2020-ի հոկտեմբերի 15-ին Ջրականում զոհվեց հայրենիքի պաշտպանությանը կամավորագրված Կարեն Իսրայելյանը: Ծնվել եւ դաստիարակվել էր արցախյան առաջին պատերազմի ազատամարտիկ Զորավիկ Իսրայելյանի ընտանիքում, ով մինչ օրս էլ «պատից կախած է պահում իր զենքը», քանի որ ի մոտո է ճանաչում արյունարբու ոսոխին, պատրաստ է պահում աշխարհազորայինի պայուսակը, որ երբ պետք լինի, ինքն առաջինների մեջ լինի… Իսկ երբ որդին` Կարենը, հայրենյաց կանչով կամավոր Արցախ էր մեկնել, Զորավիկն էլ նույն ժամանակ կամավորագրվել էր Նախիջեւանի սահմանակից տարածքների պաշտպանությանը, ու դիրքից իջել որդու նահատակության լուրն առնելուց հետո միայն… եւ ահա` արցունքը խեղդած, ինքն իրեն մխիթարած, իր կորստի հետ երբեք չհաշտված, չորս տարի անց հոկտեմբերի 15-ին` որդու զոհվելու օրը, Շաքե գյուղի հայրենի տան բակում, բացում է նրա հավերժությունը խորհրդանշող հուշաղբյուրը, որ տղան, մշտահոս ջրի կարկաչով, շարունակի ապրել իրենց տանը` իրենց հետ, իրենց կողքին, իրենց սրտում, իրենց բոլոր օրերի ու ժամանակների մեջ որպես կենդանի վկա այն ծանր փորձության, որ կոչվում է 44-օրյա պատերազմ, որ մեզ համար հայրենական էր…
Սակայն Զորավիկ եւ Գոհար Իսրայելյանները միայն որդու հուշաղբյուրը չէ, որ բացում էին. հուշաղբյուրի երկու թեւերին երկու թանկ անուն է փորագրված` Կարեն եւ Գագիկ… Կարենի զոհվելու օրը` հոկտեմբերի 15-ին, Ջրականի մեկ այլ հատվածում կտրվել էր նաեւ սիելի քրոջ ամուսնու` Գագիկ Գրիգորյանի կյանքի թելը, իսկ Կարենն այդ մասին այդպես էլ չիմացավ… Հուշաղբյուրը բացեցին Գագիկի զավակները` փոքրիկ Հայկազն ու Անուշիկը: Կարենն այդպես էլ չհասցրեց ընտանիք կազմել, զավակ ունենալ, թեեւ մտադիր էր պատերազմի հաղթական ավարտից հետո կատարել ծնողների նվիրական երազանքը եւ տունը լցնել նաեւ իր զավակների ճիչ ու կանչով… Ավաղ…
Խոնարհումի եւ երախտագիտության էր արժանի այն, որ հուշաղբյուրի կողքին դրված քարե գրքին Զորավիկ եւ Գոհար Իսրայելյանները փորագրել էին տվել ոչ միայն Կարենի եւ Գագիկի, այլեւ արցախյան տարբեր պատերազմների ժամանակ նահատակված տաս համագյուղացիների անունները` տարբերություն չդնելով հայրենյաց այն բոլոր նահատկների միջեւ, ում թանկ արյան գնով են այսօր բացվում մեր առավոտները, թեեւ նրանց թափած արյան գինը` Արցախը կորսված է, սակայն արյան կանչը դեռ աղաղակում է այնտեղ…
Ի պատասխան մեր` խոնարհումի արժանի նրանց նախաձեռնության, Զորավիկ Իսրայելյանն ասաց, որ իրեն եւ Գոհարին ուժ եւ զորություն են տվել գյուղի մյուս նահատակների ծնողները, նրանց աջակցությունն ու մշտապես իրենց կողքին լինելը, եւ մաղթեց, որ այլեւս երբեք նման առիթներով չհավաքվեն ոչ մի տեղ, այլեւս երբեք չկտրվեն անմահության հուշաղյուրների ժապավեններ, այլեւ միայն` ուրախության, ծնունդների, կնունքների, հարսանիքների…
Խոնարհումի եւ երախտագիտության սրտառուչ խոսքեր հղելով հուշաղբյուրի բացմանը ներկա համագյուղացիներին, հայրենիքի նահատակների ծնողներին, հարազատներին, Կարենի մարտական ընկերներին, Շաքեի դպրոցի ուսուցիչներին, աշակերտներին, բոլոր ներկաներին` համայնքի վարչական ղեկավար Ռուբեն Մանուչարյանը նշեց, որ լրանում է Կարենի` երկրային բացակայության չորս տարին, ով ընկավ թուրքի սանձազերծած` նախադեպը չունեցող 44-օրյա պատերազմում, որին անմասն չմնացին նաեւ Շաքե գյուղի երիտասարդները: «Այսօր, ցավոք, ես անցյալով եմ խոսում նրանց մասին, մինչդեռ շատ շատ եմ կարոտել նրանց, որովհետեւ մեր լուսավոր տղաներն էին, երիտասարդ, որոնցից 4-5 հոգին դեռեւս չէին հասցրել ընտանիք կազմել, որոնցից մեկն էլ Կարենն էր: Այդ օրերին, երբ բոլորս քաոսի մեջ էինք, աղոթում էինք, որ ոչ մեկի մատը փուշ չմտնի, բայց պատերազմում այդպես չի լինում, որովհետեւ պատերազմը արհավիրք է, որ խլում է կյանքեր` պայծառ, լուսավոր, խոստումնալից, հեռանկարային կյանքեր…»,- ասաց վարչական ղեկավարը: Շնորհակալություն հայտնելով հուշաղբյուրի բացման արարողության կազմակերպիչներին` Շաքեի մշակույթի տան աշխատակիցներին, դպրոցի ուսուցիչներին եւ աշակերտներին, Սիսիանի` Համո Սահյանի անվան մշակույթի տան տնօրինությանը, համայնքի վարչական ղեկավարը մաղթեց, որ այս հուշաղբյուրի բացումը առաջինը եւ վերջինը լինի նահատակ զինվորի երեխաների կյանքում, ցանկացավ, որ նրանք բացեն լույսի, հույսի, խաղաղության, ապագայի պատուհաններ եւ դռներ, մեծանան, զորանան առանց պատերազմների…
Ռուբեն Մանուչարյանը նշեց, որ արցախյան բոլոր պատերազմների ժամանակ Շաքեն կորցրել է իր 10 զավակներին, որոնց անուններն էլ Կարենի ծնողները փորագրել են հուշաղբյուրի մոտ կառուցված հուշագրքում, սրանով հաստատելով, որ կորուստը եւ ցավը միայն իրենցը չէ, այլեւ` ողջ գյուղինը, ողջ ազգինն ու մարդկությանը:
Հուշաղբյուրի բացման արարողության ժամանակ Շաքեի դպրոցականները մեկ առ մեկ թվարկեցին այն թանկ ու նվիրական անունները, որոնք հավերժորեն փորագրված են մեր հերոսապատումի ոսկեմատյանում եւ հուշաղբյուրի կողքի քարե հուշագրքում` Կարեն Զորավիկի Իսրայելյան, Գագիկ Հայկազի Գրիգորյան, Աշոտ Հովհաննեսի Մուրադյան, Դավիթ Հմայակի Դանիելյան, Հրահատ Փայլակի Կարապետկյան, Սամսոն Ռաչիկի Ամարյան, Իգոր Գրիշայի Գաբրիելյան, Օգսեն (Հովո) Խաչատուրի Թովմասյան եւ ներկայացրեցին նրանց սխրանքն ու անմահության ուղին: Հնչեցին գեղարվեստական կատարումներ:
Հ.Գ. Հուշաղբյուրի բացման արարողութունից առաջ խոնարհումի, խնկարկումի եւ երախտագիության այցը քաջաց պանթեոն էր: Բոլոր տապանաքարերի մոտ գլխահակ հայրեր են, արցունքից ցամաքած աչքերով մայրեր, սեւավոր կանայք ու դեռ շատ բան չհասկացող երեխաներ: Ամեն տեղ խնկահոտ է ու ծաղիկների հեղեղ եւ քարերին դաջված անչափ սիրուն ժպիտներով մահը հերքած առինքնող դեմքեր… Ամենասիրուն ժպիտները մնացին տապանաքարերին, ամենաթանկ հիշողությունները` անցյալին, չկատարված երազանքները` երկնքին, անեմանակողոպտելին` ծնողներին, ամենաանգնահատելին ինքնազոհաբերումն էր, ամենաչհատուցվածը` հաղթանակած երկրի պարտքը…Ամենացավեցնող տողերը` ձեր այդքան թանկ անունները քարին գրված չտեսնեի…
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ