ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐ` ԻՐ ՏԱՆ ԲԱԿՈՒՄ

Տեղադրված է at Օգոստոս 28, 2024
1087 0

Օգոստոսի 27-ին, իր տան բակում, իր ծննդյան օրը կայացավ արցախյան 44 -օրյա պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Արմեն Գրիգորի Գրիգորյանին նվիրված հուշաղբյուրի բացման արարաողությունը:

Ասում են՝ պատմությունը չի կրկնվում, սակայն այն կրկնվում է: 2020 թվականի Արցախյան պատերազմը դրա վառ ապացույցն է, երբ ժողովրդավար աշխարհը ձեռքերը ծալած լուռ հետեւում էր, թե ինչպես է սպանվում հինավուրց մի ազգ` իր հայրենիքում:

Արմեն Գրիգորի Գրիգորյանը ծնվել է 1992 թ. օգոստոսի 27-ին Սիսիան քաղաքում։ 1999-2009 թթ․ սովորել եւ գերազանց առաջադիմությամբ ավարտել է Սիսիանի թիվ 5 միջնակարգ դպրոցը։ 2009 թ․ ընդունվել եւ 2014 թ․ գերազանց ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տնտեսագիտության բաժինը։ 2014 թ․ ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որն ավարտելուց հետո ծառայության է անցել Ջրականի զորամասում:

2016 թ․ Ջրականի զորամասի հրետանային դասակի հրամանատար Արմեն Գրիգորյանը մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին, դրսեւորելով մասնագիտական բարձր հատկանիշներ, ոգու արիություն, իրավիճակին համապատասխան կողմնորոշվելու ու գործելու կարողություն:

2018 թ․ տեղափոխվել է Սիսիանի զորամաս, զուգահեռ սովորել Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում:

2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսեց․ սեպտեմբերի 28-ին Արմեն Գրիգորյանն ու իր մարտկոցը մեկնեցին Արցախ:

Արմեն Գրգորյանին կարոտով, ցավով, հպարտությամբ են հիշում նրան ճանաչողները, հատկապես` մարտական ընկերները:

2020 թ․ հոկտեմբերի 14-ի գիշերը թշնամու անօդաչուի հարվածից ռազմամթերքով բեռնված մեքենան պայթում է. զոհվում է երիտասարդ, կյանքով, ավյունով ու հերոսական ընթացքը շարունակելու մղումով լցված հայ սպան…

Արմենը մերօրյա հերոսն է, իսկական հայի, զինվորականի եւ սպայի օինակ:

Մինչ հուշաղբյուրին ծաղիկներ կխոնարհեին` հոգևոր հովիվը Տերունական աղոթք հնչեցնելուց հետո օծեց հուշաղբյուրը:

Արմենի ծնողները, ընտանիքի անդամները, հարազատներն ու բարեկամները արցունքով լի աչքերով փորձում են սփոփանք գտնել, բայց իրականում մի ամբողջ կյանքն էլ բավարար չէ սփոփանք գտնելու համար:

-Այսօր տխրելու համար չենք հավաքվել, այլ` հպարտանալու և Արմենի մասին հիշողությունները վառ պահելու համար: Ի վերջո, մեր հիշողություններով պիտի ապրեցնենք Արմենին, -ասում է եղբայրը:

Լիանա Գեւորգյան

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Հայրենական պատերազմի միակ վետերանը

Տեղադրվել է - Մայիս 9, 2022 0
Լորեցի 98-ամյա Հակոբ Լեւոնի Վարդանյանը Սիսիանի տարածաշրջանի` Հայրենական պատերազմի միակ վետերանն է: Հայրենական պատերազմի հաղթանակի 77-ամյակի կապակցությամբ նրան շնորհավորել, բարեմաղթանքներ…

ԻՆՁ ԱՊՐԵԼ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՀՈՂԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼԸ ԵՎ ԳՐԵԼԸ… 44-օրյա պատերազմի անհայտ զինծառայող Կարեն Իսկանդարյանի հայր

Տեղադրվել է - Դեկտեմբեր 14, 2022 0
44-օրյա պատերազմի մասնակից սիսիանցի 5 զինծառայողի ճակատագիր դեռեւս անհայտ է: Նրանցից մեկը Սիսիանի զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ, հետախուզական դասակի հրամանատար…

Էս կռիվը մեր կռիվն է, ու մենք այն պիտի մինչեւ վերջ տանք… 44-օրյա պատերազմի նահատակ Ռաֆիկ Սիմոնյան

Տեղադրվել է - Փետրվար 25, 2022 0
Պատերազմի լուրը լսելուն պես, սեպտեմբերի 28-ին, առանց ծնողներին, միակ քրոջը տեղյակ պահելու Ռաֆիկը Մասիսից եկել է Սիսիան, կամավորագրվել հրետանային վաշտում:…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: