Տարոն Ֆիլիպոսյան. ՄԵՆՔ ԶԻՆՎՈՐԻՆ ԾԱՓԵՐՈՎ ԵՆՔ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄ…

Տեղադրված է at Ապրիլ 7, 2021
597 0

Սիսիանի պանթեոնում այսօր նոր շիրմաթումբ ավելացավ, նոր անուն անմահացավ հայոց մեծ ազատամարտի ոսկեմատյանում, նոր ոսկեհունդ ի պահ տրվեց հայոց սխրագործ հողին… Մի պայծառ երիտասարդ, մի շնորհաշատ քաջորդի, մի տաղանդավոր սիսիանցի` Տարոն անունով, ում մասին անվանի գեղանկարիչ Արամ Իսաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս սիրուն, առնական տղան Ֆիլիպոսյան Տարոնը Հայաստանի Պետական Ակադեմիայի ուսանող էր, ուզում էր դառնալ քանդակագործ եւ կդառնար, որովհետեւ շնորհալի էր եւ աշխատասեր, բայց զոհվեց հանուն Հայրենիքի եւ սրբացավ, խորը կսկիծով ցավակցություններս եմ հայտնում հերոսի հարազատներին, ընկերներին եւ մեզ բոլորիս։ Աստված հոգին լուսավորի»:

Իսկ Սիսիանի ավագ դպրոցը, որի շրջանավարտն էր Տարոնը, իր էջում գրեց, որ իր նախկին սան Տարոն Ֆիլիպոսյանը ժառանգել էր անկախության սերնդի բոլոր լավագույն հատկանիշները` խիզախությունը, հաղթական ոգին, անկախության հարգը, ինքնահաստատման ջիղը, եւ, գոտեպնդված հայ դյուցազուն հերոսների հզոր ոգով, խոյանքներով, հայրենիքի համար մեռնելու պատրաստակամությամբ, փառքի աննախընթաց դափնիներով զարդարեց հայ զինվորի` իր ճակատը, որը կդառնա մշտաձեւ ոգևորության անսպառ աղբյուր:

Անավարտ թողնելով կրթությունը Հայաստանի Պետական Ակադեմիայում ` Տարոն Ֆիլիպոսյանը զորակոչվել էր հայոց բանակ, Արմավիրի ուսումնական կենտրոնում ստացել մասնագիտական գիտելիքներ եւ զինվորական կոչում, ապա տեղափոխվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակ որպես կրտսեր հրամանատար: Ծառայության ընթացքում ստացել է ավագ սերժանտի կոչում, արժանացել շնորհակալագրերի եւ շքանշանների:

Մեծարանքի եւ խոնարհումի, երախտագիության եւ խնկաբույր այլ խոսքեր էլ հնչեցին Տարոն Ֆիլիպոսյանի հասցեին հերոսական ու մարտական այս փառավոր օրերին, ու համոզմունք դարձավ այն գաղափարը, որ եթե այս լուսավոր տղան երկրային կյանքում չհասցրեց իրականացանել ապագա քանդակագործի իր ոսկեկուռ երազանքները, իր 20-ամյա կյանքը դրեց հայոց պետության երազանքների իրականացման զոհասեղանին` անմահության փառքով պսակելով իր լուսե ճակատը:

Սիսիանի պանթեոնում, հուլիսյան օրերին Տավուշում զոհված իր ընկերոջ` Գրիշա Մաթեւոսյանի կողքին, այսօր հուղարկավորվեց սեպտեմբերի 27-ին Արցախում նահատակված Տարոն Հրայրի Ֆիլիպոսյանը: Հնչեցին հերոսական խոսքեր: Դամբանախոսը հազար փառք տվեց Տարոնի նման զավակ երկնած մորը, որ նման քաջորդի է պարգեւել ազգին, հազար փառք տվեց Տարոնի հորը, որ դաստիարակել է նրա նման հայրենասեր ու ազգանվեր որդի, հավատամքով, որ նման ընտանիքներն են պետության հզորացման եւ հարատեւումի հենասյուները: «Տարոնը եւս մեկ անգամ ապացուցեց, որ այսօրվա անկախության սերունդը նվիրված, հավատարիմ ու արժանի է իրենց պապերի հայրենանվեր գործին»,- դամբանական խոսքն ամփոփեց Լեւոն Մարտիրոսյանը եւ նշեց, որ Տարոն Հրայրի Ֆիլիպոսյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է մարտական ծառայության մեդալով:

Մենք զինվորին ոչ թե ողբով, ոչ թե` կոծով, ոչ թե` աղաղակով, այլ` զսպված ցավով, հոգեհանգստյան աղոթքով, անասելի ափսոսանքով ու հպարտությամբ, նաեւ` ծափերով ենք հավերժություն ճանապարհում…

Սիսիանցիներն այսօր ահա այսպես հավերժություն ճանապարհեցին այս պայծառ, լուսավոր, այդպես էլ քանդակագործ չդարձած տաղանդավոր հայորդուն, ով մեր հերոսամարտում կմնա հավերժ զինվոր…

Հանգչիր խաղաղությամբ, հայրենիքի զինվոր…

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

30 սեպտեմբեր

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԵՍ ԶՈՀՎԵԼ ԵՄ ԱՄԵՆ ԶԻՆՎՈՐԻ ՀԵՏ ՈՒ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՄ ԶՈՀՎԵԼ… Զոհված Արայիկ Սաֆյանի մայր

Տեղադրվել է - Սեպտեմբեր 16, 2021 0
Հոկտեմբերի 12-ին միաժամանակ չորս նահատակ զինվոր էինք հուղարկավորում Սիսիանի պանթեոնում: Հոկտեմբերի 12-ի թաղման թափորի մեջ լուսանկարներ անող ֆոտոխցիկս մեկեն կանգ…

ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ, ԶԻՆՎՈՐ…

Տեղադրվել է - Հուլիս 9, 2021 0
Որքան վաղուց իմ գրիչն ուրախ նյութեր չի գրել, որքան վաղուց իմ ֆոտոխցիկը ուրախությունից ճառագող դեմքեր չի տեսել, որքան վաղուց ես…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code