ՏԱՐԻՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԷՐ

110 0

2024 թվականը հոբելյանական եւ հիշարժան էր ոչ միայն ՀՀ ժողովրդական, ՀՀ եւ ՌԴ վաստակավոր նկարիչ, Սանկտ Պետերբուրգի գիտության եւ արվեստի պետրովյան ակադեմիայի անդամ, Հայրենական մեծ պատերազմի` Սանկտ-Պետերբուրգի վետերան նկարիչների միության նախկին նախագահ Զաքար Խաչատրյանի համար (լրացավ նրա ծննդյան 100 ամյակը), այլեւ` 2006 թվականին հիմնադրված` ՀՀ Ազգային պատկերասրահի մասնաճյուղ Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանի: Հոբելյանական տարվա շրջանակներում ՀՀ Ազգային Պատկերասրահի նախաձեռնությամբ, տուն-թանգարանի հետ համատեղ, պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղում մեծ շուքով նշվեց նկարչի ծննդյան 100-ամյակը, բացվեց նրան նվիրված հիանալի ցուցահանդես, որին զուգահեռ ընթանում էին նաեւ տուն-թանգարանի այգու հիմնանորոգման աշխատանքները: Գրեթե յոթ տարվա դադարից հետո, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամաբ, վերսկսվեցին թանգարանի հիմնանորոգման աշխատանքները, ինչը մեծ խանդավառություն պարգեւեց ոչ միայն նկարչի արվեստի երկրպագուներին, տուն-թանգարանին, այլեւ` շատերին, ովքեր տարիներ ի վեր մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում դեռեւս չգործող, բայց` Սիսիանի մշակութային կյանքի եւ զբոսաշրջության զարգացման գործում մեծ հնարավորություններ, հեռանկարներ եւ կարողություններ ունեցող կենտրոնի հանդեպ:

Հիմնանորոգման աշխատանքներն սկսվել էին ընթացիկ տարվա հուլիսի 10-ին, որն իրականացնում էր Աբովյան քաղաքում գրանցված «Էներգոսվյազ պրոմ ստրոյ» ՍՊԸ -ն (ղեկավար` Դավիթ Ավագյան): Ըստ հիմնանորոգումն իրականացնող` մրցույթում հաղթած կազմակերպության ղեկավարի, աշխատանքների ընդհանուր ծավալը կազմել է 10 միլիոն, 836 հազար դրամ` ներառյալ ԱԱՀ-ն: Ինչպես նշել է Դավիթ Ավագյանը, նախատեսված էին այգու բարեկարգման, ցանկապատման, հատակների սալիկապատման, գրունտի մաքրման, ծառարմատների տեղափոխման, հողի մշակման, գազոնի հիմնման աշխատանքներ եւ հավելել, որ, ընդհանուր առմամբ, նախատեսված աշխատանքները հիմնականում կատարվել են: Որոշ գործեր հետաձգվել են` եղանակով պայմանավորված, ինչը կիրականացվի եկող տարի:

Տուն-թանգարանի վարիչ Արեւհատ Ամիրյանը նշեց, որ անձամբ ինքը երկար է սպասել թանգարանի հիմնանորոգմանը, բայց նրա` չգործելը երբեք պատրվակ չի եղել այն «մատնել անգործության», բազմաթիվ հոդվածներ, նյութեր, նկարներ է հրապարակել ինչպես Զաքար Խաչատրյանի, Արտաշես Հովսեփյանի, այնպես էլ` տուն-թանգարանի մասին, որպեսզի սիսիանցիներն ավելի լավ ճանաչեն իրենց նշանավոր հայրենակիցներին, իմանան թեեւ` չգործող, բայց` գոյություն ունեցող թանգարանի, նրա հետաքրքիր այգու, թանգարանի այցեքարտ հանրահայտ ուռենու մասին եւ, ինչու չէ, նաեւ` հպարտանան իրենց մեծ հայրենակիցներով: «Քիչ չեն եղել այն դեպքերը, երբ կերպարվեստի եւ գրականության իրենց բաց դասերն այստեղ են անցկացրել հանրակրթական դպրոցների ուսուցիչները, եւ, ինչպես իրենք են խոստովանել, դրանք, թերեւս, իրենց ամենահիշարժան եւ հետաքրքիր պարամունքներն են եղել: Տուն-թանգարանն ունի կերպարվեստի, ձեռարվեստի, քանդակի վարպետության դասեր անցակացնելու բացառիկ հնարավորություններ, մշակութային ամենալայն միջոցառումներ, սիմպոզիումներ, ցուցահանդեսներ կազմակերպելու հիանալի տարածք»,- նշեց թանգարանի վարիչը եւ հավելեց, որ երբ խոսում է Զաքար Խաչատրյանի մասին, անպայմանորեն անդրառանում է նաեւ Արտաշես Հովսեփյանին, եւ` հակառակը, ու մեծ ոգեւորությամբ նշեց, որ ընդամենը վերջերս բացահայտել-հայտնաբերել է քանդակագործի` ավելի քան 50 տարի առաջ արված եզակի մի աշխատանք, հիրավի` փոքր գլուխգործոց-ցայտաղբյուրը, ինչն իր արժանի տեղը կգտնի հեղինակի գործերի շարքում: «Սա էլ եմ համարում հոբելյանական տարվա նվեր»- ընդգծեց թանգարանի վարիչը:

Խոսելով տուն-թանգարանի այգու հիմանորոգումից` վարիչը հավելեց, որ աշխատանքների ընթացքում ծագել են մի շարք խնդիրներ, կապված` ժամկետների, թանգարանի հարեւանությամբ գտնվող երկու հողամասերին պատճառած վնասների հետ, որոնք, ինչպես ցույց տվեց ընթացքը, գրեթե անխուսափելի էին, բայց, բարեբախտաբար, գտնվել են դրանց լուծման ուղիները, ի հայտ եկած թերությունները շտկելու եւ վերացնելու եղանակները: Թանգարանի վարիչը խորին շնորհակալություն հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը` հիմնանորոգման աշխատանքները ֆինանսավորելու համար, ՀՀ Ազգային պատկերասրահին` հետեւողականության, սրտացավության, նորոգման աշխատանքներն ամենօրյա ուշադրության կենտրոնում պահելու, ընթացքին հետեւելու, ծագած խնդիրներին արձագանքելու եւ լուծումներ տալու համար, աշխատանքներն իրականացնող տղաներին` Տիգրանին, Արմանին, Աշոտին, Հովհաննեսին, Անդրանիկին, եւ, իհարկե, մեծարգո Գագիկ Ոսկանյանին, ում նախանձախնդրության արդյունքում իրականություն դարձավ հիմանորոգումը:

Օրերս ավարտվեցին Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանի հիմնանորոգման` հերթական փուլի աշխատանքները, որոնք կշարունակվեն 2025 թ.-ին, ինչից հետո նոր` յուրօրինակ հասցե կավելանա ոչ միայն Սիսիանի, այլեւ` Սյունիքի մարզի մշակութային եւ զբոսաշրջության քարտեզին, քանի որ եզակի ճարտարապետությամբ աչքի ընկնող եւ բացառիկ հնարավորություններով առանձնացող թանգարանի շենքն ու այգին ընձեռում են դրանց համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ու նախադրյալները:

ՈՐՈՏԱՆ

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Նկարիչ Զաքար Խաչատրյանն արժանացել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրագույն պարգեւին` «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո շքանշանի

Տեղադրվել է - Փետրվար 6, 2024 0
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան հանդիսությունների սրահում հունիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ հայրենանվեր…

Հայացք` դրսից. Հայը իմ ճանաչած ամենահյուրընկալ եւ առատաձեռն ժողովուրդն է

Տեղադրվել է - Հուլիս 10, 2023 0
Անգեղակոթում դեռ հիշում են տարիներ առաջ գյուղի միջնակարգ դպրոցում աշակերտներին անգլերեն սովորեցրած, գյուղացիներին շատ հարցերում օգտակար եղած «Խաղաղության կորպուսի» կամավոր,…

ԼԾԵՆ. ԻՄ ԿԱՐՈՏՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿԸ…

Տեղադրվել է - Օգոստոս 3, 2021 0
(Նվիրում եմ Առաքել պապիս եւ հորս` Արամայիս Ամիրյանի վառ հիշատակին) Մանկությունն առանց գյուղի` անգույն է: Մանկությունն առանց տատ ու պապի`…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: