Մարդը միշտ շարժման մեջ է եղել։ Նախ՝ քարայրից դեպի հովիտ, հետո գյուղից քաղաք, ապա՝ երկրից երկիր։ Բայց միգրացիան երբեք պարզապես տեղաշարժ չի եղել։ Այն եղել է ընտրություն՝ երբեմն գիտակցված, երբեմն՝ պարտադրված, երբեմն էլ՝ ցավով լի։ Այսօր՝ 21-րդ դարում, երբ աշխարհը կարծես բաց է բոլորի առաջ, միգրացիան դարձյալ մնում է ոչ թե ազատության, այլ հաճախ՝ անհրաժեշտության ճանապարհ։
Միգրացիայի հետևում կանգնած է ոչ թե ժամանակաշրջանը, այլ մարդը։ Մարդը, որը փակել է տան դուռը՝ առանց իմանալու արդյո՞ք երբևէ կբացի այն նորից։ Մարդը, որը ճամպրուկի մեջ տեղավորել է ոչ միայն իր հագուստը, այլև մանկությունը, հիշողությունները, լեզուն, ինքնությունը։ Մարդը, որը մեկնել է ոչ թե միայն հեռանալու, այլեւ ապրելու համար։
Հայաստանում միգրացիան այլևս պարզապես սոցիալական երևույթ չէ․ այն դարձել է ազգային հոգեբանության մաս։ Տասնամյակներ շարունակ հայ ընտանիքներում միգրացիան քննարկվում է ոչ թե որպես բացառություն, այլ որպես հնարավոր սցենար. «Եթե այստեղ չստացվի, կգնանք» արտահայտությունը դարձել է սերնդային մտածելակերպ։ Երիտասարդների մեծ մասը կրթական կամ աշխատանքային ապագան պատկերացնում է ոչ թե հայրենիքի սահմաններում, այլ դրանից դուրս։
Բայց ինչո՞ւ է մարդը լքում իր երկիրը։ Միգրացիան գրեթե երբեք չի սկսվում երազանքով։ Այն սկսվում է փակ դռնից, փակ աշխատատեղից, փակ սոցիալական արդարությունից, փակ անվտանգությունից։ Մարդը հեռանում է ոչ թե որովհետև չի սիրում իր երկիրը, այլ որովհետև այլևս չի տեսնում իր տեղը դրա տնտեսության, կրթության կամ ապագայի պատկերացման մեջ։
Սակայն միգրանտ դառնալը չի նշանակում հայրենիքի հետ կապի խզում։ Դա նշանակում է երկփեղկված կյանք։ Մարդը սկսում է ապրել երկու իրականության մեջ․ ֆիզիկապես՝ օտար երկրում, հիշողությամբ՝ հայրենիքում։ Այդ երկփեղկվածությունը դառնում է հոգեբանական ծանր փորձություն։ Միգրանտը մշտապես գտնվում է «ոչ այստեղ», «ոչ այնտեղ» սահմանագծին։ Նա այլևս ամբողջությամբ չի պատկանում ո՛չ հեռացած երկրին, որովհետև փոխվել է, ո՛չ այն երկրին, որտեղ գտնվում է, որովհետև միշտ փոքր-ինչ օտար է։
Սակայն հենց այդ օտարության մեջ է ծնվում միգրանտի ուժը։ Նա սովորում է սկսել զրոյից։ Մարտահրավեր է ընդունում նոր լեզուն։ Վերանայում է մասնագիտությունը։ Նորից ապացուցում է իր արժանիքը։ Այդ ճանապարհին նա հաճախ պարտվում է, բայց նաև հաղթում է ինքն իրեն։ Եվ երբ հաղթում է, նա դառնում է կամուրջ՝ իր հայրենի երկրի և իրեն հյուրընկալող երկրի միջեւ։
Հենց այստեղ է, որ միգրացիան դադարում է լինել միայն կորուստ։ Այն դառնում է կապ։ Սփյուռքը ծնվել է միգրացիայից, բայց դարձել է կենսական համակարգ։ Հայկական սփյուռքը ոչ միայն պահպանում է ինքնությունը, այլև մշակութային, գիտական, տնտեսական շունչ է հաղորդում հայրենիքին։ Արտագնա աշխատանքից ուղարկված գումարները երբեմն պահում են ընտանիքներ, գյուղեր, համայնքներ։ Բայց ամենակարևորը՝ պահում են կապը։
Սակայն որքան էլ միգրացիան ստեղծի նոր հնարավորություններ, այն ունի ցավալի հետևանքներ հայրենիքի համար. դատարկվող գյուղեր, ծերացող բնակչություն, կրթված երիտասարդների արտահոսք, մասնագետների պակաս։ Սա միգրացիայի այն կողմն է, որի մասին խոսում են ցածր ձայնով, բայց որը բարձր գին է պահանջում երկրից։
Այս ամենի մեջ ամենացավալին այն է, որ միգրացիան հաճախ դառնում է ոչ թե անհատի զարգացման ընտրություն, այլ երկրի ձախողման ցուցիչ։ Երբ հայրենիքը չի կարողանում պահել իր ամենանորարար, ամենակրթված քաղաքացիներին, դա արդեն միայն միգրացիա չէ։ Դա ազգային խնդիր է։
Այնուամենայնիվ, միգրացիան պետք չէ դիտարկել միայն սև ու սպիտակ գույներով։ Այն մարդկային քաղաքակրթության շարժիչ ուժերից է եղել։ Մշակույթները խառնվում են միգրացիայի շնորհիվ։ Տնտեսությունները զարգանում են նոր աշխատուժի շարժով։ Գիտությունը առաջ է գնում մտքերի ազատ հոսքով։ Միգրացիան ապացույց է այն բանի, որ մարդը երբեք չի համաձայնվում լճացած ապրել։
Ու հենց այստեղ է միգրացիայի ամենախորը իմաստը․ այն ցույց է տալիս մարդու՝ գոյատևելու, զարգանալու, արժանապատվորեն ապրելու կամքը։ Մարդը չի տեղափոխվում պարզապես տարածության մեջ։ Նա տեղափոխվում է իր հնարավորությունների սահմանները փնտրելու։
Բայց հաղթող հասարակությունն այն չէ, որն ունի շատ միգրանտներ։ Հաղթող հասարակությունն այն է, որն ունի թե՛ գնալու, թե՛ վերադառնալու ճանապարհներ։ Այն պետությունը, որը կարողանում է այնպես կառուցել իր սոցիալական, տնտեսական և կրթական միջավայրը, որ մարդը չգտնվի միայն հեռանալու պայմաններում, այլ ունենա մնալու արժանապատիվ հնարավորություն։
Վերջիվերջո, միգրացիան ոչ միայն աշխարհագրության հարց է, այլեւ՝ ընտրության։ Եվ այդ ընտրության խորքում միշտ կա նույն խնդիրը․ որտե՞ղ է մարդն իրեն արժանապատիվ, լիարժեք ու ինքնաիրացված զգում։ Այնտեղ, որտեղ կա ապագա։ Իսկ ապագան հնարավոր է միայն այն ժամանակ, երբ ընտրությունը չի պարտադրվում։
Դիանա Բախշյան