Ինչ տարավ եւ ինչ տվեց 2025-ը: Նման` բոլոր տարիներին, տարբեր` բոլոր տարիներից: Մեկ տարով էլ մեծացանք, երկրագունդը մեկ պտույտ էլ գործեց իր առանցքի եւ մեր շուրջը: Մեկի հույսն արդարացավ, մեկինը` ոչ, մեկն ուրախացավ, մյուսը գնաց կորցրածը փնտրելու, մեկը գտավ իր երջանկությունը, մյուսը` դեռ որոնում է, ու կյանքը, ինչպես սովորաբար սիրում ենք ասել, շարունակվում է` շարունակելով իր հոլովույթի եւ իր պարույրների մեջ նորոգել մեզ ու մեր հույսերն ու ապրումները: Ամեն բացվող օրվան աստծո պարգեւ ասելով` սպասում ենք նոր ու լավ բաների, որովհետեւ լավ բաների սպասելիս հոգիդ ջերմանում է, սիրտդ` բարիանում, միտքդ` խաղաղվում… որովհետեւ լավը աստծուց է… Հավատում եմ, որ բոլորն են միայն լավն ու բարին փափագում: Բայց… Բայց այդպես միայն երեւակայական աշխարհում է լինում, իրական աշխարհը բոլորովին այլ է. ահա մեր աչքի առաջ մի տեղ պատերազմ է, մի տեղ` ջրհեղեղ, մի տեղ` մահ, մի տեղ` ավեր, մի տեղ` հանրային կյանքի փլուզում, մի տեղ աղոթք է, մի տեղ` հայհոյանք, մի տեղ խնկարկում է, մի տեղ` խրախճանք… Սակայն խրախճանքի ճիչերն անզոր են լռեցնել ու մոռանալ տալ անսփոփ ցավը, որովհետեւ մի տեղ` անթառամ ծաղիկներ ու խնկաբույր է հայրենյաց նահատակի շիրմին, մի տեղ` անհայտ կորած նահատակի տունդարձի անվերջ սպասում, որ նրա շիրիմն էլ ծաղիկ ունենա, արցունք ունենա, խունկ ու ծալված ծունկ ունենա եւ մխիթարություն…
Ու մենք ապրում ենք այս հակասական, այս իրական, այս տարօրինակ ու ինքնահավան իրականության մեջ` փորձելով փրկել ինքներս մեզ, փորձելով փրկվել հոգեւոր փլուզումներից, փորձելով չմնալ հոգու սովի փլատակների տակ, փորձելով պահել մեր նախաստեղծ նկարագիրը, մեր մարդկային դիմագիծը, ու` ի~նչ ահռելի ջանքերի գնով, ի~նչ անասելի մաքառումով, ի~նչ զորավոր համբերատարությամբ… Երանի եմ տալիս երջանիկ մարդկանց, թող հարատեւ երջանկության մեջ լինեն, երանի եմ տալիս ամեն օր խրախճանք ու խնջույք անողներին, թող քեֆ անողի քեֆը չպակասի, երանի եմ տալիս աշխարհի մեծագույն մարզադաշտերում ինքնամոռաց ֆուտբոլ վայելող երկրպագուներին, եւ ուզում եմ ես էլ նրանց պես ինքնամոռաց երկրպագել իմ սիրած թիմին, իմ սիրած ֆուտոբլիստին, սակայն… Ու այս խոհերով ու մտքերով մեկ էլ տեսնումն ես` տարին մոտենում է իր ավարտին, բայց այնքա~ն բան ես կիսատ թողել, այնքա~ն բան է թերի մնացել, ինչքա~ն բան է մնացել չբարձրաձայնված, չբացատրված, չպարզաբանված, չավարտված… Հետո մխիթարում ես քեզ` ի~նչ լավ է, որ այդպես է, ու սկսում ես մտածել գալիք տարում կիսատներիդ ու թերիներիդ, անկատարներիդ ու անավարտներիդ, երազանքներիդ ու նպատակներիդ, բարի ցանկություններիդ ու անանձնական հույսերիդ ետեւից գնալ, գնալ` մինչեւ եկող տարին էլ դառնա անցնող տարի… Բարով գաս, Նոր տարի, որ մեկ տարի հետո պիտի դառնաս հին տարի…
Հույս, հավատ, սեր: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ…
ՈՐՈՏԱՆ, Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ