Մասնագիտությանս եւ աշխատանքիս բերումով կյանքում շատ բաներ եմ տեսել եւ անհավանական իրավիճակներում հայտնվել: Ուստի ինձ, հավանաբար, քիչ բան կարող է զարմացնել: Սակայն ամեն անգամ անկեղծորեն զգացվում եմ, երբ հանդիպում եմ պարզ, մարդկային, անշահախնդիր, սրտացավ եւ հոգատար վերաբերմունքի, քանի որ մարդուն տրված եւ առավելապես մարդուն բնորոշ այդ որակները ինձ համար միշտ եղել ու մնում են գնահատման արժեքներ ու չափանիշներ:
Մեզանից որեւէ մեկը կյանքում ապահովագրված չէ անակնկալ, չսպասված, չնախատեսված, տհաճ վիճակներում հայտնվելուց, բայց հազար երնեկ նրան, ում կողքին այդ պահին հայտնվում են մարդիկ, որ երկրորդ կյանք պարգեւեն քեզ, կարծես հաստատելու, որ, ինչպես բանաստեղծը կասեր, մարդը մարդով է մարդ…
2025-ի ամռանը նստած էի Սիսիանի սրճարաններից մեկում: Հանկարծ ինձ վատ զգացի, (հետագույմ պարզվեց` ինսուլտ), մինչ ներկաները շտապ օգնություն կկանչեին, այդ պահին այդտեղ գտնվող մի անծանոթ օտարական անմիջապես ինձ առաջին օգնությունը ցույց տվեց, կողքիս մնաց նաեւ շտապ օգնությամբ հիվանդանոց տեղափոխվելու ողջ ընթացքում, ապա իմ տանը շարունակեց խնամել ինձ, մնալ ինձ հետ, սեփական գումարով գնել անհրաժեշտ բոլոր դեղերը եւ հոգալ իմ բոլոր ծախսերը: Ինձ առաջին օգնություն ցուցաբերած եւ ողջ ընթացքում իմ կողքին կանգնած մարդը Գերմանիայի Դաշնության Ռայնլանդ-Պֆալց երկրամասի Զորեն քաղաքի 86-ամյա բնակիչ Իվան Բենզակն էր, ով շուրջ մեկուկես ամիս ապրեց իմ տանը եւ շարունակեց խնամել ինձ: Հայաստանում, Սիսիանում իր հանգիստն անցկացնող պարոն Իվանը իր հանգստի համար նախատեսած ողջ գումարը ծախսեց ինձ վրա: Երբ ապաքինվելուց հետո փորձեցի վերադարձնել այդ գումարը, վիրավորվեց խորապես, ասաց` դա իր մարդկային պարտականությունն է, եւ ցանկացած մարդ իր փոխարեն այդպես կվարվեր:
Բարեբախտաբար, ոտքի կանգնեցի պարոն Իվանի հոգատարության, սրտացավության, մարդկային ջերմ ու անկեղծ վերաբերմունքի շնորհիվ: Դարձանք մտերիմներ: Հետո արդեն ես էի նրան ուղեկցում Սիսիանի, Սյունիքի, Հայաստանի տեսարժան վայրեր: Պարոն Իվանը շատ սիրեց այն ամենը, ինչ տեսավ եւ լսեց մեր երկրում: Նրան առավելապես զարմանք էր պատճառել մեր հյուրընկալությունը, միմյանց վիճակի մասին հարց ու փորձ անելը, միմյանցով հետաքրքրվելը, անտարբեր չլինելը, ինչն էլ համարեց մեր ազգային մեծագույն առաքելություններից մեկը:
Եկավ հրաժեշտի պահը: Պարոն Իվանին իր հայրենիք ճանապարհելուց հետո էլ պահպանվել է մեր բարեկամությունը հիմա արդեն նաեւ նրա ընտանիքի անդամների հետ: Կինն ասում է, որ Իվանը շարունակում է հիացած մնալ Հայաստանով եւ հայերով, ինչպես որ ես եմ շարունակում փառք տալ աստծուն, որ, թեեւ տխուր միջադեպով, բայց բախտի բերումով ճանաչել եմ նրա նման մարդու: Ինչպես պարոն Իվանն է ասում, այդ օրվա դեպքը փոխեց եւ իր, եւ իմ կյանքը: Մենք հասկացանք, որ ամենահեշտը եւ ամենադժվարը մարդ մնալն է, մարդկային նկարագիրը պահպանելն է, մարդկային հոգին չկորցնելը, ինչպիսի իրավիճակում էլ որ հայտնվես:
Պարոն Իվանի մասին այժմ գիտեն իմ շրջապատի, իմ ընտանիքի, իմ միջավայրի մարդիկ, եւ խորին հարգանքով ու հիացմունքով են լցված նրա հանդեպ: Բայց ես պարտքս եմ համարում, որ նրա մասին իմանան նաեւ իր միջավայրի, իր շրջապատի եւ իր քաղաքի մարդիկ, ուստի իմ շնորհակալության եւ երախտագիտության մասին հրապարակում կատարեցի նաեւ Սիսիանի «Որոտան» թերթով, որը կհասցեագրեմ Գերմանիայի Դաշնության Ռայնլանդ-Պֆալց երկրամասի Զորեն քաղաքի հարգարժան ղեկավարությանը, պաշտոնյաներին, որ նրանք էլ իրազեկվեն իմ կյանքը փրկած` իրենց քաղաքացի մեծապատիվ պարոն Իվան Բենզակի մասին, տեղյակ լինեն նրա մարդկային նկարագրի, անծանոթին օգնելու` նրա վսեմ արարքի մասին, ինչը մարդ մնալու եւ մարդ լինելու հրաշալի օրինակ է: Նրան եմ հանձնել «Վետերանների միության» Սիսիանի բաժանմունքի պատվոգիր եւ պատվո նշան: Բայց, կարծում եմ, նրան պիտի արժանվույնս գնահատեն նաեւ իր քաղաքի ղեկավարները, եւ, հնարավորության սահմաններում, մեծարեն նրան, հարգանքի տուրք մատուցեն պարոն Իվանի նման հայրենակից, նման քաղաքացի եւ պարզապես նման մարդ ունենալու համար: Ուստի նման խնդրանքով եմ դիմել նաեւ Գերմանիայի Դաշնության Ռայնլանդ-Պֆալց երկրամասի Զորեն քաղաքի ղեկավարությանը, շնորհակալ լինելով ինձ` 68-ամյա վետերանիս ժամանակ տրամադրելու եւ իրենց ուղարկված իմ նամակն ընթերցելու համար: Ամենայն բարին:
Հարգանքով` թոշակառու, պաշտոնաթող գնդապետ
Վարդան Հակոբյան