44-օրյա պատերազմի նահատակ Հայկ Օհանյանը զորակոչվել էր «Ես եմ» ծրագրով

Տեղադրված է at Մարտ 3, 2022
1143 0

Ծրագիրն առաջին անգամն էր կիրառվում, եւ դեռեւս հայտնի չէր` ինչ ընթացք կունենա, բայց Հայկը ետ չկանգնեց իր որոշումից ու 2018-ի հունվարին Արարատի զինկոմիսարիատից մեկնեց բանակ: Ծառայում էր Ասկերանում: Այս իրողությունը շատ բան է ասում Հայկի մասին: Առաջին հերթին` դժվարությունների առաջ չընկրկելը, ընկերների համեմատ` մեկ տարի ավելի ծառայելու փաստից չերկնչելը, կայանալու, սեփական ուղին գտնելու վստահությունը ամրապնդելը: Թեպետ հայրը եւ մայրը դեմ էին, Հայկը սեփական ցանկությամբ կայացրեց հայրենիքի հանդեպ իր պարտքը «Ես եմ» ծրագրով առաջնագծում ծառայության անցնելու որոշումը: Իր ապագան հայրենիքում կառուցելու հնարավարությունը այդպես էր տեսնում, դա էր համարում հայրենիքի հետ իր ներքին կապը խորացնելու ճանապարհը:

Մայրը` Մերի Ավետիսյանը պատմում է, որ երբ Հայկը 7-8 հոգու հետ մասնակցում էր «Ես եմ» ծրագրով զինվորական ծառայության անցնելու ընտրության փուլին, երազել է, որ որդին չընտրվի, սակայն բոլոր դիմորդների մեջ ընտրել էին Հայկին, ապա հավելում է, որ եղել են դեպքեր, երբ վեց ամիս ծառայելուց հետո ոմանք, չդիմանալով դժվարություններին, հրաժարվել են ծրագրից, բայց Հայկը տոկուն էր, կամային, սկզբունքային ու շարունակեց ծառայությունը:

Որ Հակը գիտակցաբար էր ընտրել ծառայության այդ ձեւը, վկայությունն է նաեւ ծառայությունից որոշ ժամանակ անց ՀՀ լրատվամիջոցներից մեկի նկարահանած ռեպորտաժը, որտեղ իրեն ուղղված` ծառայության ընթացքի մասին հարցին վստահաբար ասել է` ինչքան էլ սովորենք, էլի տեղ ունենք սովորելու, բայց եղածն էլ բավարար է, որ շուն թուր.ին դաս տանք:

Արձակուրդներին Հայկը տուն էր գալիս, օգնում ընտանիքին, ընկերներին: «Անսահման բարի էր, կամեցող, ընկերասեր, չափված-ձեւված, մեկ հայացքից գիտեր` ուրախ եմ, տխուր եմ: Հայկը շատ լավ նկարում էր: Արձակուրդներից մեկի ժամանակ Քրիստոսի նկար նկարեց, մեկը նվիրեց եղբորը` Արսենին, մյուսը` ինձ ու ասաց` պահիր հիշատակ, ես զգում եմ, որ մի բան է լինելու, պատերազմ է սկսվելու ու ինձ պայթեցնելու են…Նրա երազները եւ կանխատեսումները, ցավոք, ճիշտ էին դուրս գալիս: Պատերազմի ժամանակ ասել եմ` փախիր, ասել է` մամ, չեմ կարող: Երբ զգում էր, որ լաց եմ լինում, խնդրում էր չլացել, դուխով լինել, ասում էր, որ դու լացում ես, ես կոտրվում եմ… Բայց մի անգամ էլ ինքը լաց եղավ, ասաց` մամ, շատ ընկերներ եմ կորցրել… Իմ 4 երեխաների մեջ Հայկը, իրոք, ուրիշ էր, նրա սիրտը, նրա միտքը, նրա հոգին ուրիշ էր: Ասում էր` մամ, չնեղանաս, բայց մորքուրին քեզ հավասար սիրում եմ: Ինձ համար դժվար է Հայկի մասին խոսել ու պատկերացնել, որ չկա, բայց նա ինձ հետ է, իմ հոգում, իմ սրտում, իմ մտքում, ու դա է ինձ ուժ տալիս, ապրում եմ հավատով, որ ինձ հետ է: Մեծ տղայիս` Նարեկի ժպիտը, խոսելը, քայլելը լրիվ Հայկն է: Դա էլ է ինձ ուժ տալիս, որ Հայկս կա, մեզ հետ է: Ի՞նչ պիտի ցանկանա Հայկի նման զավակ կորցրած մայրը` միայն խաղաղություն, թող ոչ մի մայր որդի չկորցնի: Ցավալի է, ցավոտ է»,– ասում է Մերի Ավետիսյանը:

Նախկին զինվորական հայրը` Նվեր Օհանյանը, որ 2010 թվականից ԱԱԾ սահմանապահ զորքերի կազմում ծառայում էր Հորադիզ-Մեղրի հատվածում,  առաջին անգամ վիրավորվել է 90-ականների արցախյան պատերազմի ժամանակ, երբ ժամկետային զինծառայող էր, երկրորդ անգամ` ապրիլյան քառօրյային կոնտուզիա ստացել, չէր խրախուսում որդուն անցնել այն ճանապարհը, որով ինքն էր անցել:

«Հայկը զինվորական կյանքը սիրում էր, անդամագրվել էր պատանի երկրապահների շարքերին, իմ զինվորական կյանքն էլ անընդհատ աչքի առաջ էր, ուզում էր զինվորական դառնալ: Պատերազմի օրերին զանգում-խոսում էր, ասում էր` պապ, երանի քեզ նման լինեմ, մտածում էի գնալ իր մոտ, չէր ցանկանում, ասում էր` մնա թիկունքում: Պատերազմի օրերին ոչ մի անգամ չտրտնջաց, չբողոքեց, չկորցրեց իր աշխույժ, ուրախ տրամադրությունը: Ծառայության ավարտին մնացել էր երեք ամիս, երբ 2020-ի սեպտեմբերի 27-ին պայթեց սանձազերծ պատերազմը: Ռազմական գործից լավ էր հասկանում, բավականաչափ գիտելիքներ ուներ, երբ խնդրում էի օդային հարվածներից զգուշանալ, հանգստացնում էր, ասում` գիտի իր անելիքը: Հայկը շարքային էր, դիրքի պատասխանատու, շուտով սերժանտի կոչում պիտի ստանար, բայց… Հայկը մասնակցել է Վարանդայի, Ջրականի մարտերին: Վերջին անգամ խոսել եմ հոկտեմբերի 7-ին: Հոկտեմբերի 10-ին որդուս զոհվելու չարագույժ լուրը հասավ մեզ: Երկու ամիս հետո` դեկտեմբերի 7-ին Գորիսից մեզ հանձնեցին նրա աճյունը: Դեկտեմբերի 11-ին հուղարկավորվեց Եռաբլուրում` իր մարտական ընկերների կողքին, որոնց հետ կռվեց, որոնց հետ ընկավ հանուն հայրենիքի»,– ասում է Հայկի հայրը` Նվեր Օհանյանը ու նշում, որ ոչինչ չի մխիթարում իրեն, ոչինչ չի մեղմում իր ցավը, ապա հավելում` ամեն մեկը թող պատկերացնի` իր տղան է, ոնց որ հատուկ ջոկած լիներ…

Չհամաձայնել չես կարող… Իսկապես, հատուկ ջոկած տղաներ էին, ընտրովի սերունդ, որ իր թանկ արյամբ ի~նչ զոհաբերումով «ոռոգեց» հայրենի հողը, որից պիտի միայն հաղթանակի ծիլեր բարձրանան… Միայն դա է նրանց արժանի հատուցումը, ուրիշ հնար չկա…

Սիսիանի Նորավան գյուղում 1999 թվականի դեկտեմբերի 6-ին ծնված Հայկ Օհանյանը մեկ տարեկան էլ չի եղել, երբ ընտանիքը տեղափոխվել է Արարատ: Հայկը սովորել է Արարատում, բայց հանգամանքների բերումով վերջին տարին` Նորավանի միջնակարգ դպրոցում: Նրա մասին առանձնակի սիրով է խոսում Նորավանի դպրոցական ընկերուհին` Անտիկա Վարդազարյանը: Պատմում է, որ Հայկը շատ լավ երկրաչափական պատկերացումներ ուներ, գծագրեր էր գծում, ինչպես իր հայրը` սիրում էր խաչքարեր նկարել ու շատ էր նկարում, տաղանդավոր էր, պատրաստակամ, երբ ընկերներով արշավի էին գնում, անհրաժեշտության դեպքում օգնում էր բոլորին: «Մի տարի Հայկը իրենց դասարանի միակ աշակերտն էր, ու հաճախ էր մեր դասարանի հետ պարապմունքներ անում: Շատ էինք զրուցում: Էնքան հավեսով էր խոսում իր ապագա ընտանիքից, երեխաներից: Հայրենասեր էր, բարի, մարդասեր: Շատ էր խոսում նաեւ պատերազմից, ասում էր` թուրքից չեմ վախենում, եթե դիրքերում դեմը դուրս գա, չեմ փախչի, կխփեմ: Շատ եմ ցավում Հայկի համար, շատ եմ ափսոսում: Հայկը տարբերվող էր, յուրահատուկ, ներդաշնակ, սիրուն էր եւ ներքինով, եւ` արտաքինով, անչափ հոգատար էր… Ափսոսում եմ, որ երազանքները թերի մնացին, նպատակները` անկատար, մինչդեռ այնքա~ն փայփայանքով ու հավեսով էր այդ մասին խոսում…»,- ասում է Անտիկան ու խորապես ցավում Հայկի նման յուրահատուկ, հայրենասեր տղային կորցնելու համար, բայց եւ վստահեցնում, որ նրա լուսավոր հիշատակը վառ է իր եւ բոլոր ընկերների սրտերում:

Ամենացավալին, ամենազարհուրելին, ամենաանմարդյակինն ու մերժելին այն է, որ երբ գրում եմ 44-օրյա պատերազմի նահատակ Հայկ Օհանյանի մասին, նույն այդ պահին պատերազմում են ուկրաինա-ռուսական բանակները, ու նորից մարդիկ են զոհվում, ու նորից` տեղահանություն, նորից ավերված տներ, քանդված գյուղեր ու քաղաքներ: Մենք սփոփում ենք իրար, քանի որ պատերազմի հորձանուտում մեր ազգականներն են, մեր հարազատները, իմ ընտանիքի մի մասը, պարզապես` աստծո ստեղծած մարդիկ, որ ծնվել են երջանիկ լինելու համար, մինչդեռ…Աշխարհին խաղաղություն ենք ցանկանում եւ Սահյանաբար բարբառում`

Ախ, ես այս ծեր աշխարհին, Եվ այս ծծկեր աշխարհին, Այս իմ ու ձեր աշխարհին, Ի՞նչ ասեմ, որ հասկանա: Այս վերամբարձ աշխարհին, Այս փոխադարձ աշխարհին, Անբանի բարձ աշխարհին Ի՞նչ ասեմ, որ հասկանա: Այս հանցավոր աշխարհին, Վաղանցավոր աշխարհին, Խեղճ ու հզոր աշխարհին Ի՞նչ ասեմ, որ հասկանա: Տեր ու անտեր աշխարհին, Այս անհամբեր աշխարհին, Այս անտարբեր աշխարհին Ի՞նչ ասեմ, որ հասկանա..

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԻՄ ՈՏՔՈՎ ԿԳԱՄ, ԹԵ` ՈՒՐԻՇԻ ՁԵՌՔԵՐԻ ՎՐԱ, ԴՈՒՔ ԻՐԱՐ ՀԵՏ ԼԱՎ ԵՂԵՔ… 44-օրյա պատերազմի նահատակ Մարատ Հակոբջանյան

Տեղադրվել է - Նոյեմբեր 8, 2021 0
Շամբամիջայն հրապարակում, որ արցախյան քառօրյայի նահատակ, համայնքի երջանկահիշատակ ղեկավար Մայիս Միրզոյանի անունն է կրում, ինձ դիմավորեց Սիսիան համայնքի Դարբաս-Շամբ գյուղերի…

ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՍԻՍԻԱՆԻ «ԹԱՔՆՎԱԾ» ԳԱՆՁԵՐԸ…

Տեղադրվել է - Նոյեմբեր 28, 2024 0
Սիսական փողոցի աջ մայթից աստիճաններով բարձրանում ես սիսիանցիներին քաջ հայտնի` Սիսիանի առաջին կաֆեի շենք, ու հայացքիդ առջեւ բացվում է անհավանական,…

Տղայիս դժվար պահեցինք, հեշտ կորցրեցինք … Սեպտեմբերի 19-ին Արցախում զոհված Անդրանիկ Պետրոսյանի մայր

Տեղադրվել է - Նոյեմբեր 1, 2023 0
Սպանդարյանցի Վաչագան Պետրոսյանն ու Անգեղակոթ գյուղից նրա օջախ հարս եկած Նորվարդ Մկրտումյանն ամուր, հայկական ավանդական օջախ հիմնեցին, հող վարեցին, արտ…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: