#ՀԱՂԹԵԼ ԵՔ. ԴԱՎԻԹ ԳԵւՈՐԳՅԱՆ… ՈՐԴԻԴ ԿԱՎԱՐՏԻ ՔՈ ԿԻՍԱՏ ԳՈՐԾԸ…

Տեղադրված է at 18:53
550 0

Տարին պանթեոնում փակեցինք… Տարին սկսում ենք պանթեոնում… Կրկին զինվոր ենք հանձնում հայրենի հողին` քառասունամյա պայմանագրային զինծառայող Դավիթ Գեւորգյանին:

Սեփական վերքերն ապաքինելով, սեփական ցավը իբրեւ հաց հարալիզելով` խորհում ենք, թե ինչպես պիտի մեզ հանենք այս պտույտից, ու շարունակենք ապրել արժանապատիվ, ապրել` արժանի լինելու նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին` մեր ապրելու համար…

Ոչ վաղ անցյալում երիտասարդ դուստր ու թոռ կորցրած Աշոտ եւ Սաթիկ Գեւորգյան ամուսինների սիրտը դեռ սգացյալ էր, վիշտը` չամոքված…  Բայց փորձում էին ցավը խեղդել ընտանիքի ավագ որդու` Դավիթի` 15-16 տարի հետո ծնված երկրորդ զավակի` պապիկի անունը կրող Աշոտ թոռան աշխարհ գալու ուրախությամբ, եւ ապրում էին` իրար ապրեցնելով… Բարի, ազնիվ, աշխատավոր մի ընտանիք, ուր սերն ու հարգանքն էր իշխողը, ուր ընտանեկան արժեքներն էին կարեւորը…

Նման ընտանիքում ծնված եւ մեծացած որդին` Դավիթը, իր Մխիթար եղբոր հետ կրողն ու շարունակողն էին այդ ավանդույթների…

Ինչպես պատմում են հարազատները, դեռեւս 8-9 տարեկան հասակում Դավիթը շատ կապված էր առաջին արցախյան հերոսամարտի մասնակից, ազատամարտիկ հորեղբոր` Մանվել Գեւորգյանի հետ, եւ երբ հորեղբայրը տուն էր գալիս, խնդրում էր իրեն կրակել, զենք քանդել-հավաքել սովորեցնել, խնդրում էր պատմել զինվորի առօրյայից, կռվից, հաղթանակից… Ու այդ հոգեբանությամբ էլ մեծացել էր, ինչպես որ արցախյան առաջին պատերազմից հետո մեծացող սերնդակիցներից շատերը… Ու, գուցե, նաեւ այդ ներքին զգացողությունն էր, որ նրան կապեց զինվորականի կյանքին, եւ Դավիթը պայմանագրային ծառայության անցավ Սիսիանի զորամասում: Առողջական խնդիրներ էլ ուներ, սակայն այդ հանգամանքը նրան բնավ ետ չպահեց գնալ հայրենիքի կանչին, երբ նենգ թշնամին սկսեց իր հերթական սանձազերծ պատերազմը: Զինակից ընկերները հորդորեցին մնալ, իրեն ոչ ոք չէր պարտադրում, չէր ստիպում, բայց զինվոր Դավիթը մերժեց բոլոր հորդորները` ասելով, ինչպես կարող է ինքը մնալ, երբ բոլորն են գնում, երբ հայրենին զինվորի կարիք ունի… Ասում են` անգամ մարտադաշտից են ընկերները խնդրել ետ վերադառնալ, քանի որ ճնշումը շատ բարձր էր, բայց Դավիթը հակադրվել է` ասելով, որ չի լքի դիրքերը, գործը կիսատ չի թողնի…

Հորեղբոր կինը` Գայանե Բաղդասարյանն ասում է, որ վերջին անգամ զանգահարել է հոկտեմբերի 15-ին` Հադրութից իր դստեր ամուսնուն, ում հետ շատ մտերիմ էր, միասին էին ծառայել բանակում, ու ասել, որ շրջափակման մեջ են, գուցե եւ այլեւս… Ծնողները, կինը` Մարինեն, դուստրը, եւ դեռեւս «աշխարհից բան չհասկացող» երեքուկես ամյա որդին` Աշոտը, հրաժարվեցին հավատալ Դավոյի` չլինելու մտքին, Դավոյի` զոհվելու հավանականությանը, եւ գրեթե երկուսուկես ամիս իրենց հոգում վառ պահեցին հույսը… Աշոտ որդին ամեն օր ասել է, որ պապան գալու է, իր զենքերը բերելու է, ու փորձել է ցույց տալ «զինվորի հնարքներ», թե ոնց է հայրը թուրք սպանում, ոնց է սողեսող շրջանցում դարանը…

Հունվարի 7-ին Գեւորգյանները սատացան Դավիթ որդու դնթ-ի անալիզի պատասխանները, եւ փակեցին հույսի դուռը, եւ հավատացին, որ Դավիթը, ինչպես վշտի մեջ բեկված Սաթիկ մայրն էր ասում, գնաց երկինք, գնաց հավիտենություն, որովհետեւ հայրենիքի համար էր կռվել ու զոհվել, որովհետեւ իրեն պահել էր զինվորին վայել, զինվորին արժանի, որովհետեւ դժվար ապրած եւ դժվար պահած իր ընտանիքում միայն հայրենասիրություն էր սովորել ու հայրենանվիրում…

Հունվարի 10-ին Սիսիանի հերոսական պանթեոնում Դավիթ Գեւորգյանի աճյունը հանձնվեց մայր հողին:

Էական չէ` որերրորդ զինվորն ենք հուղարկավորում. ցավը նույնն է, մորմոքը` նույնը, ափսոսանքը` նույնը, վրեժի ցասումը` նույնը, աղոթքը` լռելյայն, խնկարկումը` հիշատակի վառման, իմաստավորումը` մահ իմացյալ, նպատակը` հանուն հայրենյաց…

Մեր պատերազմը չի ավարտվել, քանի դեռ մեր զոհերը մեկիկ-մեկիկ պահ չեն տրվել հայրենի հողին, քանի դեռ նրանց արյան վրեժը չի հատուցվել, քանի դեռ գերեվարված ու վիրավոր հողը չի հայրենացել…

Ու թեեւ հրանոթները լռել են, թեեւ հրադադար է, բայց պատերազմը դեռեւս շարունակվում է մեր հոգիներում, մեր սրտերում, մեր մտքերում, եւ ամեն զինվորի հուղարկավորելիս կրկին ու վերստին ապրում ենք նրա ցնցումները, կորուստների անդարման ցավը …

Բայց Դավիթ Գեւորգյանը եւ մեր բոլոր Դավիթներն ու Արմենները, Նարեկներն ու Արմանները, մեր բոլոր նահատակները պարտադրում ու պահանջում են, որ երբեք ու երբեք չհաշտվենք մեր կորցրածի հետ, եւ հանուն իրենց արյան` երդվենք իրենց շիրմիներին, որ իրենց որդիները կավարտեն հայրերի կիստ թողած գործը…

#ՀԱՂԹԵԼ ԵՔ. Հավերժ փառք եւ հավերժ խոնարհում…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

11 հունվարի, 2021 թ.

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Առաջին պատերազմը կեսրայրիս տարավ, 44-օրյան` տղայիս… Արայիկ Կիրակոսյանի մայր

Տեղադրվել է - Հունվար 10, 2022 0
Գյուղամիջում արցախյան ազատամարտի նահատակների պանթեոնն է: Անգեղակոթը շատ զոհեր տվեց Արցախյան պատերազմներում: Զոհվածներից ոմանք հուղարկավորվեցին Սիսիանի պանթեոնում, ոմանք` Եռաբլուրում, 15…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code