ՀԵՐՈՍԻՆ ՉԵՆ ՈՂԲՈՒՄ, ՀԵՐՈՍԻՆ ՓԱՌԱԲԱՆՈՒՄ ԵՆ… Խաչքար` նվիրված 44-օրյա պատերազմի նահատակ Գեորգի Միքայելյանին

Տեղադրված է at Նոյեմբեր 13, 2021
1296 0

Շամբի միջնակարգ դպրոցի պատին Մակիչ Ասրյանի եւ Մարատ Հակոբջանյանի հիշատակի ցուցապաստառների կողքին ավելացավ եւս մեկը` նվիրված 44-օրյա պատերազմի նահատակ Գեորգի (Ժորա) Վարդանի Միքայելյանին:

Գեորգին տան միակ զավակն էր, մինուճար որդին: Ծնվել է 2001-ի հունիսի 18-ին Սանկտ-Պետերբուրգում: 2004-ին, երբ ընդամենը երեք տարեկան էր, տեղափոխվել է հոր ծննդավայր` հայրենի Շամբ: 2007-2016 թ.թ.-ին սովորել է Շամբի միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո տեղափոխվել է Երեւան, երեք տարի սովորել 4-րդ ահեստագործական ուսումնարանում, յուրացրել խոհարարի մասնագիտության նրբությունները, զուգահեռ աշխատել «Փարքինգ» արագ սննդի կետում:

Լինելով Ռուսաստանի դաշնության քաղաքացի, կարող էր ազատվել զինվորական ծառայությունից եւ չգնալ բանակ, բայց իր կամքով եւ անդրդվելի ցանկությամբ 2019-ին հուլիսի 9-ին զոչակոչվեց բանակ, ծառայեց Արցախի հանրապետության Ջրականի զորամասերից մեկում, 2020 -ի փետրվարի 24-ից տեղափոխվեց Նուբարաշենի` դիպուկահարների պատրաստության դպրոց, գերազանցությամբ հանձնեց կրակային պատրաստությունը, ստացավ երրորդ կարգի զինվորականի կոչում եւ հունիսի 24-ին տեղափոխվեց Արցախ` շարունակելու ծառայությունը: Գեորգի Միքայելյանն ընկել է քաջի պես` 2020-ի սեպտեմբերի 27-ին, Ջրականի շրջանի Մաջալու գյուղի շրջակայքում: Սակայն զոհվելուց 7 ամիս հետո են միայն գտնվել նրա մասունքները եւ ապրիլի 25-ին ամփոփվել Սիսիանի պանթեոնում:

Շամբի միջնակարգ դպրոցում նոյեմբերի 12-ին «Կյանքս` հայրենիքիս, պատիվս` ինձ, անունս` հավերժությանը» խորագրով կազմակերպված հուշ-ցերեկույթը նվիրված էր Գեորգի Միքայելյանին` հավերժացնելու նրա հիշատակը, արժեւորելու եւ գնահատելու նրա զոհաբերումը, հավաստելու նրա հավերժ ներկայությունը ոչ միայն դպրոցում, այլեւ` ապրողներիս հոգում եւ պատմության քառուղիներում, ինչպես նաեւ` ամեն տարի նոյեմբերի 12-ը գյուղում հիշատակելու որպես Ժորա-Գեորգիի ոգեկոչման օր:

Դպրոցի սաները դրվագներ ներկայացրեցին իրենց սիրելի շրջանավարտի, իրենց բացառիկ համագյուղացու, ազնիվ ու ժտպտադեմ երիտասարդի մասին, լուսապատկերներով ցուցադրեցին պահպանված կադրեր, որոնք բնորոշում եւ բնութագրում էին այն լուսապայծառ պատանուն ու այն պատվախնդիր երիտասարդին, ով հայրենքին տվեց ամենաթանկը` կյանքը…

Ի մասնավորի նշվեց, որ ինչպես 44-օրյա պատերազմի նահատակներ Գեորգի Միքայլեյանն  ու Մարատ Հակբոբջանյանը, այնպես էլ արցախյան առաջին պատերազմի նահատակ Մակիչը Ասրյանը, ում անունով էլ կոչվում է դպրոցը, եւ մեր բոլոր նահատակներն ընկել են, որ ծաղկի հայրենիքի ծառը, ընկել են, որ այսուհետ ոչ մի աթոռ չաղաղակի դատարկությունից, ընկել են, որ բարձրանա հայրենիքը եւ չլինեն նոր ընկածներ…

Խոսելով նման միջոցառումների, նման հուշ-ցերեկույթների կազմակերպման կարեւորության եւ անհրաժեշտության մասին, դպրոցի տնօրեն Սամվել Զաքարյանը նշեց, որ սրանք առաջին հերթին հայրենասիրության դասեր են, դաստիրակություն, միաժամանակ զգոնության, զգաստության ուղղակի եւ անուղղակի կոչեր, որ միշտ ե՛ւ հոգեբանորեն, ե՛ւ ֆիզիկապես պիտի պատրաստ լինենք պատերազմի, քանի որ մեր պատերազմը դեռեւս չի ավարտվել: «Ահավասիկ` արցախյան առաջին պատերազմը, որի ժամանակ զոհվեց մեր դպրոցի սան Մակիչ Ասրյանը, ահավասիկ` քառօրյա պատերազմը, որի ժամանակ զոհվեց մեր համայնքի ղեկավար Մայիս Միրզոյանը, եւ ահավասիկ` ամենադաժան` 44-օրյա պատերազմը, որի ժամանակ զոհվեցին մեր երկու աշակերտները` Մարատն ու Գեորգին: Դպրոց մտնող աշակերտն ամեն օր տեսնելով հիշատակի այս ցուցապատառները, դաստիարակվում են նրանց օրինակով եւ նրանց կերպարով, միաժամանակ խոնարհվելով նրանց հիշատակի առաջ` համակվում նրանց կիստ թողածը ավարտին հասցնելու եւ ամուր ու հզոր հայրենիք կառուցելու հոգեբանությամբ»,-ասում է դպրոցի տնօրենը եւ հավելում, որ ինքն էլ, բոլորի նման, ոչ թե պատերազմ է քարոզում, այլեւ` այն դիմակայելու մշտարթուն պատրաստվածություն:

Նույն օրը, դպրոցի միջոցառումից հետո, Շամբի լճափի մի հիասքանչ վայրում, որը Ժորկայի սիրած տեղերից էր, եւ որտեղ անցել են նրա ծիծաղախիտ մանկությունն ու պատանեկությունը, բացվեց խաչքար-հուշաղբյուր` «Մեզ բացակա չդնեք…» մակարգրությամբ: Ինչպես նշեցին ընտանիքի անդամները, այս վայրում Ժորկան եւ նրա ընկերները եղեգներից քողտիկ էին սարքում, լճում լողալուց հետո պատսպարվում, բայց ամեն անգամ քամին քշում-տանում էր այն, ինչը խորհրդաբանորեն համեմատեցին նրա կարճ կյանքի հետ, որ տարավ դաժան ու անողոք պատերազմը, ցավի չմարող ու չմեղմացող մուխ դնելով ծնողների, տատ ու պապի, հարազատների սրտում: Բայց նույն խորհրդաբանությամբ էլ նշեցին, որ այս լճափին նրա հիշատակի համար կառուցված խաչքարը, անկրկնելի գեղեցիկ բնապատկերով շրջանակված, կհարատեւի, կհավերժի` հավերժ ներկա պահելով իրենց կապուտաչ, պայծառ, լուսավոր Ժորկայի հիշատկն ու անունը, եւ ոչ մի քամի, ոչ մի հողմ, ոչ մի տարերք չի տապալի սերունդներին ի պահ տրված այս հուշաղբյուր-խաչքարը…

«Ժորան դաստիարակվել եւ հասակ է առել հայրենասեր ընտանիքում, ուստի պատահական չէր, որ նա էլ էր հայրենիքին նվիրված զավակ, ով ծառայեց Ջրականում, չլքեց դիրքերը, պաշտպանեց հայրենի հողը եւ ընկավ պատերազմի առաջին օրը` զենքը ձեռքին: Բայց Ժորայի եւ մեր բոլոր Ժորաների հիշատակը հավերժ է եւ կհավերժի սերունդների սրտում, ինչի հավաստում էր նաեւ նրան նվիրված հուշ-ցերեկույթի ժամանակ դպրոցի աշակերտների աչքերից հոսող արցունքի կաթիլները, վկայելով, որ մենք կանք եւ պիտի պայքարենք մեր երազած հայրենիքը ստեղծելու համար»-ասաց Շամբ-Դարբաս գյուղերի վարչական ղեկավար Սաշա Ստեփանյանը` մխիթարական խոսքեր ասելով ծնողներին, հարազատներին, ընտանիքի անդամներին եւ ողջ համայնքին, փափագելով, որ այսուհետ խաչքարեր տեղադրվեն ոչ թե պատերազմի նահատակների, այլեւ` աշխատանքի, գիտության, դպրության եւ մշակույթի հերոսների պատվին…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Երբեմն նեղանում եմ աստծուց, թե ինչու է ինձ այսքան ուժեղ ստեղծել… 44-օրյա պատերազմի նահատակ Արեգ Ազարյանի այրի

Տեղադրվել է - Նոյեմբեր 24, 2021 0
Արեգ Ազարյանի եւ Հերիքնազ Աղաջանյանի ընտանիքները Սիսիանի շրջանի Մորենի գյուղ են արտագաղթել 1992 թվականին` Շահումյանի շրջանից: 1994-ին Արեգի ծնողները տեղափոխվել…

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍՑԵՆ` ԲՆՈՒՆԻՍ, «ԷԴԳԱՐԻ ՏՈՒՆ». Պատը շարվի պիտի, ուրիշ հնար չկա, Կյանքն ապրվի պիտի, ուրիշ հնար չկա…

Տեղադրվել է - Օգոստոս 25, 2023 0
Սեպտեմբերի 27-ին Հադրութի զորամասերից մեկի զինծառայող, առաջին պաշտպանական գծի նռնակաձիգ Էդգար Մարգարյանի ծննդայն օրն էր. լրանում էր 20-ամյակը: Զորակոչվել էր…

ԼՌՈՒԹՅԱՆ ՄԱԵՍՏՐՈՆ. ԱՐՏԱՇԵՍ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Տեղադրվել է - Օգոստոս 14, 2021 0
…Ու լռությունն այդ զնգում-զրնգում է քաղաքով մեկ, աշխարհով մեկ, տիեզերքով մեկ: Զրնգում է այնտեղ, որտեղ տեղադրված են նրա քանդակները, զրնգում…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code