Տղայիս դժվար պահեցինք, հեշտ կորցրեցինք … Սեպտեմբերի 19-ին Արցախում զոհված Անդրանիկ Պետրոսյանի մայր

Տեղադրված է at Նոյեմբեր 1, 2023
3781 0

Սպանդարյանցի Վաչագան Պետրոսյանն ու Անգեղակոթ գյուղից նրա օջախ հարս եկած Նորվարդ Մկրտումյանն ամուր, հայկական ավանդական օջախ հիմնեցին, հող վարեցին, արտ ցանեցին, անասուն պահեցին, 90-ականների դժվարին տարիներին մեկը մեկի շոր ու կոշիկով հինգ երեխա մեծացրեցին, ինչ դժվարություն ասես` չտարան, բայց չտրտնջացին, չհուսահատվեցին, չնեղսրտեցին, ու արդար քրտինքով տունը պահողի արժանապատվությամբ ապրեցին աշխատավորի` իրենց բաժին կյանքը` աստծուց` գոհ, ճակատագրին` խոնարհ… Տան անդրանիկ որդուն Անդրանիկ կոչեցին, հետո Ապետնակ ու Վրեժ որդիներ ունեցան, եւս` երկու դուստր, որ նրանք էլ իրենց ավանդական օջախները ստեղծեն, աճեն, բազմանան…

Սակայն մի անբացատրելի ու անողոք իրականություն չարամտորեն նախանձում էր այս պարզ ու անկեղծ մարդկանց երջանկությանը, տանում փորձության դաժան ճանապարհներով` փորձելով լեղի խառնել արդար քրտինքին` հարամելու, դառնացնելու նրանց հանապազօրյա հացը… 2015-ին Սպանդարյանի ջրամբարում ջրահեղձ եղավ Ապետնակը, 2021-ին անբուժելի հիվանդությունը Վրեժին տարավ… Սրտփշուր, թեւաթափ ծնողներն իրենց ապրելու եւ ապրեցնելու ամենազոր հավատով հենվեցին Անդրանիկին ու նրա չորս զավակներին, Շուշան հարսին` ապավինելով նրանց սիրառատ ու սիրաշատ օջախին … Բայց անմեկնելի ճակատագիրն անընդհատ խառնում էր այս ընտանիքի օջախի կրակը` շատ կարծելով անգամ ուրախության միակ ու վերջին հանգրվանը` Անդրանիկ որդուն…

Անդրանիկը զինվորական էր, պայմանագրային զինծառայող, 34-ամյա կյանքի 11 տարիները նվիրել էր հայոց բանակին, երկրի պաշտպանությանն ու անվտանգությանը: Ծնողներն ասում են, որ Անդոն դեռեւս փոքր տարիքից է սիրել զենքը ու որոշել զինվորական դառնալ: Սպանդարյանի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո հայրենիքի հանդեպ պարտքը կատարել է Վանաձորում: Զորացրվելուց հետո կյանքը կրկին կապել բանակին ու 2012-ին պայմանագրային ծառայության մտել Սիսիանի զորամասում: Անդրանիկ Պետրոսյանը լավ է պատկերացրել պարտադիր եւ պայմանագրային ծառայությունների տարբերությունը. պայմանագրային զինծառայող դառնալու իր ընտրությունը կամավոր է կատարել…

Բայց եթե այստեղ ընտրությունն իրենն էր, կյանքի ուղեկցի ընտրությունը նրան ճակատագիրն էր վերապահել. հանդիպել էր հարեւան` Ծղուկ գյուղացի Շուշան Ենոքյանին. ամուսնացան առանց հարսանիքի. Շուշանը պահանջներ չդրեց վշտակիր ընտանիքի առաջ, եւ անչափ հոգատար ու իրեն անսահման նվիրված Անդրանիկին խոստացավ իր սիրով եւ ջերմությամբ, նվիրվածությամբ ու սրտացավությամբ սպեղանի դնել ամուսնու ծնողների ցաված սրտին ու դրեց… Չորս զավակ պարգեւեց Պետրոսյանների օջախին, մեկը մեկից խելացի, մեկը մեկից հասկացող ու սիրուն երեխաներ…

«Անդրանիկը լավ ընկեր էր, լավ զինակիցներ ուներ, ծառայությունը պատվով էր տանում: Բոլորը գոհ էին նրանից, հարգում, սիրում էին, փոքրի հետ փոքր էր, մեծի հետ` մեծ, հարգանք, պատիվ ուներ, բոլորը նրան մեր Անդրանիկ էին ասում, առանձնահատուկ մարդ էր… Ծառայությունը գնահատվել է, արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, խրախուսանքների: Զինակից ու մարտական ընկերների հետ Սիսիանի զորամասի կազմում մասնակցել է 44-օրյա պատերազմին, ծանր է տարել ընկերների նահատակությունը, լցվել նրանց վրեժը լուծելու ցասումով: Եկավ մի պահ, երբ Անդոն զգաց, որ զինվորի` իր կարիքն ավելի շատ հայրենիքի Արցախ հատվածն ունի, ու 2021-ին պայմանագրային ծառայության անցավ Արցախի ՊԲ-ում: 44-օրյայի ժամանակ ասում էր` ամեն զինվորի մահ ինձ համար մահ է, հիմա ինքն էլ միացավ իր զինակիցներին… 44-օրյային, գոնե, հայրենիքը փրկվեց, հիմա` ոչ հայրենիքը, ոչ` ինքը…»,- ասում է Շուշանը ու հավելում, որ Անդրանիկը 2 տարի ութ ամիս ծառայեց Արցախում: Ընտանիքը չէր տարել, իրենք չէին ցանկացել գնալ: «Խնդրում էինք, համոզում` վերադառնալ, ասում էր` գալու եմ, մտադիր էր սեպտեմբերի 11-ին ազատման դիմում գրել, վերադառնալ, հոկտեմբերի 21-ին` տղայիս ծննդյան օրը, պիտի տանը լիներ, ուզում էր անակնկալ անել Հայկին, բայց չեկավ… Սակայն մենք միշտ կսպասենք նրան, կհամարեմ` շրջափակումը շարունակվում է, սահմանները փակ են, ու կսպասեմ… Անդրանիկն անսահման նվիրված ամուսին էր, սիրող եւ հոգատար զավակ, պաշտում էր երեխաներին, հետները եւ հայր էր, եւ` ընկեր, եւ` խորհրդատու, եւ` օրինակ: Տղաներին շատ էր սիրում, բայց երազում էր աղջիկ ունենալ: Մարին ծնվեց, ինն ամսական էր, որ Անդոն գնաց Արցախ, սկսվեց շրջափակումը, այլեւս չտեսավ դստերը: Շատ էր կարոտում երեխաներին, նրանք էլ` հորը: Ընկերները հետո մեզ պատմել են, որ երբ սեպտեմբերի 19-ի մարտական գործողության ժամանակ վիրավորվել է, հերթով տվել է բոլոր երեխաների անունները, վերջում` Մարիի ու երդվել վրեժ լուծել, իր զավակների, իր ընկերների, իր վրեժը: Կռվել է Մարտունի-1-ում, ջոկատի միակ զոհն էր: Վիրավորված` կռվել է մինչեւ վերջ, չի ենթարկվել հրամանատարի նահանջ հրամանին, անգամ` տեղը փոխելու հրահանգին, քանի որ թշնամու թիրախում էր, եւ ասել, որ այդ դիրքից ամեն ինչ ավելի լավ է տեսնում ու պաշտպանում ընկերների նահանջն ու կանխում թշնամու առաջխաղացումը: Ժամը 3-ի սահմաններում արդեն զոհվել էր հենց մարտական դիրքում: Ես չեմ հավատացել, որ Անդոն զոհվել է, նույնիսկ երբ հրամանատարությունը զանգահարել ցավակցել է կեսրարիս, էլի չեմ հավատացել, ու մինչեւ կյանքիս վերջ չեմ հավատալու, սպասելու եմ նրան»,- ասում է Շուշանը, պատմում, որ Անդրանիկը վերջին անգամ իրեն զանգահարել է սեպտեմբերի 19-ի առավոտյան 11-ն անց կեսին, հարցրել հիվանդ որդուց` Վաչեից, հետաքրքրվել` տղան գնացե՞լ է մանկապարտեզ, ապա խնդրել իրեն ուշադիր լինել երեխաներին, ասել` հետո էլի կզանգի… «Բայց ժամը 12-ից մինչեւ 13-ը անհասանելի էր: Վերջին զանգը եղել է ժամը 2-ին, խոսել է հորեղբոր տղայի հետ, երբ արդեն պատերազմը սկսվել էր… Հորեղբոր տղայի` վիճակը ո՞նց է հարցին պատասխանել է` շատ լավ է, մի անհանգստացիր, մեզ մոտ ամեն ինչ նորմալ է: Չգիտեմ` ինչու է խաբել: Հաջորդ օրն իմացանք, որ Անդրանիկը զոհվել է, մի երկու շաբաթ առաջ Հայաստան եկած ծառայակից ընկերը մեզ հայտնեց լուրը: Անդոն հոյակապ մարդ էր, հոյակապ ամուսին, հոյակապ ընկեր, լավ հայր: Զավակներին լավ դաստիարակություն էր տվել, ինչպես որ ինքն էր ստացել լավ դաստիարակություն: Երազում էր աղջիկ ունենալ, ունեցավ, ցավոք, չհասցրեց վայելել, 7 ամսական չկար Մարին, որ Անդոն գնաց ու ինը ամիս չտեսավ, ինն ամիս երեխեքս կարոտով սպասեցին պապային, բայց, չտեսան: Մեծը` Հայկը, 2-րդ դասարանում է սովորում, շատ էր կապված հորը, զանգելիս առաջինը նրա հետ էր խոսում, ասում է` պապան զոհված է, ես հերոս հայրիկ ունեմ, բայց այդ մասին ոչ մեկի հետ չի խոսում… Անընդհատ հարցեր է տալիս, ընկճվում է: Երբ լսեց հոր զոհվելու լուրը, չէր ուզում դպրոց գնալ, ասում էր` նմանվեցի իմ դասընկերուհի Մանեին, ում հայրը նույնպես զոհված է: Ես չեմ համարում, որ Անդոն զոհված է, նույնն էլ` իմ բալիկները… Մենք մտածում ենք, որ մի օր Արցախից գալու է… Արցախն էլ է մի օր գալու, չի կարող մերը ուրիշինը դառնալ… մեր թափած արյունը իզուր չի: Հայկն ասում է` պապաս վիրավոր կռվել է, որ մեր հայրենիքը պահի… Իմ ապրելու իմաստը հիմա իմ երեխաներն են, իրենից մնացած ամենաթանկ նվերն ու հիշատակը, ժառանգությունն ու շարունակությունը: Շատ դժվար է ինձ համար, բայց իրեն խոսք եմ տվել, որ մեծացնելու եմ իրեն արժանի լավ զավակներ, ոնց որ իրեն են մեծացրել իր ծնողները»,- ասում է Շուշանը:

Ծանր է բոլորի համար: Առավել ծանր է եռապատիկ խոցված մոր համար: «Ես ցավում եմ, որ որդիներս չմնացին: Անդրանիկս տանս անդրանիկ զավակն էր, անունը դրա համար էինք դրել: Ծնվել է 1989 թ. դեկտեմբերի 27-ին, Սպանդարյան գյուղում: Դեկտեմբերի 27-ին կդառնա 34 տարեկան: Ես մեծ ցավ եմ ապրում Անդրանիկիս, Վրեժիս, Ապետնակիս համար, չեմ ուզի ոչ մի ծնող այդպիսի կորուստ ունենա: Գյուղում էինք ապրում, անցյալ տարի ենք տեղափոխվել Սիսիան: Անդոն չցանկացավ, որ մենակ ապրենք, բերեց իր մոտ: Վարձով են ապրում 44-օրյայում զոհված իր ընկերոջ` բալաքեցի Անդրանիկ Բաբայանի տանը: Իմ որդին էլ նմանվեց Անդրանիկին, հասավ իր զոհված ընկերներին… Դժվար ենք ապրել 90-ականներին: Դժվար պահեցինք, հեշտ կորցրեցինք… Արդեն պիտի իրենք մեզ օգնեին, գնացին… Հատկապես Անդրանիկի կորուստն է ծանր, եթե Վրեժը հիվանդ էր, համակերպվել էինք, ամեն ինչ արեցինք, մեր ձեռն ի՞նչ կար, եթե Ապետնակի ճակատագիրը դա էր… Բայց Անդրանիկի կորուստն ավելի դաժան էր… Էն թվերին ոչ մի բան չկար, բայց մեր էրեխեքին արժանապատիվ ենք պահել, ոչ մի բանից չենք նեղվել, Անդրանիկս այդպես էլ մեծացել է, չէր սիրում տրտնջալ, բողոքել, մեզ էլ արգելում էր: Գնաց Արցախ… Իրեն էլ կորցրեցինք, Արցախն էլ…»,-ասում է ծովագույն, տխուր ու թաց աչքերով 55-ամյա մայրը, հետո անսահման սիրով ու ծնողական ջերմությամբ խոսում իր Շուշան հարսի մասին, որ հիմա իրենց համար եւ հարս է, եւ` աղջիկ, եւ Անդրանիկի տեղն է, եւ տան սյունն ու հենարանը:

«Երբ Անդրանիկը մտնում էր տուն, տունը լցվում էր նրա ժպիտով: Մտել էի զորամասի խոհանոց աշխատանքի: Զանգում-հարցնում էր` մամ, կարողանում ե՞ս էդ գործն անես, ասում էի` հա, ասում էր, մամ, հենց վերադարձա, չես աշխատելու… Ինքը չեկավ, բայց ես մինչեւ կյանքիս վերջ կաշխատեմ, որ իմ էրեխեքին թիկունք լինեմ, իրենց նպատակին հասցնենք… Մենք շնորհակալ ենք, որ Շուշանի նման հարս ունենք: Ես աստծուց խնդրում եմ, որ ոչ մի երեխա անհայր չմնա, ոչ մի ծնող մեզ պես չմղկտա, Շուշանիս պես վիզը ծուռ չմնա… Մաղթում եմ խաղաղություն լինի, երեխաները հասնեն իրենց ծնողներին, երեխաներս շատ դառնություն տեսան, էլ չտեսնեն, Հայկս 7 տարեկան է, էնքան բան տեսավ… Խնդրում եմ, որ Շուշանը շարունակի իր ուսումը, դա Անդրանիկի երազանքն էր: Մենք կանենք ամեն ինչ, որ այդ երազանքը իրականություն դարձնենք…»,-ասում է տիկին Նորվարդը, հավելում, որ եթե ինքն ու հարսը արցունք են թափում, ցավը փորձում արցունքի կաթիլիների հետ դուրս բերել իրենց վշտացյալ սրտից, ամուսինն ամեն ինչ լռությամբ է տանում, ծանր լռությամբ, որ սիրտ է մղկտացնում:

«Գյուղում էլ եմ մեխանիզատոր եղել, հալալ քրտինքով, մեր տանջանքով ապրել ենք, հողի մարդ եմ, չեմ կոտրվի, 59 տարեկանում երեք երեխա եմ կորցրել, 3 տղա, հայր, մայր, եղբայր… Մենք մարդ չենք, մենք երկաթ ենք, որ էսքանին դիմանում ենք, էրկաթը հիմա մաշվել-պրծել էր, բայց մենք դիմանում ենք, ու մինչեւ վերջ դիմանալու ենք: Երեխաների սերն ու պատասխանատվությունը շատ մեծ է: Նրանց պիտի մեծացնենք, հիմա մեր միակ նպատակը դա է: Մենք էնքան հպարտ ենք, որ հերոս տղա ունենք»,-ասում է Սիսիանի կոմունալ տնտեսության մեխանիզատոր Վաչագան Պետրոսյանը:

Ճանաչողներն ասում են, որ Անդրանիկը բացառիկ մարդ էր, ազնիվ, բարի, շատ բարի, ինչը ծնողներից էր ժառանգել, բարեկամասեր էր, ընկերասեր, ոչ մեկին նեղություն չէր տա, հպարտ էր նաեւ, իսկ որպես զինվորական` հայրենասիրությունը դաջված էր նրա էությանը, նրա հոգուն ու սրտին…

Անդրանիկի տանը նրան նվիրված փառքի անկյունում լուսանկարների, պատվոգրերի կողքին ուշադրությունս գրավեց երկու առարկա` կոնյակի փոքրիկ շիշ եւ… փամփուշտ: Շուշանն ասաց, որ ինքն էր պատվիրել` Անդրանիկի վերադարձը նշելու համար, բայց ուրախության փոխարեն իր Անդոն իրեն փամփուշտ «նվիրեց», որ մինչեւ կյանքի վերջ իր սրտում տանի դրա ցավն ու ծանրությունը եւ ատի պատերազմը, ատի պատերազմի հրձիգներին, անմեղ արյուն թափողներին… Ու ես հասկացա, որ այս ընտանիքում բոլորին միացրել-համախմբել է Անդրանիկի սերը, հիմա էլ բոլորին միավորում է Անդրանիկի բացակայությունը, բոլորի կորուստը նույնն է, բայց հիմա բոլորն իրարով են ուժեղ, իրար թեւ ու թիկունք, իրար` հենարան, իրար` ապավեն…Անդրանիկի կորուստն էլ ոչ միայն Սիսական աշխարհինն է, այլեւ` Հայաստանինը, հայոց բանակինը: Բայց հավերժ փառք եւ հավերժ խոնարհում այն նահատակներին, որ զոհվում են հայրենիքի համար, զոհվում են, որովհետեւ հայրենիքից թանկ մեկ էլ ծնողներն ու ընտանիքն են, որը նույն ինքը հայրենիքն է…

Հ.Գ. Սեպտեմբերի 19-ն Շուշանը իր ֆբ էջում գրառում էր կատարել` հավատի ողջ զորությամբ աստծուց խնդրել` պահապան եղիր իմ ԶԻՆՎՈՐԻՆ, աղաչում եմ… Սեպտեմբերի 19-ին մայրը` Նորվարդը, ծնողական սիրո ողջ ուժով խնդրել էր պահապան լինել իր զինվոր բալին եւ Արցախից անփորձանք տուն վերադարձնել, քանի որ, երկու տղաների կորստից հետո, Անդրանիկը եւ նրա չորս զավակները դարձել էին նրա ապրելու հենարանը, ապրելու իմաստը եւ կյանքին կառչելու հույսն ու ապավենը…Սեպտեմբերի 19-ին, սակայն, Անդրանիկ Վաչագանի Պետրոսյանն իր թանկ արյունը խառնեց ավելի թանկացած, բայց` կորուսյալ հայրենիքի հնավանդ հողին` որպես անվերջ վերադարձի եւ անվերջ տունդարձի հոգու եւ մտքի անշեջ ու անմար պարտք ու պահանջ, որպես հատուցում, որպես վրեժ…

Անդրանիկ Պետրոսյանի աճյունը սեպտեմբերի 27-ին Արցախից տեղափոխվեց Գորիս, 28-ին` Սիսիան, իսկ 29-ին հուղարկավորվեց Սիսիանի զինվորական պանթեոնում: Հավերժ փառք ու խոնարհում:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

01.11.2023

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Սիսիանում պակասեց մի բուռ բարություն

Տեղադրվել է - Հունվար 28, 2024 0
Անժամանակ մահը շատ անսպասելիորեն դառը անակնկալ մատուցեց Աղաբեկյաններին։ Դեռ ամանորյա տոներից շատ չանցած` չարաբաստիկ մահը հարազատներից բաժանեց սիրելի ամուսնուն, հոգատար…

ԼԾԵՆ. ԻՄ ԿԱՐՈՏՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿԸ…

Տեղադրվել է - Օգոստոս 3, 2021 0
(Նվիրում եմ Առաքել պապիս եւ հորս` Արամայիս Ամիրյանի վառ հիշատակին) Մանկությունն առանց գյուղի` անգույն է: Մանկությունն առանց տատ ու պապի`…

ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐ` ԻՐ ՏԱՆ ԲԱԿՈՒՄ

Տեղադրվել է - Օգոստոս 28, 2024 0
Օգոստոսի 27-ին, իր տան բակում, իր ծննդյան օրը կայացավ արցախյան 44 -օրյա պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Արմեն Գրիգորի Գրիգորյանին նվիրված…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: