Սիսիանի ավագ դպրոցում վերջին զանգ էր. ԴՈՒՔ ԵՔ ՏԵՐԸ ՄԵՐ ԵՐԿՐԻ…

Տեղադրված է at Մայիս 27, 2023
676 0

Ավարտվեց ուսումնական տարին, բայց չավարտվեց ուսումնառության ընթացքը: Հնչում է վերջին զանգը, սակայն սկսվում է նոր կյանքի զանգի ղողանջը: Եւ օրը հագեցած է խառը, բազմաբնույթ, իրարամերժ ու բազամախոս հույզերով, տրամադրություններով, խոսքերով ու ապրումներով: Ամենից առաջ այս օրը, սակայն, անցածն իմի բերելու, իմաստավորելու, պատասխանատվության գիտակցումը խորացնելու, շնորհակալության զգացողությունը բյուրապատկելու հաշվետվության եւ ինքնաքննության օր է: Նոր սերունդ է մտնում կյանք: Թվում է` բյուր անգամ ասված ու մաշված խոսքեր: Բայց հին աշխարհը նորովի նորոգվում ու նորովի է իմաստավորվում յուրաքանչյուր սերնդի հետ, որը կյանքին պիտի վերադարձնի այն, ինչը ստացել է դպրոցից, ընտանիքից, ծնողից, ուսուցչից, միջավայրից ու շրջապատից:

Սիսիանի ավագ դպրոցում վերջին զանգ է: Վերջինը` դպրոց- ուսուցիչ- աշակերտ շղթայի նրբահյուս ու բազմաբղետ հյուսվածքում: Ուսումնական տարվա հաջողակները ստանում են իրենց գովասանագրերը, վկայականները, պատվոգրերը, արժանանում են շնորհավորանքների:

Դպրոցի տնօրեն Դոնարա Ասրյանը հպարտությամբ է արձանագրում իրենց ձեռքբերումները, բայց եւ` եղածով չգոհանալու, ստացածով չբավարարվելու հորդոր հղում: Ծնողական կոմիտեի նախահագ Լիաննա Վասիլյանը շնորհակալություն է հայտնում դպրոցին եւ ուսուցիչներին` իրենց զավակներին կյանքը ճանաչել տալու, ամենաիսկական սիրով այն իրենց երեխաների մեջ սերմանելու, մարդկային անանց արժեքները ջատագովելու եւ հաստատուն պահելու, նոր ու լուսավոր ճանապարհ կերտելու համար եւ մաղթում, որ ուսուցիչների սերն ու նվիրվածությունը հազարապատիկ վերադառնա իրենց, ապրեն ավելի հանգիստ ու խաղաղ երկրում:

Մի կողմ են դրվում անցած տարիների դժվարությունները, խնդիրները, եւ այսօր խոսվում է միայն ձեռքբերումների, հաջողությունների, ստացածի, վաստակածի ու երախտիքի մասին: Եւ օրվա ամենաշատ հնչող բառը շնորհակալությունն է: Շնորհակալությունը դպրոցինն է, ուսուցչինը, դասղեկինը, դասվարին, հիմնական դպրոցներինը, ծնողինը, ինչու չէ` նաեւ դռնապանինն ու բուժքրոջը, ովքեր դպրոցում փոխարինել են ծնողին, ովքեր ամեն օր ժպիտով, բայց եւ` քննախույզ, սիրալիր, բայց եւ` խստապահանջ հայցքով դպրոցի, դասարանի դուռ են բացել իրենց սաների առջեւ, որ հետո ավելի լայն դռներ եւ ավելի պարտավորեցնող ժպիտներ բացվեն կյանքի ամենախիստ ու ամենալուրջ շրջափուլերում: Առավել շեշտված էր երախտագիտությունը շրջանավարտ դասարանների դասղեկների` Լիանա Սահակյանի, Վարդուհի Իվանյանի, Վերգինե Թադեւոսյանի, Բելլա Ջիվանշիրյանի, Սվետլանա Սարգսյանի եւ Ռուզաննա Խաչատրյանի հասցեին, ովքեր, ինչպես նշեցին սաները, իրենց համար եղել են ոչ միայն ուսուցիչ ու դասատու, այլեւ` ընկեր, խորհդատու, սրտացավ ու կարեկից մարդ, որ ծնողի գորովանքով եւ հոգատարությամբ են ուրախացել իրենց աշակերտների հաջողություններով, մտահոգվել` խնդիրներով:

Աշակերտական խորհրդի նախագահ Սոնա Ազոյանը շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր եւս մեկ սերունդ են ճանապարհում կյանք` սիրով, հոգատարությամբ, երանությամբ ու նվիրումով` յուրաքանչյուրի մեջ ձեւավորելով մարդ, քաղաքացի եւ կայացած անհատականություն ու շեշտում, որ վերջին զանգով դրվում է նաեւ իրենց  ապագա անելիքների սկիզբը, համոզված, որ դպրոցի տված գիտելիքները լինելու են այն անմար փարոսը, որ ողջ կյանքում լուսավորելու է իրենց ընտրած ուղին:

Եւ, իհարկե, հնարավոր չէր շրջացնել այն, ինչը, ի ցավ բոլորիս, դիպավ ամենքիս եւ յուրաքնչյուրիս սրտին ու հոգուն` որպես քովիդ ու պատերազմ, ու այս սերունդն էր հենց, որ իր վրա անմիջականորեն կրեց այդ փորձությունը` երբեմն հենց իր լուռ խոնարհումով անմահության ուղի ճանապարհելով իրենց ավագ սերնդին, իրենց դպրոցի երանելիներին, գիտակցելով, որ հիմա իրենց վրա է երկիրը կառուցելու, երկրի բեռը իրենց ուսերին կրելու եւ արժանատապիվ տանելու լրջագույն պատասխանատվությունը: Իրենք հասկացան, որ հիմա իրենք են տերը մեր երկրի…

Բարի երթ ձեզ, սիրելի պատանիներ եւ աղջիկներ, մեր հայրենիքը, մեր երկիրը, մեր պետականությունը, մեր քաղաքը, մեր օջախները հիմա ձեր նվիրումի եւ գիտելիքի կարիքն ունեն: Բաժանվում են ձեր ճանապարհները, բայց ոչ` ճակատագրերը, դուք հայ լինելու եւ հայեցի լինելու ճակատագրով եք անքակտելի: Դուք եք տերը մեր երկրի…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԵՍ ԶՈՀՎԵԼ ԵՄ ԱՄԵՆ ԶԻՆՎՈՐԻ ՀԵՏ ՈՒ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՄ ԶՈՀՎԵԼ… Զոհված Արայիկ Սաֆյանի մայր

Տեղադրվել է - Սեպտեմբեր 16, 2021 0
Հոկտեմբերի 12-ին միաժամանակ չորս նահատակ զինվոր էինք հուղարկավորում Սիսիանի պանթեոնում: Հոկտեմբերի 12-ի թաղման թափորի մեջ լուսանկարներ անող ֆոտոխցիկս մեկեն կանգ…

ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ` ՍԻՍԻԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ…

Տեղադրվել է - Հունիս 4, 2021 0
Վերջին զանգ, որ հնչեց վերջին, վերջին անգամ… Բոլոր զանգերից ամենապարտավորեցնողը, բոլոր զանգերից` ամենահուզիչը, բոլոր զանգերից` ամենապատասխանատուն, բոլոր զանգերից` ամենազիլը, բոլոր…

#ՀԱՂԹԵԼ ԵՍ. ՄՀԵՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ. Հորեղբոր որդու աչքը էլ Մհերի ճամփան չի պահում. Հիմա նրանք հավերժ միասին են…

Տեղադրվել է - Ապրիլ 9, 2021 0
Երբ դեկտեմբերի 12-ին հուղարկավորված Արտակ Առաքելյանի շիրմաթմբի եւ դեկտեմբերի 20-ին հուղարկավորված մեր մյուս նահատակի` Էդգար Սարգսյանի շիրիմների արանքում որոշակի տարածք…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code