Արևհատ Ամիրյանի կողմից իր ֆեյսբուքյան էջում տեղադրված` Սիսիան քաղաքի փոքր ծավալի քանդակների պատկերները հոգեհարազատ են, քննարկումները, ծննդավայրիս մարդկանց խոսքն ու խոհը` հետաքրքիր։ Երբ այդ հրապարակումներից մեկում կարդացի Կորյուն Համամչյանի հարցը` ինչու՞ չի խոսվում «Սուտլիկ Որսկան»-ի մասին, անկարող եղա զսպել հուզմունքս։ Մտովի վերադարձա նրա արարման սկիզբն ու վախճանը։ Խոսքը եղբորս՝ նկարիչ, քանդակագործ Սամվել Սահակյանի «Սուտլիկ Որսկանը» քանդակի մասին է, որը Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթից մի պատկեր էր եւ տեղադրվել էր նախկին Հիդրոշինարարների այգու փոքրիկ ջրավազանում:
Մի օր առավոտյան, տեսնելով արձանի մանրակերտը, չզարմացա, որովհետև վաղ մանկությունից եղբորս հիշում եմ քանդակելիս կամ նկարելիս։ Սակայն այս մեկն ավելին էր նրա բոլոր արարումներից։ Վերջերս, երբ Սամվելին հարցրեցի, թե ո՞րն էր ներշնչանքի աղբյուրը, ասաց, որ մեր ապրած ժամանակի իրականությունը ոչնչով չէր տարբերվում Թումանյանի հեքիաթից։ Հիշեցրեց, թե ծնողներս ինչպես էին վաղ առավոտից մինչև ուշ երեկո աշխատում կոլտնտեսությունում։ Հայրս շաբաթներով, պատահում էր, նույնիսկ, ամսով, տուն չէր գալիս։ Արդյունքը՝ «Անունը կար, ամանում չկար»։
Երբ Սիսիանի շրջխորհուրդը հավանություն տվեց եղբորս նախաձեռնությանը, նա իսկույն գործի անցավ։ Մի գիշերվա մեջ երկունք ապրած մանրակերտը օրեց օր, ամսեամիս մեծացվում էր Սամվելի համբերատար ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Համագյուղացիներս նույնպես հիացմունքով հետևում էին իրենց աչքի առջև կերպարանավորվող հեքիաթային պատկերին։ Տարեցները հեքիաթի խոշորակազմ հերոսին նմանեցնում էին մայրիկիս Բախշի պապին, ում մասին մենք՝ ծոռներս միայն լսել էինք։
Իմ առջեւ ուրվագծվում է այն օրը, երբ ավարտին հասած կոթողը պետք է տեղափոխվեր շրջկենտրոն Սիսիան։ Մայրիկիս հետ բակում կանգնած, հայացքներս պահած դեպի գյուղի հյուսիսային կողմի ոլորանները, անհամբեր սպասում էինք եղբորս ձեռակերտ աշխատանքը տեղափոխող մեքենային։
Համեստությունը դարի լուռ կարգախոսն էր։ Սիսիանի շրջկոմից եկող մարդկանց հանդեպ ունեցած պատկառանքից` մայրս նույնիսկ քայլ չարեց գնալ, կանգնել որդու կողքին այդ հիշարժան օրը։ Սակայն հոգում տոն էր, զուսպ տոն։ Արևը կարծես շողերը նրա հոգու մեջ էր թաթախել ու բազմապատկել լույսն ու ջերմությունը։ Օրը, վաստակած մոր երանությամբ, հեզ ու վստահ առաջ էր ընթանում։
Վերջապես գյուղից դուրս եկող ոլորանի վրա երևաց «Կամազ» մակնիշի ավտոմեքենան։ Ակընդետ հայացքով հետևում էինք նրա դանդաղ ընթացքին։ Մայրս աստվածամերժ ժամանակաշրջանում Տիրոջը փառք տալով` նրա օգնությանն էր ապավինում անփորձանք տեղ հասնելը։ Դարբասից Սիսիան տանող ճանապարհի ժամանակահատվածը քառապատկվել էր։
Չորս մետր բարձրություն եւ գրեթե նույնքան լայնություն ունեցող արձանը տեղադրվեց Մայիսի 28-ին Հիդրոշինարարների զբոսայգում և դարձավ քաղաքի տեսարժան մի պատկերը…
Մարդիկ գրում են, որ տարիներ անց քարերով ջարդեցին գիպսե քանդակը։ Ցավ եմ ապրում, որ ոչ ոք չբռնեց քար նետող բարբարոս ձեռքը։ Մեղավոր եմ փնտրոմ։ Զու՜ր։ (Ամբողջ քաղաքը տակն ու վրա արեցին, ո՞վ ում ձեռքը բռնեց):
Մեղավորը քանդվող համակարգն էր, որի խորհրդանիշը դարձավ քարե հարվածներից փշուր-փշուր եղած «Սուտլիկ Որսկանը»։
Տարիներ անց երջանկահիշատակ Միշա Ղազարյանը «Պտույտ մը Սիսիանի զբոսայգիներու մեջ» Հակոբ Պարոնյանի ոճով ու իր ճկուն խոսքով գրված եւ «Որոտան» անկախ թերթում տպագրված հոդվածում անդրադարձավ նաև «մի գիշերվա մեջ զբոսայգին լքած» հեքիաթի գիպսակերտ հերոսներին։ Այն ժամանակ նույնպես չկարողացա անտարբեր լինել եւ նույն «Որոտան» անկախ թերթում արձագանքեցի` ցավախառն ափսոսանքս վերնագրելով «Ես հավատում եմ քո վերադարձին»։ Ավաղ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չվերաքանդակեցին կոթողը։
Վիրավորված հեղինակը հեռացավ հայրենիքից, չդադարեց արարել։ Այսօր Սամվելի` հայերեն գույներով պատկերված կտավները, ինչպես բոլոր արվեստածին գործերը, անբառ խոսում են աշխարհի բոլոր լեզուներով։
Իսկ ես հավատով սպասում եմ, որ վերածնված Սիսիան քաղաքիս զբոսայգիներից մեկում, ավելի ստույգ` հենց նույն զբոսայգում, մի օր վերստին կկարկաչեն շատրվանները եւ իրենց շուրջը հավաքված մանուկների հոգում կարթնացնեն լուսավոր մտահղացումներ…
Նունե ՍԱՀԱԿՅԱՆ
ԼԻՊԵՑԿ