Չեկավ… Բերեցին մեկ տարի երեք ամիս հետո միայն… եւ 2022-ի տարեսկզբին Սիսիանի քաջաց պանթեոնում, որ դեռ հոգեմաշ են մորմոքները, դեռ թաց են վերքերը, արցունքահոս են աչքերը, կարոտախեղդ են սպասումները, նոր շիրմաթումբ ավելացավ` Արամ Բենիկի Հովսեփյանի շիրմաթումբը:
Ու սեպտեմբերի 27-ին սկսված տարօրինակ պատերազմը Հովսեփյանների համար չավարտվեց եւ չի ավարտվելու մինչեւ կյանքի վերջ… Արամը անասելի մեծ կորուստ էր Արեւուշ մոր, Նվեր եղբոր, Նելլի եւ Մանուշակ քույրերի համար, համատեղ կյանքի ամեն օրը երջանիկ ու սիրաողող ապրած կնոջ` Մերիի եւ 12 ու 11-ամյա Արամե ու Դավիթ զավակների համար… Արամի կորուստը անասելի մեծ էր ընկերների, հարազատների, բարեկամների, Սիսիանի համար, որովհետեւ բոլորից պակասեց գեղեցիկ ապրելու, գեղեցիկ սիրելու, գեղեցիկ նվիրվելու, անգամ` գեղեցիկ նահատակվելու` նրա տեսակը, նրա կենսակերպը, նրա` կյանքով հիանալու, կյանքը սիրելու, կյանքի ամեն ակնթարթը վայելելու ձեւը… Պակասեց գործին բոլորանվեր տրվելու, ամենքի եւ ամեն ինչի հանդեպ բծախնդրորեն պատասխանատու լինելու, շրջապատը ծաղիկներով ու ծիծաղով գունավորելու նրա զգացողությունը, պատկերացումը, ընկալումը… Պատերազմ գնալու նախօրյակին անգամ վայելել է հանկարծահաս տեղատարափը, կնոջ ու զավակների հետ մնացել անձրեւի տակ, թրջվել մինչեւ ոսկորները ու թեւատարած բացականչել` վայելեեեե~ք…
Ամեն ինչի մեջ սեր էր տեսնում ու սեր էր դնում, եւ զարմանում էր, թե ոնց են մարդիկ անսեր ապրում, անսեր աշխատում, անսեր քայլում, անսեր տուն մտնում եւ տնից ելնում… Շտապում էր տալ հոգու ողջ սերը նրան, ով իր կողքին էր, ով իր մոտ էր, ով իր հետ էր… Ու սերը չէր սպառվում… Հիմա այն շարունակվում է բյուրեղանալ իր զավակների մեջ, որ սերը չպակասի աշխարհում, տիեզերքում, բակերում, տներում եւ սրտերում…
40-ը բոլորած Արամն ուներ Ռուսաստանի Դաշնության անձնագիր, երկքաղաքացի էր, կարող էր եւ չգնալ պատերազմ, բայց դա նման չէր լինի իրեն… Զինապարտության ծանուցագիրն ստանալուն պես ներկայացել էր, երկար փնտրեցին նրա ազգանունը ցուցակներում, չգտան, տագնապեց, անհանգստացավ, պարզվեց` Հովսեփյանի փոխարեն Հովասափյան էին գրել…
Երբ կինը` Մերին, խնդրեց չգնալ, նայել է նրա աչքերի մեջ, ասել` պատերազմ գնացողների հերթի մեջ տեսա պապիկների, տարեցների, երիտասարդների, ես ո՞նց չգնամ, հետո ինչպե՞ս նայեմ տղաներիս աչքերին…
«Ասացի` մի գնա, բայց` վազելով գնաց, թռնելով ու շտապելով գնաց, ինչպես ձուկը` ձեռքիցս թռավ-գնաց…»,-ասում է մայրը եւ հավելում, որ Արամը կարծես ամեն ինչում շտապում էր, շտապում էր ամեն ինչ իր սրտով անել, իր երկու զավակներին ամեն ինչ սովորեցնել, ամեն խմբակ ընդգրկել, ամեն տեղ տանել, ամեն վայրկյանը իմաստավոր ապրել, հոգնել չուներ, ամեն ինչ հասցնում էր, միաժամանակ չորս գործ էր անում, բոլորն էլ` անթերի, սիրով ու հավեսով:
Մայրը պատմում է, որ Արամն ընկերություն էր անում իրենից մեծերի հետ, բոլորը սիրում էին նրան, ճանաչում, ոնց որ աչքաուլունք լիներ: «Տան փոքրն էր, բայց արդեն դպրոցական տարիներին աշխատում էր, օգնում ընտանիքին, նախաձեռնող էր, հնարամիտ: Պակաս տարիներ էին, Երեւանից շոկոլադ էր պատվիրում, էստեղ վաճառում, դաշտերից սունկ էր բերում, վաճառում, մեր հավերի ձուն շուկա տանելն ու վաճառել-վերադառնալը մեկ էր լինում… Բարեկամներից մեկի գերեզմանը սարքեց, շատ հավանեցին, ասացի` Արամ, էլ որ ուրիշ տեղ չգնաս, մնաս էստեղ աշխատես, գերեզմաններ սարքես, քո տունը դրանով կպահես, ասաց` մամ, էլ նման բան չասես, ես չեմ կարող ուրիշի ընտանիքի դժբախտության վրա իմ ընտանիքի հացը վաստակել… Էսպիսին էր Արամը»,- ասում է մայրը:
Երջանկահիշատակ հոր` Սիսիանում հայտնի վարպետ ուստա Բենիկի հետ «ընկերությունը» Արամի համար դարձավ կյանքի ամենամեծ դպրոցը, նրանից սովորեց պատ շարել, սվաղ անել, նրանից սովորեց նվիրվել ձեռնարկած գործին, նրա հետ եկեղեցի, տուն կառուցեց, ինքն էլ դարձավ վարպետ, ու այնպիսին, որ Տաթեւի վանքի վերանորոգման ժամանակ վանահայրը նրան էր վստահել բեկորված, փշրված խաչքարի «հավաքումը», ինչն Արամն արել էր անթերի: Եթե առաջ ինքն էր գործ փնտրում, սկսեցին իրեն փնտրել: 6-7 տարի աշխատեց Հադրութում, հավանեցին ձեռքի գործը, առաջարկեցին մնալ եւ ապրել այնտեղ, բայց վարսահարդար կինը չցանկացավ հեռանալ սիսիանյան այն սիրուն զգացումների միջավայրից, որ իրենցն էր, թանկ էր ու նվիրական:
«Հայրիկի հետ ընկերանալով `ժառանգեց շինարարի, կառուցողի, ստեղծողի, արարողի ջիղը ու շատ արագ կայացավ: Բնությունից ժառանգած դիտողական աչք ու ձեռք ուներ, կարծես մարդ-արարիչ լիներ` ինչի ձեռք տար, ծաղկի, քարի, հողի, թփի, արարում էր ստացվում: Ասում էին` Արամը բուլդոզերի նման է աշխատում, գերբնական մի ուժ կար նրա մեջ: Էնպես չի, որ նա մտածում էր շատ գումար վաստակելու մասին, դա չէր իր էությունը, ուրիշ ուժ կար նրա մեջ` արարողի, ստեղծողի»,- ասում է ավագ քույրը` սիրված ուսուցչուհի Նելլի Հովսեփյանը, ապա հավելում, որ Արամը հետագայում կարեւորեց նաեւ ուսումը, սովորեց Սիսիանի պետական քոլեջում, չբավարարվեց դրանով, մեծ տարիքում ընդունվեց Ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղ, երրորդ կուրս էր, ասում էր` մարդ ամեն ինչ պիտի իմանա…
Մի ուրի~շ, անկրկնելի ուրի~շ էր Արամի ու Մերիի համատեղ կյանքը, հավերժ իրար սիրահարված, միմյանցով ապրող, իրարով երջանիկ: Ապրել են նույն երկհարկանի շենքում, սակայն իրար չեն ճանաչել, Մերին ընտանիքի հետ տեղափողվել էր Ստավրոպոլ, բայց երկար չդիմացավ առանց Սիսիան, առանց հայրենիք, ու վերադարձավ եւ ապրում էր Հերսիլյա տատիկի հետ: Տատը Արամին էր շատ սիրում, Արամի մայրը` Մերիին… Բայց բախտն էլ երկուսին շատ սիրեց` միավորելով նրանց: «Մի օր մի մեքենա կտրեց ճամփաս, Արամն իջավ մեքենայից, մոտեցավ, սրտի կողմից մի մեծ, շատ մեծ կարմիր խնձոր հանեց, ասաց` էս սիրտս ա, քեզ… լացեցի, ծիծաղեցի… Արամն էությամբ պոետ էր, արարող, սրտեղծարար, ռոմանտիկ, հոգատար… էդ խնձորին ամիսներով ձեռք չեմ տվել, հազար անգամ կռվել ենք, հաշտվել, մի օր եկել ա մեր տուն` ասում ա` եկել եմ էն խնձորը ուտենք… Մեր ամեն օրը տոն է եղել, Արամն ինքը էությամբ տոն էր, բոլորիս տոնն էր, տղաներիս տոնը: Ամեն ինչ արել ենք սիրուն, գեղեցիկ, մեզ համար միապաղաղ օր չի եղել, մեր ապրած կյանքն ամբողջովին սեր էր… Կարծես տարօրինակ լիներ էդ կյանքը, էնքան սիրուն էր: Հեշտ էր Արամի հետ, առանց խոսքի, կռվել պետք չէր, ապացուցել պետք չէր, ընդամենը սիրել էր պետք… ու մենք սիրում էինք: Հայրս ասում էր` սենց աննորմալ ընտանիք չեմ տեսել… ու մեր «աննորմալը» շատ սիրուն էր: Արամը մի ամբողջ տիեզերք էր… ասես էս աշխարհից չէր… Մենք փողոցով քայլելիս էլ էինք շատ ծիծաղում, ասում էի` մարդիկ կկարծեն խմած ենք: Ձեռքս միշտ բռնած էր լինում, հիմա ձեռքս դատարկ է, ամեն ինչ դատարկ է: Կարոտում եմ ամեն ինչին: Մտնում եմ տուն, ինձ թվում է` ներկա է, մեկս մեկիցս թաքուն գնում ենք վերեւի տուն, պառկում նրա անկողնում, հոտ քաշում… Ծանր է տղաների համար: Նրանց ամեն ինչը հայրիկով էր, հիմա էդ տեղը բաց է, անլցնելի: Դավիթն օնլայն կինոստուդիա է հաճախում, ասում է` «Արամ» անունով կինո եմ նկարելու, ես էլ Արամի դերը խաղամ, Արամեն ֆուտբոլի է գնում, ասում է, որ գոլ եմ խփում, էդ պահին ասում եմ` պապայի համար:Երբ ճանապարհում էինք, գլխարկը չգտանք, չկար ու չկար: Տանն ուրիշ գլխարկ կար, Մարգարյան Վարդգեսինն էր, կինն էր տվել` միջոցառման համար, էդ գլխարկը դրեց-գնաց: Առավոտյան տեսանք` Դավիթը հայրիկի գլխարկը գրկել-քնել էր…Տղաներն ասում են` մեծանանք, գնանք պապայի զոհված տեղը տեսնենք, մեր հողերը ետ բերենք… Ինքը չկա, բայց էլի մեզ հետ է, մեզ մոտ, մեր կողքին, ու ես շարունակում եմ սեղան դնել` չորս սպասքով` ինչպես առաջ էր… Ասում էր` քեզ ամենակարեւորն եմ վստահել` էրեխեքիս… Ինձանով արխային էր, ես էլ` իրենով… Արխային էլ գնաց…»,- պատմում է Սիսիանում ճանաչված ու սիրված վարսահարդար Մերի Թադեւոսյանը: Կնոջ վարսավիրանոցի շրջակայքը վարդաստան էր սարքել, ծանոթ-անծանոթ անցուդարձողին վարդեր էր նվիրում, ասում էր` թող աչքները սովորի սիրունին, գեղեցիկին, որ հոգիներն էլ սիրուն լինի…
…Ու 2020-ի ցնորական, գիշատիչ պատերազմը ավերել է էս սիրուն կյանքը, փլուզել նրանց անհուն սիրո տունը, խաթարել բոլորի տոնը` տեղը դնելով միայն կարոտ, անփարատ կարոտ…
Երեք ամիս առաջ էին տեղափոխվել նորակառույց-կիսակառույց տուն, որտեղ ե՛ւ ապրում էին, ե՛ւ կառուցում: Մինչ ցուցակներում կճշտեին իր ազգանունը, տուն էին ուղարկել: Սեպտեմբերի 29-ին ավարտեց այգու բոլոր կիսատ գործերը, հավաքեց հողամասի բերքը, որ ծանրությունը չմնա կնոջ վրա, դասավորեց շինարարական գործիքները եւ պատվիրեց` ոչ մի բանի ձեռք չտալ, չորս օրից գալու է…
Սեպտեմբերի 30-ին Նորավանի զորամասում էին: Արամը տնեցիներին ասել էր, որ իրենց տանելու են Սիսիանին սահմանակից` Նախիջեւանի դիրքեր: «Բայց Սիսիանի սահման գնացողի նման չէր իր պահվածքը,- ասում է Մերին,- մեկնելուց առաջ տղաներին խնդրում էր լավ սովորել, խմբակները չթողնել, ինձ լսել, տատիկին լավ նայել, կրկնում էր տղաներին հաճախ ասած` ես ապրում եմ, որ ձեզ ծափահարեմ խոսքերը: Սիսիանի դիրքեր գնալու համար էդքան երկար-բարակ հրաժեշտ չէր տա, էդքան խորհուրդներ չէր տա, կարծես վերջին հրաժեշտ լիներ, վախեցնող էր, ոնց որ մի բան պոկվեր մեզանից… »,-ասում է Մերին, հետո հավելում, որ ավելի ուշ ուրիշներից են իմացել, որ հոկտեմբերի 3-ին տարել են Ջաբրաիլ: «Ասացի` գնացիր իմ չուզած տեղը, ասաց` սուս, անուն չտաս: Հարցրեցի` գալու ես չէ՞, բոլորը գալիս են, ասաց` չէ: Հետո ընկերներն են պատմել, որ բոլորին օգնել է, ժամկետային զինծառայողներին տվել իր շորերը, հրետակոծությունների ժամանակ գրկել նրանց, ասել` հիմա կվերջանա, եւ մերժել է ընկերների` իրենց հետ վերադառնալու առաջարկը` ասելով` բա գնամ տղերքիս ի՞նչ ասեմ, ի՞նչ պատմեմ, էս էրեխեքին թողնեմ, ո՞ւր գնամ…» ,- պատմում է Մերին:
Հոկտեմբերի 9-10-ը հերթափոխ պիտի լիներ, տղաները պիտի վերադառնային: Վերջին զանգը հոկտեմբերի 9-ին եղավ… Հոկտեմբերի 10-ից հետո այլեւս ոչ մի լուր Արամից… Միայն` հույսեր, միայն` սպասում, միայն` աղոթքներ…
2021-ի օգոստոսի 20-ին լույսի մի շող բացվեց, հույսի մի թել, որից կարելի էր կառչել ու գնալ… Քրոջ` Նելլի հեռախոսին հաղորդագրություն էր եկել, որ տվյալ բաժանորդի (Արամի) հեռախոսահամարն արդեն հասանելի է… Հոգեկան ցնցում ապրեցին բոլորը, հույսը վերըձյուղվեց, որ Արամը ողջ է, նաեւ` տագնապ կար այդ հաղորդագրության մեջ` վախի, հուսախաբության, հուսահատության տագնապը… Նելլին հետ զանգեց… Արամը չէր… Վայքեցի մի զինվորական էր. Ջաբրաիլում անհայտ կորած իրենց հրամանատրին փնտրելիս դիրքերում գտել էին Արամի հեռախոսը… Եղբայրը անմիջապես գնացել էր Վայք, հանդիպել զինվորականին, մանրամասներ իմացել տարածքի, տեղանքի մասին եւ օգոստոսի 25-ին խաղաղապահների թույլտվությամբ մտել Ջրականի եւ Իրանի սահմանների մեջտեղում գտնվող Քյավթառներ կոչվող հատված, որտեղ մի հսկա ծառ կար, նախկինում էլ գյուղատեղի է եղել … Առաջին փնտրտուքը ապարդյուն էր, գնաց երկրորդ անգամ, ու միայն երրորդ որոնումից հետո է գտնվել Արամի աճյունը…
Հոլանդիա ուղակված դնթ անալիզի պատասխանը դեկտեմբերին արդեն ստացել էին, բայց Արամի հարազատներին լուրը հաղորդել են միայն 2022-ի հունվարի 11-ին, գուցե մտածելով` չհարամել արդեն հարամված տոնական օրերը… Հունվարի 18-ին Սիսիանի քաջաց պանթեոնում հողին հանձնվեց հայրենյաց նահատակ Արամ Հովսեփյանի աճյունը…
Հունվարի 11-ը թեեւ շատ սպասված օր էր, Արամին «գտնելու» օրը, բայց, ինչպես ասաց Մերին, դրանով իր վերջին հույսը մարեց, ինքը «խռովեց» Արամից, որ «այդպես եկավ», «գերեզմանը» բոլորովին չէր սազում կյանքով, սիրով լեցուն Արամին, որ խոստացել էր գալ, ավարտել ամեն անկյունը կայնքով, սիրով լեցուն իրենց տան կառուցումը…
«Գնալուց հաջող արեց, ասաց` որ գամ, աղջիկ կունենանք, ասացի` ինչի՞ ես ասում` որ գամ… Ասաց` բերանիցս թռավ… «Որ գամը» մեխվեց ուղեղիս մեջ ու կմնա մինչեւ կյանքիս վերջ… 11 տարեկան Դավիթս ասում է` մամ, մենք բոլորս իրարից թաքուն տխուր ենք… Բայց ես պարտավոր եմ Արամի պես ուրախություն եւ տոն սարքել տղաներիս համար, որովհետեւ Արամն ինձ վստահել է իր ամենաթանկը` մեր տղաներին, իսկ ես մինչեւ կյանքիս վերջ կսպասեմ նրան…»,- ասում է Մերին ու հավելում, որ դեռ չի պատկերացնում, թե այն, ինչի մեջ ապրում են հիմա, իրական է, որովհետեւ իրենք սովոր են ապրել Արամի ստեղծած գեղեցիկ հեքիաթի մեջ…
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
24.01.2022