ԳԱՐԵԳԻՆ ՆԻԿՈԼՅԱՆԻ ԱՍՏՂԸ ԵՐԿՆՔՈՒՄ ՓՆՏՐԵՔ…

Տեղադրված է at Հունվար 27, 2022
1918 0

Երբ զրույցի համար պայմանավորվում էի 44-օրյա պատերազմի նահատակ Գարեգին Նիկոլյանի ընտանիքի անդամների հետ, քրոջ` Սոնայի հոգուց միանգամից հորդեց ամիսների կուտակվածը, հորդեց անասելի ցավով, անհուն սիրով, անբացատրելի հույզերով… ու անմիջապես հայացքիս առաջ հառնեց իրենց սրբազան նահատակ Գարիկ-Գարեգին-Գարոն… Եզակի տղա, ճակատագրի սերնդի ոսկեհատիկ սերմ, որ բժիշկ պիտի դառնար, հիվանդներ փրկեր ու մարդկանց դարմաներ, սակայն անդարմանելի ցավ թողեց ծնողների, միակ քրոջ, ընկերների, հարազատների սրտում ու հավերժական փառքով պսակեց հայրենիքի նահատակի իր ճակատը:

Գարիկը-Գարեգինը-Գարոն… ուսուցիչների սիրելին, քրոջ չափանիշը, ծնողների երազանքը… Զուսպ, քչախոս, ուշադիր, իր չափն իմացող, իր տեղն իմացող, բոլորի տեղն իմացող Գարիկը…

Պապիկի անունը կրող Գարեգին Հազարապետի Նիկոլյանը ծնվել է Անգեղակոթում` 02. 02. 2000 թ.-ին: Քույրը` Սոնան, ասում է, որ շատ էր սիրում իր ծննդյան թիվն ու օրը: Սոնան վեց տարեկան էր, Գարիկը` երեք, երբ ընտանիքը տեղափոխվեց Էջմիածնի շրջանի Թաիրով գյուղ, սակայն դպրոցական բոլոր արձակուրդները գյուղում էին անցնում` դաշտերն ու ձորերը ոտատակ տալով, ու մանկությունը լցվում էր սար ու ձորով, քար ու քերծով…

Սոնան եղբոր մասին պատմում է մերթ հիացմունքով, մերթ` անհուն ցավով, մերթ` անսահման պատասխանատվությամբ, մերթ` անելանելի «չգիտեմ… չգիտեմ` էլ ինչ ասեմ» ընդհատումներով…

… Ասում է` իրենից փոքրն էր, բայց շատ ավելի հասուն էր ու չափազանց ուշադիր իր նկատմամբ: Չէր հասկանում նախանձներին, չէր հասկանում` ինչու են մարդիկ իրար միս ուտում, չէր մրցակցում ոչ մեկի հետ, դրա իմաստը չէր տեսնում, վստահ էր իր ուժերին: Խստաբարո էր թե՛ իր, թե՛ կողքինի նկատմամբ, երբեք պարտքով բան չէր վերցնի ոչ մեկից, երբե՛ք, եթե անգամ գիտեր, որ հաջորդ օրը կկարողանա տալ:Եթե զգար` մի բան սխալ է, խոսքը երեսին կասեր, եթե մի բան չհավաներ, չէր կեղծի, չէր հաճոյանա, չէր սիրում աչքի ընկնել, իր մասին խոսել…

Գոհունակ էր, գոհ` իր արտաքինից, իր խելքից ու ընտանիքից: Սիրում էր երաժշտություն, ֆիլմեր, նրան շատ էր հետաքրքրում, թե կինոյում ինչպես են կադր ստանում… Հիշաչար չէր, բայց հիշում էր բոլորի արածն ու չարածը: Ու չափազանց խնայող էր… «Մինչեւ հիմա իր հեռախոսահամարի վրա բավականին մեծ գումար կա, ինչպես նաև` բանակային քարտին, ավելին, նա ինքն էր իմ հեռախոսին գումար ուղարկում այնտեղիցԽնայող լինելն էլ ի՛ր բացատրությունն ուներ. հոր` տանջանքով վաստակածի հարգը գիտեր, գնահատել գիտեր… Իր կենսաբանության ուսուցչուհու մոտ, ով իրեն այնքա~ն սիրում էր, չգնաց պարապելու: Գիտե՞ք` ինչու, որովհետեւ, ասաց, ինքը ինձից գումար չի վերցնի, իսկ ես մարդուն երբեք չեմ շահագործի: Բժշկականի համար պարապեց միայն վեց ամիս, որովհետեւ չէր ուզում ծնողներն այդքան շատ գումար ծախսեին թանկ պարապմունքների վրա: Ու կենսաբանությունից ստացավ ամենաբարձր` 18 միավոր: Ցանկացած խոսքից առավել, սրանք իրեն բնութագրող ավելի խոսուն փաստեր են… Մեկ էլ շա~տ էր սիրում իր անվանակից պապիկին, ում միշտ զանգում էր բանակից…»,- ասում է Սոնան:

Թաիրովի հիմնական դպրոցից հետո Գարիկը սովորել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Այստեղ էլ սիրված աշակերտ էր, հետաքրքիր դասընկեր, յուրահատուկ անհատականություն…

Ամիսներ հետո, երբ նա այլեւս երկնային արքայության մեջ էր, հայոց լեզվի ուսուցչուհին նրա մասին հետահայաց գրել է` «Գարիկին առաջին հայացքից հասակակիցներից տարբեր չէիր համարի։ Բայց առաջին իսկ շփումներից առնչվում էիր կայուն կերպարի, պատասխանատու եւ ընտրություն անելու ունակ մարդու։ Մի տեսակ՝ իր տարիքից մեծ էր… Գարեգինին սիրահարված աղջիկները մի աթոռ հեռու էին նստում. գիտեին (գիտեի՞ն, թե զգում էին)՝ Գարիկին անաշխատ քնքշանքով չես կաշառի։ Տանել չէր կարողանում կոկետության ավելցուկը։ Դրա համար էլ նրան սիրահարված աղջիկները լրջանում էին, ավելի զուսպ էին դառնում։ Մի տեսակ ազնվականի կեցվածք ուներ, որով չէր ճնշում, բայց որից ազդվում էր նրա շրջապատը։ Պատերազմից երկու ամիս անց Ասատրյան Նորայրն էր եկել։ Կոտրված ժպիտով Նորայրն իր շուրջը հավաքված ուսուցիչներին պատմում էր իր ու Գարեգինի վերջին ճակատամարտից։ Ես ականջներս առա ու մտա իմ սենյակը։ Թող Նորայրը պատմի, եթե դա է իր փրկությունը։ Ես չեմ կարող լսել։ Հետո Նորայրն ինձ մոտ եկավ։ Նույն անվարժ ժպիտով նայեց առաստաղից կախված պրոյեկտորին ու մի քիչ ավելի վստահ ժպտաց»:

Երբ պատերազմի ծանր օրերին եւ դրանից հետո Գարեգինից լուրեր չկային, դասընկերները, ուսուցիչները ապրել են նույն տագնապներն ու անհանգստությունները, ինչ` հարազատները, բայց նաեւ հավատացել, որ աստված իր սիրո տեսադաշտից աչքաթող չէր անի Գարիկի նման տղային: «Երբ նորություն չկար Գարիկից, նրա կենսաբանության ուսուցչուհին Ռեմարկ ու Նարեկ նվիրեց, որ Գարիկը գա…Այդ գրքերը դրված են նրա հիշատակի անկյունում»,-ասում է քույրը:

Գարիկի սիրած լեզուն ռուսերենն էր, խոսում էր առանց ակցենտի, անգիր գիտեր իր սիրած բոլոր ռուսական երգերը: Ռուսերենի ուսուցիչը հատուկ դրա համար գիրք էր նվիրել նրան:

«Գարիկի ամենասիրելի գիրքը Ռեմարկի «Արեւմտյան ռազմաճակատում նորություն չկան» էր: Ինքը դա էր կարդում, ես` Հեմինգուեյի «Հրաժեշտ զենքին» ու քննարկում էինք: Ասացի, Գար, մենակ տեսնես` հերոսը վիրավորվեց ու մնաց, ու բոլորին ասաց` գնացեք, գոնե, դուք փրկվեք, ասեց` է~, Սոն, բա որ Ռեմարկի «Կյանքի կայծը» կարդաս… Էստեղ հերոսը ողջ է մնում, բայց` ի~նչ…  Իրենց համար կյանքը էլ նախկինը չէ, էլ իմաստ չունի, երբ գալիս ու տեսնում են պատերազմի կողքով ուղղակի անցած մարդկանց: «Արևմտյան ճակատում նորություն չկան» ես հետո գտել եմ իր համակարգչումՀերոսը զոհվում է հենց հոկտեմբերի 25-ին` Գարիկի զոհված օրը, հերոսի կյանքն ու անցած ճանապարհը շատ նման էր Գարիկի անցածին…»,- անհուն ցավով ու դառնությամբ պատմում է Սոնան:

Գարեգին Նիկոլյանն այդպես էլ չզգաց Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանող լինելու բերկրանքը, ինչի մասին այնպես երազել էր ու ինչի համար այնքա~ն ջանք թափել: 2019-ի հուլիսի 9-ին զորակոչվեց բանակ: Ծառայում էր Մարտունի 2-ում: Նույն պատասխանատու մարդն էր` արդեն զինվորական համազգեստով:

Ծառայության շատն անցել էր, զորացրվելուն մնացել էր ինը ամիս, երբ 2020-ի սեպտեմբերի 27-ին երբեւէ եղած ամենաանարդար, ամենահրեշավոր պատերազմը մեր կյանքը բաժանեց երկու հատվածի` դրանից առաջ եւ դրանից հետո… Ու էդ «հետոն» դեռ շարունակվում է…

«Հոկտեմբերի 19-ին մայրիկիս ծննդյան օրն է, Գարիկը շնորհավերել էր մամային, խոսել էստեղի ընկերների հետ, ծաղկեփունջ էին բերել, որի նկարը էդպես էլ չտեսավ… Մինչեւ հոկտեմբերի 24-ի գիշերը ասել է, որ մենակ է, ոչ դիմացը մարդ կա, ոչ` հետեւը, բոլորը զոհվել էին… Հոկտեմբերի 24-ին զանգահարել է պապային,  ուրախ էր, ասել է` էլ մենակ չէ, տղաներ են եկել, երկու եղբայր են, ու նրանց հեռախոսից է զանգում, իր հեռախոսի մարտկոցը նստել էր… Հայրս բացականչել է` տղաս փրկվեց… Մեզ թվում էր` եթե ինքը ողջ է մնացել, ուրեմն` կգա: Բայց եկածները լքել էին դիրքը, ու Գարիկը զոհվեց… Եղբայրներն էլ զոհվեցին: Մենք մինչ օրս կապ ենք պահում նրանց ծնողների հետ: Վերջին զանգը հոկտեմբերի 25-ին էր, ժամը 12.00-ին: Գարիկի աճյունը գտանք նոյեմբերի 23-ին` Ֆիզուլիից: Ծանրագույն ժամանակներ էին, երբ թույլ չէին տալիս տարածք մտնել, բայց հրամանատարը, որ լավ գիտեր Գարիկի կռված տեղը, գտավ նրան…  Գարիկի աճյունը բերեցին դեկտեմբերի 14-ին, իր` արձակուրդ եկած օրը, ու նույն օրն էլ հուղարկավորեցինք Եռաբլուրում…»,- ասում է Սոնան:

Գարեգին Հազարապետի Նիկոլյանը ետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ առաջին աստիճանի» եւ «Արիության համար» մեդալներով, որը Գարիկի շիրմի մոտ ծնողներին են հանձնել Սիսիանի զինկոմիսարիատի եւ Սիսիանի համայնքապետարանի ներկայացուցիչները…

Ժամանակը չի բուժում… Վերքը չի փակվում… Սոնան ասում է, որ հայրն աշխատում է, բեռանփոխադրումներ է անում, ինքը ե՛ւ աշխատում է, ե՛ւ սովորում ԵՊՀ ասպիրանտուրայում, մանրէաբանություն, կենսաքիմիա, կենսատեխնոլոգիա  բաժնում, իրեն գիտակցորեն ծանրաբեռնում է, որ Գարիկի բացակայությունը չզգա, որ գլորվող դատարկ օրերի մեջ նրա պակասը չզգա: Դժվար է մոր` Նանարի համար. չի աշխատում, ու ողջ օրը տանն է, ողջ օրը Գարիկի հետ, ու էսպես պիտի ապրեն կյանքի մնացած մասը… Սոնան ասում է, որ Գարիկն իր մտքում է, իր հոգում, իր էության մեջ: Հիմա էլ, հետո էլ եղբայրն իր կողքին է, ու շարունակում է սովորեցնել իրեն` ճիշտ ապրել, հասկանալ իր սխալները եւ փորձել ուղղել…

Որքան էլ փորձում ենք մի քիչ շեղվել թեմայից, էլի մեր զրույցը պատերազմի մասին է, մեր նահատակների: Միմյանց շնորհակալություն ենք հայտնում` անկեղծ զրույցի համար, Գարեգինին արժանին մատուցելու համար, ու Սոնան հայտնում է, որ կարդում է Սիսիանի նահատակների մասին իմ հրապարակումները եւ ավելացնում է, որ անգեղակոթցի նահատակ Արայիկ (Մխո) Կիրակոսյանը իր մայրիկի հորաքրոջ թոռն է, գյուղի իրենց տան հարեւանը, Տիգրան Մանուկյանն ու Արմեն Պետրոսյանը մայրիկի մերձավոր ազգականներն են…

Ցավը գրկած` ապրում ենք ցավի մեջ: Բայց եւ հավերժ պարտական մնում նրանց, ովքեր իրենց կյանքը դրեցին ազգի զոհասեղանին` հանուն ապրողների, հանուն սերունդների… Ու ամեն օր, գլուխներս բարձին դնելուց առաջ, երկնքում փնտրենք այս լուսավոր տղաների պայծառ աստղերը ու ասենք` հավերժ փա՛ռք ձեզ, տղե՛րք, հավերժ խոնարհում ու խնկարկում…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

#ՀԱՂԹԵԼ ԵՍ. ԻԳՈՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ. ԹՈՒՐՔԻ ԵՐԱԽԻՑ ՓՐԿՎԵՑ, ԲԱՅՑ ԸՆԿԱՎ ԹՈՒՐՔԻ ԳՆԴԱԿԻՑ…

Տեղադրվել է - Ապրիլ 9, 2021 0
Տասներկու-տասներեք տարեկան տղա էր Իգորը, երբ ծնողների, երկու քույրերի եւ հազարավոր հայրենակիցների հետ տեղահանվեց արյունռուշտ Բաքվի կոտորածներից, փրկվեց թուրքի արյունոտ…

ԿԱՎԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Տեղադրվել է - Ապրիլ 17, 2024 0
Կավագործությունն աշխարհի հնագույն արվեստներից մեկն է։ Կավն ամենատարածված և ամենահեշտ մշակվող նյութն է։ Վարպետի հմուտ ձեռքերում  անկերպար, պլաստիկ նյութն ասես…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code