ՄԵԾ ՊԱՊԻՆ ԹՈՒՐՔԻ ՅԱԹԱՂԱՆԸ ՏԱՐԱՎ, ԾՈՌԱՆԸ` ԹՈՒՐՔԻ ԳՆԴԱԿԸ…

Տեղադրված է at Մայիս 15, 2021
1892 0

Հովհաննիսյանների ընտանիքում պապերի ու տատերի անունները ժառանգվել են  զավակներին եւ թոռներին, ու կարծես սրանով նրանց են փոխանցել նաեւ գենետիկ հիշողությունը, որ մնացել է էնտեղ` Էրգրում, որ այդ հիշողությունն ապրի ու ապրեցնի, որ այդ հիշողության հետեւից գնալու երզանքը չմոռացվի…

Ու Հովհաննիսյանները մի ուրիշ ակնածությամբ են որդոց որդի պատմում մեծ եղեռնի ժամանակ 13 տարեկանում փրկության ափ հասած, որբանոցներում մեծացած, Արաքսի գետանցի ժամանակ մորը եւ գրկանոց երեխայի` գետը քշել-տանելու ականտեսը եղած իրենց Գրիգոր պապի մասին, ով հետագայում դարձել էր Անդրանիկի զինվորը, Անդրանիկի` Անգեղակոթում եղած ժամանակ տեսել մի աղջկա, ում հայրը` Լազրը, կարեւոր լուրեր էր փոխանցում Անդրանիկին, երբեմն` նաեւ` դստեր` Արուսյակի միջոցով, սիրահարվել նրան, ամուսնացել հետը, տնավորվել-բնավորվել Անգեղակոթում, զավակներ ունեցել, մասնակցել Հայրենական պատերազմին, վերադարձել եւ ժառանգներին պահ տվել Էրգիրը «տուն բերելու» իր եւ իր Գեւորգ հոր անկատար իղձը, լեռնացած երազանքը եւ նվիրական փափագը…

Հենց այս ընտանիքում է ծնվել-մեծացել Գեւորգ մեծ պապի, ում Վանի նահանգի Ջանիկ գյուղի իր տան շեմին սրատել էր թուրքը, Անդրանիկի զինվոր Գրիգոր պապի Վարդան ծոռը, որը գենետիկորեն իր մեջ կրում ու պահում էր իրեն փոխանցված հիշողությունը…

Բայց այդ երազանքի ետեւից գնալու ճանապարհը նույնքան արյունածոր էր, ինչպես մեծ պապի` Գեւորգի` իր տան շեմին մորթվելը` նույն ձեռագրով, նույն ձեռքով, հայի արյան ծարավից չհագեցած նույն մարդակեր գազանի մոլուցքով… Վարդանն էլ ընկավ, բայց` Արցախի համար, իր գարուն կյանքը տվեց հանուն մեծ երազանքի հարատեւումի, հանուն ապրողաց… Ընդամենը 19 տարեկան էր, երկուսկես ամսվա ծառայող, որ չհասցրեց էլ կարգին զինվոր դառնալ, կարգին հրետանավոր լինել եւ ապուպապի վերժը լուծել…

Հուլիսի 14-ին զորակոչվել էր հայոց բանակ, ծառայում էր Ներքին Հոռաթաղում…

«Մեր ընտանիքի մեծ թոռն էր, բոլորս մեր սերն ու ջերմությունը առավելապես նրան էինք տվել, մեր տան ուրախությունն էր: Բայց մի տեսակ անհաջողությունները կարծես իրար էին հաջորդում… Կորոնայի պատճառով Սիսիանի ավագ դպրոցի վերջին զանգ չարվեց, որտեղ սովորում էր Վարդանը, կորոնայի պատճառով չկարողացանք գնալ Վարդանի զինվորական երդմնակալությանը, մտածեցինք` հոկտեմբերի 4-ին կգնանք եւ կնշենք նրա 19 ամյակը, արդեն պատրաստվում էինք, տրամադրված էինք բոլորս, սակայն սեպտեմբերի 27-ը ավելի շուտ եկավ, եկավ փշրելու մեր նպատակները, մեր իղձերը, փոխելու մեր կյանքը, կոտրելու մեր մեջքը, ջարդելու ծնողներիս, եղբորս, հարսիս ոգին»,- ասում է Վարդանի հորաքույրը` Արուսյակ Հովհաննիսյանը, ապա ավելացնում, որ երբ հոկտեմբերի 4-ին Վարդանի ծնողները զանգահարել են, որ, գոնե, շնորհավորեն, Վարդանը, փարատելու համար ծնողների տագնապն ու անհագստությունը, ովքեր հեռախոսափողի մյուս կողմից լսել են կողքը պայթող արկերի ձայները, նրանց ասել է, որ դիրք են գրավել, եւ տղաները իր ծննդյան օրվա համար սալյուտ են խփում…

Էսպիսին էր Վարդանը` հուսադրող ու հուսավառող…

Մայրը` տիկին Մադլենան ասում է, որ Վարդանն ամեն օր զանգել է, ինքն է բոլորին հույս տվել, երբ տխրամած ձայնով է խոսել որդու հետ, Վարդանը նրան հուսադրել է, որ ամեն ինչ լավ է, որ չանհանգստանան, որ պաշտպանում է սիրելի մայրիկի ծննդավայր Արցախը, որ այստեղ դեռ շատ ծննդյան օրեր են նշելու… Վերջին անգամ զանգահարել է հոկտեմբերի 31-ի լուսադեմին, ասել, որ հնարավոր է երեք օր չզանգի, չանհանգստանան, ինքը կզանգահարի… հավանաբար արդեն զգացել էր, որ դա լինելու է իր վերջին զանգը… Իսկ հոկտեմբերի 31-ին, կեսօրվա կողմերը, արդեն զոհվել էր Մարտակերտի դիրքերից մեկում…

Վարդան Հովհաննիսյանի տատը` տիկին Անահիտը, մրմուռ ու կսկիծ իրար խառնած, դառնորեն մորմոքում է` կեսրայրիս հորը թուրքի յաթաղանը տարավ, իմ թոռանը` թուրքի գնդակը… «Բայց երազում էի, որ մեր երեխաների թափած արյան տեղը թուրքի ոտքը չմտնի, թուրքի ոտքը չկոխկրտի էն սրբազան տեղերը, որ մեր երեխաներն են կռվել ու նահատակվել, որտեղ իմ Վարդանիս սուրբ արյունն է հոսել… Հիմա էլ երազում եմ, որ էդ պիղծ ոտքը շուտ հեռանա մեր սուրբ նահատակների արյունով սրբագործված տարածքներից…»:

Ապուպապերի ոգին փոխանցվել է նաեւ Վարդանի կրտսեր եղբորը` Վահեին, ով կամավոր դիմել էր զինկոմիսարիատ` իրեն նույնպես զորակոչելու հայոց բանակ, որտեղից, սակայն, նրան մերժել են, հիմնավորմամբ, որ տան միակ զավակն է, եղբայրն էլ նոր է զոհվել…

ԱՀ նախագահի հրամանագրով Վարդան Գեւորգի Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայության» եւ «Բանակի գերազանցիկ»  մեդալներով:

… Մանկության խաղերի վայրում, Վարդան պապիկի ավտոտնակի հարեւանությամբ, Պարույր Սեւակ փողոցի մի անկյունում հայրենյաց նահատակ Վարդան Հովհաննիսյանի ծնողները, հարազատները, ընտանիքի անդամները հուշաղբյուր կառուցեցին, կառուցեցին անհուն ցավով, խորը վշտով, բարի ցանկությամբ, որ իրենց որդու հիշատակը շարունակվի հոսել ջրի նման, կենարար լինի` ջրի նման, զովացնող լինի` ջրի պես…

Հուշաղբյուրի բացման արարողությունը մեկ անգամ եւս առիթ դարձավ, որ կրկին բոլորս խոնարհվենք մեր նահատակների անմեռ հիշատակի առաջ, որ կրկին բոլորս երախտապարտ զգանք նրանց առջեւ, ովքեր իրենց մատաղ կյանքը տվեցին` հանուն բոլորիս: Առիթ դարձավ, որ Սիսիանի ավագ դպրոցի սաները իրենց ընկերոջ վառ հիշատակի համար հնչեցնեն հայոց լեզվի բոլոր սիրուն, առինքնող, արժանի բառերը, արտաբերեն իրենց սրտի ամենաջերմ խոսքերը Վարդանի մասին, որ Վարդանի հիշատակի համար գրված երգի ելեւէջները միաձուլվեն հուշաղբյուրի զուլալ ջրի սառնորակ շիթերին ու տարրալուծվեն օդում, խառնվեն մշտարթուն մեր երազանքներին ու ապրեն, հավերժ ապրեն…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: