Սիսիանի` Հովնան Որոտնեցի փողոցի իրենց տան բակում ամեն ինչ 44-օրյա պատերազմի նահատակ, ԼՂՀ «Մարտական խաչ» շքանշանի եւ «Արիության համար» մեդալի արժանացած քաջորդի Վահագնին է հիշեցնում: Նա ամենուր է, ամեն տեղ` մերթ որպես հուշաղբյուր, մերթ որպես մեծանկար, մերթ որպես հոգեխռով մեղեդի: Բայց ամենից շատ իրեն անհունորեն սիրողների սրտերում է, մտքերում, հոգիներում, հիշողություններում եւ կարոտներում…
Այսօր էլ խտացված կարոտների, չսպիացող վշտի եւ չմեղմացող ցավի հորդահոս տրամադրություն էր նույն տան բակում, քանի որ հարազատները, ընկերները, ուսուցիչները, հարեւանները, մտերիմները, պարզապես` նրան ճանաչող-չճանաչողները եկել էին նշելու նահատակ զինվորի, հայրենյաց պաշտպանի ծննդյան օրը` 21-րդ տարեդարձը, ցավոք, առանց նրա ֆիզիկական ներկայության: Այս անգամ նշում էին նրա երկնային ծնունդը…
Անահիտ Բաբայանը ամենայն սեր ու նվիրում էր դրել եղբոր` երկնային ծնունդը զինվորին վայել ու արժանի ձեւով նշելու համար, որպիսին կարող էր անել միայն սիրող, գնահատող ու արժեւորող եւ նրա սուրբ հիշատակի առջեւ խոնարհվող քույրը:
Վահագն Հովակիմյանի նկարներով զգեստավորված դպրոցականները ներկայացրեցին Վահագնի հերոսական մարտական ուղին, կարճ, բայց իմաստավոր կյանքը, վիշապաքաղ, վահագնակերպ նկարագիրը եւ իրենց երախտապարտությունը հայտնեցին նրան, նրանով հպարտ լինելու զգացողությունը բարձրաձայնեցին ու շնորհակալ եղան, որ ապրում են Վահագնի եւ բազմաթիվ Վահագների կյանքի գնով եւ խնդրեցին նրան ներել իրենց` իր կյանքի հաշվին մեր լինելու համար:
Քույրը` Անահիտ Բաբայանը, նշեց, որ այսօրով երեւվի թե սկսեր իրենց կյանքի երջանիկ օրերի շարքը, այսօր երեւվի թե գնային Մատաղիս, ու մեծ ցնծությամբ նշեին Վահագնի ծնունդը: Բայց… «Վահագնը հիմա էլ ինձ վրա կջղայնանար, որ այսքան մարդու եմ հավաքել, բայց, չէ, Վահագն, հյուրերիդ այս անգամ ես չեմ կանչել, հյուրերդ անկոչ են եկել, իսկ նվերներիդ փոխարեն ծաղիկներ են բերել ու իրենց հարգանքը: Բայց գիտե՞ք, հարգելի հյուրեր, Վահագնն էլ արդեն ունի ձեզ տված նվեր` նա իր կյանքն է տվել բոլորիդ: Խնդրում եմ` ընդունեք այդ նվերը, ինչքան էլ որ դժվար լինի եւ պահեք նրան ձեր սրտում»,- իր հուզախռով խոսքը այսպես հղեց բոլոր ներկաներին Վահագն Հովակիմյանի քույրը, ապա վերհիշեց, որ անցյալ տարի, երբ լրացել էր նրա 20-ամյակը, որոշել էին գնալ Մատաղիս ու Վահագնի զինակից 30 ընկերների հետ նշել նրա ծննդյան օրը, սակայն փոխվել էր ծրագիրը, քանի որ Վահագնը պիտի գնար Ստեփանակերտ` սերժանտական դասընթացների:
Ծանրոցը, այնուամենայնիվ, ծնողներն ուղարկեցին, հեռակապով նշեցին նրա ծննդյան օրը, որը, ինչպես շեշտեց քույրը, Վահագնի, թեւրես ամենատխուր ծննդյան օրն էր` առանց տորթի եւ առանց հարազատների: «Թվում է, թե դա պետք է լիներ Վահագնի ամենացավոտ ծնունդը, բայց չգիտեինք, թե ինչ է սպասվում նրան…»,- ասաց քույրը եւ պատմեց, որ ծնդյան ծանրոցի մեջ ինքը դրել էր մի ժամացույց, որը Վահագնը շատ էր հավանել, սակայն, նախախնամությամբ, թե` սրտի վկայությամբ, այդ ժամացույցը իրենց վերջին հանդիպման ժամանակ` սեպտեմբերի 17-ին Վահագնը հանել եւ ի պահ էր տվել հայրիկին… Հիմա այդ ժամացույցը Վահագնի մյուս իրերի հետ իրենց տանն է, եւ անընդհատ հիշեցունում է նրան, ով հավերժորեն ներկա է իրենց բոլոր օրերի եւ ժամանակների մեջ…
«ժամացույցը ինձ համար իր խորհուրդն ունի, գնահատեք ձեզ տրված ժամանակը, գնահատեք լավ անցկացրած պահերը, եւ, քանի որ մենք անզոր ենք ժամանակի առջեւ, կգա մի պահ, որ շատ կափսոսանք չանցկացրած լավ պահերի համար: Հիմա ես ապրում եմ իմ լավ հիշողություններով, խնդրում եմ, հարգելի ներկաներ, երկար ապրեք, քանի որ Վահագնը ծնվում է մեր ամեն շնչի հետ, երկար ապրեք ու հիշեք նրան, քանի որ ինչքան դուք հիշեք նրան, նա այնքան կապրի մեզ հետ…», – ասաց Վահագն Հովակիմյանի քույրը` Անահիտը:
Վահագն Հովակիմյանի ընտանիքի անդամները, որ սովոր էին իրենց վահագանակեպ ու վահագանափայլ տղայի ծննդյան օրերը յուրահատուկ նշել, այս անգամ էլ պահպանեցին իրենց տան ավանդույթը. նռնակ հիշեցնող հուշաղբյուրի մոտ ավելացրեցին այն հրետանու մանրակերտը, որով Վահագնը, ապահովելով զինակից ընկերների նահանջը, բազմաթիվ կյանքեր էր փրկել` իր կյանքի գնով…
Շնորհավոր երկնային ծնունդդ, Վահագն Հովակիմյան, շնորհավոր 21 ամյակդ, հայրենիքի նահատակ, երկրիս արժանապատվություն եւ հայրենիքիս հարատեւման խորհրդանիշ զինվոր, հավերժ փառք քեզ եւ հավերժ խոնարհում…
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
22.07.2021