ՄԵՐ ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ. ՅՈՒՐԻ ՋԱՎԱԴՅԱՆ-80. «ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՔ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼ, ՄԻՇՏ ՕԳՆԵՔ ՄԱՐԴԿԱՆՑ»

Տեղադրված է at 15:10
1633 0

Հանդիպեցինք պատահաբար:

-Այս ո՞ւր այսպես վաղ,-ասաց իմ «հարյուր տարվա ընկեր» Գագիկ Ոսկանյանը,-այս ժամին խմբագիրներն աշխատանքի չեն գնում, միայն ուսուցիչներն ու դասախոսները, մեկ էլ «հին գվարդիայի» ներկայաչուցիչները:

-Այդ է, որ կա, գնում եմ Յուրի Ջավադյանի մոտ, իր 80-ամյակն է մոտենում, նյութ ենք պատրաստում:

-Կարգին մարդու մոտ ես գնում,-ասաց,-ափսոս, հետդ չեմ կարող գալ: Գնա, օրդ բարի կլինի…

Ընկերոջս խոսքերն ինձ մտորումների մղեցին: Եվ նյութի այն ձեւաչափը, որ մտածել էի, հօդս ցնդեց: Արդեն Յուրի Լեւոնովիչի աշխատասենյակում, սովորական բարեւ-բարի լույսի եւ մի բաժակ սուրճի արանքում ես ինձ համար որոշեցի պարզել «կարգին մարդու» բանաձեւը՝ իմ առաջադրած հարցերով եւ նրա պատկերացմամբ՝ հիմքում ունենալով հինգ սկզբունք եւ որպես շարունակություն՝ հինգ դաս-պատգամ:

Եվ այսպես՝ սկզբունք առաջին. ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ

Տողեր կենսագրությունից. Ծնվել է 1935 թ.-ի հունվարի 1-ին Սիսիանի շրջանի Բնունիս գյուղում: Տեղի յոթնամյա դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո, 1949 թ,-ին, առանց ընդունելության քննությունների, ընդունվել է Երեւանի հիդրոմելիորատիվ տեխնիկումի հողաշինարարական բաժինը, ավատել 1954 թ.-ին գերազանցության դիպլոմով: Նույն թվականին, դարձյալ որպես գերազանցիկ, առանց քննությունների, ընդունվել Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտի հիդրոմելիորատիվ ֆակուլտետը, ավարտել 1959 թ.-ին՝ ստանալով ինժեներ-հիդրոտեխնիկի մասնագիտություն:

Հարցն անակնկալի բերեց: Կյանքի մեծ ճանապարհ անցած ու տասնյակներով հարցազրույց տված մարդն իրավունք ուներ այլ բան սպասել եւ մի պահ մտորումների գիրկն ընկավ:

-Համո Սահյանի հետ շփվե՞լ ես,-հարցրեց, ապա դանդաղ արտասանեց.

Հիմա այդ մեծ գերդաստանից

Ոչ մեկը չկա…

Ես եմ մնում լոկ իբրեւ հուշ

Եվ իբրեւ վկա:

Դե, ուրեմն, ողջ կյանքը Բնունիսում ապրած իմ պապ Ջավադից ու տատ Թագուհուց սկսեմ, որոնցից մեկը տան ղեկավարն էր, սեղան էր նստում իր տան 27 մեծ ու փոքր տղամարդկանց ու տղաների հետ, մյուսը տան գլուխն էր՝ ամեն մեկի համար մի լավ խոսք ունեցող, ամեն մեկին իր տեղում ճիշտ պահող: Դոլուխանյան մեր տոհմական ազգանունը հետագայում ճյուղավորվեց, եղբայրս, ահա Մանուչարյան է, ես՝ Ջավադյան: Պապս օրերով մնում էր դաշտում, ես տան փոքրն էի, ու միշտ նրա համար հաց պիտի տանեի: Իրեն, ուրեմն, ամենաշատն եմ լսել: Սերմացու ուտողի հետ չշփվես, մի օր ասաց, սերմացուն հողի համար է, որ բերք տա, շարունակություն լինի: Մինչեւ հիմա չեմ մոռանում:

Մայրս՝ Վարսենիկը, ցավոք, շատ վաղ է մահացել, ես հազիվ 1,5 տարեկան եմ եղել: Նրա տեղը բոլորիս համար Անահիտը լրացրեց: Նա այնպիսի տան հարս էր, որտեղ, ինչպես Համոն է դարձյալ գրում՝ «Մեկը մեկից ամաչելով Եվ զուսպ, եւ հավաք, Նստում էին մերոնք կարգով Կրտսեր ու ավագ»: Հայրս մեր տարածաշրջանում հաշտարար դատավոր էր: Բարությունը, դիմացինին աննկատ օգնելը, մարդասիրությունը հորս՝ ինձ փոխանցված գլխավոր դասերն են:

Ծնողներս վեց զավակ են ունեցել՝ 2 տղա, 4 աղջիկ: Կրթության հարգն ավանդաբար իմացող մեր ընտանիքում մեկը մյուսից օրինակ վերցնելով, վեցս էլ բարձրագույն կրթություն ստացանք: Եղբայրս՝ Գառնիկը, երկար տարիներ ղեկավարեց Վ. Տերյանի անվան դպրոցի աշխատանքները, ներկայումս թոշակառու է: Ունի մեկ տղա, մեկ աղջիկ, չորս թոռ: Քույրերիցս Շողիկն ավարտեց Երեւանի մանկավարժականը, աշխատեց Ղուկասյանի կոմերիտմիության շրջկոմի քարտուղար: Պատերազմի սկսվելուց հետո Սիսիանում նշանակեցին կուսակցական աշխատանքի: 1947-ին ամուսնացավ եւ տեղափոխվեց Բաքու: Ծննդաբերելիս ինքն էլ, զույգ տղաներն էլ բժիշկների մեղքով մահացան: 1948-ին էր: Վարդուհին գյուղում հաշվապահ էր, ավարտեց ԵՊՀ-ն, ապա եկավ Երեւան, երկար տարիներ Երեւանի «Գորգ» ֆիրմայում ավագ տնտեսագետ էր: Գոհարն ավարտեց Երեւանի մանկավարժականը, Սիսիանում տարբեր գյուղերում դասավանդեց, ապա կոշիկի «Մասիս» ֆիրմայի արհմիության կոմիտեի նախագահն էր: Այստեղից նա գործուղվեց Խարկով՝ սովորելու արհմիության բարձրագույն երկամյա դպրոցում, այդ գծով միակ մասնագետն էր Հայաստանում: Էմման կիսատ թողեց ուսումը մանկավարժականում, աշխատեց «Հայէլեկտրո» գործարանում, բայց իր չորս զավակների եւ ինը թոռների համար շատ ավելի մեծ մանկավարժ եղավ:

Նորից վերադառնալով ինձ եւ իմ ընտանիքին առաջին հերթին ցանկանում եմ նախ խոնարհումս բերել իմ տիկնոջ՝ Սեդա Հայկի Շեբելյանի հիշատակին: Մանկաբուժությունը նրա կոչումն ու էությունն էին, եւ այդպիսին էլ նա մնում է շատ ու շատ մարդկանց հիշողություններում, բայց նա նաեւ նույնքան եւ ավելի հոգատար մայր ու կին էր: Ինձ ճանաչողները կհավաստեն, որ ամբողջ կյանքս անցել է աշխատանքի մեջ՝ վաղ առավոտից մինչեւ ուշ գիշեր: Եվ Սեդայի շնորհքն էր, որ մեր երեք զավակներն էլ իրենց նկարագրով ու կրթությամբ իրապես երկրին, տոհմին, շրջապատին հավատարիմ ու պիտանի մարդիկ դարձան: Որդիս՝ Արթուր Ջավադյանը, երկու բարձրագույն կրթություն ստացավ, ներկայումս ՀՀ ԿԲ նախագահն է: Կինը՝ Հասմիկը, բժշկուհի է, իսկ իմ թոռնիկ Աննան առայժմ գիտելիքներ է հավաքում մեծ կյանք մտնելուց առաջ, սովորում է Երեւանի ամերիկյան համալսարանում: Ավագ դուստրս՝ Ռուզաննան, նույնպես մոր մասնագիտությունն ընտրեց: Ամուսնացավ լավ տոհմից սերող Արմենի հետ: Նրանց զավակներից Հայկը սովորում է Անգլիայում, կրտսերը՝ Հենրիկը, ավարտեց ԵՊՀ-ն, պատրաստվում է մագիստրատուրա ընդունվել:

Բժշկուհի է նաեւ կրտսեր դուստրս՝ Նաիրան: Նրանք իմ հպարտությունն են, իմ շարունակությունը:

Դրա համար ահա իմ առաջին դաս-պատգամը. ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԸ ԱՄՈՒՐ ԵՎ ԼԱՎ ԸՆՏԱՆԻՔՆ Է:

 Ակզբունք երկրորդ. ԲՈԼՈՐ ԲԱՐԻՔՆԵՐԻ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐՆ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է

 Տողեր կենսագրությունից. 1959 թ.-ին ընդունվել է աշխատանքի Երեւան քաղաքի նախկին Լենինյան շրջանի թիվ 2 բնակարանային շահագործման գրասենյակում որպես ինժեներ, նույն թվականին նշանակվել բնակարանային տնտեսության վարչության գլխավոր ինժեներ:

1964 թ.-ին ընտրվել է նախկին Լենինյան շրջգործկոմի նախագահի տեղակալ, 1971 թ.-ին՝ առաջին տեղակալ:

1974 թ.-ին ընտրվել է նախկին Լենինյան շրջանի գործադիր կոմիտեի նախագահ, 1976-86 թ.թ.-ին Երեւանի քաղխորհրդի նախագահի առաջին տեղակալ:

Մարդու կյանքում ոչ պակաս կարեւոր նշանակություն ունի միջավայրը, որտեղ նա ձեւավորվում է: Սկզբում բուհն էր, աչքի ընկնող իրենց կուրսը, որ գիտությունների 4 դոկտոր եւ գիտության 9 թեկնածու տվեց, այդ թվում՝ Յուրի Ջավադյանը, ապա ժամանակին հզոր արդյունաբերական շրջանը, ուր երիտասարդ շրջանավարտն աշխատեց 17 տարի՝ ինժեներից մինչեւ գործկոմի նախագահ, ձեւավորվելով ու հասունանալով թե որպես մասնագետ, թե որպես քաղաքացի ու պետական պաշտոնյա: («Ամառային մի անտանելի շոգ օր ես՝ երիտասարդ ինժեներս, բնակիչների հետ հանդիպման էի գնում, մի բաժակ գարեջուր խմեցի՝ շոգն ու լարվածությունը թոթափելու համար: Երեկոյան շրջկոմի առաջին քարտուղարը կանչեց իր մոտ: «Երբեք աշխատանքի ժամին չփորձես այլեւս խմիչք օգտագործել, անգամ՝ մեկ բաժակ գարեջուր,-ասաց»: Այդ խոսքերը դաս եղան ամբողջ կյանքի համար»,- ամփոփեց Յուրի Լեւոնովիչը): Շրջանում, ապա՝ Երեւանի քաղխորհրդի նախագահի տեղակալ աշխատելու տարիներին ղեկավարել է շրջանում նոր շահագործման հանձնված շենքերի օդային տաքացման, պանելային շենքերի ջեռուցման աշխատանքների կարգավորման, թաղամասի եւ բակերի բարեկարգման, կանաչապատման, ոռոգման եւ խմելու ջրերի մատակարարման, նոր ջրագծերի կառուցման եւ կարգավորման, նախկին Ծերեթելի, Շիրակի, Կոշեւոյի եւ այլ փողոցների վերակառուցման եւ կառուցապատման աշխատանքները:

Նրա աջակցությամբ ու ջանքերով են կառուցվել մի քանի տասնյակ դպրոցներ, շրջանի նախկին պիոներների պալատը, սկսվել Գործարանային թաղամասի շուրջ 1000 տների իրացման եւ «Եռանկյունի» թաղամասի կառուցապատման, բարեկարգման աշխատանքները: Անց է կացվել տասնյակ կիլոմետրերով տրոլեյբուսային եւ տրամվայի գծեր՝ նախկին Ծերեթելի եւ Կալինին փողոցներում: Իր ղեկավարությամբ հիմնվել են մի քանի տասնյակ բակային համալիրներ՝ մարզական կենտրոններով եւ փոքր այգիներով:

-Երեւանի քաղխորհրդի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում աշխատելու ժամանակ,-պատմեց Յուրի Ջավադյանը,-իմ ղեկավարությամբ կանաչապատվեց «Եռաբլուրը», կատարվեցին լամպերի գործարանին կից՝ շուրջ 300 հա տարածքի ծառապատման եւ կանաչապատման աշխատանքներ, իմ անմիջական ղեկավարությամբ վերակառուցվեցին Եղեռնի համալիրը (1985 թ.) եւ Անհայտ զինվորի հուշահամալիրը (1985 թ.), մասնակցեցի «Հրազդան» մարզահամալիրի եւ մարզահամերգային համալիրի շինարարությանը: Այն էլ ասեմ, որ միշտ ձգտել եմ նմանվել քաղխորհրդի 2 նախագահների՝ Գրիգոր Հասրաթյանին եւ Մուրադ Մուրադյանին, որոնցից շատ բան եմ սովորել, իմացել, թե ինչ պետք է արվի քաղաքը քաղաք դարձնելու եւ քաղաքացի դաստիարակելու ճանապարհին: Ի դեպ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի մեջ ես այդպիսի որակներ եմ տեսնում:

Ահա ուրեմն իմ երկրորդ դաս-պատգամը. ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՔ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼ, ՄԻՇՏ ՕԳՆԵՔ ՄԱՐԴԿԱՆՑ

 Սկզբունք երրորդ. ԺՈՂՈՎՐԴԻՆ ԾԱՌԱՅԵԼԸ ՈՉ ԹԵ ԽՈՍՔ է, ԱՅԼ՝ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Տողեր կենսագրությունից. 1986 թ.-ին Յուրի Ջավադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ջրային տնտեսության եւ մելիորացիայի նախարար: ՀՀՋՏ-ն եւ մելիորացիայի նախարարությունը, գյուղնախարարությանը միանալուց հետո, 1990 թ.-ի նոյեմբերից մինչեւ 1991 թ.-ի փետրվար ամիսը աշխատել է ՀՀ գյուղնախարարի առաջին տեղակալ, 1991 թ.-ի փետրվարից մինչեւ 1991 թ.-ի վերջ՝ գյուղնախարար:

1992-1995 թ.թ. աշխատել է որպես ՀՀ գյուղնախարարի տեղակալ, այնուհետեւ՝ «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն, ՀՀ գյուղնախարարության Բարեփոխումների եւ սպասարկման գլխավոր վարչության պետ, նախարարի գլխավոր խորհրդական, կոլեգիայի անդամ, «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ տնօրենի տեղակալ:

2001 թ-ից «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ տնօրենն է:

ՀՀ ջրային տնտեսության եւ մելիորացիայի նախարարությունը բոլորովին այլ ոլորտ էր, ջրային պաշարների եւ հատկապես Սեւանա լճի պահպանության խնդիրը՝ գերակա: Մի շարք միջոցառումների շնորհիվ պակասեցվեց Սեւանա լճից ջրի բացթողումը (1980-1985 թ.թ. տարեկան միջին 650 մլն. մ3 բացթողումից 1986-1990 թ.թ.-ին հասցվեց 250 մլն. մ3), լճի մակարդակը բարձրացվեց 1մ 51 սմ: Այն, որ 1992-1994 թ.թ. շուրջ 4 միլիարդ մ3 ջրի բացթողնման պայմաններում Սեւանի մակարդակը աղետալի վիճակի չհասավ, հիշյալ ձեռքբերումների արդյունք էր:

Պատմում է Յուրի Ջավադյանը.- Իմ ղեկավարությամբ կազմվեց Հայաստանում մելիորատիվ զարգացման ծրագիր, հիմնովին ավարտվեց Ախուրյանի ջրամբարը, վերջնականապես ձեւավորվել սկսվեց մի շարք մեծ ու փոքր ջրամբարների շինարարությունը, Արարատյան հարթավայրի աղուտների իրացումը, մեծ աշխատանքներ կատարվեցին Բաղրամյանի նոր շրջանի կայացման եւ նոր հողատարածքների իրացման գործում:

Բարելավվեցին Արարատյան հարթավայրի դրենաժային ցանցերի աշխատանքները, կառուցվեց նոր (փակ) դրենաժային ցանց Արտաշատի շրջանում, կազմվեց Արարատյան հարթավայրի գլխավոր սխեման: Հանրապետության ոռոգման տարածքները հասցվեցին մինչեւ 311.0 հազ. հա., կառուցվեցին կաթիլային եւ կարճ շիթային ցանցեր Արարատի, Իջեւանի եւ Կոտայքի շրջաններում: Հանրապետության բուսաբուծության արտադրության տեսակարար կշիռը մելիորացվող հողերից 54 %-ից հասցվեց 82 %-ի: Վերակառուցվեցին 50 %-ից ավելի ոռոգման եւ ջրարբիացման համակարգեր, (որը հասցվել է 450.0 հազ. հա-ի): Ավելին, շուրջ 40.0 հազ.հա ջրապահովության բարձրացմամբ, ոռոգման համակարգի վերակառուցման եւ նորերի կառուցման միջոցով համակարգի օգգ-ն հասավ մինչեւ 0.58-ի:

1988 թ.-ի դեկտեմբերի աղետալի երկրաշարժից հետո աղետի գոտում կառուցվեց 60 նոր պոմպակայան, նախարարության բոլոր աշխատողների համար մեր ուժերով կառուցվեցին հարմարավետ բնակարններ, Բյուրականում հանգստյան տուն կառուցվեց, որտեղ նախարարության միջոցով տարեկան 150 (երեք հերթով) երկրաշարժից տուժած ծնողազուրկ երեխաներ էին հանգստանում: Սնունդը մատակարարվում էր ջրային տնտեսության Էջմիածնի (պետ՝ Գուրգեն Բադիրյան), Գորիսի (պետ՝ Սուրեն Սեդրակյան) շրջանային կազմակերպություններում ստեղծված ձկնարդյունաբերական եւ անասնապահական համալիրներից: Այստեղ անպայման ցանկանում եմ հիշատակել մեր երկրի կյանքում լրջագույն դերակատարություն ունեցած մարդկանց՝ Ֆադեյ Սարգսյանին, Ալեքսան Կիրակոսյանին, Վլադիմիր Մովսիսյանին, Ստեփան Պողոսյանին, Վլադիմիր Ղալումյանին, որոնց հետ կյանքի մեծ ճանապարհ անցա, շատ հարցերում նրանք ավագ ընկեր ու խորհրդատու եղան: Նրանք ոչ միայն խոշոր մասնագետներ էին, այլեւ հողն ու մարդուն գնահատող մեծ մարդիկ:

Սրանից է բխում, ահա, իմ երրորդ դաս-պատգամը. ՈՉ ՄԻ ՕՐ ՄԻ ԴԱԴԱՐԻՐ ԻՆՔԴ ՔԵԶ ՀԱՐՑՆԵԼ՝ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ Է ԱՊՐՈՒՄ ՄԱՐԴԸ 

Սկզբունք չորրորդ. ԽՈՍՔԻ ԵՎ ԳՈՐԾԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ

 Տողեր կենսագրությունից. 1976-1991 թ.թ. ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:

1994-1996 թ.թ. ՀՀ ոռոգման համակարգերի վերականգնման ծրագրի ղեկավար, խորհրդի նախագահ

1996-1998 թ.թ. Սեւնա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման ծրագրի մշակման ենթախմբի ղեկավար:

2000-2001 թ.թ. ՀՀ ջրայի  ռեսուրսների կառավարման համապարփակ ծրագրի մշակման տեխնիկական-խորհրդատվական հանձնաժողովի նախագահ:

2000-2001 թ.թ. Ջրային ռեսուրսների կառավարման համապարփակ ծրագրի խորհրդատվական խորհրդի նախագահ:

2000-2001 թ.թ. Մատաղ սերնդի էկոլոգիական իրազեկության բարձրացման ծրագրի ղեկավար:

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված «Արփա-Սեւան» թունելի տեխնիկական վիճակը գնահատող միջգերատեսչական մշտական գործող հանձնաժողովի անդամ:

2002 թ. ՀՀ ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի անդամ:

2008 թ. ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ:

2009 թ. ՀՀ կառավարությանն  առընթեր Արաքսի հարցերի միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

2009 թ. ՀՀ հանրային խորհրդի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ:

1991 թ-ի վերջին ՀՀ կառավարության համակարգը վերակռուցվեց. գյուղնախարարը պետք է դառնար նաեւ պետական նախարար, այդ իսկ պատճառով նա նշանակվեց նախարարի տեղակալ մինչեւ 1995 թ. ղեկավարելով շինարարության կազմակերպումը, ջրատնտեսական հարցերի կանոնակարգումը եւ համակարգերի վերակառուցումը: Մինչ այդ մեծ աշխատանք էր կատարվել Որոտան-Արփա թունելի շինարարության եւ Արփա-Սեւան թունելի կառուցման, վերակառուցման եւ շահագործման աշխատանքներում: Որոտան-Արփայի շինարարական աշխատանքները դադարեցվել էր, եւ տարեկան 250 մլն. դրամ էր հատկացվում թունելախորշերից պոմպով ջրի վերամղմանը, որը հաճախ խաթարվում էր էլեկտրաէներգիայի անկանոն մատակարարման պատճառով: Բազմիցս նամակով դիմել էին կառավարությանը, որպեսզի թույլատրվեր այդ միջոցներն օգտագործել հորատման աշխատանքները շարունակելու, բայց դրանք մնում էին անպատասախան: Վ. Մովսիսյանի համառ պահանջով 1998 թ.-ին վերջապես վերսկսվեցին թունելի շինարարական աշխատանքները եւ հանձնվեցին շահագործման…

-Բոլոր այդ տարիներին ես մշտապես շփվել, աշխատել, նաեւ մարդկային ջերմ հարաբերություններ եմ ունեցել ամենատարբեր դիրքի, հնարավորությունների տեր մարդկանց հետ,-պատմեց Յուրի Ջավադյանը,-կենտկոմի քարտուղարից մինչեւ մանկության եւ ուսանողության տարիների ընկերներ, խնամի ու բարեկամ: Կյանք է ու ամեն ինչ տեսել եմ՝ մարդկային բարձր նկարագիր ու թուլություն, թերություն ու արատ, շահ ու շահամոլություն, գայթակղություն ու դավաճանություն, ավելի քան հինգ տասնամյակ փոքր ու մեծ կոլեկտիվներ եմ ղեկավարել: Այս ու այսքանը թվարկելուց հետո իմ մերձավորներին, նաեւ՝ ընթերցողներին ահա իմ չորրորդ պատգամը. ԵՐԲԵՔ ՉՄՈՌԱՆԱՔ ՄԱՐԴՈՒՆ ՄԱՐԴ ՊԱՀՈՂ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԳԼԽԱՎՈՐԸ ԴԻՏԵՔ ՀԱՅՐԵՆԻՔԸ, ՏՈՒՆԸ, ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉԴԱՎԱՃԱՆԵՔ ՄԻԱՍԻՆ ՃԱՆԱՊԱՐՀ ԱՆՑԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ՝ ԸՆԿԵՐՈՋԻՑ ՄԻՆՉԵՎ ԲԱՐԵԿԱՄ:

 Սկզբունք հինգերորդ. ՉԽԱԲԵԼ ԻՆՔԴ ՔԵԶ ԵՎ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ

 Տողեր կենսագրությունից

Տպագրված հոդվածներ եւ գիտական աշխատություններ

-Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների հետազոտությունները եւ դրանց ռացիոնալ օգտագործումը,

-ՀՀ ջրային ռեսուրսների եւ ֆոնդի օգտագործման գիտատեխնիկական քաղաքականության ուրվագիծը,

-Սեւանի հիմնախնդրի սկզբնավորման եւ զարգացման շուրջ (ջրային ասպեկտով),

-ՀՀ գյուղատնտեսական հողերի մելիորացիայի մասին,

-Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի ֆիլտրացիոն խնդիրները,

-Ստորերկրյա ջրերի շահագործման պաշարների որոշման ֆիլտրացիոն ամենահամապատասխան խնդիրներ:

Տեխնիկական գիտությունների թեկնածու է 1997 թ.

Պարգեւատրվել է Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանով (1981), Անանիա Շիրակացի շքանշանով (2008), բազմաթիվ մեդալներով, պատվոգրերով, շնորհակալագրերով: «Հայաստան» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ է:

Այդ տարիներին Յուրի Լեւոնովիչի անմիջական մասնակցությամբ չափագրվեցին ոռոգման ողջ ցանցերը՝ գնահատելով նաեւ տեխնիկական վիճակը: Իր ղեկավարությամբ ինստիտուտը մշակեց հանրապետության տարածքի բոլոր հնարավոր ինքնահոս ջրամատակարարման (ոռոգման) սխեմաները՝ պոմպակայանների վերացման պայմանով, Եղեգնաձորի, Վայքի, Մեղրիի, Նոյեմբերյանի, Շիրակի, Արարատյան հարթավայրի տարբեր տարածքների եւ Սյունիքի ու Լոռվա, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի մարզերում:

Մշակվեց հիդրոպոմպերի տեղադրման ինքնահոս ոռոգման անցկացման երկրորդ կարեւոր սխեման (շուրջ 50 սխեմա):

Ինստիտուտում նրա նախաձեռնությամբ վերակառուցվեց Եղվարդի ջրամբարի ինքնահոս լցման տարբերակը՝ հրաժարվելով պոմպակայանով լցման տարբերակից, վերանայվեց ջրամբարի ծրագիրը, որը հնարավորությաուն կտա եւս 1.7 միլիարդ մ3 ջուր կուտակել: Նախագծվեց նաեւ Արարատյան հարթավայրի էլեկտորա-դրենաժային ցանցի վերականգնման սխեման, հիմնավորվեց Հոկտեմբերյանի ջրանցքի գլխամասի 53մ3/վրկ ջուր վերցնելու գլխահանգույցը, որը 2 տարվա համառ աշխատանքով համաձայնեցվեց Համաշխարհային Բանկի հետ:

Կատարվել են մեծաքանակ նախագծային աշխատանքներ Կոտայքի, Թալինի, Արմավիրի եւ այլ խոշոր օբյեկտների վերականգնման աշխատանքներում:

-Ես այն կարծիքին եմ եւ այն համոզումն ունեմ,-ասաց Յուրի Ջավադյանը,-որ ապրած յուրաքանչյուր օրդ պիտի իմաստավորվի ու հարստանա մի լավ խոսքով, գործով, պահպանվի մարդու եւ հայրենիքի հանդեպ պատասխանատվության բարձր զգացումը: Իմ կյանքը ես այյդպես եմ ապրել եւ այսօր 80-ամյա բարձունքից նայելով ետ, ոչ մի բանի համար չեմ ափսոսում: Եվ սոսկ ցանկանում եմ եւս մեկ դաս-պատգամ հուշել.

Ամեն մարդ պիտի մտածի՝ ԻՆՉ ԿՄՆԱ ԻՆՁՆԻՑ ՀԵՏՈ:

Ահա այսքանը մի մարդու մասին, ով իր ապրած կյանքով ու գործով վաստակել է հարազատ քաղաքի փողոցներով քայլելու, մանկության լեռնային վճիտ գետակի ափին դադար առնելու եւ եկող սերունդներին խոսք ասելու եւ պատգամ թողնելու իրավունքը…

Տիգրան ՆԻԿՈՂՈՍՅԱՆ

«ՀԱՅԱՍՏԱՆ» պարբերականի գլխավոր խմբագիր

(թիվ 31-36 (6) 2014թ.)

«ՈՐՈՏԱՆ» 25 մայիսի 2015( թիվ 6-7)

 

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՓԱԿ ԴՌՆԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԱՅՍ ՇԵՆՔԸ…

Տեղադրվել է - Օգոստոս 13, 2021 0
Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղեր աշխատանքային այցերի շրջանակում ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը օգոստոսի 11-ին աշխատանքային խմբով եղավ նաեւ Սիսիանում գտնվող…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: