ՄԵՐ ՆՇԱՆԱՎՈՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ. ՄՈՒՐԱԴ ՀԱՍՐԱԹՅԱՆ

Տեղադրված է at Հունվար 18, 2026
337 0

Մեծ ցավով եւ ափսոսանքով լսեցինք մեր նշանավոր հայրենակից, ճարտապետության դոկտոր, մեծ գիտնական Մորուս Հասրաթյանի որդու` նույնքան նշանավոր` ճարտարապետ, գիտնական Մուրադ Հասրաթյանի մահվան բոթը: «Որոտան» թերթը նրա հետ ունեցել է ջերմ շփում, թեեւ այն եղել է միջնորդավորված: Թերթի եւ գիտնականի կապը պահպանել է «Սիսական» հայրենակացական միության երջանկահիշատակ նախագահ, Մուրադ Հասրաթյանի ազգական Ժորա Խուրշուդյանը: Մեր առաջին շփումը եղել է Համո Սահյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հատուկ համարի պատրասատման ընթացքում:

Համարի` «ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԸ ԵՎ ՄՈՐՈՒՍ ՀԱՍՐԱԹՅԱՆԸ» խորագրի ներքո` «ՏՊԱԳՐՎՈՒՄ Է ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ» ենթախորագրով նախաբանում գրել էինք`

Տեղեկանալով «Որոտան» թերթի՝ Համո Սահյանի ծննդյան 100 ամյակին նվիրված հոբելյանական համար տպագրելու մասին՝ Մորուս Հասրաթյանի անձնական արխիվում պահվող անտիպ այս բանաստեղծությունները եւ Համո Սահյանի՝ Հասրաթյանին գրած «ոտանավոր-նամակը» մեզ էր տրամադրել նրա որդին՝ Մուրադ Հասրաթյանը՝  ծանոթագրությամբ:

Համո Սահյանն այս բանաստեղծությունները գրել է 1946-47թ. թ.-ին, եւ, փաստորեն, նվիրել Հասրաթյան ընտանիքին:

Խորին երախտագիտություն հայտնելով մեծ գիտնականի գիտնական որդուն՝  անհրաժեշտ ենք համարել նշել, որ նրա՝ մեզ տրամադրած արխիվային այդ նյութը տպագրվել է առաջին անգամ, ինչպես որ Սահյանի շատ բանաստեղծություններ են առաջին անգամ տպագրվել հենց «Որոտանում»:

Իսկ Մորուս Հասրաթյանի եւ Համո Սահյանի՝ Լորում գտնվելու ժամանակ արված այս եզակի ու բացառիկ լուսանկարը իր անձնական արխիվից «պեղել» եւ մեզ էր տրամադրել լուսահոգի Վլադիմիր Պապիկյանը, ինչի համար հայտնել էինք մեր խորին շնորհակալությունը:

Ով Մորուսդ իմ սիրելի,

Ես ապրում եմ ու դեռ կամ

Եվ բախտավոր եմ, քանզի ունեմ քեզ պես բարեկամ:

Չեմ մոռացել բնավ քեզ, դու պայծառ ես եւ անգին,

Եվ բարության հրեշտակի օթեւան է քո հոգին:

Սրտիս մեջ ես լինում դու անհղացում երգի պես,

Չեմ մոռանում քեզ բնավ, ու երբ քեզ եմ հիշում ես,

Իմ աչքերի առջեւից եւ պարզ, եւ խիտ, եւ բարի

Նահապետներն են անցնում Սյունյաց կապույտ աշխարհի:

Ո՞վ է պահել քեզ թաքուն եւ պահել է ի՞նչ ձեռքով,

Որ այս դաժան ցրտերին աշխարհ բերի հրաշքով…

Քո հոգին է բարության երկինքներից պոկած շանթ,

Ու չի դիպել դեռ նրան ժամանակի ձեռքը ժանտ:

Դու ասում ես, թե վաղուց մեր քերթության պարտիզում

Սիրտդ Սյունյաց լեռներից մի ծաղիկ էր երազում…

Ահա գտել ես համեստ Մանուշակն իմ գլխակոր

Եվ գգվում ես դու նրան քնքշանքներով սիրող հոր,

Ահա գտել ես նրան, նայում ես ու հիանում

Ու տատրակներ ես մորթում հրճվանքների մեհյանում…

Թեեւ չունեմ Շիրազի աստվածատուր շնորքից

Եվ գարունքներ չեմ խլում ինչպես Էմինը՝ Նորքից,

Բայց տեղում եմ՝ տքնությամբ-Որոտանից անապակ

Մի կաթիլ ջուր հասցնել մեր քերթության ծովն անտակ:

Ինչպես տողերն այս խրթին ոտանավոր-նամակի,

Երկարել են ինձ համար ճամբեքը ձեր քաղաքի:

Թեեւ այստեղ, այս հարուստ Մուհամեդի ոստանում

Ոսկե դղյակ ու ոսկե լեռներ են ինձ խոստանում,

Միեւնույն է, վաղ թե ուշ ես գալու եմ Երեւան,

Զի իմ հոգին աշխարհում չունի ուրիշ օթեւան:

Մենք հիմա կանք, ապրում ենք, մտերիմներ իմ անգին,

Երանության գեղեցիկ օր խոստացող հույսերով,

Լուսավորում ենք ահա մեր ճամբեքն ու մեր հոգին

Ապագայի երկնքից պոկած շանթի լույսերով:

Բացվում է մեր երեխան ծաղկի նման բուրավետ

Եվ մեր սրտերը կապում աշխարհի ու կյանքի հետ:

Բացվում է մեր երեխան-առագաստը մեր բախտի

Ու մեզ այս մութ ծովերով դուռն է տանում դրախտի:

Ի՞նչ եք անում դուք հիմա, ձեզնից չունեմ ոչ մի լուր,

Հիմա ինչպե՞ս եք ապրում, արդյոք ուրախ, թե տխուր:

Կարոտ արցունքն աչքերիս ահա հիշում եմ ես ձեզ,

Սիրուշ տիկին, որ քնքուշ ու բարի ես մորս պես,

Դարվին կուռ ու կորովի, Բակուր Սյունյաց նահապետ

Եվ քեզ Մուրիկդ իմաստուն ընկերացած գրքի հետ,

Քեզ Մորուսդ՝ երգերիս խստաբարո դատավոր,

Որով հոգիս աշխարհում հպարտ է եւ բախտավոր…

Ողջունում են ձեզ սրտանց Մանուշակն ու երեխան:

Պատասխանին անհամբեր սպասում եմ, ձեր՝ Սահյան:

7/ ……-46 թ. Բաքու

P.S. Սրտանց բարեւում են ձեզ պապան եւ մաման:

Գրեք ինչպես եք: Բարեւներով……..

Ծանոթագրություն.- Սիրուշ տիկինը Մորուս Հասրաթյանի կինն է՝ վաստակավոր ուսուցչուհի Սիրանուշ Մարտիրոսյանը, Դարվինը Մորուս Հասրաթյանի զարմիկ Դարվին Հասրաթյանն է, որն այդ տարիներին Երեւանում մասնագիտական կրթություն ստանալիս  ապրում էր Մ. Հասրաթյանի տանը որպես ընտանիքի անդամ: Բակուրը Մ. Հասրաթյանի ավագ որդին է, մանկավարժ, պատմաբան: Մուրիկը կրտսեր որդին է՝ այսօր ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Մուրադ Հասրաթյանը: Ծանոթագրությունը՝ Մուրադ Հասրաթյանի:

Ծանոթագրություն 2/խմբ./.- Մանուշակը Համո Սահյանի առաջին կինն է՝ Մարիա Հակոբյանը, երեխան՝ Նաիրին:

Սահյանի 100-ամյակին նվիրված «Որոտան» թերթի այս համարը երջանկահիշատակ Ժորա Խուրշուդյանը տարել էր Հ Հ Գիտությունների Ազգային Ակադեմիայի թղթակից անդամ Մուրադ ՀԱՍՐԱԹՅԱՆԻՆ: Մեզ համար առավել քան հաճելի էր նրանից ստացած նամակը, ով ընտանեկան արխիվից սիրահոժար անտիպ նյութեր էր տրամադրել «Որոտանին», մտքով անգամ չանցկացնելով, որ «Որոտանն» էլ իրեն է մեծ անակնկալ պարգեւելու՝ «լույս աշխարհ» հանելով հոր՝ Մորուս Հասրաթյանի եւ Համո Սահյանի բացառիկ լուսանկարը:

«… Պարզապես զարմացա, երբ նկատեցի, որ թերթի խմբագրությանը իմ ուղարկած Հ. Սահյանի անտիպ բանաստեղծությունների և դեռեւս 1946 թ. մեր ընտանիքին նրա հղած «ոտանավորնամակիե կողքին  տպագրված տեսա նաև հորս՝ Մորուս Հասրաթյանի եւ Համո Սահյանի եզակի լուսանկարը, (որից անգամ մենք չենք ունեցել), այդ պահին ես հիշեցի ժողովրդական այն ասացվածքը, որ շատ սովորողը չի շատ բան իմանում, այլ՝ անընդհատ պրպտողը իմանում է ավելին …: Իսկապես, «Որոտան» թերթի խմբագիր Արևհատ Ամիրյանի սլացիկ միտքը հաճելիորեն զարմացրեց Սահյանի 100 ամյակին նվիրված հոբելյանական համարի հարուստ բովանդակությամբ, նոր տեղեկություններով, առաջին անգամ հանրությանը մատուցվող անտիպ ստեղծագործությունների հրապարակմամբ: Շնորհակալություն այդ բոլորի համար և անսպառ եռանդ թերթի խմբագրին»-գրել էր արդեն հիշատակը խնկելի Մուրադ Հասրաթյանը:

Ճանաչենք մեր հայրենակիցներին, այդ նրանք են պահանջելու պես հրամայում մեզ լինել իրենց արժանի հետնորդն ու անկշռելի հոգեւոր ժառանգության կրողն ու շարունակողը:

 «Որոտան»

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Նկարիչ Զաքար Խաչատրյանն արժանացել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրագույն պարգեւին` «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո շքանշանի

Տեղադրվել է - Փետրվար 6, 2024 0
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան հանդիսությունների սրահում հունիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ հայրենանվեր…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: