ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ՏՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՒՆ

Տեղադրված է at Հուլիս 25, 2023
871 0

Գանձայի` Վահան Տերյանի տնից (տուն-թանգարան) մինչեւ Թբիլիսիի` Հովհաննես Թումանյանի տուն ընկած ճանապարհը լի էր անթիվ գանձերով, եւ էդ ճանապարհը մեր պատմության մի հարուստ ու շքեղ էջն է միայն, որից ճակատագրորեն նաեւ թախից է կաթում…Աչքերս ագահորեն կլանում էին Ջավախք աշխարհի «անխնա-գեղեցիկ» թավ-կանաչը, ձորերի, դաշտերի, լեռների մեջքը կապող առվակ-գետակների արծաթ գոտիները, եւ գեղեցկությունն ու տխրությունն իմ հոգում հերթ ի հերթ փոխարինում էին իրար…Տերյանի տուն-թանգարանում անդիմադրելի է դառնում «Երբ կհոգնես, կգազազես աշխարհից»-ը չարտասանելը, «Երբ պայծառ օրդ տխուր կմթնի»-ն չշշնջալը, «Մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին»-ը չբարձրաձայնելը, աղոթքի պես հնչող արքայական լեզվին չխոնարհվելը, Նաիրյան երկրի կարոտով չհրկիզվելը, մի խաղաղ երեկո չերազելը… Գանձերով լի Գանձա,  Տերյան ապրեցնող տուն-թանգարան:

Ջավախքն առաջին անգամ տեսա Թումանյանի այն զմայլված հայացքով, երբ ինքն էլ առաջին անգամ, Տերյանի տանը հյուրընկալվելուց հետո, «Փարվանայում» պիտի գրեր`

Բարձրագահ Աբուլ ու Մըթին սարեր, Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ, Իրենց ուսերին` Ջավախքից էլ վեր` Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ…

… Ջավախքն ուրիշ աշխարհ է` աշխարհի մեջ: Հետո պիտի աչքերս վայելեին խորքերի մեջ  լեգենդներ թաքցրած չքնաղագեղ Փարվանայի երկնա-ծովային լազուրը, հետո պիտի հայացքս թափառեր Սաղմոնի վրա, հետո պիտի վեհանայի բարձր Աբուլի գագաթը ծածկող բազմաձեւ ու բազմաշերտ ամպերի շքահանդեսում … ու մտովի հազարերորդ անգամ կրկնեի` Գանձեր ունեմ, անթիվ, անմար, ես հարուստ եմ, ջան, ես, հարուստ… Բայց հայացքս դեռ պիտի կլաներ Ախալքալակ ու Ախալցխա սիրուն, անասելի սիրուն քաղաքների գեղեցկությունը, դեռ պիտի վայելեր Ջավախք չքնաղ աշխարհի հմայքներն ու բարբառը «բիրտ», մի պահ կանգ առներ Ախալցխայի գլխին թառած` Ռաբաթ բերդ-ամրոցի տարածքում «վառվող»` Շարլ Ազնավորի աստղի վրա, մոլորվեր Վարձիայի քարանձավների խելահեղ ու ցնորական լաբիրինթոսներում, խոնարհվեր մարդկանց հավատի անքննելի ու անտարողունակ երեւակայության անսահմանության առաջ, ապա տխրորեն թափառեր Խոջիվանքի` հայոց մեծերի տեղահանված պանթեոնի տապանաքարերին գրված անուններին, հպվեր Թումանյանի` խորհրդավորություն տարածող տապանաքարին ու փիքր աներ աշխարհի բաները… Բայց եւ հուսահատության պահին, Րաֆֆու գերեզմանի մոտ, լսելով իր սաների համար բաց դաս վարող բազմահմուտ մանկավարժ կուրսընկերուհուս` Ժենյա Մակարյանի` Ու պիտի գա հանուր կյանքը արշալույսը վառ հագած Թումանյանական պայծառատեսությամբ ավարտվող խոսքի եզրափակումը, լցվեի նրա լավատեսությամբ` «մոռացության տալով» Խաջիվանքի` հայ մեծերի պանթեոնը ավերելու եւ տեղը հավատքի տուն կառուցելու «ամոթի խարանը», մտքում կրկնելով Ամենայն Հայոցի` «վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին» իմաստությունը…
Հետո պիտի ոտքերս դանդաղ երկյուղածորեն բարձրանային այն տան աստիճաններով, որը դեռ պահում, պահպանում ու միշտ պահելու է Թումանյանի ոտնահետքերը, հետո պիտի սրտիս զարկերը լսեի այն տան պատերից ներս, որը համակ Թումանյանական է ու Թումանյանաշունչ, պիտի վայելեի այն շքեղ ու նաշխազարդ պատշգամբի խելքամաղ տեսարաննները, որտեղից Թումանյանն իր Դսեղի կարոտն է առել, վերհիշեի` «Թումանյանի պալատում ով որ քեֆի չի նստել, նա չի տեսել դեռ խնդում, աշխարհ չի տեսել» Չարենցյան տողերը ու նախանձեի ինքս ինձ… Իսկ երբ Թումանյանի տան` բարեհամբույր ու սիրալիր աշխատակիցը իր խոսքում հնչեցներ Թիֆլիսում ապրած Արմեն Տիգրանյանի, Օրբելիների անունները, պարտքս համարեի ասել, որ նրանց, ինչպես նաեւ Թումանյանի եւ Ջիվանու` վսեմաշուք քանդակների հեղինակն էլ իմ հայրենակից, իմ սիսիանցի, իմ տաղանդավոր քանդակագործ Արտաշես Հովսեփյանն է, ում` Սիսիանի տուն-թանգարանի վարիչը լինելու պատիվը ունեմ` «վաստակելով» նրա զարմանք-հիացմունքը եւ երբեւէ Հայաստանում լինելու պարագայում անպայման մեզ այցելելու խոստումը:

Հետո պիտի քայլեի Թբիլիսիի այն փողոցով, որտեղ գեղեցկազարդ շենքերի պատերից մեկին պիտի տեսնեի այն տան ցուցանակը, որտեղ ապրել է Վիկտոր Համբարձումյանը, քիչ ներքեւ` Օրբելի եղբայրները, մի քիչ հեռու` Արմեն Տիգրանյանը, քիչ այն կողմ` Վերնատունը, իշխանուհի Մարիամ Թումանյանի տունը, ապա` Արամյանցի ու Մանթաշովի կառուցած շքեղ շենքերն ու աղոթեի Էջմիածնեցոց` Սուրբ Գեւորգ, եւ` Քռի մյուս ափին գտնվող` Սուրբ Գեւորգ եղեղեցիներում, փառավորվեի առաջնորդանիստ Էջմիածնեցոց եկեղեցուն կից եւ նրա հովանավորությամբ գործող Հայտան աշխատակիցների նվիրումով, հայապահպանության նախանձախնդրությամբ, եւ «սիրտս ընկներ տեղը», մարդկայնորեն ու անկեղծորեն տխրեի եկեղեցու բակում թոռների կողմից տեղադրված հարստության փառքը մինչեւ երկինք ու աշխարհներ հասնող Մանթաշով-Մանթաշյանցի նման փառահեղ մարդու` «խեղճ ու վտիտ» քանդակի համար, ու ետին թվով խորհուրդ տայի` մի դիզեք գանձեր երկրի վրա, Սուրբ Գեւրգում ականատես լինեի հայկական հարսանեկան արարողության, հպվեի սիրո մեծ երգիչ Սայաթ-Նովայի գերեզմանին, ու հակասական մտքերի խառնարանում չհասկանայի, թե ինչու ենք այսքան անթիվ գանձեր շաղ տվել ամենուրեք, որտեղ դիպել է մեր ձեռքը, մեր միտքը…

Սա ուխտագնացություն էր այն նվիրական հետքերով, որը լի է Տերյանով, Թումանյանով, Րաֆֆիով, Սունդուկյանով, Նար-Դոսով, Ծերենցով, Աղայանով, Եկմալյանով, Սայաթ-Նովայով, Մուրացանով, Տալյաններով, մի քանի տարի առաջ մահկանացուն կնքած բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանով, երբ քաղաքը հայտնի էր նաեւ որպես Տփղիս կամ Թիֆլիս` իր հայտնի եւ շինարար բազմաթիվ հայ քաղաքապետերով, Երկայնաբազուկ-Արղությաններով, Մելիք-Ասլամազ Ամիրյան-Բեհբությանցներով, նախկին` Սոլոլակ եւ Հավլաբար թաղամասերը ծաղկեցրած մեծանուն ու մեծահարուստ հայերով…

Օրեր են անցել, բայց ես մտովի դեռ այնտեղ եմ, մտքերիս մեջ մերթ Փարվանան է, մերթ` Աբուլը, մերթ` սիրո անշեջ հուրը փնտրող ու կրակի մեջ ինքնահրկիզվող Փարվանա կտրիճները, մերթ` Վարձիայի` հավատքի անխորտակ քարանձավները, մերթ` Թումանյանի տան բոլորանվեր աշխատողները, որ, ինչպես իրենք ասացին, դեռ տան մուտքի աստիճաններից են զգում Հայաստանից եկողների ոտնաձայների լուսածիր էներգիան, մերթ` Տերյանի` 140-ամյա տան «անհյուրընկալ պատերը սեւ» եւ տան կողքին Տերյանի հոգեւորական պապերի կառուցված շքեղ եկեղեցին, որտեղ Վարդավառի օրվա վարդաջրով Հայաստանից եկած ուխտավորներիս ցողեց եկեղեցու քահանան…

Գանձայի` Վահան Տերյանի տնից մինչեւ Թբիլիսիի` Հովհաննես Թումանյանի տուն տանող ճանապարհը բացահայտումների, հակասական հույզերի, խռովքների, ինքնամերժումի ու ինքնահաստատումի, հոգեւոր գանձերի, հիացմունքի, հպարտության, գեղեցիկի, արարումի, հայկականության սքանչելագույն ճանապարհ էր, որը սկսվեց մի սովորական օր ու չի ավարտվում…

Հ.Գ. ԿՈՐՍՎԱԾ ԷՐԳԻՐ տուրիստական ճամփորդության գնալուց վախենում եմ: Վախենում եմ` «չվերադառնամ», իսկ վերադարձողը ԵՍ չլինեմ… Ուստի ամեն օր հետաձգում եմ իմ ՉԼԻՆԵԼԸ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Տեղադրվել է - Օգոստոս 17, 2021 0
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ցանկանալով զբաղվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի լիազորություններից բխող գործունեությամբ, 2021թ. օգոստոսի 16-ին…

ԱՌԱՆՑ ՔԵԶ Եւ ՔԵԶ ՀԵՏ…

Տեղադրվել է - Դեկտեմբեր 29, 2021 0
Քսան տարի առաջ այս օրը ուրիշ տրամադրություն էր Նիկալյանների հարկի տակ… 20 տարի առաջ այս օրը շնորհավորանքներ էին, մի բարձի…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: