ՉԳԻՏԵԻ` ՎՐԵԺԻՍ ՀԱՄԱՐ ՈՂԲԱՅԻ, ԹԵ` ԱՐԱՅԻԿԻՍ … Զոհված Վրեժ Պողոսյանի մայր

3591 0

Սիսիանյան մեկսենյականոց վարձակալած փոքրիկ բնակարանում հանդիպեցի 44-օրյա պատերազմի նահատակ Վրեժ Պողոսյանի մորը` Ալինային: Բնակարան մտնելուն պես առաջինը, որ աչքի է զարնում, դիմահայաց պատն է, որն ամբողջությամբ ծածկված է լուսանկարներով… Վրեժն է: Վրեժից անբաժան է Ալինայի քրոջ որդին` Արայիկը… Տղաները զոհվել են նույն օրը` հոկտեմբերի 10-ին, Ջրականում, ու Սիսիանի քաջաց պանթեոնում էլ հուղարկավորվել են միասին, իրար հետ, իրար կողք…

Ինձ համար անակնկալ չէր տանը Ալինայի կողքին քրոջը` Անգինին տեսնելը: Լինելով բազմանդամ ընտանիքի ամենափոքր երեխան, Ալինային բոլորն են սիրել, իսկ Անգինը, ծնողներից հետո, Ալինայի համար եւ մայր է եղել, եւ` քույր, մշտապես լինելով նրա կողքին, նրա հետ, նրա մոտ… Ու հիմա էլ վշտացյալ Անգինը իր վշտաբեկ քրոջ կողքին է… Որդեկորույս մորը ուրիշ ո՞վ կարող է ամեն նյարդով ու ամեն բջիջով հասկանալ այնպես, ինչպես մեկ ուրիշ որդեկորույս մայր, ով նաեւ նրա քույրն է…

Վրեժ Պողոսյանի մասին որոշ բաներ արդեն պատմել եմ` օրեր առաջ Բռնակոթում Անգին Գրիգորյանի հետ իմ հանդիպումից, երբ պատրաստում էի Արայիկ Սաֆյանի մասին իմ նյութը: Բայց, ինչպես արժանի է յուրաքանչյուր նահատակ զինվոր, հարկ է, որ ամենքի մասին պատմեմ ավելի հանգամանալից, որովհետեւ 44-օրյա պատերազմի յուրաքանչյուր նահատակ մեր լինելիության, մեր հարատեւումի, մեր արժանապատվության մի պատումն է, մի վկայությունը:

Բայց եթե ցավը Անգինին «լեզու էր» տվել, Ալինայից «խլել էր լեզուն», եթե մրմուռը Անգինին «խոսեցնում էր», Ալինային` «լռեցնում»… Ու մեկի ցավախոս խոսքի, մյուսի` ցավատանջ լռության հետ ծնվում, արարվում, երկնվում, ստեղծվում էր թեւաբաց արծվի մի քաջապատում, որի թեւերից մեկը Արայիկն էր, մյուսը` Վրեժը… Երկու քույրերի տանն էլ Արայիկի ու Վրեժի լուսանկարները նույնն են, երկու քույրերի տանն էլ տրամադրությունը նույնն է, երկու քույրերի տանն էլ երկու ցավը, երկու կորուստը, երկու զավակները հավասարապես երկուսինն է…

Վրեժը ծնվել է 1992 թվականին Ույծ գյուղում: Հայրը` Սեյրան Պողոսյանը մասնակցել է արցախյան առաջին պատերազմին, հետո` ապրիլյանին, ապա նաեւ` 44-օրյային: Սեյրանը որդուն Վրեժ էր անվանակոչել` արցախյան տարածքների ազատագրման վրեժը լուծված համարելով: 12 տարի Ույծում ապրելուց, Սիսիանի ոստիկանական համակարգում աշխատելուց հետո Սեյրանն ընդունել է Բերձորի ոստիկանական համակարգում աշխատելու հրավերը, եւ ընտանիքով տեղափոխվել Բերձորի Սարատակ գյուղ: Նոր վերաբնակեցվող Սարատակում կիսավեր մի շինություն է վերանորոգել, տուն-տեղ դրել, մեծացրել, դաստիարակել, կրթության տվել երկու զավակներին: Արեւիկն ու Վրեժը երազել են մեկ ապերիկ էլ ունենալ… «Երբ Բերձորի ծննդատնից Մոնթեի բարուրը գրկած տուն վերադարձա, Վրեժս, որ արդեն 14 տարեկան էր, գրկեց ապերիկին ու շատ մեծավարի ասաց` ապրե՛ս, մա՛մ, որ եղբայր բերեցիր ինձ համար»,- ասում է Ալինան, ապա այնպիսի գորովագութ հայացքով նայում արդեն հասակ առած որդուն` Մոնթեին, որ թվում է` Վրեժի կարոտն էլ է ուզում այդ հիշողությունից առնել…

Սարատակում մի քանի տարի ապրելուց հետո Սեյրան Պողոսյանն ընտանիքով տեղափոխվել է Բերձոր, մի երկու տարի եւս ոստիկանական համակարգում աշխատելուց հետո անցել վաստակած հանգստի: Զավակները` Արեւիկն ու Վրեժը դարձել են Ստեփանակերտի պետական համալսարանի ուսանողներ: Արեւիկը սովորել է մանկավարժական բաժնում, Վրեժը` ռազմագիտություն եւ ֆիզկուլտուրա: Մայրը` Ալինան ասում է, որ իր կյանքի ամենաերջանիկ տարիներն էին: Վրեժի զինվորական ծառայությունն անցել է Ջրականում: Նույն տարիներին քրոջ որդին` կապիտան Արայիկ Սաֆյանն էլ ծառայում էր Մարտունիում, եւ հենց այդ ժամանակներից էլ սկսվել է նրանց ավելի հաճախակի ու ավելի մտերիմ շփումները, որը նրանց կարծես դարձրել է նույն ճակատագիրը կրող մեկ ընտանիք:

Վրեժը, հավանաբար, իր տարիքից շուտ մեծացավ. պատճառներից մեկը ապրիլյան պատերազմն էր, որին չէր կարող չմասնակցել: Երբ հայրը մեկնել է առաջնագիծ, ինքն էլ է հետեւել նրան, ու հայրը որդուն ետ չի պահել, չի արգելել, չի խոչընդոտել: Ընդհակառակը, խրախուսել է, ասել` բա մեր հողն է, որ մեր արյամբ ենք ազատագրել, մենք էլ պիտի պահենք: Ապրիլյանից հետո Վրեժն աշխատանքի է անցել Բերձորի դպրոցում որպես տնտեսվար, ապա աշխատել է Բերձորի ոստիկանությունում, հետո տեղափոխվել փրկարար ծառայություն: Մասնագիտությամբ աշխատելու մղումը նրան տարել է Իշխանաձորի դպրոց, որտեղ էլ աշխատել է որպես ռազմագիտության ուսուցիչ: Վրեժն Արցախը շատ էր սիրում, բայց Արցախում չէր կարողանում գտնել իր տեղ, դրսեւորվել, բացահայտել իրեն, իր անհատականությունը, եւ, մտածելով, որ միեւնույն է, տնից-տեղից հեռու է, նախընտրել է վերադառնալ ծննդավայր եւ ծառայության անցնել արդեն Նորավանի զորամասում աշխատող մորաքրոջ որդու` կապիտան Արայիկ Սաֆյանի մոտ, ու 2018-ին տեղափոխվել է Սիսիան, ապրել Բռնակոթում` Անգին մորաքրոջ տանը: «Վրեժս պատրաստ էր անգամ ծնողներից հեռու ապրել, միայն թե կատարեր իր սիրած աշխատանքը, եւ գտներ իրեն ու իր տեղը»,- ասում է Անգին մորաքույրը եւ ավելացնում, որ երկու տարի Վրեժն ապրել է իր տանը, բայց մի անգամ դիտողություն չի արել, մի անգամ երկու զինվորական տղաների անկողինը չի հարդարել, իրենք էին անում, կոկիկ էին, մաքրակենցաղ, իսկական զինվորական: Երկու տարի Նորավանի զորամասում աշխատելուց հետո Վրեժը վեց ամսով վերապատրաստվել է Երեւանում եւ վերադարձել զորամաս: «Նրան արդեն ներկայացրել էին լեյտենանտի կոչման, կոչումը ստացավ, բայց չկարողացավ վայելել»,-ասում է Անգին մորաքույրը ու հիշողություններ պատմում, ամեն ինչ վերհիշում մանրամասն, հոգեխոռվ, արցունքահոս, ասում, որ երբ Վրեժը մտել է իր տան շեմից ներս` իր կատակասեր բնավորությամբ առաջին խոսքը եղել է` մորքուր, այ մորս քուր, ես եկել եմ, որ հետո բոլորին բերեմ…

Բոլորը իրենց կամքով չեկան… բայց` եկան… Ալինան Բերձորը թողեց ծանրացած սրտով, ամեն ինչ կորցրած… Սեպտեմբերի 27-ին Բերձորի իրենց տան նկուղներում աթս-ի հարվածներից երկու օր պատսպարվելուց հետո որդու` Մոնթեի հետ սեպտեմբերի 29-ին տեղափոխվեց Սիսիան: Ալինան պատմում է, որ անընդհատ կապի մեջ են եղել որդու հետ: Իմանալով, որ մայրն ու եղբայրը արդեն դուրս են եկել Բերձորից, հայրը` Սեյրանը, մարտադաշտում էր, կամավորագրվել էր Բերձորի ջոկատին եւ գնացել Հադրութ, ասել է, որ Նորավանի ավազահանքի մոտ կսպասի իրենց: «Դա եղավ մեր վերջին հանդիպումը, վերջին անգամ տեսա Վրեժիս…»,- ասում է Ալինան:

Ալինան չմնաց Սիսիանում: Մոնթեի հետ տեղափոխվեց դստեր` Արեւիկի տուն` Ջրվեժ: Վրեժը, երբ կրտսեր եղբոր հետ խոսում էր հեռախոսով, ասես պատգամում էր, որ տան տղամարդն արդեն ինքն է, ու Մոնթեն զգում էր այդ բեռան ծանրությունը: «Հոկտեմբերի 9-ին շատ խառը երազ տեսա, անհանգիստ էի: Տան մոտ մի մատուռ կար, առավոտյան գնացինք մատուռը, նկարները մաքրեցինք, Վրեժս եկեղեցի, խաչ շատ էր սիրում, աղոթեցինք մեր զինվորների համար, բայց շատ անհանգիստ էի, Վրեժիս զանգի ժամը անցել էր, ու զանգը չկար… Սիրտս տագնապած էր… Հոկտեմբերի 10-ի չարաբաստիկ օրը Արայիկիս լուրը եկավ, մտածեցի, որ քույրս չի դիմանա այդ հարվածին, պիտի իր կողքին լինեմ ու եկա Սիսիան… Ճանապարհին քույրս ասել էր, որ Վրեժս էլ չկա, բայց Արայիկիս ցավը այնքան էր մթագնել միտքս, որ չէի ընկալել Վրեժիս չլինելու լուրը… Քրոջս տանը հոտոտեցի Վրեժիս անկողինը, նրան փնտրեցի, բայց չգտա: Եւ միայն այդ ժամանակ հանկարծ գիտակցությանս հասավ այն դաժան իրողությունը, որի առջեւ կանգնել էինք երկու քույր: Ու չգիտեի` Վրեժիս համար սգայի, չգիտեի` Արայիկիս համար սգայի, նույնն էլ քույրս էր…»,- ասում է Ալինան:

Անգինը պատմում է, որ Վրեժը շատ էր սիրում ուրախություններ, ծնունդներ, տոներ, բոլորին շնորհավորում էր, բոլորին ուրախացնում: Արայիկի ծննդյան օրը Վրեժը թեւերը բացած արծվի քանդակ էր նվիրել նրան: «Հենց նվերը տեսա` ինձանից անկախ լաց եղա: Ասացի` Վրեժ, ի՞նչի ես էս նվերը առել… Ասաց` մորքուր, Արեւիկի հետ դա հարմար գտանք… Չգիտեմ` դա ինչ նախախնամություն էր, ուրախանալու փոխարեն լաց եղա, ու ինձ թվաց` արծվի բացված մի թեւը Արայիկս էր, մյուսը` Վրեժս, որ հավետ թռան մեր ձեռքից… Հիմա այդ քանդակ-արծվի մի թեւին Արայիկիս նկարն է, մյուսին` Վրեժիս…»,- ասում է Անգինը, ու բառ չես կարողանում գտնել` նրանց մխիթարելու, ուժ չես գտնում` նրանց սատարելու…

Ընդհակառակը, Ալինան դառնում է ինձ եւ շատ ափսոսում, որ իմ գրիչը, որ մեր տղաների, մեր հաղթանակների մասին հերոսապատումներ պիտի գրեր, հիմա միայն ցավապատումներ է գրում, հուշապատումներ` հավերժացնելու իրենց նահատակ զավակներին, եւ շնորհակալ է, անչափ շնորհակալ… Ախ, Ալինա ջան, էդ մենք ենք շնորհակալ, էդ ես եմ շնորհակալ, որ ձեր զավակները մեզ տվել են արժանապատիվ ապրելու բանաձեւը, երախտապարտ ու շնորհակալ ապրելու բանաձեւը…

Ալինան իր մեջ ուժ է գտնում շնորհակալություն հայտնելու նաեւ Ույծի դպրոցի տնօրենին, կոլեկտիվին, աշակերտներին, կազմակերպիչներին, որդու դասընկերներին` Հարութին, Աշոտին, Գեւորգին, Արտուշին, բոլորին, որ Վրեժի անունով դասասենյակ են անվանակոչել դպրոցում, որտեղ Վրեժը սովորել է մինչեւ երկրորդ դասարան, ու հավերժացրել նրա հիշատակը: Իսկ Նորավանի զորամասում, որտեղ ծառայել են կապիտան Արայիկ Սաֆյանը եւ լեյտենանտ Վրեժ Պողոսյանը, նրանց` դեռեւս դատարկ աշխատասենյակում նրանց լուսանկարներն են, նրանց մասին վառ հիշողությունները եւ ծանր, շատ ծանր մի լռություն, որ դեռ պիտի պատմի 44-օրյա պատերազմի մեր նահատակների քաջությունների ու խիզախումների մասին…

Ապրիլյանից հետո Վրեժը առողջական խնդիրներ ուներ, բայց հրաժարվել էր բժշկի գնալ: 44-օրյա պատերազմի ժամանակ երբ քույրը անհանգստացել է եղբոր առողջական վիճակի համար, Վրեժն ասել է` որ մեռնի էլ հոգը չէ, բայց կուզենա, որ հայրենիքի համար զոհվի…

… Արցախում իր տեղն այդպես էլ չգտնող Վրեժը իր տեղը գտավ հանուն Արցախի եւ հանուն հայրենիքի երբեւէ մղված ամենադաժան ու ամենաանարդար պատերազմում, իր տեղը գտավ հայոց փառքի երկնակամարում, իր տեղը գտավ Սիսիանի քաջաց պանթեոնում, իր տեղը գտավ մեր ոսկետառ փառաց մատյանում, իր տեղը գտավ բոլորիս ծնրադիր խոնարհումների ու խնկարկումների մեջ, իր տեղը գտավ մահ իմացյալ անմահության մեջ…

Հարցնում եմ` կվերադառնա՞ն Բերձոր, իրենց տուն… Մի քանի րոպե տեւող ծանր լռությունից հետո Ալինան ասում է, որ Սեյրանը երբեւէ մտադիր չի եղել Բերձորից հեռանալ, միշտ կրկնել է, որ իրենց ազատագրած տարածքներն են, ինչքա~ն արյուն են տվել այդ հողերի համար, հենց այնպես չէր վերցնի ու հեռանար… Բերձորն իրենց տունն էր ու իրենք էլ Բերձորինն էին` իրենց արած-դրածով, իրենց ստեղծածով: Իրենք Բերձորից հեռացողը չէին, ճակատագիրը իրենց հեռացրեց… Ու տունը, որտեղ ապրել են, հիմա լքյալ է, ու Վրեժի ձեռքով ամրացրած սալիկները պոկված-թափված են, ու Վրեժի ձեռքով խփած հատակի լամիմնատը պոկված-տարված է, ու ինքն այլեւս չի կարող տեսնել իր որդու ձեռքերով սարքածը` ավերված, չի կարող դիմանալ այդ հարվածին էլ… Բերձորը, Բերձորի իրենց տունը, որը իր երջանկության տունն էր, թող այդպես էլ ապրի իր հիշողության մեջ մինչեւ կյանքի վերջին օրերը` ապրեցնելով իր որդու մասին եղած սիրուն հիշողությունները…

Թեեւ հայրենիքի համար որեւէ զոհաբերում գին ու գնահատում չունի, հայրենիքը բարձր է գնահատել Վրեժ Պողոսյանի ծառայությունը եւ ապրիլյան քառօրյային մասնակցելու համար նրան պարգեւատրել «Ծովակալ Իսակով», արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցելու համար, ցավոք, ետմահու, «Արիության համար» մեդալներով…

Ասում են` հայրենիքներն ընկնում են հայրենասիրության պակասից… Մեր հայրենիքը հայրենասերների եւ հայրենասիրության պակաս չունի: Նրանք ընկան, որ հայրենիքը հավերժի… Իսկ մեր վրեժը դեռ լուծված չէ…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

23.09.2021

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ԱՌԱՆՑ ՔԵԶ Եւ ՔԵԶ ՀԵՏ…

Տեղադրվել է - Դեկտեմբեր 29, 2021 0
Քսան տարի առաջ այս օրը ուրիշ տրամադրություն էր Նիկալյանների հարկի տակ… 20 տարի առաջ այս օրը շնորհավորանքներ էին, մի բարձի…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code