Նոյեմբերի 22-ը` հիշատակի օր. ԵՐԲ ԹՆԴԱՆՈԹՆԵՐԸ ԼՌՈՒՄ ԵՆ, ՏԻՐՈՒՄ Է… ԼՌՈՒԹՅՈՒՆ…

Տեղադրված է at 11:34
510 0

Նորին Սուրբ Օծություն Տ.Տ Գարեգին Երկրորդ Վեհափառի եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ նոյեմբերի 22-ը հայտարարվեց արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հիշատակի օր…

Ու այսօր հայոց բոլոր եկեղեցիներում ղողանջեցին զանգերը, կատարվեցին հիշատակի արարողություններ, հայոց երկրի բոլոր պանթեոններում տարածվեց խնկաբույրը, լուռ մրմունջով կամ` բարձրաձայն` երկինք հղվեցին աղոթքները, հին ու դեռ թարմ շիրիմներին խոնարհվեցին ծաղիկները, լուռ կամ բարձրաձայն` հոսեցին արցունքները… Ամեն մեկն իր ցավի հեր էր, իր կորստի հետ, իր մխիթարության ու իր հավատի հետ, որ այս սրբազան նահատակների արյունն անտեղի չէ, որ հայրենիքին զոհաբերած նրանց կյանքը նոր կյանքերի խոստումն է, նրանց հիշատակը` հավետ, նրանց փառքը` երկնային…

Սիսիանի պանթեոնը ցավալիորեն տարածվել է, մեծացել, դաժանորեն ցավեցնում է սիրտդ, մղկտացնում հոգիդ, մշուշում հայացքդ… Բոլորն էին այցելում բոլորի շիրիմներին, բոլորը մերն էին, ու ցավն ու ափսոսանք էլ էր բոլորինս… Երբ Նարեկ թոռան շիրմաթմբին հակված տատը մղկտոցով արտաբերում էր` իմ դուխով Նարեկ, իմ զինվոր Նարեկ, իմ խելոք Նարեկ, իմ սիրուն Նարեկ, իմ ափսոս Նարեկ, նրա մրմունջը բոլորի համար էր, երբ բարեպաշտ ու աստվածասեր տիկին Աստղիկը եկեղեցուց իջնում էր պանթեոն, մինչեւ Հովո-Հովհաննես որդու շիրմին հասնելը նրա աղոթքները բոլորի համար էին, երբ Վաչե Պետրոսյանի մորաքույրը մորմոքում էր Վաչեի համար, նրա մորմոքը բոլոր մորաքույների կոզմից էր, երբ հորաքույր Մարիետա Խաչատրյանը պանթեոնի հաղթարձան արծիվների մոտ խունկ էր վառում իր Յուրիի համար, խունկը բոլոր նահատակ Յուրիների հոգիների հանգստության համար էր, երբ ծաղիկներ էի դնում իմ փոքրիկ գյուղի մեծ հպարտություն Արմեն Պետրոսյանի շիրմաթմբին, ծաղիկները բոլոր Արմենների համար էր, երբ արցունքաքամ աչքերով տիկին Նելլին ծնրադրում էր իր Նարեկի շիրմին, ծնրադիր խոնարհումը բոլոր եւ բոլորի զավակների համար էր…

Չխախտելով արցախյան պատերազմի առաջին օրերի` #Հաղթելու ենք կարգախոսը, նահատակների հիշատակի օրվան նվիրված իմ գրառումը նույնպես այդ կարգախոսով եմ գրում, մի փոքրիկ վերապահումով` #Հաղթել եք… Երբեք եւ փոքր-ինչ չկորցնելով #Հաղթելու ենք-ի հույսն ու հավատը, հիմա խորին խոնարհումով եւ հազարբերան փառքերով ասում ենք, որ դու ես հաղթել հայոց բանակի զինվոր, որ դու ես պատիվ բերել հայոց հողին, հայոց զենքին, հայոց կամքին ու հաղթանակի հավատին, որ դու ես լուծել մեր հետագա բոլոր հաղթանակների բանաձեւը, դու ես բացել անմահության ճանապարհը, որ քեզանով է պարզ մեր երեսը, բաց` մեր ճակատը, վառ` մեր հույսը, այս երկրի վրա ապրելու, արարելու, հաղթանակներ կերտելու հավատամքը, խոստումը…

Դեռ նահատակներ ունենք, որ տուն չեն եկել, թեկուզ` վահանի վրա, դեռ զինվորներ ունենք, որ պիտի հերոսին վայել փառքով ու պատվով հանձնվեն հայրենի հողին, դեռ մրմուռ ու անամոք ցավ կա`անմխիթար սրտերում, մեր սուրը դեռ չենք դրել պատյան, քանի որ այն պատյան պիտի դրվի միայն փառքով, բայց դուք, սեւ ցելերի մեր արդար սերմանացաններ, ննջեք խաղաղությամբ, մեր լույս տղաներ, մեր փառք տղաներ, մեր պատիվ տղաներ, մեր ոսկեհունդ տղաներ, մեր գալիքի տղաներ…

Հավերժ փառք եւ հավերժ խոնահրում ձեզ, երկրի աղ տղերք, երկրի լույս տղերք, երկրի արյուն տղերք, երկրի սեր տղերք, երկրի ճակատագիր տղերք, երկրի անմահություն տղերք… Իսկ մենք ձեզ դեռ հաղթանակած հայրենիք ենք պարտք…

Հ.Գ. Շատ վաղուց Չելյաբինսկում ապրող քույրս` Նազիկ Ամիրյանը, դեռեւս պատերազմի առաջին օրերին գումար էր ուղարկել, որ իր կողմից հաղթանակի առթիվ ծաղիկներ գնեմ եւ տանեմ մեր նահատակների շիրիմներին…

Այսօր կատարեցի օվկիանոսի չափ մեծ սիրտ ունեցող իմ քրոջ պատգամը. ծաղիկները եւ մոմերը մեր հաղթած զինվերներինն էին…Իսկ մեր համազգային հաղթանակը դեռեւս գալու է, ու այդ ծաղիկները մեր հաղթանակի առթիվ դեռեւս խոնարհվելու են մեր նահատակների շիրիմներին…

  #Հաղթել եք…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

22 նոյեմբեր

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

93-ԱՄՅԱ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԷՋԵՐ

Տեղադրվել է - Մայիս 7, 2023 0
Ամեն անգամ մեծ ուրախությամբ եմ ընդունում մեր հարգարաժան հայրենակից, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, դոկտոր-պրոֆեսոր Գրիգոր Ալեքսանդրի Ղարիբյանի` իր մանկության, պատանեկության…

ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՑԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Տեղադրվել է - Հունվար 11, 2024 0
Լրացավ աշխարհահռչակ գիտնական Նիկողայոս Ադոնցի ծննդյան 153 ամյակը։ Թեև այստեղ տապանաքար չունի, սակայն Բռնակոթում ﬓում է այն տունը, որտեղ ծնվել…

Թոռներիցս թաքուն եմ արտասվում, արտասվում եմ գոմում, դաշտում, բակում… 44-օրյա պատերազմի նահատակ Կարեն Ստեփանյանի հայր

Տեղադրվել է - Դեկտեմբեր 2, 2021 0
Որքա~ն դժվար է ինձ համար արցախյան 44-օրյա պատերազմի հրադադարից մեկ տարի հետո էլ զոհված զինվորի ծնողի, կնոջ, երեխաների հետ խոսելը……

ԼԾԵՆ. ԻՄ ԿԱՐՈՏՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿԸ…

Տեղադրվել է - Օգոստոս 3, 2021 0
(Նվիրում եմ Առաքել պապիս եւ հորս` Արամայիս Ամիրյանի վառ հիշատակին) Մանկությունն առանց գյուղի` անգույն է: Մանկությունն առանց տատ ու պապի`…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code