Օրերս «Սիրով` Զաքարի եւ Արտաշի տուն թանգարանին: Լավագույն մաղթանքներով…» ընծայագրով հերթական` «ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ Երեւանի պետական համալսարանի քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Զաքար Գեւորգի Բաշինջաղյանի մասին» այս գիրքը ստացանք ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, գեղանկարիչ, մեր հայրենակից, մեր լավ բարեկամ, Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի մտերիմ ընկեր Գրիգոր Ալեքսանի Ղարիբյանից: Գիրքը նվիրված է հայտնի հայ գեղանկարիչ Գեւորգ Բաշինջաղյանի որդուն` ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագետ, պրոֆեսոր, ԵՊՀ քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ Զաքարե Բաշինջաղյանի հիշատակին: Հրատարակվել է մեր հարգարժան հայրենակից, Ծղուկի «Բորիսովկա» ՍՊԸ տնօրեն, բազմաթիվ գրքերի մեկենաս Մյասնիկ Գրիգորյանի հովանավորությամբ:
Գիրքն ունի մի քանի բաժին` կենսագրական տեղեկություններ, մասնավորաբար` դստեր` Նաթելա Բաշինջաղյանի` Մոսկվայում ռուսերեն լեզվով տպագրված ծավալուն հոդվածը, «Գեւորգ Բաշինջաղյանի գեղանկարները», (գեղանկարների գունավոր լուսանկարներով), «Բաշինջաղյանների ընտանիքը», «Զաքարե Բաշինջաղյանի ընտանիքը» եւ պրոֆեսոր Զաքարե Բաշինջաղյանի 70-ամյակին նվիրված` Գրիշա Ղարիբյանի` 1965 թվականին «Երեկոյան Երեւան» թերթի 25.05. 121 համարում տպագրված հոդվածը:
Զաքարե Բաշինջաղյանը Գեւորգ Բաշինջաղյանի երեք զավակներից կրտսերն է, Լեւոնից եւ Ափիկից հետո: Զաքարեն ծնվել է 1895 թ. մայիսի 26-ին Թիֆլիսում: 1913-ին ավարտել է տեղի 3-րդ արական գիմնազիան, 1917-ին` Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը եւ զորակոչվել բանակ: 1918-1919 թ.թ. աշխատել է Թիֆլիսի դատական մարմիններում: 1921 թվականին Վրաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո նշանակվել է կարեւորագույն գործերի քննիչ, այնուհետեւ` Վր. ԽՍՀ Գերագույն հեղափոխական տրիբունալի հետաքննչական բաժնի պետ: 1926-1928 թ.թ. աշխատել է Անդրկովկասի 26 կոմիսարների անվան կոմունիստական համալսարանում որպես քաղաքատնտեսության դասախոս եւ ուսումնական մասի պրոռեկտորի օգնական: 1930-1933 թ.թ. սովորել է Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի տնտեսագիտության ինստիտուտում, որն ավարտելուց հետո վերադարձել է Թիֆլիս եւ մինչեւ 1936 թվականը աշխատել Անդրկովկասի երկրամասային կոմիտեում, ժողովրդական կոմիսարների խորհրդում: 1936 թ. տեղափոխվել է Հայաստան եւ աշխատել ՀԿԿ ԿԿ-ում, ՀԽՍՀ արդարադատության ժողովրդական կոմիսարիատում:
Այնուհետեւ հանգամանորեն շարադրված է նրա` հայաստանյան գործունությունը: 1937-ին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1958 թ. արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման: Պարգեւատրվել է Լենինի (2) շքանշանով: Վախճանվել է 1971 թ. մարտի 2-ին Երեւանում: Աբովյան փողոցի թիվ 39 շենքի, որտեղ ապրել է, պատին ամրացված է հուշատախտակ: Հարկ է հավելել, որ նրա հոր` հայ մեծ գեղանկարիչ Գեւորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ եւ ջանքերով է Թբիլիսիի Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցու բակում կանգնեցվել Սայաթ Նովայի անմահության հուշարձանը:
Գիրքը հարուստ է Զաքարե Բաշինջաղյանի ընտանեկան, աշխատանքային լուսանկարներով: Այն մեծ հարգանքի տուրք է ոչ միայն Գեւորգ Բաշինջաղյանին, ԵՊՀ քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Զաքարե Բաշինջաղյանին, այլեւ` ժամանակի այն լուսավորյալ սերնդին, ում ջանքերով եւ նվիրումով հայ գիտությունը մեծ ձեռքբերումներ արձանագրեց, որոնց շարքում նաեւ ինքը` գրքի հեղինակ Գրիգոր Ղարիբյանն է:
95-ամյա պրոֆեսորին մաղթում ենք քաջառողջություն` գրելու եւ հրատարակելու նոր գրքեր, հանրության լայն շերտերին ներկայացնելու ժամանակի լուսավորյալներին եւ նվիրյալներին:
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ