#ՀԱՂԹԵ՛Լ ԵՔ, ՏՂԵ՛ՐՔ… ԼԱՑՍ ԶՍՊԵՄ ՈՒ ՔՈ ՑԱՎԸ ՏԱՆԵՄ, ԵՐԿԻ՛Ր…

Տեղադրված է at Ապրիլ 9, 2021
487 0

Իմ վիրավոր երկիր, իմ սիրավոր երկիր, իմ թեւաբեկ երկիր, իմ թեւավոր երկիր, իմ սեւավոր երկիր, իմ ձիավոր երկիր, իմ ցավագար երկիր, իմ սրտացավ երկիր, ցավից կքված երկիր, ցավից պնդած երկիր, զինվոր ծնած երկիր, անպարտ զինվոր երկիր, զինվորի հույս երկիր, զինվոր թաղող երկիր, մոր մորմոքից բեկված` մոր սիրաչափ երկիր, հոր խտացված տանջանք, հայրական տուն երկիր, սեւ-սպիտակ մերժած` ծիրանավոր երկիր, իմ եռագույն երկիր… Լացս զսպեմ ու քո ցավը տանեմ, երկի՛ր… Իր ցավի մեջ` տոկուն, իր ցավի մեջ` տապակ, ցավին հաղթած երկիր, իմ զինվորի երկիր, իմ հավատի երկիր, իմ տանջանքի երկիր, արտույտի երգ երկիր, արծվի խոյանք երկիր, ճղնակոտոր երկիր, իմ հաստաբուն երկիր… իմ սգացող երկիր, սուգը հաղթած երկիր… Ես քեզ այս վիճակից ինչպե՞ս հանեմ, երկիր, լացս զսպեմ ու քո ցավը տանեմ, երկի՛ր…

Այսօր բոլոր ճամփաները պանթեոն էին տանում… Ու երեկվա եւ նախորդ օրվա ցրտից հետո բացված արեւը տղերքի համար էր, նրանց հիշատակի համար, նրանց խորհրդանիշը… Այդ նրանք էին երկրի արեւը, երկրի լույսը, երկրի հերոսը…

Այսօր, ինչպես եւ նախորդ օրերին պանթեոնում խնկաբույր էր, խորին խոնարհում էր ու հիշատակը վառ պահելու անխախտ ուխտ…

Գալիս էին` հարգանքի տուրք մատուցելու… Գալիս էին մեծերն ու փոքրերը, դպրոցականներն ու տարեցները, պատանիներն ու աղջիկները, վաղվա զինվորներն ու վաղվա մայրերը… Գալիս էին` հասկանալու, թե էդ ի~նչ անսահման էր երկրի սերը, հայրենիքի սերը, որ հանուն այդ սիրո իրենց կյանքը տվեցին այս լուսե երիտասարդները, մահին հաղթած այս զինվորները, մեր ապագան երաշխավորած այս քաջերը… Գալիս էին նահատակված զինվորների` վշտից խոնարհված ծնողները, վշտացյալ հարազատները, գալիս էին նահատկ զինվորների ընկեր զինվորները, ծառայակիցները, ու նրանց բերած ծաղիկներից ցավի փոխարեն սեր էր կաթում, արցունքի փոխարեն` երախտագիտություն, սգի փոխարեն` երկրպագություն…

Սիսիանի պանթեոնը… Հին ու նոր նահատակների սրբավայրը, աղոթավայրը, հերոսապատումը, հավերժերգությունը… Սիսիանի պանթեոնը… Այստեղ ննջում են քույրերի նահատակ զավակներ, եղբայրների նահատակ զավակներ, մի տան ճրագ զավակներ… այստեղ ննջում են սիրասուն հայրեր, սիրասուն որդիներ, սիրասուն ամուսիններ, սիրասուն եղբայրներ… Խոնարհում բոլորի հիշատակին, փառք բոլոր նահատակներին, հավերժ փառք` երկիրը երկիր պահող, երկիրը հայրենքի դարձնող, հողն իրենց արյամբ սրբացնող, իրենցով հարստացնող նահատակներին…

… Հետո բոլորս հեռանում ենք Պանթեոնից` կորուստներով, կորուստներով հարստացած…

Հետո Պանթեոնում մնում են տղերքը, մի ահեղ լռություն ու տիեզերական մի թախիծ…

Ու վաղը նորից զինվոր ենք թաղելու…

#ՀԱՂԹԵ՛Լ ԵՔ… ՏՂԵ՛ՐՔ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

19 դեկտեմբեր

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԻՆՁ ԱՊՐԵԼ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՀՈՂԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼԸ ԵՎ ԳՐԵԼԸ… 44-օրյա պատերազմի անհայտ զինծառայող Կարեն Իսկանդարյանի հայր

Տեղադրվել է - Դեկտեմբեր 14, 2022 0
44-օրյա պատերազմի մասնակից սիսիանցի 5 զինծառայողի ճակատագիր դեռեւս անհայտ է: Նրանցից մեկը Սիսիանի զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ, հետախուզական դասակի հրամանատար…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code