#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ… ԻՄ ՀԵՐՈՍ ՈՐԴԻ, ԻՄ ՎԱՉԵ, ԸՆԿԵՐՆԵՐԴ ԴԻՐՔԵՐԴ ԵՏ ԵՆ ԲԵՐԵԼ…

Տեղադրված է at Ապրիլ 9, 2021
484 0

Քանի օր է` հայոց հողը, հայոց երկինքն ու երկիրը լցված են հերոսական ոգով, մարտական շնչով ու հաղթանակի աներեր հավատով: Քանի օր է նաեւ` հայոց երկրի բոլոր պանթեոններում արժանապատվության, հայրենասիրության, հայրենիքին նվիրումի անօրինակ սխրանքների մասին ոգեկոչ խոսքեր են հնչում` հանուն այդ սրբազան հողի նահատակվածներին մայր հաղին հանձնելիս…

Նույնն էր նաեւ այսօր, երբ Սիսիանի պանթեոնում մայր հողին հանձնվեց սեպտեմբերի 30-ին Արցախում նահատակված 24 ամյա Վաչե Արարատի Պետրոսյանի աճյունը: Զինվորական, ով փայլուն կերպով է կատարել զինվորի, սպայի, լեյտենանտի ու հայի իր առաքելությունը` իր անունը անշեջորեն կապելով հայոց մեծ ազատամարտի, հայոց նոր Սարդարապատի եւ հայոց մեծ հայրենականի տարեգությանը:

Ինչպես հնչեցրեց դամբանախոս զինվորականը` Վաչե Պետրոսյանը իսկ եւ իսկ սրբազան պարտքի, պատվի եւ արժանապատվության համար բնութագրվող նահատակություն էր, որը հանուն հայրենիքի, հանուն նրա պետական սահմանների պահպանության ու պաշտպանության սրբագրվեց, տիեզերքում սրբասասվեց եւ անմահացավ անմահների շարքում: «Սեպտեմբերի 30-ին թշնամու հետ մղվող դաժան մարտերի ընթացքում հերոսի մահով ընկավ նաեւ հայոց բանակի լեյտենանտ Վաչե Պետրոսյանը: Նա անմահացավ` անավարտ թողնելով բազում իղձեր ու նպատակներ: Վաչե Պետրոսյանը պատվով հաղթահարեց զինվորականին բնորոշ բոլոր փորձություններն ու դժվարությունները եւ մինչեւ վերջ անմնացորդ նվիրվեց հայրենիքի սահմանների պաշտպանությանը, եւս մեկ անգամ փաստելով այն իրողությունը, որ հայ զինվորն ու հրամանատարը կռվում եւ հայրենիքի համար անմահանում են նույն խրամատում: Վաչեն կոլեկտիվում սիրված ու հարգված սպա էր, ընտանիքի օրինակելի զավակ, սիրելի եղբայր եւ պահանջված ընկեր: Պետությունը, ժողովուրդը եւ գալիք սերունդները դեռ կարժեւորեն Վաչեի եւ նրա զինակից ընկերների սխրանքն ու նվիրումը: Խաղաղությամբ հանչգչես, զինակից ընկեր»,-ասաց դամբանախոսը:

Վաչեն ծնվել է Սիսիանի շրջանի Իշխանասար գյուղում, բազմանդամ, աշխատասեր, պարզ, պարկեշտ հայկական մի ընտանիքում, որտեղ սեփական քրտինքով սեփական հացը վաստակելը եղել է արժանապատիվ ապրելու կարեւոր պայմանը: Ջերմ ու սիրաշատ ընտանիքում մեծացած Վաչեն ծնողների, երկու եղբայրների եւ քրոջ հպարտությունն ու սիրելին էր: Բարձր առաջադիմությամբ ավարտել էր գյուղի դպրոցը, ապա գերազանցության դիպլոմով սովորել եւ ավարտել Երեւանի պատական համալսարանի կովկասագիտության ֆակուլտետը, ինչը, սակայն, բավարար չէր համարել, եւ համալսարանն ավարտելուց հետո նույն տարում ընդունվել եւ գերազանցությամբ ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան: 2019 թվականից Վաչե Պետրոսյանն անցել է ծառայության ԶՈՒ հրետանային զորամասերից մեկում որպես դասակի հրամանատար:

2020 թ. սեպտեմբերի 27-ից թշնամու կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմում Վաչեն իր զինակից ընկերների հետ գտնվում էր կրակային դիրքում` կատարելով մարտական խնդիր:

Վաչեի մարտական ընկերները ավարտին են հասցրել իրենց նահատակված հրամանատարի անավարտ գործը եւ դաժան մարտից հետո ետ են բերել կորցրած երկու դիրքերը, ապա լուրը հաղորդել իրենց զոհված ընկերոջ մորը` խնդրելով Վաչեին վերջին հանգրավան ճանապարհելիս հաղորդել մարտական դիրքերը ետ բերելու մասին լուրը, որպեսզի իրենց հրամանատարը հանգիստ ու խաղաղված հոգով ննջի հայրենի հողում: Վաչե Պետրոսյանի մայրը կատարեց որդու ընկերների խնդրանքը, հաղորդեց կորցրած դիրքերը ետ վերադարձնելու մասին լուրը:

-Իմ հերոս, իմ հայրենասեր որդի, ինձ թվացել է` ամենաշատը ծնողասեր ես, բայց պարզվեց, որ դու ամենաշտը հայրենասեր ես…Վաչե, իմ հերոս որդի, ընկերներդ դիրքերդ ետ են բերել,- ասաց մայրը` սփոփիչ լուրը կրկնելով մի քանի անգամ…

Ննջիր խաղաղությամբ, մեր հերոս զինվոր, քո արյամբ է գծվում հայրենիքի սահմանը, պետության սահմանը…Հավերժ փառք քեզ…

#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

3 հոկտեմբեր

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՎԱՂԸ ՎԱՐԴԱՎԱՌ Է…

Տեղադրվել է - Հուլիս 22, 2023 0
Այս տարի ամռան ամենաշոգ օրերի ամենաուրախ եւ ջրառատ տոնը՝ Վարդավառը, Հայաստանի գյուղերում եւ քաղաքներում նշվել է հուլիսի 16-ին: Իսկ այ…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code