2016, ԱՊՐԻԼԻ 3. ԵՎ ԴԱՐԻՑ ԵՐԿԱՐ ՁԳՎՈՂ ՕՐԸ…

Տեղադրված է at 11:10
1241 0

2016-ի ապրիլի 1-2-ին 18-20 տարեկան զինվոր- տղերքը սահմանին արդեն հաղթել էին մահին ու անմահացել, մինչդեռ մենք, անգիտությամբ բախտավոր, դեռ խաբար չէինք… Մենք մի քիչ ուշացումով տեղեկացանք կարճատեւ պատերազմը սկսելու մասին, որ հետո ապրիլյան քառօրյա պիտի կոչվեր…

Մեր ապրիլը նորից ապրելու ապրիլ էր…

Ապրիլի 2-ի գիշերը մի կերպ լուսացավ: 3-ի առավոտյան Սիսիանի եկեղեցում սպասում էինք ազատամարտիկներին: Առաջնագիծ պիտի ճանապարհեինք… Նախապես պայմանավորված ժամից ուշ եկան, հետո իմացա, որ երկրապահի գրասենյակում են, զենք ու զինվորական համազգեստ են ստանում: Եղանակը ցուրտ էր:

Տղերքը եկան… Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պահպանիչ աղթոք կարդաց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հայր Մակարը: Տղերքը եկեղեցուց դուրս եկան եւ իջան պանթեոն` հրաժեշտ տալու մեծ Ազատամարտի ժամանակ նահատակված ընկերներին: Մեկ-մեկ խոնարհվեցին բոլորին, ձեռքով հպվեցին նրանց տապանաքարին, մտովի երդվեցին… Լռությունը խորն էր, խորհրդավոր… Միայն շրպացող անձրեւի ձայնն էր լսվում տղաների տապանաքարերին ընկնելիս, որ ասես նրանց սրտի տրոփն էր, ու արձագանքվելով տարածվում էր շուրջբոլորը…

Եկեղեցուց դուրս գալիս Ախլաթյանի համայնքապետ Արմեն Բեգլարյանի հետ իջանք պանթեոն տանող աստիճաններով, ասացի` սպասում ենք, բարով վերադարձեք… Անձրեւը տեղատարափի փոխվեց: Ոտքից գլուխ ջրաթաթախ էի, բայց ուզում էի ոչ մի պահը բաց չթողնել: Ինձ համար չէի հոգում, դարդս լուսանկարչական ապարատս ու ձայնագրիչս էին, որից ջուրը ծլլում էր, ու վախով լցնում սիրտս` չլինի հանկարծ փչանան ու էս ամենը կորի… Իմ ընկեր Տիգրան Պապիկյանը նկատել էր, որ թեւիցս անձրեւանոց է կախված, բայց ձեռքերս զբաղված էին, չէի կարողացել բացել եւ պաշտպանվել տեղատարափից, մոտեցավ, վերցրեց անձրեւանոցը, բացեց, որ, գոնե, լուսանկարչական ապարատն ու ձայնագրիչը չփչանան… Տղաներին ճանապարհեցինք` բարի վերադարձի մաղթանքով… Նրանց գնալուց հետո պանթեոնում անբացատրելի անդորր էր…

Հետո հոդված գրեցի տղաներին առաջնագիծ ճանապարհելու մասին…

Այդ օրը եղանակն էլ էր տարօրինակ… Թվում էր` սահմանի պատերազմը տեղափոխվել էր երկինք… Մերթ ընդ մերթ երկինքը պարզում էր, արեւը հաղթում էր սեւ-մութ ամպերին, ավելի ուշ ձյուն եկավ… Ասես` «ձյուն մաղեց մեր բաց գլխին, ձյուն մաղեց կրակի պես…»: Սիսիան-Գորիս ճանապարհը դժվարանցանելի էր, գրեցին, որ թշնամին, անգամ, դա էր հաշվի առել, մտածելով, որ օգնական ուժերը չեն կարողանա տեղ հասնել… Բայց լույսի պես զինվոր-տղերքը` Ադամներն ու Արմենկաները իրենց անելիքն արդեն արել էին… Սահմանը պինդ էր, նրանք …չկային..

Ապրիլի 4-ի գիշերը դժվար անցավ, կամ` չանցավ… Չարագույժ լուրերն արդեն բռնել էին երկիրն ու երկինքը… Ահասարսուռ էր, երբ սիսիանցիների` անօդաչու թռչող սարքի գնդակոծությունից զոհվելու գույժը հասավ… Դեռեւս անուններ չկային, բայց ի՜նչ տարբերություն…. Բոլորն էլ մեկ անուն ուներին` մեր տղերքը… Տանջալիորեն երկար սպասելուց հետո սիսիանցիների զոհվելու մասին հրապարակում տեղադրեցի vorotan.am կայքում… Գիշատիչ եւ մարդակուլ արագությամբ այն տարածվեց: Մարիամս տագնապահար հաղորդակով գրեց` ջնջեք, հավաստի չէ… Ես մեռած էի… չէի զգում, չէի շնչում, չէի ապրում, ատամներս զնգզնգում էին, ձեռքերս` դողում, ու չէի կարողանում հեռացնել «սուտ» ինֆորմացիան: Ցնցվում էի, դողդողում, որ տղաների զոհվելու մասին «սուտ» լուր էի հրապարակել եւ ինձ անասելի մեղավոր էի զգում… 25 տարվա մեջ առաջին անգամ կյանքում անիծեցի լրագրող լինելս… Հետո մի կերպ ինձ տիրապետելով` «հեռացրեցի» սիսիանցիների զոհվելու մասին «սուտ» ինֆորմացիան… Պարզվեց` չէի հեռացրել, միտքս չէր գործել, կարկամել էի, ու չէի կարողացել հեռացնելու հրահանգները տալ… Մի քանի րոպե հետո իմ վստահելի աղբյուրը հաղորդակով գրեց` ցավոք, սուտ չի… Հետո ահ ու դողով սկսեցին անուններ տալ` զոհված սիսիանցիների անունները… Մայիս Միրզոյանի անունն էլ… Թերթեցի լուսանկարչական ապարատս… Օ, տեր աստված… Ասես հատուկ լուսանկարչական ապարատի օբյեկտիվը «որսացել էր» հենց նրան` մտահոգ, տխուր, անտրամադիր` եկեղեցի մտնելիս… Տղաները նրան փորձել էին ետ պահել, առողջությունը վատ էր, վիրահատվել էր, բայց…  Զոհված տղաներից միայն Սերգեյ Դանղյանին չէի ճանաչել, նրան էլ գտա իմ լուսանկարներում…

Հետո Եղիշի անունը տրվեց… Իմ մանկության եւ պատանեկության ընկեր ու համագյուղացի Եղիշե Նիկալյանի… Եկեղեցուց դուրս գալիս հարազատաբար ձեռքը թափահարելով հարցրել էր` Արեւ, ինձ նկարել ե՞ս… Եղիշի սիրտն էլ է վկայե՞լ… Բայց իմ ՖԲ էջում տեղադրեցի ոչ թե այդ օրվա, այլ մեկ ուրիշ առիթով արված` Եղիշեի նկարը` պանթեոնում շաբաթօրյակ էր, տղաները եղեւնիներ էին տնկում մարտական ընկերների հիշատակին… Ու համացանցում տարածվեց Եղիշեի եւ Մայիս ամու հենց այդ նկարները… Ամեն անգամ, երբ ապրիլյան զոհերի խմբանկարն է պտտվում համացանցում, ու այնտեղ Մայիս Միրզոյանի եւ Եղիշե Նիկալյանի` իմ արած նկարներն են, կրկին ապրում եմ դարից էլ երկար ձգվող այդ օրվա ամեն մի պահը, ամեն մի վայրկյանը, ամեն ակնթարթը…

Հետոն, պարզվեց, ավելի ահավոր ու ցավատանջ էր… Երբ ապրիլի 5-ին սիսիանցի զոհված տղաների աճյունները Սիսիան տեղափոխեցին, միանգամից` հինգին, պատկերացնո՞ւմ եք` հինգին, ասես դժոխքն իր ոտքով Սիսիան էր մտել… Դրան գումարած` մի քանի վիրավոր տղաների մասին անհայտ ու անորոշ, հուսահատեցնող ու տանջող լուրերը: Ախր երեկ էինք ճանապարհել… Այդ օրը «Առավոտ» թերթի լրագրող Ռուզան Մինասյանն էլ էր Սիսիանում… Գժվելու, ցնորվելու, խելքամաղ լինելու վիճակ էր… անհասկանալի ու անհավատալի վիճակ, Սիսիանը վշտի ու ցավի ծով էր` տարուբերվող, օրորվող, ալիքվող, անվերջ ցավի ծով… Հիշում եմ միայն Ռուզանի` «Արեւ, քեզ հավաքիր, մեղք ես…» սթափեցնող խոսքերը…

Հետո մի քանի օր զինվոր էինք թաղում… Ես կրկնակի էի թաղում` պանթեոնից հետո նրանց հուղարկավորման մասին նյութերն էի գրում` նորից ապրելով ու վերապրելով հայրենյաց զինվոր կորցնելու ցավն ու ափսոսանքը…

Երբ 2016-ի ապրիլի 3-ին պանթեոնից տղաներին ճանապարհում էինք առաջնագիծ, այս հատվածը կանաչապատ էր… Մի քանի օր հետո այս նույն տարածքի կանաչը «կարմրեց» ցավից, տղաների շիրիմներին թափվող համազգային ցավից…

Այժմ այս նույն տեղում մահին երկրորդ անգամ հաղթած ութ ազատամարտիկների` Մայիս Միրզոյանի, Արմեն Բեգլարյանի, Էդուարդ Ալեքսանյանի, Սերգեյ Դանղյանի, Սեդրակ Ասրյանի, Եղիշե Նիկալյանի, Արմեն  Հովհաննիսյանի, Կարո  Համբարձումյանի տապանաքարերն են: Դավիթ Սարգսյանը հուղարկավորվեց հայրենի Շաղատ գյուղի պանթեոնում…

Ճակատագիրը նրանց միավորել էր հայոց մեծ Ազատամարտում, նույն ճակատագիրը մարտական ընկերներին վերստին միավորեց նաեւ հավերժի ճամփաներին…

Ապրիլի երեք… օր, որ ձգվում է անվերջ, անդադար ու ձգվում է դարից երկար…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

3.03.2018

 

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԻՆՉՔԱՆ ՇԱՏ ԼԻՆԵՆ ԳՄԲԵԹՆԵՐԸ, ԱՅՆՔԱՆ ԱՆԽՈՑԵԼԻ ԿԼԻՆԻ ՄԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Տեղադրվել է - Մայիս 15, 2023 0
Սիսիանի բնակավայրերից մեկի մերձակայքում, որտեղ դեռ թարմ է վերջին շրջանի ռազմական գործողությունների հիշողությունը, երիտասարդների մի խումբ շինարարական աշխատանքներ է կատարում:…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code