ՍԵՐԺ ՀՈՎՍԵՓՅԱՆ. ՆԱՀԱՏԱԿՎԵՑ` ՉԲՈԼՈՐԱԾ 19 ՏԱՐԻՆ…

Տեղադրված է at Հունվար 19, 2023
1783 0

Երբ 2022-ի հունիսին դրեցի 2020-ի 44-օրյա պատերազմում զոհված սիսիանցի նահատակների մասին պատմող «Ցավի փորձություն» գրքիս վերջակետը, միակ նպատակս ու ցանկությունս էր, որ այլեւս երբեք իմ գրիչը որեւէ բառ չգրի հայրենիքի նահատակ զինվորի մասին: Բայց երբ 2022-ի սեպտեմբերին տպարանից «տուն էի բերում» նրանց հիշատակին կանգնեցված հուշարձան-հաղթարձան գիրքս, Սերժ Հովսեփյանի զոհվելու լուրը խոցեց սիրտս…

Նախորդ պատերազմում գրեթե ամեն օր Սիսիանի պանթեոնում, որի ամեն սանտիմետրը աչքիս առաջ էր ընդարձակվել, զինվոր թաղող ու վավերագրողիս մեջ ուժ չգտա սեպտեմբերի 24-ին ներկա լինել Սերժի հուղարկավորությանը, միայն իմ ֆեյսբուքյան էջում կարողացա գրել` «Երբ Սերժ Հովսեփյանը Սիսիանի ավագ դպրոցի աշակերտ էր, 2020-ի 44 –օրյա պատերազմն էրԵրբ Սերժը ՀՀ բանակի զինվոր էր, 2022-ի ռազմական գործողություններն էինու ամիսը՝ դարձյալ սեպտեմբերՍեպտեմբերից՝ սեպտեմբեր ընկած «միջանկյալ» մեր կյանքը..Սերժ, ես մասնակցում էի ձեր դասարանի ծնողական ժողովներին: Քեզ հիշում եմ եւ խոնարհվում, իմ երկրի եւ քաղաքի նորօրյա նահատակՀավերժ փառք քեզԻսկ փառքեր երգող գրչիս թանաքը դեռ չի չորացել»:

Սերժ Հովսեփյանի զոհվելուց ամիսներ անց միայն գնացի Սիսիան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 23 տուն, որտեղ 2003-ի հոկտեմբերի 18-ին ծնվել է տան առաջին թոռը, ում պապի անունով կոչել են Սերժ: Սիրված էր անչափ: Ոչ միայն Իրա տատի ու Սերժիկ պապի, ոչ միայն ծնողների, այլեւ` հորեղբոր ընտանիքի աչքի լույսն էր, հարազատների ու բարեկամների բոլորանվեր սերը, խինդը, ուրախությունը, տան լույսն ու օջախի ջերմությունը: Երբ Սերժը 10 տարեկան էր, ծնվեց նրա փոքր եղբայրը: Պատմում են, որ Սերժը թաքնվել է տան մի անկյունում, խռովկան երեխայի պես լացել, մտածելով, որ իրեն այլեւս առաջվա պես չեն սիրելու, նորածին «ապերիկը խլելու է» իր բաժին սերը…«Գրկեցի նրան, ասացի` նման բան չի կարող լինել, ծնողի համար ամեն զավակ իր բաժին սերն ունի… Հետո ինքն այնքան շատ էր սիրում իրենց 10 տարով փոքր եղբորը` Գոռին, ում անունն ինքը դրեց: Սերժը նաեւ քրոջ` Սոֆիի եւ հորեղբոր տղաների` Հայկի ու Նարեկի անուններն է դրել…»,- ասում է ցավի մեջ կծկված մայրը` Անյուտան, չհաշտվելով, չհավատալով այն իրողության հետ, որ իր առաջնեկը, իր ականջաթեթեւ, իր համեստ ու պարզ, իր բարի ու անչափ ազնիվ որդին չհասցրեց նույնիսկ մեկ տարի ծառայել իր այնքան սիրած բանակում, չհասցրեց բոլորել նույնիսկ 19 ամյակը… Լրացել էր ընդամենը ծառայության ութերորդ ամիսը:

Տիկին Անյուտան ասում է, որ Սերժը շատ ընդունակ երեխա էր, պապն ամեն օր մի ոտանավոր էր սովորեցնում: «4-5 տարեկան էր, մի օր դուրս է եկել բակ, ծառի վրա տեսել մեր հարեւան լորեցի Նիկոլին, կանչել է` այ Նիկոլ, ինչի՞ ես բարձրացել ծառը, բա որ վեր ընկնես, էրեխեքդ գան -ասեն` վա~յ, Նիկոլ ջան, վայ, որդի ջա~ն… Նիկոլը մտածել է, թե պապն է սովորեցրել, բայց հենց փոքրուց էլ Սերժը շատ հումորով էր, կատակասեր, շատ էր սիրում երգը, երաժշտությունը, «Բանակում» հեռուտասերիալի հումորներն էր անում, բոլորին ուրախացնում, երգում, ծիծաղեցնում… Բայց մեր ուրախությունն ու ծիծաղը տարավ…»,- ասում է մայրը` Սիսիանի ԲԿ-ի ընտանեկան բուժքույր Անյուտա Գյուլամբարյանը` աչքը որդու հուշանկայն բազմաթիվ նկարներին, որտեղից ճառագում է նրա լայն ժպիտը, մեծ- մեծ աչքերից հորդող լույսը, բարի, անսահման բարի հոգին… Հետո պատմում է, որ Սերժը նույնիսկ երեխա ժամանակ կռվարար չի եղել, ընդհակառակը, օգնում էր փոքրերին, թույլերին, բնավորության այդ գիծը միշտ ուղեկցեց նրան: «Մի անգամ փողոցի երեխաները կռվել էին, քարով խփել իրեն, արյունոտված տուն եկավ, ասացի` դու էլ իրենց խփեիր, ասաց` մամ, բա որ արյուն գար… Անասելի խղճով էր, իրեն ինչքան վնասեին, ինքը չէր վնասի… երեւի էդպես է մտածել նաեւ դիրքերում», -ասում է մայրը:

2021-ին Սիսիանի ավագ դպրոցն ավարտելուց հետո Սերժը մեկնել էր Տյումեն` Սերժիկ պապի մոտ, հորաքրոջ տղայի հետ թեթեւ գործեր էր անում, զբաղվում, կատակում, թե` փող եմ աշխատում: Հայրը որդուն խրախուսելու, ոգեւորելու համար ասում էր` աշխատածդ փողով մեքենայիս մաս կառնես, ու տղան խանդավառվում էր: Բայց երբ անձնագրում լրացավ օտար երկրում մնալու թույլատրելի ժամկետը, պնդեց, որ պիտի Հայաստան վերադառնա, քանի որ մոտենում էր նաեւ բանակ զորակոչվելու ժամանակը. ինքը չէր ցանկանա հետախուզումով իրեն «բերեին» իր պարտքը հայրենիքի հանդեպ կատարելու: Սերժիկ պապը որքան խնդրել, հորդորել, համոզել է մի որոշ ժամանակ էլ մնալ, Սերժն անդրդվելի է մնացել, ասելով` ընկերներս ծառայեն, ես հետ ընկնե՞մ, չէ, պիտի նրանց հետ ծառայեմ…

Սերժը պիտի բանակ զորակոչվեր 2021-ի դեկտեմբերին, բայց վարորդական վկայականի համար տեսական քննությունը հանձնել էր, մնում էր գործնականը, դրա համար հետաձգվեց բանակ մեկնելու օրը, եւ զորակոչվեց 2022-ի հունվարի 24-ին: Մինչ այդ` հունվարի 2-ին, Գոռի ծննդյան օրը, տան երեխաները մկրտվեցին Դարբասի Սուրբ-Ստեփանոս եկեղեցում, Տեր-Ընծան, իմանալով, որ Սերժը բանակ է զորակոչվելու, պահպանիչ աղթոք կարդաց: Տանը մի փոքր խնջույք արեցին, ուրախությունը, բարձր տրամադրությունը Սերժն ապահովեց, երգեց, ուրախացավ, ուրախացրեց, ու էդպես խանդավառ էլ գնաց ծառայելու հայրենիքին:

Մոտ հինգ ամիս ծառայեց Հոկտեմբերյանի զորամասում: Ծնողները երբեք մի տրտունջ, մի դժգոհություն չլսեցին նրանից: Մայրը պատմում է, որ երբ գնացել են երդմնակալության արարողությանը, անմիջապես նկատել են շարքերում կանգնած ամենաբոյով տղային: «Սերժը իր երկար բոյով առանձնանում էր բոլորից: Բոլորից ամենաբոյովն էր, բոլորից ամենասիրունն էր, ամենաաչքի ընկնողն էր, ամեն տեղ ամենա էր, ասում էի` ուշադիր կլինես, ամեն տեղ նկատվում ես, բոյդ երկար ա, ծիծաղում էր… Էնքան բոյով էր, որ զինվորական տաբատները վրայով չէին լինում, մենք էինք կարել տալիս իր չափսերով: Ծառայության առաջին իսկ օրերից համառեց, ջանաց, որ սերժանտի կոչում ստանա: Երբ պարապմունքներից ոտքերը զինվորական կոշիկների մեջ քրտնախաշվել էին, խնդրեցինք մի երկու օրով պառկել զորամասի բուժկետում, չհամաձայնվեց, ասաց` պարապմունքներին չմասնակցելը ողջ արածը ջուրը կգցի, սերժանտի կոչում չի ստանա, ինչի համար այդքան պայքարել էր: Ասում էր` չեմ ուզենա հասարակ զինվոր լինել, պիտի կոչումներ ունենամ, պիտի առաջ գնամ…»,- պատմում է մայրը, հետո հավելում, որ թեեւ բնույթով մեղմ էր ու փափուկ, բայց սիրել է տարբեր մարզաձեւերով զբաղվել, հաճախել էր Դավիթ Համբարձումյանի քիք-բոքսինգի, ապա` բազկամարտի խմբակներ, եւ ամեն անգամ մեծ բավականությամբ ցուցադրել ձեւավորվող մկանները:

Հունիսի 24-ին Սերժին տեղափոխեցին Ջերմուկի զորամաս: Ծնողներն ուրախացել էին, որ մոտ է, կարող էին ավելի հաճախ գնալ տեսության: Ամեն օր խոսել են հետը, նրա կատակներն անպակաս են եղել: Ուրախացել են, որ ամեն օր ջրիկ ճաշ են տվել, տան նման էր: Ինքն էլ էր գոհ: 15-20 օր հետո բարձրացել են դիրքեր` ինժեներական աշխատանքներ կատարելու: Մեկ ամիս մնացել այնտեղ: «Երբ իջան, օգոստոսի 14-ին գնացինք տեսակցության, գոհ էր, տրամադրությունը` լավ: Նորից էին բարձրացել դիրքեր, սեպտեմբերի 16-ին պիտի իջնեին: Սեպտեմբերի 12-ին երեկոյան խոսել ենք հետը, ուրախ էր, իր նման, բայց նույն գիշերն արդեն թշնամին հարձակվել է մեր դիքերի վրա, ու այլեւս կապ չենք ունեցել տղայիս հետ: Բոլոր հեռախոսազանգերը մնացել են անպատասխան, կամ` անհասանելի»,- ասում է մայրը:

Սերժի հեռախոսին հնչող անհաշիվ զանգերից մեկին, սակայն, պատասխանել են, բայց` Սերժը չէ, այլ` զինակիցներից մեկը, ու հորեղբոր կնոջ` ինչո՞ւ չի Սերժը պատասխանում հարցին հայտնել, որ Սերժը զոհվել է գիշերը ժամը 12 անց 45-ին, իրենց դիրքն էլ մնացել է թշնամու վերահսկողության տակ:

Սերժի մասին անհուն ցավով, կսկիծով ու չդադարող արցունքներով է պատմում հորեղբոր կինը` Սաթիկ Համբարձումյանը, ասում, որ Սերժը 5 տարեկան էր, երբ ինքը հարս է եկել Հովսեփյանների օջախ, 15 տարի մի հարկի տակ ապրել են սիրով ու ջերմությամբ, համերաշխ ու խաղաղ: «Սերժը էնքան ազնիվ էր, էնքան միամիտ, պարզ, երբեք չէր դժգոհում, եթե որեւէ բան դուրը չգար, դարձյալ չէր դժգոհի, մի հայացք ուներ, էդ հայացքով կնայեր ու կասեր` մա~մ… ու ամեն ինչ հասկանալի էր: Սեպտեմբերի 12-ից մինչեւ 23-ը մեր ընտանիքի դժոխային օրերն էին: էնքան պարզ ու միամիտ է եղել, որ զինակիցները ետ են քաշվել, ինքը կանգնել է մինչեւ վերջ, հրետանուց արձակված արկից բեկորային վնասվածք է ստացել, վիրավորվել: Հետո մեզ պատմել են, որ գիտակցությունը տեղն է եղել, շնչել է, ընկերը գրկել է նրան, ասել` աղոթիր… Համոզված եմ, որ Սերժս երկնքում է… Սամվելն անընդհատ ասում է` ի՞նչ վատ բան էի արել, որ էսպես եղավ, ասում եմ` ոչ մի, Սերժը, երեւի, աստծուն էր պետք: Սերժն իսկական զինվորական էր, վարակիչ հպարտությամբ էր պատմում կրտսեր սերժանտի կոչում ստանալու, «Բանակի գերազանցիկ», «Լավագույն մարզիկ» մեդալների մասին: Վշտի մեջ դժվար ես մխիթարություն գտնում, բայց երկու մխիթարություն ունեմ. մեկը` աստուծով, մեկ էլ որ իր ամենաթանկն է տվել, որ մենք ապրենք, խաղաղ առավոտներ ունենանք, մեր դպրոցներում դաս լինի, մեր կյանքը շարունակվի, ու չմոռանանք նրանց…»,-պատմում է Սաթիկը:

Սերժի տատը` շվարած, մոլորված, սպասող, ականջը` դեռ բարի լուրերի, միտքը` դեռ չհաշտված կատարվածի հետ, սիրտը` դեռ անմխիթար… Ասում է` տան առաջին թոռն էր, ականջաթեթեւ, հանգիստ նստել չուներ, վազելով էր գործ անում, թռչելով, ամեն նպատակ նրա հետ է կապել, սիրո մեջ է պահել ու մեծացրել, հետո ձեռնունայն նստել ու խեղդվելով ապրում է… Ասում է` հետո երբ շուրջն է նայում, տեսնում, որ միակը չեն, տեսնում իր հարեւան Գրետային` 44-օրյայում զոհված Տարոն Ֆիլիպոսյանի տատին, վերադառնում է դաժան իրականություն, հասկանում, որ նույն ցավն է, նույն անդարման կորուստը, բայց, փափագում, գոնե, որ իրենք վերջինը լինեն, ուրիշ ծնողներ էդ ցավը չապրեն, իսկ նահատակների արյան գինը խաղաղությունը լինի…

Թշնամին Սերժ Սամվելի Հովսեփյանի մարմինը հայկական կողմին է հանձնել սեպտեմբերի 17-ին, սեպտեմբերի 23-ին այն տվել են հարազատներին, իսկ 24-ին հուղարկավորվել է Սիսիանի պանթեոնում: Որքա~ն կարճ ապրեց, բայց որքա~ն խորը եւ անդարման ցավ թողեց…

Սերժի զոհվելը անասելի ծանր նստվածք թողեց դասընկերների, ընկերների, հասակակիցների, ուսուցիչների հոգում: Դասընկերը` Արգիշտի Իսրայելյանը, ում համար Սերժը իրեն պաշտպանելու համար թեւերը տարածած արծիվ էր, ուրախ սրտով նրան բանակ ճանապարհեց, միասին երգեցին, կատակեցին, անհամբեր սպասում էր նրա վերադարձին, սակայն… «Ժամերը դարձան օրեր, օրերը` ամիսներ, բայց ես այդպես էլ չեմ հասկանում` ինչու այդպես եղավ…»,-օրերս գրել է Արգիշտին:

Բարեկամուհին` Գոհար Պողոսյանը, ում հետ վրձինվել են մանկության բազմագույները, ում հետ ձգվել են երազների ճանապարհները, ում հետ հասակ են առել ու ծաղկել նպատակները, հոգեփշուր, սրտափշուր, կարոտախեղդ տողեր է գրում նրա մասին ու չի խաղավում, ու չի խաղավում. Դրսում անձրև էրԻսկ իմ ձեռքերը դողում էին քո կարոտից, բացակայությունից։ Դողում էին քո շիրիմին` քեզ գրկելիս։ Իսկ դու ժպտում էիր անվերջ ու անվերջ։ Իսկ ես թաքցնում էի տխրությունս բոլորի աչքերից։ Ու երբ վերջացավ անձրևը, բոլորի աչքերից կաթիլներ հոսեցին, արցունքի կաթիլներ։ Հերթով մոտեցա, դողացող ձեռքերով սրբեցի արցունքներն իրենց այտերից, սրբեցի տառապանքը իրենց դեմքից։ Եւ սրտերն իրենց այդքան կոտրված լցվեցին կարոտով։ Ափսոս, որ դողացող ձեռքերով չեմ կարող սրտիցս կարոտդ սրբել. #զինվորս #իմապեր

Հ.Գ. Սեպտեմբերի 12-ից մի քանի օր առաջ Սերժը զանգահարել էր մորը: Նրա կողքին տեսնելով իրենց հարեւանուհի Ռոզային, հարցրել է` Ռոզիկ, հավերդ ո՞նց են, Ռուդոյին ասա` մի աքլոր պահի, որ գամ, մատաղ անենք… Ռուդիկը աքլորը բերեց, բայց… Սերժի չբոլորած 19 ամյակին…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԵՍ ԶՈՀՎԵԼ ԵՄ ԱՄԵՆ ԶԻՆՎՈՐԻ ՀԵՏ ՈՒ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՄ ԶՈՀՎԵԼ… Զոհված Արայիկ Սաֆյանի մայր

Տեղադրվել է - Սեպտեմբեր 16, 2021 0
Հոկտեմբերի 12-ին միաժամանակ չորս նահատակ զինվոր էինք հուղարկավորում Սիսիանի պանթեոնում: Հոկտեմբերի 12-ի թաղման թափորի մեջ լուսանկարներ անող ֆոտոխցիկս մեկեն կանգ…

ԱՂՋԻԿԸ ՆԿԱՐՆԵՐԻՑ Է ՃԱՆԱՉՈՒՄ ՀՈՐԸ … 44-օրյա պատերազմի նահատակ Կոլյա Արիստակեսյան

Տեղադրվել է - Մայիս 19, 2022 0
Վաղատինում 1990-ին ծնված տղային ծնողները պապի անունն են դրել` Կոլյա: Պապը Սալվարդից «եղբայրական« Բաքու էր տեղափոխվել «խորհրդային ինտերնացիոնալիզմի» «ոսկեդարում», տնավորվել,…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: