Սեպտեմբերի 27-ից առաջ էլի պանթեոն էինք գալիս, էլի խոնարհվում ու խնկարկում էինք հայրենիքի զոհասեղանին իրենց կյանքը դրած նահատակների հիշատակի առջեւ…Սեպտեմբերի 27-ից առաջ առաջին արցախյանն էր, հետո` ապրիլյան քառօրյան…
Բայց սեպտեմբերի 27-ից հետո պանթեոնը դաժանորեն ընդարձակվեց… Գրեթե ամեն օր զինվոր էինք հուղարկավորում… Պատերազմն իր ողջ հրեշավոր կերպարանքով ծառս էր եղել մեր դեմ, ու ողջ ազգն էր պատնեշի նման բարձրացել թշնամու առաջ… դարավոր թշնամու, նենգ թշնամու, արյունռուշտ թշնամու, յուրային թշնամու, բարեկամ թշնամու, ներքին թշնամու, դրկից թշնամու, ներսի թշնամու… Ցավից խելակորույս վիճակ էր, բայցեւ` ցավին դիմագրավելու վիճակ` հայրենյաց նահատակին արժանավոր ձեւով, խնկով, պետական օրհներգով ու խոնարհված եռագույնով հայրենի հողին արժանապիվ հանձնելու պարտավորություն…
Գրեթե ամեն օր զինվոր էինք թաղում… Թաղման թափորի մասնակիցների դեմքերը ամեն անգամ տարբեր էին, բայց` նույնն էր ցավը, նույնն էր կորստի ահագնությունը, նույնն էր անչափելի վիշտը…
Մենք գրեթե ամեն օր զինվոր էինք թաղում…
Օր կար` երեք հոգի, օր կար` չորս հոգի, օր կար` անգամ վեց հոգի… Ու բոլորի հետ զոհվում էինք, բոլորի հետ` հառնում, բոլորի հետ` նահատակվում, բոլորի հետ` համբառնում…
Ու որքան էլ ցավախեղդ էր մեր հոգին, որքան էլ` ջարդուխուրդ` մեր սիրտը, զինվորի թաղումներն այնպես զուսպ էին, այնքան` հավաք, այնքան` միասիրտ ու միաբան, ցավը` ներսում էր, վրեժի ցասումը` խոժոռ տղամարդկանց ժայռագույն դեմքերին, արցունքը դեպի դուրս էր, հաղթելու երազանքը` նահատակ զինվորի շիրմին հողի հետ լցվող ցորյանի սերմի պես բարձրացող…
Մենք գրեթե ամեն օր զինվոր էինք թաղում… Տարբեր էին թափորի մասնակից մարդկանց դեմքերը, ցավը նույնն էր…
Նույնն էին մեկ էլ թաղման կարգը կատարող Սյունյաց թեմի հոգեւորականները, զորամասի նվագախումբը եւ … ես ու իմ երկու ընկերուհիները… Ու գրեթե ամեն օր իրար էին հանդիպում մեր լուռ հայացքները, մեր տանջահար դեմքերը, ամեն օր զինվոր թաղելու ցավից բզկտված մեր հոգիները… Ու մեր ամենօրյա խոսքը լռությունն էր, ամենօրյա բարեւը` ամենախոս հայացքը…
Ու մեր ցավատանջ հայացքների առաջ օր-օրի մեծացավ պանթեոնը, օր-օրի ընդարձակվեց պանթեոնը, եւ մի օր էլ հանկարծ դաժանորեն հասկացանք, որ պանթեոնը դուրս է եկել իր ափերից եւ հոսում է քաղաքի վրա, մարդկանց վրա, տների վրա, եւ տարածվում պարսպից դուրս, եւ բարձրանում հաղթարձան արծիվների թիկունք…
Պանթեոնը դաժանորեն ընդարձակվել է… Ամենադաժանն այն է, սակայն, որ դեռ հայրենի հողին չհանձնված նահատակներ ունենք` պատերազմից անգամ մեկ տարի անց … Ու նրանք էլ պիտի գան, պիտի գան, պիտի գան…
Պանթեոնը դաժանորեն ընդարձակվել է…
Բայց այս պանթեոնը մահվան մասին չէ, այլ` հավերժումի, այս պանթեոնը զոհվելու մասին չէ, այլ` հերոսացման, այս պանթեոնը պարտության մասին չէ, այլ` զենքը ձեռքին մինչեւ վերջ հանուն հայրենիքի նահատակության …
Այս պանթեոնը քաղաքակիրթ աշխարհի անբարոյականության մասին է ու աշխարհում բարոյականության պարտության մասին, նաեւ` աշխարհի խիղճը արթուն պահելու մասին:
Այս պանթեոնը մեր անավարտ թռիչքի եւ թռիչքը ավարտին հասցնելու աներեր երազանքի մասին է…
Այս պանթեոնը եղեռնը մերժելու, եղեռնագործին հավետ նզովելու, եղեռնազարկի վերըձյուղվելու, ապրելու, կաղնիանալու անկասելի ընթացքի մասին է…
Այս պանթեոնը 21-րդ դարի քաղաքակիրթ մարդու ամոթն է ու խարանը…
Այս պանթեոնը էլի ուրիշ շատ բաների մասին է…մեր հավաքականության, մեր միասնական լինելու, մեր համախմբումի, մեր վրեժի, մեր հատուցման, հայրենի հողը մեզանով սերմանելու եւ հայորեն սիրելու ու հայորեն պահելու մասին…
Այս պանթեոնը մեր այն ոսկեհատիկ սերմի մասին է, որ պահ տվեցինք հողին` մի օր ոսկեհասկերը հնձելու համար, այս պանթեոնը ճակատագրի այն սերնդի մասին է, որի զավակը կրակներից ծնված մեր հուր-հեր Վահագնը պիտի լինի, ոսոխ Բելին տապալող մեր հաղթական Հայկը, մեր Ծուռ Դավիթը, մեր Թուր Կեծակին…
Այս պանթեոնը անպարտների մասին է, արժանապատիվների մասին, հպարտների մասին է, մեռնելով-հառնողների մասին…
Այս պանթեոնը որդեկորույս մայրերի, այրիացած կանանց, որբացած զավակների, չծնված երեխաների, հայրերի լռության, մայրերի ցավի մասին է, բայց եւ նրանց հավերժ երախտապարտ լինելու մասին, նրանց հավերժ շնորհակալ լինելու մասին, նրանց առջեւ խոնարհվելու մասին…
Այս պանթեոնը մեր ամենօրյա աղոթքի մասին է, հայերեն եկող դարերի մասին է, հավերժ փառքերի ու հավերժ խոնարհումների մասին, ու երբեք չի խոտակալի այն ճանապարհը, որ դեպի պանթեոն է տանում…
Այս պանթեոնը մեր մասին է… Ընկածներին խոնարհելով` մեր հավերժումի մասին, նրանց խնկարկելով` մեր ինքնամաքրումի մասին, նահատակների առաջ երդվելով` նրանց վրեժը լուծելու մասին, նրանց արյան վրա մեր կերտվող հաղթանակի բերդը կառուցելու մասին …
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
27.09.2021