Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան հանդիսությունների սրահում հունիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ հայրենանվեր ու ազգօգուտ ծառայության, ինչպես նաև արվեստի և երաժշտության ոլորտում ունեցած ձեռքբերումների համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշաններ հանձնվեց ՀՀ ժողովրդական եւ ՌԴ վաստակավոր նկարիչ Զախար Խաչատրյանին և դաշնակարուհի պրոֆեսոր Սվետլանա Նավասարդյանին:
Զախար Խաչատրյանի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը ներկայացրեց արվեստագիտության դոկտոր Հրավարդ Հակոբյանը: Սվետլանա Նավասարդյանի գործունեության մասին խոսք ասաց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր պրոֆեսոր Շահեն Շահինյանը:
Հանդիսությանը ներկա Մայր Աթոռի հոգեւորականների կատարմամբ հնչած «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ուղեկցությամբ մեծ հանդիսավորությամբ եւ խորին խորհրդով սրահ բերվեցին եւ ընթերցվեցին Հայրապետական կոնդակները, որտեղ նշված էին այն արժանիքները, ինչ համար երկու նշանավոր եւ մեծահարգ արվեստագետներն արժանանում էին հայ եկեղեցու բարձրագույն պարգեւներին:
«Ճանաչում ենք Ձեզ անձնապես և քաջածանոթ ենք հայ գեղանկարչության շնորհաշատ մշակիդ վաստակաշատ գործունեությանը: Ձեր երիտասարդությունն անցավ Երկրորդ համաշխարհային պատերազմի մարտադաշտերում, ուր Ձեր սերնդակիցների պես Դուք մասնակցություն բերեցիք ֆաշիզմի դեմ մեծ հաղթանակի կայացմանը` հանուն մեր երկրի ու հավատավոր ժողովրդի ապահովության: Պատերազմի ավարտին վերադառնալով Հայրենիք` կրթություն ստացաք Երևանի Գեղարվեստի ինստիտուտում, ապա և Սանկտ Պետերբուրգի Գեղանկարչության, քանդակագործության և Ճարտարապետության ակադեմիայում` աշակերտելով ժամանակի մեծանուն գեղանկարիչներին և զորացնելով Ձեր գիտելիքներն ու աստվածապարգև կարողությունները: Ձեր անունն այսօր ճանաչված է ինչպես Հայաստանում, այնպես և մեր երկրի սահմաններից դուրս` որպես գեղարվեստի մեծ նվիրյալի և տաղանդավոր նկարչի: Հայաստանի, Ռուսաստանի և բազմաթիվ այլ երկրների թանգարաններում ու ցուցասրահներում ներկայացված Ձեր ստեղծագործությունների միջոցով Դուք տասնամյակներ շարունակ մարդկանց փոխանցում եք Ձեր հոգու անկեղծ զգացումներն ու ապրումները: Ձեր արվեստը, որ մեծ ճանաչում ու պատիվ է բերել Ձեզ, գնահատված է Հայաստանի և Ռուսաստանի ամենաբարձր պարգևներով ու կոչումներով: Ձեր հմտությունները Դուք ամենայն սիրով ու նվիրումով բաշխել եք նաև բազմահարյուր երիտասարդ նկարիչների` դասավանդելով ու վարչական պաշտոններ վարելով Խաչատուր Աբովյանի անվան Երևանի պետական մանկավարժական համալսարանում:
Մեզ համար առանձնակի գոհունակություն է գնահատել նաև Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն մատուցած Ձեր ծառությունները: Դուք ամենայն սիրով ու բծախնդրությամբ Ձեր կարողություններն ի սպաս եք բերել Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցիների նորոգության գործին` հանձն առնելով հնամենի սրբապատկերների վերականգնման բարդ ու պատասխանատու գործը: Ուրախ ենք, որ հարստացնելով Ձեր եկեղեցանվեր վաստակը, Դուք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին նվիրաբերեցիք Ձեր շնորհալի ձեռքով վրձնած` Սուրբ Մարիամ Աստվածածնի սրբապատկերը: Այսօր Ձեր բազմաթիվ աշխատանքներ, օծված ու նվիրագործված սրբալույս մյուռոնով, զարդարում են մեր եկեղեցիների խորանները, որոնց առջև աղոթքի են կանգնում մեր ժողովրդի զավակները` փառաբանելով Տիրոջ Սուրբ Անունը»,-նշված է Զախար Խաչատրյանին ուղղված Հայրապետական կոնդակում:
Տիկին Սվետլանա Նավասարդյանին ուղղված Հայրապետական կոնդակում ասվում է. «Այսօր ուրախ առիթ ունենք Մեր գնահատանքը բերելու Ձեզ` մեր երկրի ու ժողովրդի կյանքում Ձեր գովարժան վաստակի համար: Տակավին մանուկ հասակից Դուք Ձեր կյանքն ընծայեցիք երաժշտարվեստին և գիտակից նվիրումով, հետևողական ու անդուլ ուսումնառությամբ զորացրեցիք աստվածատուր Ձեր շնորհներն ու կարողությունները Երևանի և Մոսկվայի պետական կոնսերվատորիաներում: Մեր ժողովուրդն ի սկզբանե սիրեց դաշնամուրային բարձրաճաշակ Ձեր մատուցումները: Համաշխարհային երաժշտության գանձերը` Բախի, Մոցարտի, Բրամսի, Շոպենի, Արամ Խաչատուրյանի և այլ մեծերի ստեղծագործությունները Դուք ներկայացրեցիք յուրօրինակ վարպետությամբ ու Ձեզ հատուկ զգացմունքայնությամբ` վաստակելով մասնագետների բարձր գնահատանքը: Աստվածատուր Ձեր շնորհներով փայլեցիք աշխարհի հանրահայտ բեմահարթակներում և միջազգային մրցույթներում` արժանանալով պետական ու հասարակական բազմաթիվ կոչումների, պարգևների ու մրցանակների` Ձեր անունն արժանիորեն արձանագրելով հայ երաժշտարվեստի պատմության մեջ: Մեծ է Ձեր ավանդը նաև երաժիշտների նոր սերունդ պատրաստելու շնորհակալ գործում: Երկար տարիներ դասավանդելով Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, Դուք Ձեր սաներին փոխանցում եք Ձեր վարպետությունն ու տարիների ընթացքին ամբարած գիտելիքները, նաև նրանց մատուցում աշխատասիրության ու երաժշտարվեստին անսակարկ նվիրումի Ձեր վառ օրինակը»:
Սվետլանա Նավասարդյանը, հայրապետական պարգևը համարելով իր համեստ վաստակի շռայլ գնահատական, նշեց, որ հպարտ է հայ արվեստագետ և նման վիթխարի հին մշակույթի ժառանգորդ լինելու համար և ուրախ է իր փոքրիկ լուման այդ մշակույթի զարգացման և պահպանման գործում ներդնելու համար:
Հայ Եկեղեցու բարձրագույն պարգեւին արժանանալու համար շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը` Զախար Խաչատրյանը կարեւորեց հավատի դերը իր կյանքում:
Ամփոփելով պարգեւաբաշխության արարողությունը` Վեհափառ Հայրապետը Սվետլանա Նավասարդյանի ստեղծագործական կատարումները համարեց դաշնամուրային հրաբուխ, երբ դաշնակարուհին ձուլվում, միանում է դաշնամուրի հետ, եւ հոգեկան անհուն ուրախություն ու բերկրանք պատճառում ունկնդրին:
Խոսելով Զաքար խաչատրյանի մասին Վերափառը նշեց, որ նրա հետ ծանոթացել է ավելի ուշ, երբ այցելել է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Հարություն եկեղեցի, որը խորհրդային կարգերի փլուզումից հետո վերադարձվել էր հայ համայնքին, նորոգվել ու դարձել գործող հայ առաքելական եկեղեցի: «Այդ եկեղեցու սուրբ խորանին տեսա մի նկար, որն արված էր շատ հայաշունչ ոգով. Հայ կնոջ կերպարով էր ներկայացված Աստվածամայրը, եւ այնքան հաղորդակցական էր այդ նկարը, այնքան ջերմություն կար, այնքան շնորհ, որ ուղղակի անձը, ով կանգնում էր նկարի առջեւ, տրամադրվում էր իր հայ Աստվածամոր բարեխոսության հայցով իր աղոթքը հղել առ Աստված,-ասաց Վերափառը, ապա հավելեց,- եւ մենք ցանկություն հայտնեցինք տեսնելու այդ մեծ ստեղծագործողին, այդ տաղանդաշատ հեղինակին` նրա տաղանդը ի սպաս բերելու մեր եկեղեցուն: Կարեւոր էր, որ եկեղեցական արվեստի ավանդույթը շարունակվի, որպեսզի սերունդները տեսնեն աճը, զարգացումը այդ ավանդույթի, նոր խոսքը յուրաքնչյուր դարաշրջանում հայ արվեստագետի հոգուց ծնված եւ այս իմաստով ուրախ ենք, որ պարոն Խաչատրյանը միշտ ուրախությամբ է արձագանքել, երբ իրեն խնդրանք ենք ներկայացրել հոգեւոր թեմայով որեւէ նկար նկարելու: Շատ ուրախ ենք, որ այս տարիքին երիտասարդական ավյունով շարունակում է իր ծառայությունը թե մեր ժողովրդին, թե մեր եկեղեցուն»:
Հանդիսությունը տպավորիչ էր իր ողջ արարողակարգով, խորհրդով եւ խորհրդավորությամբ: Այն կարծես առավել հոգեհմա ու գեղեցիկ էր դառնում ընտրյալների` հուզմունքի ու բերկրանքի միահյուսումից, վկայելով, որ արժանավորներն էին, իրավամբ, արժանանում հայոց եկեղեցու բարձրագույն ու պարտավորեցնող պատվո պարգեւներին:
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
Սիսիան-Էջմիածին
2015թ. հունիս