Նրա սրբությունը ծնողներն էին, բայց էնպես ստացվեց, որ առաջին տեղում հայրենիքն էր… 44 –օրյա պատերազմի նահատակ Անուշավան Խաչատրյան

2231 0

Շաղատեցի Վարուժան Խաչատրյանի բազմանդամ ընտանիքում ծնվել-մեծացել է 7 երեխա, 5 աղջիկ, 2 տղա… Տղաները ծնվել են աղջիկներից հետո… Հայոց օջախներում տղայի ծնունդը պարտադիր պայման է, որ ծուխը շարունակող լինի, որ օջախը շեն պահող լինի: Ու 1985-ին ծնվել է Անուշավանը… Եղբորն էլ եղբայր էր պետք, որ թեւթիկունք լինեն, որ իրար հենվելով` ապրեն եւ շարունակվեն, ու Վարուժանի եւ Ալմաստի ընտանիքում ծնվել է յոթերորդ երեխան` Դավիթը… Բոլորը տնավորվեցին, բնավորվեցին, ճղնավորվեցին, բացի` Անուշավանից… Անուշավան Վարուժանի Խաչատրյանը 35 տարեկանում նահատակվեց արցախյան 44-օրյա պատերազմում… Նրա հայրական տանը մեզ դիմավորում եւ Անուշավանի մասին պատմում են Դավիթ եղբայրն ու նրա անչափ սիրալիր, բարեհամբույր կինը` Շահանդուխտը…

Անուշավանը դպրոցում լավ է սովորել, արդարամտության համար նրան սիրել են թե ընկերները, թե` ուսուցիչները: Դպրոցն ավարտելուց  հետո ծառայել է Արցախի հայտնի` Եղնիկներ զորամասում, հետախույզ էր, ու կամային բարձր որակները, դժվարություններին դիմակայելը, մարդկային յուրահատուկ հատկանիշները հենց այստեղ էլ ավելի են բացահայտվել ու ամրապնդվել, եւ, գուցե, հենց դա էր պատճառը, որ բանակից վերադառնալուց հետո մի քանի տարի աշխատեց Երեւանում, ապա գնաց Վլադիվոստոկ, հորեղբոր մոտ, նորից վերադարձավ Երեւան, աշխատեց Գրանտ Քենդիում, նորից մեկնեց Ռուսաստան, բայց չգտավ իր տեղը, լավ վաստակում էր, սակայն դա չէր գոհացնում նրան` դրսեւորվելու, ինքնարտահայտվելու, ու կատարեց իր կյանքի համար վճռորոշ քայլը` վերադարձավ հայրենի գյուղ` Շաղատ, հայրական տուն, ու ապրիլյան քառօրյայից հետո քրոջ ամուսնու եղբոր` Աշոտ Բաբայանի հետ պայմանագրային ծառայության մտավ Սիսիանի զորամասում նոր ձեւավորված հակատանկային դասակում… Դա իրենն էր, հարազատ էր իր բնույթին, իր ընկալումներին, իր պատկերացումներին: Առաջին պայմանագրի ժամկետը լրանալիս մայրը հորդորեց դուրս գալ զինվորական ծառայությունից, ամուսնանալ, տուն-տեղ ունենալ, բայց Անուշավանը երկարացրեց պայմանագրի ժամկետը եւ մնաց զինվորական ծառայության մեջ… Սիրում էր այդ աշխատանքը, զգում էր իր կարեւորությունը, գիտակցում էր զինվորի` իր դերը երկրի սահմանները պաշտպանելու կարեւորագույն գործում, ու դրանով էլ գոհանում էր… Ցավոք, 44-օրյա պատերազմի ժամանակ զոհվեցին դասակի բոլոր անդամները, միայն երկու հոգի էին վիրավորվել ու երջանիկ պատահականությամբ ողջ մնացին…

Սեպտեմբերի 27-ից առաջ զինակից ընկերների հետ Շաղատի դիրքերում էին: Ամեն անգամ դիրքերից իջնելիս տնեցիներին, հատկապես` մորը, խոստանում էր ամուսնանալ, սիրած աղջիկ ուներ, իրենց գյուղից էր… Անուշավանը տեսքով, տարբերվող, աղջիկների հոգեհան երիտասարդ էր, բայց սիրտը միայն մեկին էր կպել… Տնեցիներն ասում են, որ տանում էր նրա քմայքները, հումորով ու զվարթ, կարկաչուն ծիծողով հարթում ջահելների միջեւ հաճախ պատահող տարաձայնությունները… Դավիթն ասում է, որ չամուսնանալու համար սկզբում պատրվակ էր բերում տուն չունենալը, բայց իրենց տնից մի փողոց ներքեւ տուն գնեցին նրա համար, ու սպասում էին… Անուշավանը դարձյալ ծնողների տանն էր ապրում, դժվարանում էր կտրվել հարազատ միջավայրից, ծնողներից, եղբոր երեխաներից, ում սիրում էր հարազատորեն եւ ողջ էությամբ… Երբեմն իջնում էր իր տուն, փորձում հարմարվել նոր պայմաններին, փորձում ընտելանալ նոր կարգավիճակին, մինչեւ որ սիրած աղջիկը կտար ամուսնության համաձայնությունը… որն այդպես էլ չեղավ… Մի սիրուն սեր անկատար մնաց, մի նոր տուն չբնակեցվեց նորապսակներով, մի ընտանիք չձեւավորվեց… աղջիկն ուրիշի հետ ամուսնացավ` մինչեւ վերջ սպասելով Անուշավանի վճռական առաջարկությանը… Գուց ճակատագրորեն արդեն որոշված էր, որ Անուշավանը պիտի այդպես էլ չապրեր սեփական ընտանիքը, սեփական երեխաներն ունենալու բերկրանքը եւ նահատակվել 35 տարեկանում` մնալով հավերժ զինվոր եւ հայրենիքի երդվյալ պաշտպան…

«Հոկտեմբերի 8-ին զանգահարեց Շաղատի դիրքերից ու ասաց` իրերը պատրաստեմ, Արցախ են տանում: Դավիթն էլ արդեն տանը չէր, զորահավաքով նա էլ էր դիրքերում, եւ եղբայրներն այդպես էլ իրար հրաժեշտ չտվեցին… Տնից դուրս գալիս երկար նայեց տանը, ասես իր ծով, կապույտ աչքերի մեջ ուզում էր վերջին անգամ փայած-փայփայած պահել այդ պատկերը, եւ գնաց…Գիտեր` ուր է գնում, գիտեր` ինչի է գնում, համոզված էր, որ հաղթանակով է վերադառնալու, ամեն ինչի սպասում էր, մենք էլ, բայց ոչ` զոհվելուն… Մեզ հետ չի խոսել, հոկտեմբերի 9-ին քրոջ ամուսնու եղբայրը` Աշոտ Բաբայանը, ում հետ միասին են եղել, զանգահարել է ամուսնուս` Դավթին, ասել, որ Կարմիր Շուկայում են, գնում են Մարտակերտ… Հոկտեմբերի 10-ի լուսադեմին տեղի է ունեցել չարաբաստիկ դեպքը… Ոչ ոք չէր հավատում: Երեք օր հետո Դավիթն իջավ դիրքերից, ցանկանում էր ընկերների հետ գնալ-փնտրել եղբորը, փնտրել են բոլոր հիվանդանոցներում, անգամ` բոլոր մորգերում, հուսով, որ վիրավոր կլինի, ողջ կլինի, բայց հոկտեմբերի 25-ին ստացանք դնթ անալիզի պատասխանը… Անուշավանը հուղարկավորվեց հոկտեմբերի 27-ին` Շաղատի զինվորական պանթեոնում… Շատ ծանր, տանջալի սպասման օրեր էին, աննկարագրելի էր հատկապես ծնողների համար, առավելապես` հիվանդ մոր: Գնալուց առաջ Անուշավանը նրան չէր ասել` ուր է գնում, եւ մոր` ուր ես գնում հարցին պատասխանել էր` էս թեւից գնում եմ էն թեւը… Բայց դու պինդ մնա, գնում եմ ազգս պահեմ… Մայրը շատ ծանր տարավ որդու կորուստը: Տղայի զոհվելու տարին չլրացած` հեռացավ կյանքից` սրտում մեծ ցավ, մեծ կսկիծ…»,- ասում է Շահանդուխտը, ապա պատմում սկեսրայրի` Վարուժանի ապրումներից… Նա ոչինչ չի ասում, ոչինչ չի խոսում, միայն լռում է, համառորեն լռում, նստում է տան դռան շեմին, ասես սպասում է որդու վերադարձին, աչքը ճամփին` սպասում նրա գալստյանը: «Սկեսրայրս այս ողջ ընթաքցում միայն Անուշավանի հուղարկավորման ժամանակ է մի բան ասել` մուրազը փորում մնացած որդիս…Նրա լռությունը ծանր է, մենք գիտենք այդ խոսուն, բայց ծանր լռության պատճառը…»,– ասում է Շահանդուխտը…

Եղբոր` Դավթի բնութագրմամբ` Անուշավանը արդարադատ տղա էր, ինչի պատճառով հաճախ էր տղայական կռիվների մեջ հայտնվում, ընկերություն էր անում ամեն տիպի եւ ամեն տարիքի մարդու հետ, լավություն էր անում բոլորին, ով իր օգնության կարիքն ուներ ու չէր փոշմանում` փախադարձը չստանալիս, մտածելով, որ, միեւնույն է, նրանք կհասկանան իրենց սխալը, իսկ եթե չհասկանան էլ, ոչինչ… Անուշավանը կենսասեր էր ու հումորով, կյանքը վայելում էր հենց այնպիսին, ինչպիսին կար… Գյուղի ամենածանր աշխատանքն էլ էր վայելքի վերածում, որ տանջալի չդառնա, ապրում էր քեֆ անողին քեֆը չի պակասի կենսակերպով, միաժամանակ շատ պատասխանտու էր բոլոր նրանց հանդեպ, ում հետ շփվում էր, ում հետ ապրում էր… Անչափ շատ էր սիրում եղբոր երեխաներին: Մեծին` Վարուժանին, դաստիարակում էր իր նման, կամային, հետաքրքրասեր, սեր էր սերմանում հայրենիքի, սպորտի հանդեպ, քանի որ ինքն էլ էր սիրում սպորտը, լողում էր, ֆուտբոլ խաղում… ու Վարուժանի համար հորեղբայրն իր հերոսն էր, իր կերպարը, իր չափանիշը…

Անուշավանը նաեւ չափազանց ընկերասեր էր ու ծնողասեր: Իր հագի բաճկոնը հանել-տվել էր ընկերոջը, ում հետ միասին էին թրջվել անձրեւից ու մրսել: «Ծնողները Անուշավանի սրբությունն էին, հետո` հայրենիքն էր, բայց արի ու տես, որ Անուշավանը հայրենիքն ավելի սիրեց եւ առաջին տեղում դրեց հայրենիքը ու նահատակվեց հանուն հայրենիքի… Ճիշտ է` Անուշավանը անժառանգ հեռացավ կյանքից, բայց մեր գալիք հաղթանակները, ինչին ես հավատում եմ, լինելու են նրա զավակները, նրա ժառանգները եւ նա հենց դրանով էլ հավերժելու է…»,- ասում է իր անվանը անչափ վայելող հմայիչ Շահանդուխտը, ապա պատմում, որ Անուշավանը մի կարգին չտեսավ իրենց փոքրին` երրորդ զավակին, որ ընդամենը 3 ամսական էր, երբ նա զոհվեց… Հետո ասում, որ մտադիր էին մի Անուշավան էլ ունենալ, բայց սկեսուրը չխրախուսեց, ասաց` Անուշավանը չվայելեց իր կյանքը, ում հորեղբոր` վաղ տարիքում մահացած որդու անունն էին դրել…

Ինձ համար առավելապես հաճելի էր, որ տեգոր մասին այսպես սիրով, այսպես պատասխանատու ու խորին հարգանքով պատմում էր տան 12 տարվա հարսը` Շահանդուխտ Համբարձումյանը, եւ ասում, որ այս տարիների ընթացքում որեւէ անախորժություն, որեւէ խոսքուզրույց չի եղել իրենց տանը, ու Անուշավանին հարգել է ոչ միայն որպես տեգր, ոչ միայն որպես լավ մարդ, հայրենասեր զինվոր, այլեւ` մի երիտասարդ, ով ավելի շատ ապրում էր կողքինի համար, քան` իր, ով ավելի պատասխանատու էր կողքինի հանդեպ, քան` իր… ու մինչեւ վերջ էլ այդպես ապրեց ու այդպես էլ անմահացավ… «Մենք գիտենք, որ նա սուրբ գործի համար է նահատակվել, մեր մխիթարությունը դա է… Նրա հիշատակը պահում ենք այնպես, ինչպես բոլոր հայ օջախներում, որտեղ նահատակ կա…»,– ասում է Շահանդուխտը, հետո շնորհակալություն հայտնում ինձ` իմ գրչով մեր նահատակների գործը, անունը, պայքարը ապրեցնելու, անողոք ժամանակի մոռացության փոշին նրանց սրբազան անունների վրայից սրբելու եւ մեր հերոսապատում տարեգրությանը պահ տալու համար…

Հազարերորդ անգամ համոզվում եմ, որ մեր ուժը, մեր զորությունը, մեր հավերժումը այս պարզ, հասարակ, ազնիվ ու համեստ ընտանիքների մեջ է: Նրանք են հայրենիքը, նրանք են ազգը, նրանք են հողը, նրանք են երկիրը եւ նրանք են երկիրը շենացնողն ու պահողը…

Հավերժ խոնրահում այս տան սուրբ նահատակին, հավերժ փառավորում` այս ընտանիքի ապրողներին, որ հայրենյաց նահատակին ապրեցնողներն են…

Հ.Գ. Ու ինչքա~ն հեշտ էր պատմության գրքերով ընկալվում ցանկացած պատերազմ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Արցունքս թողել եմ տանը, սրբել աչքերս ու տնից դուրս եկել… Զոհված Գեւորգ Բաբաջանյանի մայր

Տեղադրվել է - Հոկտեմբեր 25, 2021 0
Գեւորգը բնունիսեցի Արթուր Բաբաջանյանի եւ Լիլիթ Սողոմոնյանի վեց զավակներից երկրորդն էր, երկու տղաներից` մեծը: Բազմազավակ ընտանիքի երեխաները խինդով, ուրախությամբ, համ…

ՎԱՂԸ ՎԱՐԴԱՎԱՌ Է…

Տեղադրվել է - Հուլիս 22, 2023 0
Այս տարի ամռան ամենաշոգ օրերի ամենաուրախ եւ ջրառատ տոնը՝ Վարդավառը, Հայաստանի գյուղերում եւ քաղաքներում նշվել է հուլիսի 16-ին: Իսկ այ…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code