է ջերմացել, որովհետեւ մեզ միավորում են իրենք, եւ մեր սիրո կենտրոնը նույնն է` տղաները… Եթե նույնիսկ չենք խոսում, մեր լռությունն էլ է նրանց մասին»,- ասում է Թեհմինան ու հավելում, որ, իհարկե, անկումային օրեր էլ է ունեցել, բայց թույլ չի տվել, որ որեւէ մեկն իր շրջապատում տեսնի իր արցունքը, դա միայն իրենն է, իսկ շրջապատում թող բոլորն ապրեն իրենց կյանքը, ուրախանան, ժպտան, ինքը սիրում է ժպտացող մարդկանց, սիրում է ստանալ այդ էներգիան եւ փոխանցել շրջապատին: Թույլ չի տվել իր երեխաների մոտ վատ բաներ խոսեն, փորձել է նրանց հեռու պահել այդ ամենից, նրանք, այսպես թե այնպես, արդեն այդ ամենի մեջ են, էնքան խորը երեխաներ են, որ առանց այդ էլ ամեն ինչ զգում են, շատ կապված են եղել հայրկի հետ, Նարեն մեծ փոփոխություն է մտցրել հայրիկի կյանքում, կոտրել նրա` թվացյալ չորությունը, խստությունը այնպես, որ հայրն ասում էր` տես հախիցս ոնց է գալիս, Արմենը նույնությամբ հայրն է: «Ես ուզում եմ Գեւորգն այդպես լուսավոր էլ պահպանվի իմ երեխաների մոտ, որ չգա ու նրանց տեսնի կոտրված, խեղճացած, խղճահարված, որ շրջապատում իրենց էլ որեւէ մեկը չփորձի խղճալ… »,-հավելում է Թեհմինան, շնորհակալ լինում աստծուց, որ էդ ամեն ինչի հետեւանքով չի չարացել:

Ամենահուզիչն այն է, որ Թեհմինան չի թաքցնում Գեւորգ եւ Գոռ Հովհաննիսյանների տուն այցելելու եւ նրանց մասին հոդված գրելու համար իմ զանգի` նրան պատճառած հույզերն ու հուզմունքը: Ասում է` երբ մեր նահատակների, անհայտ բացակայողների մասին իմ հոդվածները կարդացել է, մտածել է` կգա՞ այն օրը, որ գրեմ նաեւ Գեւորգի ու Գոռի մասին, որքան էլ ծանր ու ցավալի լինի, բայց` երազել է այդ օրը, չէ՞ որ այնքան բան ունեն ինքն ու սկեսուրը պատմելու այն մեծ սիրո ու կարոտի մասին, որի անունն է Գեւորգ ու Գոռ… ու շնորհակալություն է հայտնում նաեւ ինձ` այն ծանրագույն առաքելության համար, որ հանձն եմ առել 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից ու ետ չեմ կանգնել մեր նահատկներին, անմահներին ու անհայտներին հերոսացնելու, նրանց պատմությունը վավերագրելու իմ նախաձեռնությունից, յուրաքանչյուրին արժանվույնս ներկայացնելու ծանր փորձությունից, որովհետեւ, մեջը լինելով, իրենք գիտեն` որքան դժվար է ամենքի հետ ու ամենքի լեզվով խոսել ու գրել յուրաքնչյուրի ցավի եւ սպասման մասին, եւ մաղթում է, որ, աստված էլ իմ կատարածին համապատասխան վարձահատույց լինի ինձ, ու սպասում այն օրվան, որ Գեւորգի եւ Գոռի` տունդարձի ավետիսն առաջինը ինձ հայտնի` այս անգամ նրանց տունդարձի մասին գրելու նպատակով…

Հ.Գ. Սիսիանի` Վահան Խորենի փողոցի թիվ 1 տան բակում փոքրիկ ծաղկանոց կա, գեղեցիկ վարդեր եւ ծաղիկներ: Գայանեն ասում է, որ ծաղկանոցի ցանկապատը Գեւորգն է սարքել, մինչեւ հիմա չեն ներկում, սպասուն են` ինքը գա, իր ձեռքով ներկի, իսկ վարդերն ու ծաղիկները Գոռն է տնկել, աճեցրել, այս տարի բորդոն ավելի շքեղ ու փարթամ է ծաղկել, ամեն րոպե իր ձեռքը ծաղիկների վրա է, իրեն չխնայելով` խնամում է ծաղիները, որ Գեւորգը-Գոռը գան տեսնեն` ոնց թողել են, պահում-պահպանում են: «Իրենք գան տեսնեն, որ մաման խնամել ա, ոչինչ, որ ինքն իրեն չի խնայել ու խնամել ա, կարեւորը մաման իր տղաների ծաղիկներն ա խնամել»,-աներեր հավատով ու սիրով ասում է Գեւորգ ու Գոռ Հովհաննիսյանների մայրը:

-Թող ծաղիկներդ միշտ ծաղկած մնան, Գայանե ջան, դարպասդ` բաց, որ երբ աստծո հրաշքով տղաներդ գան, դուռը բաց տեսնեն, չկասկածեն, որ իրենց սպասում ենք, իմանան, որ ծաղիկները սպասում են, ծնողները սպասում են, տնեցիները սպասում են, հարազատ-բարեկամները սպասում են, թաղը սպասում է, ընկերուհիներդ սպասում են, Սիսիանը սպասում է…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

09.08.2023

 

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Թոռներիցս թաքուն եմ արտասվում, արտասվում եմ գոմում, դաշտում, բակում… 44-օրյա պատերազմի նահատակ Կարեն Ստեփանյանի հայր

Տեղադրվել է - Դեկտեմբեր 2, 2021 0
Որքա~ն դժվար է ինձ համար արցախյան 44-օրյա պատերազմի հրադադարից մեկ տարի հետո էլ զոհված զինվորի ծնողի, կնոջ, երեխաների հետ խոսելը……

ԳԱՐԵԳԻՆ ՆԻԿՈԼՅԱՆԻ ԱՍՏՂԸ ԵՐԿՆՔՈՒՄ ՓՆՏՐԵՔ…

Տեղադրվել է - Հունվար 27, 2022 0
Երբ զրույցի համար պայմանավորվում էի 44-օրյա պատերազմի նահատակ Գարեգին Նիկոլյանի ընտանիքի անդամների հետ, քրոջ` Սոնայի հոգուց միանգամից հորդեց ամիսների կուտակվածը,…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code