Սիսիանի` Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնի գրադարանի աշխատակիցների համար օգոստոսի 9-ը` գրքասերների միջազգային օրը, կրկնակի տոն էր, քանի որ օրվա առթիվ ավելի խորհրդանշական նվեր չէր կարող լինել, քան` գիրքն էր: Իսկ նվիրաբերողը մոսկվաբնակ, բայց մշտապես ծննդավայրի, հայրենի եզերքի, Սիսիանի հետ կապը ամուր պահած պատվարժան Թելման Դիլանյանն էր, ով երեւանյան իրենց տան հարուստ գրադարանից ավելի քան հազար կտոր գիրք նվիրեց Սիսիանի քաղաքային գրադարանին:
Գրադարանի աշխատակիցների հետ հարազատական զրույցի ընթացքում Թելման Դիլանյանը մասնավորապես նշեց, որ Դիլանյան տոհմը սերում է Սիսիանի Բռնակոթ գյուղից, հայրը` Արտավազդ Դիլանյանը, Սիսիանում վարել է պատասխանատու մի շարք պաշտոններ: Ինքը նույնպես քաղաքական պաշտոններ է վարել Հայաստանի տարբեր շրջաններում, հետո տեղափոխվել եւ բնակություն է հաստատել Մոսկվայում, բայց միշտ ամուր է պահել կապը ոչ միայն Երեւանի, այլեւ` Սիսիանի, ընկերների, բարեկամների եւ հայրենակիցների հետ: Սիսիանի գրադարանին հազար կտոր գիրք նվիրելը եւս համարեց այդ ամուր կապի դրսեւորումներից մեկը, քանի որ այդ գրքերն իրենցով ամուր կպահեն հայրենիքի հետ իր ինֆորմացիոն կապը:
«Հայրս երկար տարիներ եղել է ՀԿԿ Սիսիանի շրջկոմի երկրորդ, ապա` առաջին քարտուղար, գործկոմի նախագահ, եւ այդ տարիներից սկսած սիրել է հավաքել գրականություն` եւ՛ քաղաքական, եւ՛ գեղարվեստական, շատ մտերմ է եղել Սահյանի հետ: Հետագայում այնպես եղավ, որ ես շարունակեցի քաղաքական կյանքը, աշխատեցի Մեղրիում շրջկոմի առաջին քարտուղար, հետո Բաղրամյանում, երբ որ ստեղծվեց շրջանը, հետո` տեղափոխվեցի Մոսկվա, ապա` ՀԿԿ կենտկոմի քարտուղար, հետո նորից Մոսկվա… Տանը շատ գրականություն ունեինք, հայրս սիրում էր, որ գիրքը պետք է լինի եւ՛ սեղանին, եւ՛ դաշնամուրի վրա, եւ՛ անկողնու մոտ: Ինքը շատ էր կարդում, եւ թերթ կամ` գիրք կարդալիս էլ պարտադիր մատիտով նշումներ էր անում, գծեր էր քաշում, կարծիքներ էր գրում, եւ հիմա այս գրքերի մեջ էլ գուցե կհանդիպեք այդպիսի նշումների, դա նրա մոտեցումն էր»,– ասաց Թելման Դիլանյանը` հավելելով, որ գրքերը Դիլանյան ընտանիքի նվերն է իրենց հայրենի եզերքի ընթերցողներին: Մաղթեց, որ գրադարանի դուռը միշտ բաց լինի, ընթերցողները` շատ, իրենց կապը` հաստատուն եւ անխախտ:
Արտավազդ Դիլանյանի եւ նրա հարուստ գրադարանի մասին խոսեց նաեւ մեր մյուս հայրենակիցը` Գագիկ Ոսկանյանը, նշելով, որ բոլորը երջանկահիշատակ Դիլանյանին անվանում էին քայլող հանրագիտարան, քանի որ հավասարապես գիտելիքներ ուներ եւ՛ բժշկությունից, եւ՛ արվեստից, եւ՛ տնտեսությունից ու գրականությունից, ու համոզմունք հայտնեց, որ Սիսիանի գրադարանին նվիրաբերված արժեքավոր գրքերը կմաշվեն ոչ թե պահարանների վրա դարսված մնալուց, այլեւ` ընթերցողների ձեռքի տակ թերթվելուց:
Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Գայանե Վարդանյանը գրադարանի աշխատակիցների եւ իր անունից խորին երախատագիտություն հայտնեց նման արժեքավոր նվերի համար, ի մասնավորի նշելով, որ օրն իրենց համար իսկապես տոնի վերածվեց եւ հավելեց, որ ստացված գրքերից բաժին կհանեն նաեւ գյուղական այն գրադարաններին, որոնք նույնպես գրքերի մեծ պահանջարկ ունեն, բայց համալրելու հնարավորություն եւ միջոցներ չունեն:
Գրադարանի աշխատակիցները հավաստիացրեցին, որ իրենց ստացած արժեքավոր նվերը նոր խթան կհանդիսանա իրենց աշխատանքում եւ նորովի կարժեւորի գրադարանավարի` իրենց առաքելությունը գրքասեր եւ ընթերցասեր սերունդ դաստիարակելու պատվավոր ու պատասխանատու գործում:
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ