Մատաղ սերունդը պիտի լավ ճանաչի նախորդի արածը, իմանա, գնահատի, արժեւորի եւ դրա վրա ավելացնի իրենը, ստեղծի նորը, սեփականը, արդիականը: Այսօրվա գործը դառնում է պատմություն, եւ հարկ է, որ այդ պատմությունը ուսանելի, խանդավառող, օրինակելի դաս դառնա եկողների համար ու հարստացնի այն պատմությունը, այն կյանքը, որի մեջ ապրում ենք: Եւ դրա համար անհրաժետ են նաեւ սրտացավ ու բանիմաց մարդիկ, որ ստեղծածը պահեն, փոխանցեն նորերին: Այդ առաքելությունն իր վրա է վերցրել Մարշալ Բաղրամյանի անվան ՀՀ վետերանների միավորման Սիսիանի վետերանների տարածքային խորհուրդը, որ լայնածավալ ու բազմաբնույթ գործունեություն է ծավալել ողջ տարածաշրջանում։
Սիսիանի վետերանների տարածքային խորհրդի գործունեությունը մեծապես կախված է կոմիտեի նախագահ Վարդան Հակոբյանից, ով պլանավորում է այնպիսի հարցեր, որոնք արդիական են տարածաշրջանի համար եւ ենթակա կյանքի կոչելու։ Կոմիտեն պարբերաբար հրավիրում է նիստեր եւ ընդհանուր ժողովներ, որտեղ քննարկվում են բազմաթիվ հարցեր, ինչպիսիք են ՀՄՊ վետերանների նկատմամբ ցուցաբերած հոգատարությունն ու խնամքը, ՀՄՊ-ում զոհվածներին հավերժացնող հուշարձանների մաքրությունն ու խնամքը, երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության հարցերը, աջակցությունը մարտական դիրքերում ծառայող հայ զինվորներին եւ այլ ընթացիկ հարցեր։
Կոմիտեի նախագահ Վարդան Հակոբյանը ոչ միայն ինքն անձամբ է ակտիվորեն մասնակցում տարածաշրջանի բոլոր միջոցառումներին, այլեւ իր աշխատանքներում ներգրավում է ակտիվիստներին ՝ նրանց պարտականությունները բաշխելով հավասարաչափ։ Նախագահի կողմից պլանավորված բոլոր միջոցառումները նախևառաջ միտում ունեն տարածաշրջանի վետերանների առողջ եւ բարեկեցիկ կյանքն ապահովող հարցերի լուծմանը։ Պարբերաբար կատարվում են այցելություններ վետերաններին։ Հատկապես՝ ՀՄՊ վետերաններին։
Ժամանակը նոսրացրել է նրանց շարքերը, այսօր ողջ է միայն մեկ վետերան, բայց բնավ չի նվազեցրել հարգանքն ու ուշադրությունը թեկուզ միակ ու վերջին վետերանի նկատմամբ: Օգտագործելով իր մտերիմ հարաբերությունները դեղատների սեփականատերերի շրջանում, Վարդան Հակոբյանի ջանքերի շնորհիվ առավել կարիքավորները դեղորայքը ձեռք են բերում մատչելի գներով, ինչն անչափ կարեւոր է մեր պայմաններում։
Քանի որ կոմիտեում քննարկվում եւ արծարծվում են հիմնականում տարածաշրջանային հարցեր եւ խնդիրներ, ուստի կարեւորվում է նաեւ համայնքային իշխանությունների հետ համագործակցությունը` փոխադարձ հարգանքի եւ փոխվստահության հիման վրա: Սիսիանի վետերանների կոմիտեն սերտ կապերի մեջ է ՏԻՄ ղեկավարների եւ դպրոցների տնօրենների հետ։ Մեծ աշխատանքներ են կատարվում երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում։ Կոմիտեի ակտիվիստները տարածաշրջանի դպրոցներում պարբերաբար հանդիպումներ են ունենում զինղեկների եւ ավագ դասարանների աշակերտների հետ։
Կազմակերպվել եւ պայմանավորվածություններ են ձեռք բերվել այն մասին, որ դպրոցների ավագ դասարանների աշակերտներից կազմված ջոկատները ստանձնեն ՀՄՊ -ում զոհվածներին հավերժացնող հուշարձանների խնամքի պարտականությունը։
Տարածաշրջանում չկա հայրենասիրական թեմաներին նվիրված մեկ միջոցառում, որն անցկացվի առանց Սիսիանի կոմիտեի վետերանների մասնակցության։ Առանձնապես տպավորիչ են մեր նախագահի ելույթներն ու բարեմաղթանքները զորակոչին նվիրված միջոցառումներին։
Կոմիտեի նախագահ Վարդան Հակոբյանը ոչ միայն խոսքով, այլև գործով զինվորի կողքին է։ Նա տեսական եւ գործնական պարապմունքներ է անցկացնում անմիջապես հենց մարտական դիրքերում։ Իր մարտական, հատկապես՝ հետախուզական, հմտություններն ու հարուստ փորձն է փոխանցում սպայական ու շարքային կազմին:
Վարդան Հակոբյանը` 153-րդ թռիչքից առաջ։
Կոմիտեի ակտիվի հետ միասին նախաձեռնում եւ անցկացվում են Հայրենական պատերազմի հաղթանակին նվիրված միջոցառումներ։ Այդ թվում` հանդիսավոր շքերթ՝ ռուսական կայազորի մասնակցությամբ։ Նրա տեսադաշտում է նաև դպրոցներում ՆԶՊ դասընթացների ընթացքը։ Կոմիտեի նախագահ Վարդան Հակոբյանը Սիսիանի ավագ դպրոցի տնօրենի կողմից պարգևատրվել է պատվոգրով՝ զինղեկների որակավորման դասընթացներն արդյունավետ անցկացնելու համար։
Ակտիվորեն համագործակցում է ռազմամարզական սպորտաձեւերի ակումբների եւ խմբակների հետ` պատանիների եւ աղջիկների շրջանում ծավալելով «առողջ հոգին առողջ մարմնում» քարոզչություն, ինչի վկայությունն են Սեւնում եւ Երեւանում կազմակերպված քիքբոսքինգի բազմաթիվ մրցումները:
Վարդան Հակոբյանին ճանաչում են ոչ միայն վետերաններն ու նրա շրջապատի մարդիկ, այլեւ` գրեթե բոլոր համաքաղաքացիները: Ոչ միայն տարիքի, այլեւ` լրջախոհության, կեցվածքի ու պահվածքի պատճառով նրան բոլորը Դեդ են ասում, ինչը վետերան նախագահն ընդունում է մեղմ ժպիտով եւ վաստակածի համեստությամբ:
Ճիշտ է` վետերանների կոմիտեն հասարակական կազմակերպություն է, բայց անժխտելի է նրա դերը սերունդների միջեւ կապն ամուր պահելու համար, որովհետեւ երբ կտրվում է պատմության թելը եւ սերունդների միջեւ կապը, արանքը «լցվում է դատարկությամբ», իսկ դատարկ տեղում մոլախոտ է աճում: Թույլ չտանք, որ ոսկե սերմերի փոխարեն մոլախոտ աճի մեր աստվածային հողում: Իսկ Վարդան Հակոբյանը նույն սիրով եւ նույն նվիրումով թող շարունակի իր հայրենանվեր գործունեությունը Սիսիանի տարածաշրջանում:
Սիմոն ԵՍԱՅԱՆ
ՀՀ Վետերանների միավորման նախագահ