ՄԵՆԱԶՐՈՒՅՑ ՄԱՅՐԻԿԻՍ ՀԵՏ. ՆՈւՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ

Տեղադրված է at Հունվար 24, 2026
334 0

Մայրի՛կ, խռով եմ նայում աշխարհին,

Որն, այո՛, կարծես թե շուռ է եկել,

Կամ շուռ եկած էր այն ի սկզբանե,

Ես էի հոգուս գույներով ներկել։

Երբ դու գնացիր, ոչինչ չփոխվեց,

Սոսկ մի անուշ լար կտրվեց իմ մեջ,

Գլխապտույտ էր, թոն էր ու թախիծ,

Փախչում էր հողը ոտքերիս տակից։

Երբ դու գնացիր, մնացի մենակ,

Անզոր, անպաշտպան, ծավալվող ճահճում,

Ձայնդ էր վերից անընդմեջ հուշում,

Որ պիտի ելնեմ, քայլեմ աներեր, դեպի հորիզոն։

Քո ապրած դարին նոր դար գումարվեց,

Բայց բնավ ոչինչ չփոխվեց, մայրի՛կ,

Եղինջի թփին մանուշակ չաճեց,

Գետը չփոխեց հունն իր վարից վեր։

Աշխարհն այս թատրոն,

Ես նրա բեմում դերասան ձախորդ,

Եւ ամեն քայլիս, իրար զուգահեռ,

Հակամիջանցիկ գծերն են ձգվել ու փաթաթվել  ինձ։

Խռով եմ, մայրի՛կ, իրական կյանքից,

Քարավան չունեմ, ուղտերս առնեմ,

Ելնեմ ու գնամ անապատների ամայության մեջ,

Սուրահ ա՛ռ սուրահ տողերս գրեմ։

Քավարան դարձած կյանքիս մեջ այս սին,

Մարդկային ստվար անապատի մեջ,

Խոհերս որպես քարվաններ լքված,

Ծանր ու դանդաղ գնում են առաջ։

Ջրի մեջ` ծարավ, արևի տակ` պաղ,

Ինքս ինձ հակադիր, ինքս ինձ հետ անհաշտ,

Հաճախ անձնատուր ընթացքին խոհիս,

Քայլում եմ անուժ, անապատի մեջ։

Խռով եմ, սակայն էլ չեմ զարմանում,

Երբ պարապ մարդիկ կյանքս են հորինում,

Ու իմ փոխարեն ապրում են այնպես,

Ինչպես իրենք են պատկերացնում։

Միս ու ոսկորս զատել են վաղուց,

Արյանս կարգն են որակավորում,

Հարազատության փուչ կոչեր անում:

«Խելքի աշեցեք»,- գուսանն էր ասում։

Չեն զարմացնում ինձ վաղուց նրանք,

Ովքեր համարձակ հորինված ստին կնիք են դնում,

Աչքերիս նայում ու ստիպում են հայացքով մի բութ,

Որ իրենց ասած սուտը վկայեմ։

Ո՛չ, չեմ զարմանում, երբ վստահորեն

Աչքիս տեսածն ու լսածն ականջիս հերքել են փորձում,

Եվ գործը նրանց, խոսքն արտաբերած,

Տարանուն են ու տարբեր իրարից, իրարից հեռու։

Երբ ցանկանում են, ինձ վեր են դասում,

Կամ չեն նկատում, երբ չեն ցանկանում,

Մեկ դարձնում են իրենց սիրելին,

Մեկ՝  ատելի եմ ես նրանց լինում։

Իսկ ես աներեր, իսկ ես անփոփոխ,

Ժպտում եմ խաղաղ ու նրանց ներում,

Ովքեր հասու չեն վիճակին կայուն։

Խռով եմ, մայրի՛կ, բայց չեմ զարմանում,

Երբ մարդը մարդուն աստիճան դարձրած,

Վեր է բարձրանում,

Փառքից շլացած էլ ետ չի նայում։

Հաղթարշավ է «Ես»-ի,«Ես»-ի մեծարում,

Իսկ նա ինքնագոհ ու ինքնավստահ,

Վիրավորում ու ծաղրում է նրանց,

Ովքեր կածանն իր անանցանելի,

Ճամփա դարձրեցին։

Չի զարմացնում նույն եսապաշտը,

Նա, որ իր «Ես»-ը գլխից վեր պահած,

Ոգու արժեքն է ոտնատակ անում,

Ինքն իրենից գոհ առաջ ընթանում։

Չճանաչեցին ինձ մարդիկ, մայրիկ,

Որքան պարզ եղա, կրկնակի բարդ թվացի նրանց,

Եվ առաջինը դավաճանեց նա,

Ում առջև հոգիս չունեցավ կապանք։

Մտահոգում  էր քեզ հոգիս զուլալ,

Ում նմանվեի, մայրիկ, սիրելի՛ս,

Որ լինեի գառն այն շողոքորթ,

Որը յոթ մորից է առնում սնունդն իր։

Վախենում էիր, տագնապում էիր,

Որ երկնային է հոգիս տակավին,

Հողեղեն կյանքում տեղս չեմ գտնի,

Որ կուլ կգնամ դարի ընթացքին։

Քեզ պես էր կարծում այն տղան նաև,

Ում հետ այդպես էլ չծանոթացաք,

Նա, որ ուզում էր քեզ տեսնել, ասել,

Որ ինձ սխալ ես դու դաստիարակել։

Որ ժանյակավոր ամպով բարուրել,

Ծիածանն ես ինձ օրորոց դարձրել,

Որ շատ եմ հեռու ես դարի վազքից,

Որ վար չես բերել դեռ ինձ երկնքից։

Ո՛չ, դու չտեսար, իսկ նա չիմացավ,

Թե դարերն ինչ են պահել ինձ համար,

Նրան թվացյալ եթերայինս

Ինչպես եմ քայլել փշերի վրա։

Միտքդ իմաստուն, բառդ լուսավոր,

Սակայն քո խոսքից ոչինչ չառավ նա,

Ով սովորելու ունակ չէր բնավ,

Ուսուցանածդ ու սերմանածդ, ավաղ, ածովի հող եղավ նրան։

Սովորեցրեցիր չցավեցնել,

Հախճապակի է մարդկային հոգին,

Միշտ չէ, որ կարող ես կցել նորից,

Որ փշրվածին էլ տեր չես լինի։

Բայց որքան անգամ վեր ելա նորից,

Ցավից փշրված, ցիր ու ցան եղած

Բյուրեղներն հոգուս հավաքեցի լուռ,

Կցեցի իրար, քեզնից փոխանցված բարությամբ, մայրի՛կ։

Երբ մարդիկ  մի օր դառնում են ուրիշ, անճանաչելի,

Լսում եմ ձայնիդ շշունջը վերից,

Որ չնմանվեմ երբեք ոչ ոքի,

Որ մնամ վարքիս միշտ հավատարիմ։

Էլ ինչպե՞ս չասեմ, որ այո՛, աշխարհը շուռ է եկել,

Երբ ի պատասխան անաղարտ սիրուս,

Վաստակեցի սոսկ հիասթափություն,

Իսկ նվիրումիս, որպես պատասխան, անվստահություն։

Կյանքում ինձ հասած հարվածները ողջ,

Եղան թիկունքիս, եղան շատ ցավոտ,

Կուչ եկա ցավից վիրավորանքի,

Դաս չառա սակայն, կրկին մնացի աշակերտ մի ծույլ։

Համեստ լինել, դու սովորեցրեցիր,

Որքան եմ քայլել անհամեստ մարդկանց ստվերի ներքո,

Որոնք երբևէ չեն մաքրում իրենց հոգու հայելին,

Ու թոթափել եմ նրանց բարձրացրած ամպատեսք  փոշին։

Նախանձն ասացիր, սերմ է չարիքի,

Բարեպաշտ լինել սովորեցրեցիր,

Քանզի ամենքս մեր բաժինն ունենք,

Եվ կարողություն նորն արարելու։

Սովորեցրեցիր երանի չտալ երբեք ոչ ոքի,

Չգիտենք մարդիկ ինչ են թաքցնում ժպիտի ներքո։

Ասում էիր, որ աչքակուշտ լինենք,

Շատը կամ քիչը տեսնելու պահին,

«Ուրախ վայելեք» ասենք ու անցնենք։

Սովորեցրեցիր համբերել, ներել,

Համբերությունս տակառ Դանայան,

Իսկ ում ներեցի, մեղավոր եղա

Ես նրա համար բազմակի անգամ։

Սովորեցնում էիր աչքաբաց լինել,

Եւ չնկատել, նաև անտեսել,

Ոմանք աչքների գերանը թողած`

Փուշն իմ աննկատ գերան են դարձրել։

Քայլեցի կես դար և ամեն քայլիս մի նոր փորձություն,

Կորցրեցի իրեր, ադամանդ, ոսկի,

Սակայն չեմ ցավել ինքս իմ մեջ այնպես,

Երբ որ թողել եմ ես ինչ-որ մեկին կես ճանապարհին։

Թեև փորձել եմ  մտովի փրկել,

Եվ արդարացման եզրագիծ գտնել,

Բաժինը մեղքի իմ մեջ եմ գտել,

Որ պարզ եմ եղել ու ինձանից շատ բոլորին սիրել։

Դու ասում էիր, որ դեռ չի տարել ոչ մեկը ոչինչ,

Սակայն թողել են ամեքն ինչ-որ բան։

Մեկը՝ լավ արարք, մեկը՝ մի սխրանք,

Իսկ ես իմ խոսքն եմ թողնելու, մայրի՛կ,

Աննյութեղեն են բառերս այսօր,

(Մարդիկ սիրում են միշտ շոշափելին),

Ժամանակի մեջ որպես մանանա,

Կշոյեն սիրտը հուսահատ մեկի,

Ու երգ կդառնան նրա շուրթերին։

Քեզ հետ ամեն պահս նոր իմաստություն,

Բացատրում էիր, օրինակ բերում,

Սակայն հասկացա քեզ այնժամ, մայրի՛կ,

Երբ նույն քո ճամփով ինքս քայլեցի։

Քառուղիները խիտ էին, մայրի՛կ, մոլորեցնող,

Խոսքն եմ շշնջում նրանց աղոթքիս,

Ովքեր քո հոգով ներկայացան ինձ,

Ու եղան նեցուկ, եղան խոհակից։

Կյանքի դպրոցը խիստ էր, հիրավի,

Շնորհակալ եմ «ուսուցիչներիս»,

Եվ բոլոր նրանց, ում հանդիպել եմ իմ ճանապարհին։

Ես գնում եմ, մայրի՛կ, շուրջս դեռ մառախուղ,

Հույսի շողով եմ իմ ճանապարհը հարթում,

Իրենցն են դարձնելու, երբ որ էլ չսպասեմ,

Ու գալու են նրանք, երբ արևս շողա։

Խռով եմ թեև, քայլում եմ սակայն,

Ինձ հասած խաչը միշտ ուսիս պահած,

Որը հաճախ է դառնում ինձ կամուրջ,

Հորձանուտ գետերն անցնելուս պահին։

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

ՊԱՆԹԵՈՆԸ …

Տեղադրվել է - Սեպտեմբեր 27, 2022 0
Սիսիանի պանթեոնը անգթորեն ընդարձակվել է… Բայց այս պանթեոնը մահվան մասին չէ, այլ` հավերժումի, այս պանթեոնը զոհվելու մասին չէ, այլ` հերոսացման,…

ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐ` Ի ՀԻՇԱՏԱԿ ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ

Տեղադրվել է - Մայիս 14, 2021 0
Մեր բակերում, մեր փողոցներում, մեր շենքերի մոտ նոր ցայտաղբյուրներ, նոր խաչքարեր ու հուշարձաններ, նոր հուշաղբյուրներ են դրվելու մեր նորօրյա նահատակների…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: