ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿ` Ի ՀԻՇԱՏԱԿ ԱՐՏԱՇԵՍ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

Տեղադրված է at Հուլիս 12, 2025
313 0

Մեծանուն քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Արտաշես Հովսեփյանի ընկերների, արվեստի երկրպագուների նախաձեռնությամբ հուլիսի 9-ին Երեւան քաղաքի Գյուլբենկայն 33 հասցեում գտնվող շենքի պատին փակցվեց նրա հիշատակը հավերժացնող հուշատախտակ: Այդ շենքի առաջին հարկում տեղակայված արվեստանոցում է մեծն Մաեստրոն արարել այնպիսի մնայուն արժեքներ ու գլուխգործոցներ, ինչպիսիք են Ալեքսանդր Թամանյանի, Կարլ Մարքսի, Օրբելի եղբայրների, Արմեն Տիգրանյանի, Նիկողայոս Ադոնցի, աշուղ Ջիվանու արձանները, Հովհ. Թումանյանի, Հրաչյա Աճառյանի, Եղիշե Չարենցի, Հրաչյա Ներսիսյանի, Արտաշես Շահինյանի, Սոնա Վանի կիսանդրիները, Երեւանի` Սուրբ Սարգիս եկեղեցու հարթաքանդակները, մետրոյի` «Սասունցի Դավիթ» կայարանի եւ «Արարատ» գինու-կոնյակի գործարանի բոլոր քանդակներն ու հարթաքանդակները, ինչպես նաեւ բազում այլ գործեր…

Հուշատախտակի հեղինակը սիսիանցի ճարտարապետ Հայկ Ասատրյանն է, քանդակագործը` դարձյալ սիսիանցի Կամսար Վարդանյանը, քարե տախտակը նույնպես տրամադրել է սիսիանցի Արա Սիմոնյանը:

Հուշատախտակի բացմանն իրենց սրտի խոսքն են ասել ՀՀ նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը` իր համար պատիվ համարելով ներկա լինել հուշատախտակի բացմանը, հավելելով, որ միայն մեծագույն հաճույք էր Արտաշեսի հետ շփվելը, զրուցելը, իսկ հուշատախտակի բացումը մեծ իրադարձություն համարել երեւանյան մշակութային կյանքում: «Նրա թողած կոթողները մեծ հպարտությամբ են ներկայացնում քանդակագործին եւ նրա արվեստը»-շեշտել է նկարիչների միության նախագահը:

Իր խոսքում հուշատախտակի հեղինակ Հայկ Ասատրյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին, աջակիցներին` Արտաշես Հովսեփյանի անունը այն շենքի պատին փորագրելու համար, որտեղ նրա գրուխգործոցներն են ստեղծվել, միաժամանակ նշել, որ խնդիրը Արտաշեսին բնորոշող նյութը ճիշտ գտնելն էր, այսինքն` բազալը, որը գտնվեց, բերված Սիսիանից եւ Արտաշեսին բնութագրող մոտիվը, որ դարձյալ ճիշտ գտնվեց` արծիվը, որն իր փառահեղ տեղն է ունեցել նրա արվեստում:

Ի խոսքում նախաձեռնող խմբի ղեկավար Վանուշ Շերմազանյանը ի մասնավորի նշել է, որ, ինչպես Արտաշն է մի առիթով ասել, իր հարգը դեռ հարյուր տարի հետո են իմանալու, եւ գալիք սերունդները գուցե, ըստ արժանվույն գնահատեն նրան, ապա հավելել Արտաշի` մարդկային նկարագրին առավել բնորոշ կողմերը, որ նրան առանձնապես չի մտահոգել իր անվան արժեւորումը, կարեւորը` իր թողած գործերն են եղել: «Թամանյանի քանդակի վրա ոչ մի տեղ նրա անունը չկա, ասացի` բեր անունդ գրենք, ասաց, որ պետք լինի, կգրեն: Իսկ երբ Սասունցի Դավիթ կայարանի բացմանը Կարեն Դեմիճյանը մտերմաբար ասել է` Արտաշ, կարգին տղա ես, էնա որ չուզեցիր հրապարակում էլ երեւալ, Արտաշն ասել է` ես էն քաչալին չէի քանդակի…»,- նշել է Վանուշ Շերմազանյանը, հետո գրել` «Այսուհետ այս հուշատախտակը երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին կհուշի, որ այս արվեստանոցում ապրել ու արարել է աշխարհի մեծագույն քանդակագործներին ձեռնոց նետած և հաղթած Արտաշես Հովսեփյանը»:

Հուշատախտակի բացմանը ներկա արվեստագետները կարեւորել են Արտաշես Հովսեփյանի անունը նաեւ այս կերպ հնչեղացնելը, վկայակոչելով դարերով մեզ հասած` ձեռս գնա, դառնա ի հող, գործս մնա հիշատակող անվիճարկելի պատվիրանը:

ՈՐՈՏԱՆ

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Սիրով` Զաքարի եւ Արտաշի տուն թանգարանին: Լավագույն մաղթանքներով…

Տեղադրվել է - Մայիս 23, 2024 0
Օրերս «Սիրով` Զաքարի եւ Արտաշի տուն թանգարանին: Լավագույն մաղթանքներով…»  ընծայագրով հերթական` «ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ Երեւանի պետական համալսարանի քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Զաքար…

ԱՂՋԻԿԸ ՆԿԱՐՆԵՐԻՑ Է ՃԱՆԱՉՈՒՄ ՀՈՐԸ … 44-օրյա պատերազմի նահատակ Կոլյա Արիստակեսյան

Տեղադրվել է - Մայիս 19, 2022 0
Վաղատինում 1990-ին ծնված տղային ծնողները պապի անունն են դրել` Կոլյա: Պապը Սալվարդից «եղբայրական« Բաքու էր տեղափոխվել «խորհրդային ինտերնացիոնալիզմի» «ոսկեդարում», տնավորվել,…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: