Մեր երախտավորները.ՄԿՐՏԻՉ ԽԱՉՈւՄՅԱՆ-100

Տեղադրված է at Հունվար 30, 2026
770 0

Յուրաքանչյուր մարդ մի առաքելությամբ աշխարհ է գալիս, կատարում իր դերը, անում իր գործը, թողնում իր հետքը ու… հեռանում: Եւ երիցս երանի նրան, ով հիշվում է նաեւ հաջորդ սերունդների կողմից, ում թողած վաստակն ու հետքը մնում է իր ապրած ժամանակների տարեգրության մեջ` որպես ուղենիշ եկողների համար: Այդպիսի կյանք է ապրել ու իր ժամանակի մեջ երախտավորի իր վաստակած հետքն է թողել նաեւ Մկրտիչ Խաչումյանը, ում լավ են հիշում հատկապես Սիսիանի ավագ սերնդի ներկայացուցիչները, նրանք, ում հետ անցել է աշխատանքային հարուստ եւ բեղուն ճանապարհ:

Մկրտիչ Խաչատուրի Խաչումյանը ծնվել է 1926 թ. փետրվարի 3 -ին Նախիջեւանի Գողթան գավառի Տանակերտ գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որից հետո 1945 թ-ին ընդունվել է Երեւանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտ: 1950 թ.-ին ավարտելով ուսումը` ստացել է անասնաբույծի գիտական որակավորում։ Հետագա տարիներին մասնագիտական տարբեր վերապատրաստումներ ու որակավորումներ է անցելՄոսկվայի գյուղատնտեսական մասնագետների դպրոցում,  Մոսկվայի անասնաբուծության ինստիտուտում եւ ստացել մասնագիտական բարձրագույն կարգ։

1950 թվականին Մկրտիչ Խաչումյանը գործուղվել է Սիսիանի շրջան, որտեղ էլ իրացրել եւ ի նպաստ շրջանի գյուղատնտեսության զարգացման` ներդրել է իր բոլոր ջանքերն ու կարողությունները, իմացությունն ու գիտելիքները: Սկզբնական շրջանում աշխատել է ՀԿԿ Սիսիանի շրջկոմում որպես հրահանգիչ, որից կարճ ժամանակ անց նշանակվել է Սոֆուլուի կոլտնտեսության նախագահ, բայց, ինչպես ցույց է տվել ժամանակը, նրա մասնագիտական ունակությունները չպիտի սահմանափակվեին միայն մեկ կոլտնտեսությամբ, եւ նշանակվում է Սիսիանի սերմնավորման կայանի ղեկավար, այնուհետեւ դառնում շրջանի գլխավոր զոոտեխնիկ, մթերումների տեսչության պետ եւ զբաղեցնում այլ բարձր պաշտոններ:

Նրա վաստակն ու աշխատանքը աննկատ չի մնացել շրջանի ղեկավարության կողմից, եւ արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի, մշտապես արժանացել բարձր գնահատանքի իր նվիրված աշխատանքի եւ մասնագիտական գործունեության համար։ Իսկ ահա 1966 թ.-ին ՀՍՍՀ Գերագույն Սովետի նախագահության կողմից արժանացել է Հայկական ՍՍՀ վաստակավոր անասնաբույծի բաձրագույն կոչման։ Երկար տարիներ աշխատելով Սիսիանում` մեծ ներդրում եւ մեծ ավանդ է ունեցել շրջանի գյուղատնտեսության զարգացման դժվարին ու պատասխանատու գործում։

Մկրտիչ Խաչումյանը Սիսիանում ստեղծել է բազմազավակ ընտանիք, ունեցել չորս տղա եւ մեկ դուստր։ Բոլոր զավակները ստացել են տարբեր մասնագիտություններ եւ աշխատել ու արարել հարազատ Սիսիանում։ Երկար տարիներ ապրելով եւ աշխատելով Սիսիանում` հանրության շրջապատում նույնպես ստեղծել է բարի համբավ, ունեցել հարգանք ու պատիվ, իսկ նրա լավագույն ձեռքբերումը բազմաթիվ ընկերներն էին, որոնցից էր, հատկապես, Մեղրիից Սիսիան գործուղված եւ Շաքիի կոլվարչությունում նախագահ աշխատած Ավետիս Հարությունյանը, ում հետ ծանոթացել է1950 թ.-ին: Ավագների` կյանքից հեռանալուց հետո էլ նրանց ընտանեկան ու ընկերական ջերմ հարաբերությունները շարունակում են պահպանել նրանց ժառանգները, ինչը անչար ու անշահախնդիր ընկերության գրավականն է:

Մկրտիչ Խաչումյանը ոչ միայն լավ անասնաբույծ էր, այլեւ աչքի էր ընկել հանրային կյանքում իր դիտողականությամբ եւ ակտիվությամբ, ինչի լավագույն վկայությունն այն էր, որ երկար տարիներ եղել է ՀԿԿ Սիսիանի շրջկոմի եւ շրջխորհրդի գործկոմի «Որոտան» պաշտոնաթերթի արտահաստիքային թղթակիցը, տպագրել բազմաթիվ հոդվածներ տարածաշրջանի գյուղատնտեսական ձեռքբերումների, հաջողությունների եւ ծառացած խնդիրների մասին։

Մկրտիչ Խաչումյանը մահկանացուն կնքել է 1997 թ.-ին Սիսիանում, 71 տարեկան հասակում։ Փետրվարի 3-ին լրանում է նրա ծննդյան 100 ամյակը։ Շնորհավոր 100-ամյա հոբելյանդ, մեծանուն մարդ։

«Որոտան»

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Կորած գարուններ. հերոսամարտ 2020… Անվանակոչություններ` Սիսիանի ավագ դպրոցում

Տեղադրվել է - Մայիս 22, 2021 0
Սիսիանի ավագ դպրոցի եւ «Միքայելյան» բարեգործական ՀԿ տնօրեն Տիգրան Միքայելյանի համատեղ ջանքերով Սիսիանի ավագ դպրոցում տեղի ունեցավ դասասենյակների անվանակոչության հանդիսություն`…

ԿԱՎԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Տեղադրվել է - Ապրիլ 17, 2024 0
Կավագործությունն աշխարհի հնագույն արվեստներից մեկն է։ Կավն ամենատարածված և ամենահեշտ մշակվող նյութն է։ Վարպետի հմուտ ձեռքերում  անկերպար, պլաստիկ նյութն ասես…

Ես մամային ասում եմ` հույսդ չկորցնես, պապան մի օր գալու է… 44-օրյա պատերազմի անհայտ զինվոր Արա Ավագյանի որդի

Տեղադրվել է - Հունիս 30, 2023 0
Քառասուն տարուց ավելի փոստատար Ամալյա Օհանյանը թերթեր, նամակներ, բացիկներ ու թոշակներ է բաժանել: Սիսիանի գրեթե բոլոր թաղերն ու հասցեները անգիր…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: