ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ` ՍԻՍԻԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ…

Տեղադրված է at Մայիս 27, 2023
2133 0

Վերջին զանգ, որ հնչեց վերջին, վերջին անգամ… Բոլոր զանգերից ամենապարտավորեցնողը, բոլոր զանգերից` ամենահուզիչը, բոլոր զանգերից` ամենապատասխանատուն, բոլոր զանգերից` ամենազիլը, բոլոր զանգերից` ամենախորհրդավորը, բոլոր զանգերից` ամենահուզականը, ամենա… ամենա…

Հրաժեշտ` պատանեկությանը, հրաժեշտ` անհոգությանը, հրաժեշտ` դպրոցական նստարանին, որն այլեւս չի կրկնվում, որն այլեւս նույն թրթիռով ու նույն խռովքով չի ազդարարում մեծ կյանքի նորամուտը, նոր կյանքի ոտնամուտը…

Վերջին զանգ էր Սիսիանի ավագ դպրոցում, դպրոցի համար` հերթականը, շրջանավարտների համար` վերջինը, դպրոցի համար` հաջորդ զանգերին սպասելու ակնկալիքով, շրջանավարտների համար` երախտագիտության եւ շնորհակալությունների տեղատարափով…

Ու պատասխանատու են զգում բոլորը` եւ ուսուցիչները, որ իրենց ցանած բերքն են հնձում, եւ շրջանավարտները, որ արժանի ոսկեհատիկներ լինելու հավաստիացումն են տալիս…

Ծափեր, ծաղիկներ, որի պակասն այնքան շատ կար վերջին ամիսների մեր հանրային կյանքում…

Ծիծաղ, ժպիտներ, որի կարիքն այնքան շատ էինք զգում վերջին ամիսներին հայոց աշխարհում, եւ արցունքներ, որ ուրախության էին, որ հուզմունքի էին, որ շնորհապարտության էին, որ վերջին ամիսների մեր հանրային կյանքում միայն ցավի համար էին հոսում, միայն հայրենյաց նահատակների համար էին թափվում…

Շնորհավոր, շրջանավարտ, բարի ոտնամուտ կյանք: Պատվով տար այն մեծ պատասխանատվությունը, որ ժամանակն է դնում քո ուսերին, կրիր վստահ եւ արժանի եղիր բոլոր նրանց, ում կյանքի եւ արյան գնով այսօր դու տոն էիր նշում, ում կյանքի գնով քեզ համար այնպես զվարթ ու խաղաղ ղողանջներով հնչեց դպրոցական կյանքի վերջին, վերջին զանգը…

Բարի երթ…

«Որոտան»

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: