ՊԱՆԹԵՈՆԸ …

Տեղադրված է at 09:37
816 0

Սիսիանի պանթեոնը անգթորեն ընդարձակվել է

Բայց այս պանթեոնը մահվան մասին չէ, այլ` հավերժումի, այս պանթեոնը զոհվելու մասին չէ, այլ` հերոսացման, այս պանթեոնը պարտության մասին չէ, այլ` զենքը ձեռքին մինչեւ վերջ հանուն հայրենիքի նահատակության

Այս պանթեոնը քաղաքակիրթ աշխարհի անբարոյականության մասին է ու աշխարհում բարոյականության պարտության մասին, նաեւ`  աշխարհի խիղճը արթուն պահելու մասին:

Այս պանթեոնը մեր անավարտ թռիչքի եւ թռիչքը ավարտին հասցնելու աներեր երազանքի մասին է

Այս պանթեոնը եղեռնը մերժելու, եղեռնագործին հավետ նզովելու, եղեռնազարկի վերըձյուղվելու, ապրելու, կաղնիանալու անկասելի ընթացքի մասին է

Այս պանթեոնը 21-րդ դարի քաղաքակիրթ մարդու ամոթն է ու խարանը

Այս պանթեոնը էլի ուրիշ շատ բաների մասին էմեր հավաքականության, մեր միասնական լինելու, մեր համախմբումի, մեր վրեժի, մեր հատուցման, հայրենի հողը մեզանով սերմանելու եւ հայորեն սիրելու ու հայորեն պահելու մասին

Այս պանթեոնը մեր այն ոսկեհատիկ սերմի մասին է, որ պահ տվեցինք հողին` մի օր ոսկեհասկերը հնձելու համար, այս պանթեոնը ճակատագրի այն սերնդի մասին է, որի զավակը կրակներից ծնված մեր հուրհեր Վահագնը պիտի լինի, ոսոխ Բելին տապալող մեր հաղթական Հայկը, մեր Ծուռ Դավիթը, մեր Թուր Կեծակին

Այս պանթեոնը անպարտների մասին է, արժանապատիվների մասին, հպարտների մասին է, մեռնելովհառնողների մասին

Այս պանթեոնը որդեկորույս մայրերի, այրիացած կանանց, որբացած զավակների, չծնված երեխաների, հայրերի լռության, մայրերի ցավի մասին է, բայց եւ նրանց հավերժ երախտապարտ լինելու մասին, նրանց հավերժ շնորհակալ լինելու մասին, նրանց առջեւ խոնարհվելու մասին

Այս պանթեոնը մեր ամենօրյա աղոթքի մասին է, հայերեն եկող դարերի մասին, հավերժ փառքերի ու հավերժ խոնարհումների մասին, ու երբեք չի խոտակալի այն ճանապարհը, որ դեպի պանթեոն է տանում

Այս պանթեոնը մեր մասին էԸնկածներին խոնարհվելով` մեր հավերժումի մասին, նրանց խնկարկելով` մեր ինքնամաքրումի մասին, նահատակների առաջ երդվելով` նրանց վրեժը լուծելու մասին, նրանց արյան վրա մեր կերտվող հաղթանակի բերդը կառուցելու մասին

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

27.09.2021

«ՑԱՎԻ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ. 44-օրյա պատերազմ» գրքի առաջաբանը

 

 

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԵՍ ԶՈՀՎԵԼ ԵՄ ԱՄԵՆ ԶԻՆՎՈՐԻ ՀԵՏ ՈՒ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՄ ԶՈՀՎԵԼ… Զոհված Արայիկ Սաֆյանի մայր

Տեղադրվել է - Սեպտեմբեր 16, 2021 0
Հոկտեմբերի 12-ին միաժամանակ չորս նահատակ զինվոր էինք հուղարկավորում Սիսիանի պանթեոնում: Հոկտեմբերի 12-ի թաղման թափորի մեջ լուսանկարներ անող ֆոտոխցիկս մեկեն կանգ…

ԹԵՐԹՎՈՂ ՀՈՒՇԵՐ ՇԱՐՔԻՑ. ՎԻԿՏՈՐՅԱ

Տեղադրվել է - Մայիս 10, 2023 0
Նվիրում եմ ծնողներիս և նրանց, ովքեր աշխատում էին Դարբասի և Լծենի միացված կոլտնտեսությունում։  Նրանք չէին արտաբերում Աստծո անունը, բայց ապրում…

ԼՌՈՒԹՅԱՆ ՄԱԵՍՏՐՈՆ. ԱՐՏԱՇԵՍ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Տեղադրվել է - Օգոստոս 14, 2021 0
…Ու լռությունն այդ զնգում-զրնգում է քաղաքով մեկ, աշխարհով մեկ, տիեզերքով մեկ: Զրնգում է այնտեղ, որտեղ տեղադրված են նրա քանդակները, զրնգում…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code